Ուկրաինական եկեղեցին անջատվեց ռուսական մայր եկեղեցուց

Ուկրաինական եկեղեցին անջատվեց ռուսական մայր եկեղեցուց

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հիմնումն էական հաղթանակ էր ամերիկամետ նախագահ Պոռոշենկոյի համար, որի ղեկավարած երկիրը կոնֆլիկտի ընթացքում կորցրեց վերահսկողությունը սեփական պետության մի քանի տարածքների նկատմամբ, որի հետևանքով էլ 10 հազար մարդ զոհվեց։ Մարտին ընտրությունների պատրաստվող Պոռոշենկոն բազմությանն ասաց․ «Այսօր մենք վերջապես հասանք անկախության Ռուսաստանից»։

Ուշադրությանն արժանի

Ուկրաինան 27 տարվա անկախությունից հետո նոր միայն միջազգայնորեն ընդունեց, որ Ուղղափառ եկեղեցին ղեկավարվել է Ռուսաստանի կողմից` լինելով Կրեմլի շարունակական ազդեցության հենասյունը իր նախկին վասալի մոտ:

Ռուսաստանի և երկրի արևելյան հատվածի սեպարատիստների դեմ 4,5 տարի զինված պայքար մղելուց հետո Ուկրաինան հիմնեց իր սեփական ազգային եկեղեցին, որը ողջունվեց ուղղափառ եկեղեցու համաշխարհային լիդերի կողմից։

«Մենք դուրս կգանք Մոսկվայի կրունկի տակից»,- ասել է  67-ամյա թոշակառու Վիկտոր Կոլեսնիկը, ով Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ հավաքված մի քանի հազար մարդկանց մեջ էր, որտեղ 3 ուղղափառ եկեղեցիների քահանաները հանդիպեցին Միավորիչ խորհրդի հետ։

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հիմնումն էական հաղթանակ էր ամերիկամետ նախագահ Պոռոշենկոյի համար, որի ղեկավարած երկիրը կոնֆլիկտի ընթացքում կորցրեց վերահսկողությունը սեփական պետության մի քանի տարածքների նկատմամբ, որի հետևանքով էլ 10 հազար մարդ զոհվեց։ Մարտին ընտրությունների պատրաստվող Պոռոշենկոն բազմությանն ասաց․ «Այսօր մենք վերջապես հասանք անկախության Ռուսաստանից»։

Այս քայլը պարտություն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որն օգտագործել է երկրների մշակույթները և անցյալը՝ արդարացնելու Ուկրաինան Կրեմլի ազդեցության շրջանակում պահելու իր ջանքերը: Մոսկվայի պատրիարքարանը, ռուսական ուղղափառ եկեղեցու ուկրաինական թևը  վերջին տարիներին հիմնականում աղոտ հայտարարություններվ են հանդես եկել՝ կոչ անելով խաղաղության, առանց Պուտինին դատապարտելու:

Ռուսաստանը դարեր շարունակ իր եկեղեցին դոմինանտ է պահել Ուկրաինայում: 1991թ-ին, երբ Ուկրաինան հայտարարեց անկախության մասին, մի խումբ մարդիկ կոչ արեցին Կիևի պատրիարքարանին անջատվել ռուսական եկեղեցուց, բայց այդ կոչերն անուշադրության մատնվեցին: Կիևի պատրիարքարանի պոպուլյարությունն աճեց, երբ  Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմն ու 2014թ-ին գաղտնի ռազմական ինտերվենցիաներ սկսեց Ուկրաինայի արևելքում:

Նոր եկեղեցու ճամփան, վստահաբար, լի է խոչընդոտներով. Ռուսաստանը դիմադրել է դրա ստեղծմանը, ուկրաինական եկեղեցին դեռ պետք է պայքարի Մոսկվայի պատրիարքարանից հոգևորականներ ներգրավելու համար:

Ռուսաստանը և Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչները զգուշացրել են արյունահեղության հնարավորության մասին, եթե Ուկրաինայի կառավարությունը և նոր եկեղեցին փորձեն վերահսկողության տակ առնել Մոսկվայի պատրիարքարանի հոգևոր կառույցները:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մի քանի եկեղեցական կառույցներում ստուգայցեր է կատարել՝ կրոնական ատելություն տարածման հետաքննության շրջանակում: Մոսկվայի պատրիարքարանը դա անվանել է չհիմնավորված ճնշում:

«Ուկրաինայի նոր եկեղեցու պաշտոնական կարգավիճակը համոզիչ փաստարկ է նրանց համար, ովքեր ցանկանում են տեղափոխվել, բայց ոմանք կմնան իրենց նախկին համոզմունքներին», ասել է Մոսկվայի պատրիարքարանի երկու քահանաներից մեկը՝ մետրոպոլիտ Օլեքսանդրը: Նա ասել է, որ միացել է նոր եկեղեցուն:

Ամբողջ երկրից հազարավոր մարդիկ առավոտյան 9-ին հավաքվել են 11-րդ դարի Սուրբ Սոֆիայի տաճարի բակում, որտեղ Խորհուրդն էր գումարվել: Հավաքվածներից շատերը 2014թ-ի հեղափոխության վետերաններ էին, որոնք պաշտոնանկ արեցին ռուսամետ նախկին նախագահին:

Խորհուրդը, որը հավաքել էր մոտ 200 հոգևորականների և աշխարհիկների, պետք է սկսվեր առավոտյան 10-ին, բայց վերջին պահին հետաձգվեց մինչև կեսօրն անց ժամը 1-ը:

Սառնամանիքին հավաքված բազմությունը լսեց բոլոր ելույթները՝ ներառյալ աղոթքներ և ազգային նվագարաններ:  Երբ երեկոյան 5-ին մթնեց, զանգերը խփեցին: Դա նշան էր, որ նոր եկեղեցու առաջնորդն ընտրված է:

Պոռոշենկոն բեմ բարձրացավ հոգևոր նոր առաջնորդի՝ 39-ամյա մետրոպոլիտ Եպիֆանիի հետ, որը հունարեն է սովորել Աթենքում և Կիևի պատրիարքարանի առաջնորդ Ֆիլարետի մոտ բարեկամն է:

Պոռոշենկոն երկար ելույթ ունեցավ՝ թափահարելով ձեռքերը և կանչելով՝ «Փա՜ռք Ուկրաինային»:

«Սա եկեղեցի է առանց Պուտինի,- ասաց Պոռոշենկոն։ – Այս եկեղեցում չկան Ռուսաստանի կառավարության և զորքերի համար աղոթողներ: Քանի որ ռուսական կառավարությունը և բանակը սպանում են ուկրաինացիներին»:

Պոռոշենկոյի նախընտրական արշավում եկեղեցու հարցն առանցքային է, այդուհանդերձ, ըստ հարցումների նա երրորդ տեղում է՝ կոռուպցիայի հետևանքով առաջացած զայրույթի և տնտեսական անհավասարության պատճառով:

Եպիֆանին Ստամբուլ կայցելի հունվարի 6-ին՝ ինքնուրույն գործելու թույլտվություն ստանալու համար: Մինչև այդ, նա առաջին պատարագն է մատուցել նոր եկեղեցում և առաջարկել «եղբայրական սիրով և փոխադարձ հարգանքով» ողջունել Մոսկվայի պատրիարքարանի անդամներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment