Ի՞նչ կլինի Իրանի բանակցություններում հաջողության հասնելուց հետո
Հոդվածի առանցքում
- Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համաձայնության հավանականության աճին զուգահեռ ԱՄՆ, Իրանի և միջազգային առաջատար մյուս ուժերի բանակցողները որոշել են երկարաձգել բանակցությունները` հատելով իրենց իսկ սահմանած վերջնաժամկետը, որը լրացել է երեքշաբթի օրը: Բայց նույնիսկ եթե երկարաձգված բանակցություններն ավարտվեն հաջողությամբ, անհանգստացնող շատ հարցեր դեռ կմնան:
- Իրանը ցանկանում է ազատվել պատժամիջոցներից, որոնք խեղել են երկրի տնտեսությունը: Մյուս կողմից ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան և Ռուսաստանը փորձում են Իրանին հետ պահել միջուկային զենք ստանալու փորձերից: Բանակցողները ձգտում են հասնել համաձայնության այս պարզ փոխզիջման բանաձևով:
- Վերջնական համաձայնության հասնելու վերջնաժամկետը հունիսի վերջն է, բայց եթե նույնիսկ այդ ժամկետում հասցնել չհաջողվի, այն միևնույնն է պետք է սկսի կիրառվել: Դրա համար բանակցողներին պետք կգա քաղաքական գործիչների աջակցությունը: Իրանում դա նշանակում է հոգևոր առաջնորդի թույլտվությունը: ԱՄՆ-ում` առնվազն որոշակի աջակցություն Կոնգրեսում:
- Նախագահին պե՞տք է Կոնգրեսի հավանությունը: Ոչ: Նախագահ Օբաման ունի բավականաչափ հնարավորություն համաձայնությունը կյանքի կոչելու համար, քանի որ այն նման չէ պաշտոնական պայմանագրի: Սա ընդամենը քաղաքական հանձնառություն է, նախագահն ազատ կարող է այն ստորագրել առանց Սենատի համաձայնության:
- Բանակցությունների ընթացքում Իրանը հիմնականում ընդհատել էր իր միջուկային ծրագրի աշխատանքները: Բայց, եթե բանակցությունները տապալվեն, մենք կվերադառնանք հին պայմաններին, որտեղ Իրանը կշարունակի իր ուրանի հարստացման աշխատանքները, մինչդեռ ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ը կսահմանեն նոր պատժամիջոցներ:
Ուշադրությանն արժանի
Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համաձայնության հավանականության աճին զուգահեռ ԱՄՆ, Իրանի և միջազգային առաջատար մյուս ուժերի բանակցողները որոշել են երկարաձգել բանակցությունները` հատելով իրենց իսկ սահմանած վերջնաժամկետը, որը լրացել է երեքշաբթի օրը:
Բայց նույնիսկ եթե երկարաձգված բանակցություններն ավարտվեն հաջողությամբ, անհանգստացնող շատ հարցեր դեռ կմնան: Այս պահին կողմերը համաձայնեցրել են միայն ընդհանուր հարցերը, իսկ մանրուքները, որտեղ թաքնված է սատանան, թողել են հետագայի համար: Բանակցության սեղանից հեռու գտնվող ԱՄՆ Կոնգրեսը սպառնում է ցանկացած համաձայնության դեպքում ասել իր վերջնական խոսքը:
Վերջնաժամկետը կարևո՞ր էր
Առանձնապես ոչ: Մարտի 31-ը բանակցության վերջնաժամկետն էր, որը հաստատել էին հենց իրենք` բանակցողները, որ հանդիպումների ընթացքը ապահովագրեն շեղումներից: Բայց ժամանակի ընթացքում պարզվեց, որ որոշ հարցեր մնում են չկարգավորված, դրանց շուրջ քննարկումները որոշվեց շարունակել հաջորդ օրը: Բանակցային ընդհատումները շարունակվում են, Կոնգրեսն էլ սպառնում է նոր պատժամիջոցներ սամանել:
Ի՞նչ տեսք է ունենալու համաձայնագիրը
Իրանը ցանկանում է ազատվել պատժամիջոցներից, որոնք խեղել են երկրի տնտեսությունը: Մյուս կողմից ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան և Ռուսաստանը փորձում են Իրանին հետ պահել միջուկային զենք ստանալու փորձերից: Բանակցողները ձգտում են հասնել համաձայնության այս պարզ փոխզիջման բանաձևով: Եթե Թեհրանը հետ քաշվի միջուկային ծրագրից, ՄԱԿ-ը կդադարեցնի պատժամիջոցների կիրառումը:
Բանակցություններն ընթանում են մոտ 2 տարի և հայտնվել էին փակուղում առանցքային որոշ խնդիրների շուրջ:
ՄԱԿ-ը բոլոր պատժամիջոցները կչեղարկի՞, թե կկասեցնի, այնպես, որ ցանկացած պահի կարողանա վերականգնել դրանք, եթե Իրանը չկատարի պարտավորությունները: Որքա՞ն երկար կարող է Թեհրանի միջուկային ակտիվությունը սահմանափակվել, ե՞րբ կարիք կլինի վերանայել պայմանները (5 տարի, 10 տարի հետո, թե այսպես պետք է անվերջ մնա): Կարո՞ղ է Իրանը հսկողության տակ պահել միջուկային այն նյութերը, որոնք արդեն արտադրել է, թե պետք է դրանք ուղարկի այլ երկիր:
Ի՞նչ կլինի, եթե համաձայնությունը ձեռք բերվի
Այս դեպքում մենք կանցնենք բանակցության մյուս փուլին, որտեղ այս ներքին համաձայնությունը կստանա իր վերջնական տեսքը` ներառյալ կոնկրետ սպասումներն ու հարկադրանքի մանրակրկիտ կանոնները:
Վերջնական համաձայնության հասնելու վերջնաժամկետը հունիսի վերջն է, բայց եթե նույնիսկ այդ ժամկետում հասցնել չհաջողվի, այն միևնույնն է պետք է սկսի կիրառվել: Դրա համար բանակցողներին պետք կգա քաղաքական գործիչների աջակցությունը: Իրանում դա նշանակում է հոգևոր առաջնորդի թույլտվությունը: ԱՄՆ-ում` առնվազն որոշակի աջակցություն Կոնգրեսում:
Կոնգրեսը կարո՞ղ է արգելակել այս համաձայնությունը
Անկախ բանակցությունների ելքից, Կոնգրեսը կարող է օրենք ընդունել Իրանի պատժամիջոցները պահպանելու մասին: Տեսականորեն դա կպահանջի հազվագյուտ ջանքեր, երկկուսակցական համաձայնություն, քանի որ նման օրենքը, ամենայն հավանականությամբ, կբախվի նախագահական վետոյին:
Հանրապետական Սենատոր Բոբ Քորքերը այն առաջատար դեմքերից է, որը դեմ է միահեծան որոշումներին և հանդես է գալիս բոլոր համաձայնությունները Կոնգրեսին ներկայացնելու օգտին: Այս մասին համապատասխան օրենքը ստացել է 2 կուսակցությունների այնպիսի աջակցություն, որը հնարավոր է դարձնում նախագահի վետոյի շրջանցումը կամ նրա կողմից համաձայնագիրը կյանքի կոչելու գործում խոչընդոտների ստեղծումը:
Նախագահին պե՞տք է Կոնգրեսի հավանությունը
Ոչ: Նախագահ Օբաման ունի բավականաչափ հնարավորություն համաձայնությունը կյանքի կոչելու համար, քանի որ այն նման չէ պաշտոնական պայմանագրի: Սա ընդամենը քաղաքական հանձնառություն է, նախագահն ազատ կարող է այն ստորագրել առանց Սենատի համաձայնության:
Նախագահին պետք չէ նաև Կոնգրեսի օգնությունը պատժամիջոցները չեղարկելու գործում, քանի որ պատժամիջոցների մասին օրենքը նախագահին լիազորում է հրաժարվել դրանցից անհրաժեշտության դեպքում:
Ապագա նախագահը կարո՞ղ է հրաժարվել համաձայնությունից
Հնարավոր է, բայց դա բավականաչափ դժվար կլինի: Որպես համաձայնության մաս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև ընդունի միջազգային պատժամիջոցները կասեցնելու մասին:
Եթե այդ համաձայնությունը անդամ երկրներին պարտադրի չեղարկել պատժամիջոցները, դա կվերաբերի նաև ԱՄՆ-ին: Բայց ավելի մեծ խնդիր կարող է առաջանալ կոնկրետ գործողությունների պահին: Եթե Իրանը սառեցնում է իր միջուկային գործունեությունը, համաձայնության չեղարկումը դժվար կլինի արդարացնել: Եթե Իրանը չի հետևում ստանձնած պարտավորություններին, նոր պատժամիջոցները, հավանաբար, կսահմանվեն այդ նույն համաձայնագրի շրջանակում:
Ի՞նչ կլինի, եթե բանակցությունները տապալվեն
Բանակցությունների ընթացքում Իրանը հիմնականում ընդհատել էր իր միջուկային ծրագրի աշխատանքները: Բայց, եթե բանակցությունները տապալվեն, մենք կվերադառնանք հին պայմաններին, որտեղ Իրանը կշարունակի իր ուրանի հարստացման աշխատանքները, մինչդեռ ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ը կսահմանեն նոր պատժամիջոցներ:
Եղել են Իրանի միջուկային ենթակառուցվածքները ռմբակոծելու կոչեր, դրանց մասին սկսեցին խոսել, երբ Իսրայելը 3 տասնամյակ առաջ հաջողությամբ հարձակվեց Իրաքի միջուկային համակարգի վրա: Առանց համաձայնության, նման կոչերը կուժգնանան: Ամեն դեպքում, Իրանի միջուկային ծրագիրը դժվար կլինի ոչնչացնել: Եվ կա ռիսկ, որ նման հարձակումները կհանգեցնեն պատասխան քայլերի, որոնք արդեն կունենան անկանխատեսելի հետևանքների իրենց շղթան:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ