Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը

Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը

Հոդվածի առանցքում

  • Սերժ Սարգսյանը հիմա հանգիստ ապրում է Երևանի մոտակա Ձորաղբյուր գյուղում, բայց պարբերաբար գալիս է Երևան՝ աշխատանքի: Կառավարությունը Սարգսյանին առաջարկել էր պաշտոնական բնակավայր, բայց նա հրաժարվեց առաջարկից՝ անվտանգության նկատառումներով: Սարգսյանի մոտ շրջապատից Eurasianet-ի անանուն աղբյուրն ասել է, որ հասարակական կյանքից Սարգսյանի անհետանալը պայմանավորված է այժմյան քաղաքական միջավայրով, որտեղ դոմինանտ է Նիկոլ Փաշինյանը:

Ուշադրությանն արժանի

Երբ դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը քվեարկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրություններում, մատնահետքն արձանագրող սարքը միայն մի քանի փորձից հետո ճանաչեց նրա մատնահետքը: Այս տեսարանի տեսանյութը Հայաստանում լայն տարածվեց, դա նախկին նախագահի և երկրի ամենահայտնի մարդու վերջին շրջանում առաջին հրապարակային գործողությունն էր: Անցած տարվա ապրիլից՝ պաշտոնից հեռացվելուց հետո, նա անտեսանելի էր դարձել:

Սարգսյանը զանգվածային ցույցերի թիրախն էր, որոնք ի վերջո բերեցին նրա հրաժարականին: Ցուցարարների գլխավոր կոչն էր՝ մերժիր Սերժին: Տասը տարվա իշխանությունից հետո նրա ապրիլյան հրաժարականին ամբողջ երկրում հետևեցին տոնախմբությունների աննախադեպ տեսարաններ:

Բայց ի տարբերություն հետխորհրդային երկրների շատ նախագահների՝ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո մնաց իր երկրում: Ու թեև նրա ընտանիքի ադամների և թիմակիցների դեմ նոր իշխանությունները դատական հետապնդումներ են սկսել՝ նախկին կոռումպացված ռեժիմի դեմ պայքարի շրջանակում, Սարգսյանին չեն հետապնդում:

Սարգսյանը հիմա հանգիստ ապրում է Երևանի մոտակա Ձորաղբյուր գյուղում, բայց պարբերաբար գալիս է Երևան՝ աշխատանքի: Կառավարությունը Սարգսյանին առաջարկել էր պաշտոնական բնակավայր, բայց նա հրաժարվեց առաջարկից՝ անվտանգության նկատառումներով:

Սարգսյանի մոտ շրջապատից Eurasianet-ի անանուն աղբյուրն ասել է, որ հասարակական կյանքից Սարգսյանի անհետանալը պայմանավորված է այժմյան քաղաքական միջավայրով, որտեղ դոմինանտ է Նիկոլ Փաշինյանը: Հենց նա էր գլխավորում Մերժիր Սերժին շարժումը:

«Նա հետևում է իրադարձությունների զարգացմանը, բայց առաջիկայում խոսել չի ծրագրում », – ասել է աղբյուրը և հավելել, որ Սարգսյանն ինքը ֆեյսբուքին չի հետևում, իսկ այնտեղ արտահայտվում են Հայաստանի քաղաքական մտքերի մեծ մասը: Բայց պարբերաբար նրան ներկայացվում են ֆեյսբուքյան կարևոր զարգացումները:

Աղբյուրը նաև նշում է, որ Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից. «Սարգսյանը երբեք շատ չի խոսել, առավելևս հիմա, երբ չափազանց մեծ է զգացմունքային ֆոնը: Պետք է լինի ճիշտ միջավայր և ճիշտ պահը, որը կաշխատի նախագահի օգտին»:

Սարգսյանը շարունակում է ակտիվ մասնակցել քաղաքական զարգացումներին որպես նախկինում իշխող ՀՀԿ-ի ղեկավար:

Խորհրդարանական ընտրություններից առաջ նա ամեն օր գալիս էր Երևան՝ աշխատելու կուսակցության գրասենյակում և օգնելու համակարգել կուսակցության քարոզարշավը՝ մնալով հետնաբեմում: «Նա է կուսակցության ղեկավարը: Վստահելով երիտասրդներին՝ քարոզարշավը թողել է մեզ, բայց օգնում է մեզ՝ քննադատելով, տեղեկացնելով և սովորեցնելով: Այս կերպ նա մասնակցում է գործընթացներին, հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ փորձելով շատ չներգրավվել, բայց նաև ուրախանալով հանրապետականների նոր սերնդով», – ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հանրապետականներն ընդունում են, որ Սերժ Սարգսյանը պոպուլյար չէ և նրա անունը չկար կուսակցության թեկնածուների ցանկում, որը գլխավորում էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:  Նույնիսկ այս որոշումից հետո կուսակցությունը չկարողացավ հաղթահարել նվազագույն շեմը և մտնել նոր խորհրդարան:

Տեղեկություններ կային, որ հանրապետականների շարքում կան մարդիկ, որոնք դեմ են կուսակցությունը գլխավորելու Սարգսյանի որոշմանը: Հետընտրական շրջանում ՀՀԿ-ի որոշ անդամներ խոսեցին այն մասին, որ դեմ էին իրենց ցուցակում որոշ անունների և դրա համար մեղադրում էին Սարգսյանին:

Բայց Վիգեն Սարգսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանին ՀՀԿ ղեկավարությունից հեռացնելու հարցը չի քննարկվել: Նոյեմբերին նա հայտարարեց, որ գարնանը տեղի ունենալիք կուսակցության համագումարում մեծ որոշումներ կկայացվեն:

Թեև Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման գլխավոր բացասական կերպարն էր, իշխանության գալուց հետո Փաշինյանն իր նախորդին հանգիստ է վերաբերում: Փոխարենը կրակ է թափում նախկին այլ պաշտոնյաների գլխին, որոնք հիմնականում առնչվում են Սարգսյանից առաջ պաշտոնավարած նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Քանի որ Սարգսյանը մնում է անձեռնմխելի, շատերը խոսում են ենթադրյալ գործարքի մասին, որը կնքել է Փաշինյանի հետ հրաժարականից և նրա համար ճանապարհ բացելուց առաջ: Բայց Սարգսյանին մոտ աղբյուրը հերքեց այս լուրը:

Դեկտեմբերին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարցրեցին, թե ինչու Սարգսյանի դեմ որևէ քրեական գործ դեռ չի հարուցվել:  «Դա ևս մեկ ապացույց է, որ հետաքննող մարմինները չեն աշխատում իմ հրահանգներով», – պատասխանել էր Փաշինյանը: (Այս պնդումը կարող է վիճահարույց լինել, քանի որ գնալով ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվում, որ Փաշինյանն անձամբ է մասնակցել Քոչարյանի գործով որոշումների կայացմանը):

Սարգսյանի որոշ թիմակիցներ և ընտանիքի անդամներ նրա պես բախտավոր չէին, քանի որ դարձան նոր իշխանությունների հետքաննություների թիրախը:

Սեպտեմբերին Փաշինյանը զբաղվեց Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանով՝ հայտարարելով, որ նա հայկական բանկերից մեկում ունի երեսուն մլն դոլար և պահանջեց, որ նա կամավոր վերադարձնի այդ գումարը պետական գանձարան: Նոյեմբերին ԱլեքսանդրՍարգսյանը համաձայնեց պետությանը վերադարձնել այդ գումարը:

Ամռանն իրավապահները մտան Սարգսյանի զարմիկի՝ Նարեկ Սարգսյանի տուն՝ հայտնաբերելով մեծ թվով զենք և թմրանյութեր: Նարեկ Սարգսյանը երկրից հեռացել էր, բայց դեկտեմբերին ձերբակալվեց Պրահայում և երբ նրանից պահանջել են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ցույց է տվել Ֆրանկլին Գոնսալեսի անունով գվատեմալական անձնագիր: Իշխանությունները մեղադրանք են առաջադրել նաև Սարգսյանի մյուս զարմիկին՝ Հայկ Սարգսյանին, 2007-ին տեղի ունեցած կրակոցների գործով:

 

Բայց մինչև այս պահը հենց Սարգսյանին խնայում են: «Կարծում եմ կա շնորհակալական ինչ-որ երանգ, քանի որ Սերժը փաստացի իշխանությոնը տվեց Նիկոլին: Նա ուժ չգործադրեց և չխնդրեց Ռուսաստանին միջամտել իրեն օգնելու համար: Սերժ Սարգսյանն իր կառավարման ընթացքում փորձում էր մեղմել ընդդիմության դեմ ճնշումները, մասնավորապես Նիկոլը համաներվեց, երբ բանտում էր հայտնվել 2008-ի ցույցերը կազմակերպելու մեղադրանքով: Կարծում եմ՝ հենց այս պատճառով է նա մինչև այժմ խուսափում Նիկոլի ցասումից», – ասում է Վաշինգտոնից հայ վերլուծաբան Էմիլ Սանամյանը:

Սարգսյանի լռությունն օգտակար է հենց իր համար, հավելում է Սանամյանը: Ի հակադրություն սրան Փաշինյանի իշխանության գալուց հետո Քոչարյանը դարձավ նրա առաջին քննադատներից: «Սերժը շարունակում էր լռել, երբ նրա վրա էին հարձակվում ամենամոտ մարդիկ, ինչպես նաև Քոչարյանը, ինչը նշանակում է, որ Սերժը խուսափում է Նիկոլի դեմ գործելուց », – ասում է Սանամյանը:

Երբ բացահայտումներ եղան հայ պաշտոնյաների օֆշորային գործարքների մասին, Սագսյանի անունը ոչ մի տեղ չէր շրջանառվում: 2017-ի վերջին նրա պաշտոնական հայտարարագրերում նշված է 26 մլն դրամի ակտիվներ, ինչը կազմում է մոտ 50,000 դոլար:

Այնուամենայնիվ հստակ չէ, թե դեռ ինչքան ժամանակ Սարգսյանը կմնա անձեռնմխելի: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ նրան կհարցաքննեն 2008-ին նրա ընտրությանը հետևած ցույցերը բռնությամբ տապալելու գործով: Այս գործով գլխավոր մեղադրանքն առաջադրված է Քոչարյանին: «Սարգսյանը կարևոր վկա է, կամ գուցե ոչ միայն վկա», – սեպտեմբերին ասել էր Խաչատրյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment