Բարոյական ուժով Գերմանիան հայկական կոտորածները ցեղասպանություն ճանաչեց, հերթն ԱՄՆ-ինն է
Հոդվածի առանցքում
- Բանաձևը, որին Թուրքիան արձագանքեց այդպիսի կատաղությամբ, ճանաչում է «Գերմանական Ռայխի հանցակցությունը» մեկ դար առաջվա դեպքերին
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձում էր թույլ չտալ, որ Թուրքիան հեռանա մարտին փախստականների հարցով Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրից
- ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հետևեն Գերմանիայի օրինակին
- Թուրքիայի պաշտոնական մերժումը կոտորածների ենթարկված հայերի հիշատակին շարունակվող անարգանք է:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի իշխանությունները Գերմանիայի խորհդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն արձագանքեցին, ինչպես միշտ, զայրույթի պոռթկման մեջ ընկնելով:
Թուրքիայի բռնապետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել էր, որ քվեարկությունը «լուրջ հետևանքներ» կունենա Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա: Թուրքիան հետ կանչեց Բեռլինում իր դեսպանին, իսկ Թուրքիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարները կոպիտ կերպով ակնարկեցին, որ
Գերմանիան փորձել է այդկերպ նվազեցնել իր իսկ գործած ցեղասպանության հանցանքները՝ զրպարտելով Թուրքիայի պատմությունը:
Գերմանիան ոչինչ չի նվազեցնում: Բանաձևը, որին Թուրքիան արձագանքեց այդպիսի կատաղությամբ, ճանաչում է «Գերմանական Ռայխի հանցակցությունը» մեկ դար առաջվա դեպքերին, երբ Գերմանիան Օսմանյան կայսրության կարևոր դաշնակիցն էր: Եվ այն վեց բացահայտ հիշատակում է պարունակում Հոլոքոստի մասին: Գերմանիայի կառավարությունը երբեք չի նվազեցնում իր մեղքը նացիստական ցեղասպանության համար, այդ պատճառով է, որ մեկ դար առաջ հայերի բնաջնջման՝ Գերմանիայի դատապարտումը նշանակալի բարոյական ուժ է պարունակում:
Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները հատկապես լարված են եղել վերջերս, և Բունդեսթագի քվեարկությունն այն է՛լ ավելի պետք է վատթարացնի: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձում էր թույլ չտալ, որ Թուրքիան հեռանա մարտին փախստականների հարցով Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրից: Վերջին բանը, որ Մերկելին պետք է, չարացած Էրդողանն է, ով նրան կտրուկ նախազգուշացրել էր թույլ չտալ, որ Ցեղասպանության մասին բանաձևն ընդունվի: Այժմ կլինի այն, ինչ կլինի, բայց վերջիվերջո ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը չափազանց կարևոր էր զոհաբերելու համար:
Գերմանիան առաջինը չէ, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց Գերմանիայի կողմից այդ քայլն առանձնահատուկ կարևոր է, քանի որ դա անում է մի ժողովուրդ, որը պայքարել է և առերեսվել իր սեփական սարսափելի ժառանգությանը:
ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հետևեն Գերմանիայի օրինակին: 2008 թվականին նախագահի թեկնածու եղած ժամանակ Բարաք Օբաման պնդում էր, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց նա այդպես էլ դա չարեց։
Մինչդեռ Վաշինգտոնը մեկ դար է, ինչ գիտի ճշմարտությունը: 1915 թվականի հուլիսին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հաղորդել է, որ իրականացվում է «մի ամբողջ ազգի սպանություն»: Նա հայտնել է, որ Կոնստանդնուպոլսից ուղղորդվող միտումնավոր արշավ է իրականացվում հայերի ոչնչացման համար:
Մորգենթաուն վաղուց չկա, ինչպես և Օսմանյան կայսրությունը: Սակայն Հայոց ցեղասպանության փաստերը չեն փոխվել:
Թուրքիայի պաշտոնական մերժումը կոտորածների ենթարկված հայերի հիշատակին շարունակվող անարգանք է: Ավելին, այն միջազգային ասպարեզում Թուրքիայի սեփական կերպարի աղավաղում է: Արդեն վաղուց ժամանակն է, որ թուրքերն ազնիվ լինեն իրենց պատմության հետ, իսկ իրենց Թուրքիայի դաշնակից համարող պետությունները՝ ինչպես Միացյալ Նահանգներն է, դադարեն ստորադասել ճշմարտությունը քաղաքական նպատակահարմարությանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:
Աղբյուրն` այստեղ: