Բացահայտվել է Harrods հանրախանութում 10 տարվա ընթացքում 16 մլն ֆունտ սթեռլինգ վատնած կնոջ ինքնությունը
Հոդվածի առանցքում
- Նա ծագումով ադրբեջանցի Զամիրա Հաջիևան է` Մեծ Բրիտանիայում հակակոռուպցիոն նոր օրենքի առաջին թիրախը: 55-ամյա տիկին Հաջիևան այժմ Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությանը պետք է բացատրի, թե ինչ միջոցներով են ինքն ու իր ամուսինը` Ջահանգիր Հաջիևը, իրենց թույլ տվել շքեղ առանձնատուն գնել Լոնդոնի հարևանությամբ:
Ուշադրությանն արժանի
Զամիրա Հաջիևան իր անձը գաղտնի պահելու դատական գործը տանուլ է տվել, քանի որ մեդիան պնդել է` հանրությունը պետք է իմանա բոլոր փաստերը: Նա ծագումով Ադրբեջանից է, Ադրբեջանի «Միջազգային բանկի» նախկին նախագահ Ջհանգիր Հաջիևի կինը: Ռիսկ կա, որ նա կկորցնի 15 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ իր տունն ու այլ սեփականություններ, եթե չկարողանա դատարանում պարզաբանել, թե որն է իր դրամական միջոցների աղբյուրը:
Մեծ Բրիտանիայում ուժի մեջ մտած «Չհիմնավորված հարստության մասին» օրենքի պահանջով՝ 55-ամյա տիկին Հաջիևան այժմ Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությանը պետք է բացատրի, թե ինչ միջոցներով են ինքն ու իր ամուսինը` Ջահանգիր Հաջիևը, իրենց թույլ տվել շքեղ առանձնատուն գնել Լոնդոնի հարևանությամբ` Նայթսբրիջում: Տիկին Հաջիևայի փաստաբաններն ասել են, որ նոր օրենքը չպետք է ենթադրի որևէ սխալ գործողություն Հաջիևների նկատմամբ: Նրանք դիմել են դատարան` օրենքի դեմ բողոքարկում ներկայացնելու թույլտվության համար:
Ի՞նչ է նշանակում «Չհիմնավորված հարստության մասին» օրենքը
Սա գործելու իրավական լծակ է, որի նպատակն է թիրախավորել կոռումպացված արտասահմանցի պաշտոնյաներին, որոնք, հնարավոր է, փողեր են լվանում Մեծ Բրիտանիայի միջոցով: Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության քննիչները համոզված են` Բրիտանական անշարժ գույքի շուկայում ներդրված են միլիարդավոր կեղտոտ ֆունտ սթեռլինգներ, բայց ապացույցների բացակայության պատճառով գրեթե անհնար է սեփականատերերին մեղադրել հանցագործություն կատարելու մեջ կամ առգրավել նրանց ակտիվները:
Նոր օրենքով փորձ է արվում սեփականատերերին պարտադրել բացահայտել իրենց հարստության աղբյուրը: Եթե կասկածյալ կոռումպացված արտասահմանցի պաշտոնյան կամ նրա ընտանիքը չկարողանան ցույց տալ իրենց հարստության օրինական աղբյուրը, Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը կարող է դիմել Բարձրագույն դատարան գույքն առգրավելու հայցով:
Ո՞վ է այս գործով ուշադրության կենտրոնում հայտնված առաջին զույգը
Ջահանգիր Հաջիևը Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահն է: 2016-ին նա դատապարտվել է 15 տարվա ազատզարկման` մեղադրվելով մասշտաբային խարդախության մեջ, որի հետևանքով բանկից անհետացել են տասնյալ միլիոնավոր դոլարներ: Դատարանը նրան պարտավորեցրել է փոխհատուցել 39 մլն դոլար:
7 տարի առաջ Բրիտանական Վիջինյան կղզիներում գործող մի ընկերություն 11.5 մլն ֆունտ սթեռլինգ է վճարել Լոնդոնի արևմուտքում` Harrods հանրախանութից մի քանի քայլ հեռու գտնվող տան համար: Շուկայում այժմ այդ բնակարանն արժի 15 մլն ֆունտ սթեռլինգ: Սեփականատերը տիկին Հաջիևան և իր ամուսինն են:
2013-ին մեկ այլ ընկերություն, որը ղեկավարում էր տիկին Հաջիևան, ավելի քան 10 մլն ֆունտ սթեռլինգ է վճարել` գնելով Բերքշիրում գտնվող Mill Ride գոլֆ–ակումբը:
Արդյունքում, հաշվի առնելով ներդրումների չափը, բավարվել է Մեծ Բրիտանիայում ապրելու նպատակով նրա վիզայի դիմումը:
Ինչքա՞ն գումար են Հաջիևները բերել Մեծ Բրիտանիա
Հուլիսին Բարձրագույն դատարանում տեղի ունեցած լսումների ժամանակ, երբ զույգի ինքնությունը դեռ գաղտնի էր պահվում, բացահայտվեց, որ տիկինն ունեցել է մեկանգամյա հսկայական եկամուտ: Տասը տարում Harrods հանրախանութում նա ծախսել է ավելի քան 16 մլն ֆունտ սթեռլինգ` օրական մոտ 4.000 ֆունտ սթեռլինգ:
Դատարան բերված նրա մեծ ծախսերի օրինակներից է Boucheron-ում 1 օրում 150.000 ֆունտ սթեռլինգը` լյուքս դասի ոսկեղենի, օծանելիքի, ժամացույցների գնումով: Հաջորդ օրը դատարանը տեղեկություն ստացավ, որ նա 1.800 ֆունտ սթեռլինգ է ծախսել գինեգործական խանութում: Մեկ այլ օր ոսկեղենի Cartier խանութից գնումների չափը հասնում էր 100,000 ֆունտ սթեռլինգի ու ևս 20,000 ֆունտ սթեռլինգ նույն օրը վճարել է տղամարդկանց իրերի լյուքս խանութում: Տիկին Հաջիևան օգտագործում էր երեք խանութների օրինական քարտեր և իր ամուսնու բանկի տրամադրած 35 կրեդիտ քարտերը:
Պաշտոնական տեղեկություններ կան, որ զույգը նաև երկու այլ բնակարաններ ունի, մասնավոր ավտոկայանատեղի և ուղղաթիռ: Մեծ Բրիտանիայում Transparency International-ի տնօրեն Դունքան Հեյմսն ասում է` նոր օրենքի գործարկումը ոգևորել է հասարակական կազմակերպություններին: «Այս օրենքը հիմա պետք է լայնորեն օգտագործվի ամբողջ Մեծ Բրիտանիայի տարածքում մեր ֆիքսած 4.4 միլիարդ ֆունտ սթեռլինգի հասնող կասկածելի հարստությունը քննելու համար», – ասել է Հեյմսը:
Տիկին Հաջիևան ընդունո՞ւմ է, որ սխալ է գործել
Ոչ: Նա պնդում է, որ անմեղ է, հերքում է մեղադրանքները և փորձում բողոքարկել իր վրա նոր օրենքի տարածումը: Նրա փաստաբանները Բարձրագույն դատարանում ասել են, որ Հաջիևները բախվել են մաշտաբային անարդարությանը:
«Զամիրա Հաջիևայի նկատմաբ նոր օրենքը գործադրելու Բարձրագույն դատարանի որոշումը չպետք է հանգեցնի նրա և նրա ամուսնու նկատմամբ որևէ անարդարության: Օրենքի կիրառումը հետաքննական գործընթացի մի մասն է, ոչ թե քրեական հետապնդում»,- հայտարարել են փաստաբանները:
Ջահանգիր Հաջիևը հերքում է իր գլխավորած բանկում խարդախության մեղադրանքը և նրա բողոքարկումներն անարդյունք են: Փաստաբաններն ասում են` նա ընդդիմացել է Ադրբեջանում իշխող կոռուպցիոն ընտանիքին և հիմա վճարում է դրա համար: Հաջիևը ՄԻԵԴ–ին է խնդրել միջամտել իր գործին:
Բրիտանական նոր օրենքի հետ անարդյունք պայքարից հետո տիկին Հաջիևան հայտարարել է, որ իր ամուսինն օրինապահ գործարար է և հարստացել է Ադրբեջանի միջազգային բանկը գլխավորելուց առաջ` օրինական ճանապարհով, հաջողակ բիզնեսի արդյունքում է հարստացել: Բայց դատարանում Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտնել է, որ պարոն Հաջիևը 1993-2015-ին եղել է պետական համակարգի աշխատակից և որպես պաշտոնյա չէր կարողանա ունենալ այնքան հարստություն, որը բացահայտել են հետաքննողները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: