ԱՄՆ պատմության 5 ամենավատ նախագահները

ԱՄՆ պատմության 5 ամենավատ նախագահները

Հոդվածի առանցքում

  • Նախագահների ձախողումը կարելի է չափել 2 սկզբունքով` առաջինը պատասխանատվության, երկրորդը` լիազորության ձախողում:
  • Ըստ հեղինակի, 5 ամենաձախողված ԱՄՆ նախագահներն են. Բյուքենենը, Փիրսը, Ուիլսոնը, Բուշ Կրտսերը և Ֆիլմորը:
  • Օբամայի ձախողումը մեծապես պայմանավորված է Obamacare-ի ճակատագրով:

Ուշադրությանն արժանի

2006-ի գարնանը` Ջորջ Բուշ Կրտսերի նախագահական երկրորդ ժամկետի կեսին, Փրինսթոնի համալսարանի պատմաբան Շոն Ուիլենցի հրապարակումը Ռոլինգ Սթոունում առաջ էր քաշել սադրիչ մի հարց: Արդյոք Բուշ Կրտսերը ԱՄՆ պատմության ամենավատ նախագահն է: Նրա խոսքով Բուշի լավագույն բնութագրումը «պատմական խոշոր խայտառակությունն է»:

Ուիլենցը ընդգծել էր. «Շատ պատմաբաններ այժմ մտածում են, թե արդյոք Բուշը իսկապես կհիշվի որպես ամերիկյան ամբողջ պատմության ամենավատ նախագահը»:

Ուիլենցի գնահատականը հնարավոր է փոքր ինչ ժամանակավրեպ է: Դժվար է դատել որևէ նախագահի պատմական դերը, քանի դեռ նա նստում է Սպիտակ տանը, երբ քաղաքական ժամանակակից գործընթացները ակտիվորեն նրա շուրջ են ընթանում: ԱՄՆ հիմնադիր հայրերը, ստեղծելով կառավարման մեր համակարգը, խրախուսել են մեզ տալ գնահատական մեր ընտրած ղեկավարներին, և պարբերաբար գնահատելը` լինի դա քննադատություն, թե գովեստ, արդար խաղ է:

Այսօր առաջանում է հետևյալ հարցը. ինչպիսի՟ն կլինի Բարաք Օբաման պատմության մեջ, կլինի արդյոք նա մեծերի կողքին, թե՞ կհիշվի տապալված անհաջողակների թվում:

Նախքան այս հարցին պատասխանելը, հավանաբար կլինեն շատ քննարկումներ, թե որն է նախագահի տապալման բնորոշումը, և ինչպե՞ս ենք մենք հասել նախագահության պատմական գնահատմանը: Այստեղ կա երկու չափանիշ` առաջինը պատասխանատվության, երկրորդը` լիազորության ձախողում: Առաջինն այն է, երբ նախագահը ձախողվում է իր վերահսկողությունից դուրս, բայց պատասխանատվության տակ գտնվող ճգնաժամը լուծելիս: Այստեղ ինքնստինքյան հիշում ես Ջեյմս Բյուքենենին` Աբրահամ Լինքոլնի նախորդին: Նա չէր ստեղծել ստրկության ճգնաժամը, որը կլանել էր ամբողջ երկիրը: Բայց նա ապացուցել էր, որ անկարող է լուծել հարցը որևէ արդյունավետ ճանապարհով: Մասամբ դրա պատճառն այն էր, որ նա չուներ այդ պահին նախագահի համար անհրաժեշտ բնավորություն, հետևաբար չէր կարող դուրս գալ իր քաղաքական նեղ հետաքրքրություններից: Նրան մեղադրել են երկիրը դեպի էլ ավելի խորը ճգնաժամ տանելու համար:

Մասամբ սա պարզապես նրանից էր, որ նա տապալել էր իրեն տրված գործիքները, որով պետք է արդյունավետ պայքարեր ժողովրդին այդքան անհանգստացնող խնդրի դեմ: Բայց անկախ նրանից, թե ինչ էր ընկած նրա ձախողման հիմքում, ոչ ոք չի մերժում փաստը, որ նրա նախագահությունը ձախողված է եղել: Դա պատասխանատվության ձախողում է:

Լիազորության տապալումն այն է, երբ նախագահը փաստացի զարգացնում է ճգնաժամը իր սեփական սխալ հաշվարկած գործողություններով: Այս բնորոշումը կարող է նկարագրել Վուդրո Վիլսոնին իր երկրորդ ժամկետում` 1917-ից 1921 թվականներին:

Նա ոչ միայն օգտագործել է չեզոքության քաղաքականությունը ԱՄՆ-ին Առաջին աշխարհամարտ ներքաշելու համար, այլև դրանից հետո պատերազմն է օգտագործել որպես արդարացում` ամերիկյան ժողովրդին տանելով մի ճանաարհով, որն ապացուցել է իր չափազանց մեծ վնասակարությունը: Նա ազգայնացրել է հեռագրությունը, հեռախոսակապը և երկաթուղային արդյունաբերությունը` ածխի բաշխման հետ: Կառավարությունը հաստատել է առևտրական նավերի ուղղակի կառուցման վերահսկողություն և վաճառել գյուղատնտեսական բարիքները: Դրվել են ռազմական ոլորտի առաջնահերթության հիմքերը: Անհատական և կորպորատիվ հարկերն աճել են: Այլակարծությունը ճնշվել է հանրաճանաչ գեներալ Միտչել Փալմերի կողմից, ով մեծ թափով հետապնդել է այլակարծությունը նոր, խստացված օրենքների շրջանակում:

Այս քայլերի արդյունքներից մեկը եղել է այն, որ տնտեսությունը դուրս է եկել վերահսկողությունից: Արժեզրկումը երկու տարում հասել է գրեթե 6.5 տոկոսի: Ռասայական և աշխատավորական ցույցերը տարածվել են ամբողջ երկրում: Ամերիկյան ժողովուրդը պատասխանել է ընտրական դաժան դատով` մերժել Վիլսոնի Դեմոկրատական կուսակցությանը հաջորդ ընտրություններում և ձայն տվել Ուորեն Հարդինգին, որին դժվար է համարել մեծություն, բայց նա ստացել է 60.3 տոկոս ձայն: Ավելին, միջանկյալ ընտրություններում Հանրապետականները ստացել են 63 տեղ Ներկայացուցիչների պալատում և 11 տեղ Սենատում: Երկիրը քաղաքական բնույթի նման հրաժարում տեսել է ընդամենը մի քանի անգամ:

Սա լիազորության ձախողում է: Չնայած պատմաբանները ակադեմիական առումով Վիլսոնին ավելի բարձր են դասում, քան նա իրականում արժանի է, դժվար է վիճել միասնական ընտրազանգվածի հետ, երբ այն նման դաժան գնահատական է տալիս: Եթե մենք համարում ենք, որ մեր համակարգը աշխատում է, ապա ընտրական գնահատականը պետք է առնվազն ավելի լուրջ ընդունվի:

Վերադառնալով Ջորջ Բուշ Կրտսերին` նրա արտաքին քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կհամարվի տապալված, և դա լիազորության ձախողում էր: Նա, իհարկե, որևէ բանական ձևով պատասխանատու չէր սեպտեմբերի 11-ի ահաբեկության համար, բայց նախագահի պատասխանը` ուղարկել ամերիկյան ռազմական ուժերը իսլամական երկրներ այդ հասարակությունները արևմտյան հանրույթի վերածելու առաքելությամբ, խելացնոր և հիմար քայլ էր:

Բուշի ձախողումը տեսնելու համար բավական է ընդամենը նայել այսօրվա հետևանքների վրա. ալ-Կաիդայի դաշնակիցները գրավել են Իրաքի զգալի շրջաններ:

Բացի այդ, Բուշի պատերազմները խաթարել են ռեսուրսները և երկրի բյուջեն ենթարկել դեֆիցիտի: Նախագահը ոչ մի ջանք չի գործադրել կառավարության գործողություններում բյուջետային խնայողության ուղղությամբ` հեռու մնալով բյուջետային կարգապահության իր առաջնային զենքից` վետոյի իրավունքից: Ազգային պարտքը կտրուկ աճել է, տնտեսության աճը սկսել է կայուն անկում ապրել, որի գագաթնակետը եղել է 2008-ի ընտրական տարում: Ֆինանսական կործանարար ճգնաժամն էլ պայթել է նրա օրոք: Դժվար է մերժել այն, որ Բուշը երկրի 5 ամենաանհաջողակ նախագահներից մեկն է, այնպիսի ձախողակների հետ, ինչպիսիք են Բյուքենենը, Ֆրանկլին Փիրսը և Միլլարդ Ֆիլմորը:

Հարդինգը հարցումներով նույնպես այս շարքում է, բայց դժվար է հավատալ նման գնահատականին, քանի որ նա կարողացել է արագ լուծել Վիլսոնից ժառանգություն ստացած բոլոր խնդիրները` ապահովելով տնտեսական աճ և սոցիալական որոշակի կայունություն: Այս ամենից ելնելով` մարդիկ (տվյալ դեպքում ես) կարող են գնահատել ԱՄՆ 5 վատագույն նախագահներին (ըստ տապալման ծավալի` փոքրից-մեծ)` Բյուքենեն, Փիրս, Ուիլսոն, Բուշ Կրտսեր և Ֆիլմոր:

Կարելի է արդյոք մտածել, որ նման ցածր մակարդակի կարող է հասնել նաև Օբաման: Դա մեծամասամբ կախված է Առողջապահական Հասանելիության Ակտի փրկության և այդ ուղղությամբ նրա գործադրած ջանքերից: Կասկած չկա, որ ներքին քաղաքականության մեջ Օբամայի նախագահությունը կբնորոշվի այդ մեկ հանգամանքով: Կանխատեսումներ կան, որ, եթե դա ապակայունացնի երկրի առողջապահական համակարգը և ամբողջ տնտեսությունը, Օբամայի նախագահության պատմական վարկանիշը շատ հուժկու վնաս կկրի: Եթե այդպես լինի, դա կդիտարկվի որպես լիազորության, ոչ թե պատասխանատվության ձախողում:

Մյուս կողմից, եթե Obamacare-ը հաստատվի և երկիրը սահուն անցնի առողջապահական նոր դարաշրջան, նրա նախագահության պատմական հեղինակությունը կփրկվի: Այս պահին երևում է, որ Օբամայի պատմական դերը կբարձրացնի կամ կիջեցնի հենց Obamacare-ը, քանի որ ամերիկյան քաղաքականության մեջ նոր հզոր զարգացումները բացակայում են (բայց դրանց ի հայտ գալը երբեք չի կարելի բացառել):

Մեկ բան մենք գիտենք. ոչ պատմության գնահատականը, ոչ էլ ընտրազանգվածի վճիռը չի տա զգացմունքայնության և համակրանքի որևէ մակարդակ: Լինքոլն ասել է. «Հարգելի համաքաղաքացիներ` մենք չենք կարող փախչել պատմությունից, մենք…կհիշվենք անկախ մեզնից: Մեր անձնական կարևորությունը, կամ անկարևորությունը չեն կարող ազդել մեզ վրա: Այրող գայթակղությունը, որի միջով մենք անցնում ենք, այրելով կիջեցնի մեզ ներքև ինչպես պատվի, այնպես էլ անպատվության դեպքում` տանելով դեպի հաջորդ սերունդը»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment