Երևանի հետ լարվածության հետևանքով Ղարաբաղում փոխվում է ռազմական ղեկավարությունը

Երևանի հետ լարվածության հետևանքով Ղարաբաղում փոխվում է ռազմական ղեկավարությունը

Հոդվածի առանցքում

  • Դեկտեմբերի 14-ին Ղարաբաղի դե ֆակտո առաջնորդ Բակո Սահակյանը պաշտոնից հեռացրեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Մնացականյանի պաշտոնի փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների աննախադեպ հրապարակային վիճաբանությունից հետո, և կարծիքներ հնչեցին, որ Սահակյանն այդ որոշումը կայացնելու հրաման է ստացել Երևանից:

Ուշադրությանն արժանի

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դե ֆակտո փոխեցին ռազմական ղեկավարությունը Հայաստանի նոր կառավարության հետ նրանց հրապարակային կոնֆլիկտից հետո:

Դեկտեմբերի 14-ին Ղարաբաղի դե ֆակտո առաջնորդ Բակո Սահակյանը պաշտոնից հեռացրեց ԼՂ զինուժի` Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Մնացականյանին փոխարինեց նրա տեղակալը` գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Լևոն Մնացականյանը նշանակվել է ավելի ցածր պաշտոնի` Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Այս պաշտոնանկությանը մի քանի օր նախորդեցին շշուկներ և երբ լուրը հաստատվեց պաշտոնապես, Մնացականյանը դժգոհեց: «Ես չգիտեմ, թե ինչու են ինձ ազատել պաշտոնից, հարցրեք նրանց, ովքեր կայացրել են այդ որոշում: Հավանաբար նրանք գոհ չեն իմ աշխատանքից»,-  news.am-ին ասել էր նա:

Մնացականյանի պաշտոնի փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների աննախադեպ հրապարակային վիճաբանությունից հետո, և կարծիքներ հնչեցին, որ Սահակյանն այդ որոշումը կայացնելու հրաման է ստացել Երևանից: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Մնացականյանի խոսնակ Սենոր Հասրաթյանը քննադատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքին այն հայտարարության համար, թե «գարնանը ժողովրդական բողոքի հաջողությունն ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրական պատերազմը»: Հասրաթյանը պատասխանել էր` քննադատելով «հազարավոր զոհերի հերոսական կռվի» արժեքը նվազեցնելու փորձը:

Մնացականյանը ոչինչ չարեց` հերքելու շշուկները, որ իր պաշտոնանկությունն առնչվում է այս միջադեպին:

«Ես չգիտեմ, թե որն է հստակ պատճառը, ավելի լավ է չմեկնաբանեմ», – ասել է Մնացականյանը: Երբ նրան հարցրել են` հնարավոր է, որ Հասրաթյանի հայտարարությունն էր պաշտոնանկության պատճառը, ասել է` հնարավոր է:

Ղարաբաղի իշխանությունն ընկալվում է որպես Հայաստանի նախկին` Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ կապեր ունեցող իշխանություն: Երևանից Ղարաբաղի կախվածությունը շշուկներ բերեց նաև Ստեփանակերտում հնարավոր քաղաքական փոփոխությունների մասին` Երևանում այս տարի տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Ղարաբաղն ու Հայաստանը պաշտոնապես առանձին են գործում, բայց ոչ պաշտոնական կապերը չափազանց խորն են, ասում է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: «Սպասելի էր, որ վաղ թե ուշ հեղափոխության տրամաբանության շրջանակներում տեղի կունենան նաև Ղարաբաղում», – ասում է նա:

Շատ պաշտոնյաներ և մեկնաբաններ փորձեցին մեղմել զինվորականների շրջանում հարգանք վայելող Մնացականյանի պաշտոնանկության շուրջ աղմուկը: «Իշխանությունները, հատկապես հակամարտող երկրում, խնամքով են պաշտոնյաների փոփոխություններ կատարում: Փոփոխությունները նորմալ են, ռոտացիան նորմալ է, դա տեղի է ունենում ամենուր, նույնիսկ Ռուսաստանում», – ասում է ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Այս փոփոխությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ անսովոր դիվանագիտական ակտիվության փուլում: Մնացականյանի պաշտոնանկության օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղի մասին անսովոր դրական թվիթ հրապարակեց. «2019-ը նոր ազդակներ կհաղորդի հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»:

Երկու ժամ անց Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ պատասխան թվիթով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը: Մենք շարունակելու ենք խաղաղ գործընթացը հանուն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը բոլոր կողմերից հսկայական ջանքեր է պահանջում»:

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Վլադիմիր Կարապետյանի խոսքով, Ալիևի թվիթը նշանակում է, որ նա նույնպես պատրաստ է խաղաղ քննարկումների: Կարապետյանը նշում է, որ սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը մեղմել է շփման գծում լարվածությունը: «Կարծում եմ` երկու թվիթները ցույց են տալիս, որ միլիտարիստական հայտարարությունները փոխարինվել են ավելի հանգիստ տոնով և այս միջավայրում հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները»,- Ազատություն ռադիոկայանին ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment