Վլադիմիրն այստեղ էր. Ուկրաինայում պատերազմի «հաղթողների» որոնումը

Վլադիմիրն այստեղ էր. Ուկրաինայում պատերազմի «հաղթողների» որոնումը

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինան վերջապես կողմնորոշվեց դեպի ԵՄ:
  • Ուկրաինացիներին սպառնում է հարավսլավական աղետը, սակայն նրանք զարմանալիորեն լավատես են:
  • Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ընդամենը մի քանի ամսում Ռուսաստանը վերածվեց իր ավելի հին ու ավելի արատավոր տարբերակին:
  • Ռուսաստանը Նովոռոսիայի հետ դարձել է միջազգային վտարանդի, տնտեսությունը արմատապես թունավորվել է միջազգային պատժամիջոցներից:
  • Ուկրաինան, նույնպես, քայքայվել է տնտեսապես և քաղաքականապես, թեև ավելի հույսով է, քան Ռուսաստանը:
  • Դոնեցկի ժողովուրդը դիմակայում է սառը, սոված ձմռանն առանց վառելիքի և սննդամթերքի, ջերմանում միայն ազգայնական հռետորությամբ և սին խոստումներով:

Ուշադրությանն արժանի

Վլադիմիրն այստեղ էր. Ուկրաինայում պատերազմի «հաղթողների» որոնումը

Երեխան կալաշնիկով ավտոմատով երջանիկ չէ:

Նա մռայլ նայում է մեզ իր անձևանոցի տակից, անձրևի կաթիլները հոսում են նրա զինվորական սաղավարտից: Նա թափահարում է իմ անձնագիրը: «Անգլիա», – ասում է նա: «Դուք Մեծ Բրիտանիայից եք»:

Մեզ կանգնեցրին Դոնեցկի մայրուղու ապստամբների անցակետի մոտ, որն ինչպես երևում է դուրս է մեծահասակների հսկողությունից: Նիհար զինվորն իմ փաստաթղթերով մենակ կանգնած է սեպտեմբերյան հորդառատ անձրևի տակ: Նրա կրտսեր ընկերները պատսպարվել են մոտակա ավազե պարկերը ծածկած բրեզենտի տակ: Նա նիհար գյուղացի տղա է, մոտ 20 տարեկան և դեմքին ժպիտ ունենալու փոխարեն բերանը տգեղ ծամածռել է:

«Ասա քո Դենիել Ռեդքլիֆին», – ասում է երիտասարդ ապստամբը` հենվելով մեր մեքենային հոգնած, մահացու անտարբերությամբ: «Ասա նրան, որ ես սիրում էի Հարի Փոթերին: Բայց հետո կարդացի, որ նա թմրամոլ է եղել: Ասա նրան, ես շատ հիասթափված եմ»:

«Ցավում եմ» , ասացի, «Բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

Երեխան փնչացրեց, խեթ նայեց վրաս, վերադարձրեց անձնագիրս ու հավատարմագիրը: «Բայց ես կարդացել եմ այդ մասին», – ասաց նա:

Ես հնարավոր պատասխաններ էի փնտրում: «Ոչ, այդպես չէ: Քո կարդացածը սխալ է, Դենիել Ռեդքլիֆը թմրամոլ չէ »:

Երեխան ցույց տվեց, թե կցանկանար հավատալ ինձ, բայց ինքն է ճիշտ: Նա ձեռքով նշան արեց իմ վարորդին և ինձ, որ կարող ենք շարունակել դեպի Դոնեցկ մեր ճանապարհը ու վերադարձավ ճանապարհի եզրին ցանցերով քողարկված վրանը:

«Խեղճ երեխա», – մտածեցի: Նա սիրում էր իր Հարի Փոթերին: Բայց հիմա մեծացել է և հիասթափվել աշխարհից: Անցյալ տարի այս ժամանակ նա ապրում էր ուրիշ երկրում, որը կոչվում էր Ուկրաինա: Միգուցե ամեն ինչ ներդաշնակ չէր, բայց խաղաղ էր: 2013 թ. նոյեմբերի 21-ին, ցուցարարների մի փոքր խումբ հավաքվեց Կիևի Մայդան հրապարակում և բողոքեց, որ իրենց նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվում է ստորագրել Եվրամիության առաջարկած համագործակցության համաձայնագիրը: Նրանք իրենց շարժումը կոչեցին Եվրոմայդան, որը հետո դարձավ հրապարակի ուկրաինական անունը: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց դրա վրա:

6 ամիս անց Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնվեցին պատերազմական վիճակում: Յանուկովիչը կնոջ հետ փախավ երկրից: Ռուսական զորքերը բռնակցեցին Ղրիմը` Եվրոպայում հողի զավթման առաջին դեպքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Ուկրաինայի  Դոնեցկի և Լուգանսկի արևելյան մարզերը, որոնք ստանում են Ռուսաստանի կանոնավոր զորքերի և երկիր-երկինք հրթիռների աջակցությունը, Կիևից անկախ «ժողովրդական հանրապետություններ» հայտարարեցին: Կիևի կենտրոնը հարյուր հազարավոր ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով վերածվել է պատերազմի գոտու: Մալայզիայի ավիաուղիների MH-17 օդանավը պայթեցվեց ապստամբների արձակած հրթիռից, 298 մարդ զոհվեց: Ավելի քան 4000 մարդ էլ մահացել է Եվրոպայի նորագույն քաղաքացիական պատերազմի ժամանակ:

samalyot

Այս ամենի արդյունքում երկու կարևոր իրադարձություն կատարվեց: Նախ, Ուկրաինան վերջապես կողմնորոշվեց: Վերջին 23 տարիների ընթացքում, ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո, Ուկրաինան չէր կարողանում որոշել, դառնալ օրինապահ եվրոպական ա՞զգ, ինչպես իր արևմտյան հարևան Լեհաստանն է, թե՞, Բելառուսի և Ղազախստանի կողքին տեղավորվելով, արթնացնել ռուսական կայսրության ավազակապետական դիկտատուրան:

Վլադիմիր Պուտինը լուծեց այդ հարցը. Առանց Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ռուսալեզու բնակչության, Կիևում այլևս չի լինի Մոսկվային հնազանդ կառավարություն: Հոկտեմբերի վերջին խիստ եվրոպամետ կուսակցությունները իշխանության եկան Ուկրաինայի խորհրդարանում: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն համաձայնության եկան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, Ուկրաինային էլ տնտեսական ու նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Պատերազմն Արևելքում շարունակվում է: Տնտեսությունը` տատանվում: Ծայրահեղ ազգայնականները վերջին ընտրություններում հաջողություն չունեցան, բայց նրանք զինված են և համախմբվել են ինքնակառավարվող «հայրենասիրական գումարտակներում»: Թերևս նույն հարավսլավական աղետն է սպառնում, սակայն ուկրաինացիները զարմանալիորեն լավատես են: «Մենք պարզեցինք, թե ով ենք մենք», – ասում է երիտասարդ երգչուհի Ռուսլանա Կազիպովան: «Մենք ազատ ենք և այլևս Ռուսաստանի քածը չենք»:

Երկրորդը, որ ավելի լուրջ է և գլոբալ աղետ է ուրվագծում, Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի փոփոխությունն է: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանը վերածվեց իր ավելի հին ու ավելի արատավոր տարբերակին:

Հարի Փոթերի մեր նախկին երկրպագուն մեզնից հեռու է, մենք անցնում ենք հսկայական հերկած վարելահողերի կողքով, որտեղ հողը ծանր է ու շոկոլադի նման մուգ: Դոնբասը`ապստամբների տարածքը, հարուստ գյուղատնտեսական երկիր է և գեղեցիկ ու ոսկեգույն է, ինչպես աշնանային Նոր Անգլիան:

Հաջորդ անցակետը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը խորհրդանշող մի ամբողջ հավաքածու է: Սև, կապույտ և կարմիր եռագույն դրոշը վերցրել են կարճատև կյանք ունեցած Դոնեցկ-Կրիվորոժի Հանրապետությունից, որն անկախություն հռչակեց 1918 թ.-ին, մինչև ցարական Ռուսաստանի փլուզումը: Նովոռոսիայի` նոր Ռուսաստանի դրոշի նորացված տարբերակն ամերիկյան համադաշնության դրոշի հստակ նմուշն է: (Նովոռոսիան ցարական ժամանակաշրջանի տերմին է, որը տվել են Եկատերինա երկրորդի ժամանակ նվաճված Ուկրաինայի հարավային ու արևմտյան շրջաններին: Կրեմլն այժմ այն օգտագործում է արևելյան Ուկրաինան նկարագրելիս): Կա նաև արյան գույնի դրոշ, որտեղ ոսկեգույն մեդալիոնում Քրիստոսի բյուզանդական դեմքն է: Մի դրոշը հեղափոխության համար է, մյուսը` ռուսական կայսրության, որտեղ իշխում է ուղղափառ եկեղեցին: Մենք շարունակում ենք ճանապարհը` անցնելով հարթ տարածքով, որն ընդմիջվում է խրամաշերտերով:

Դոնեցկը վախեցնելու աստիճանի դատարկ է, չնայած որ բնակչությունն ավելի քան 1 մլն. է և պատերազմից առաջ Ուկրաինայի առավել բարեկեցիկ քաղաքներից էր: Լայն փողոցների գովազդային խոշոր վահանակների վրա փակցված են համերգների գովազդները, որոնք տեղի են ունեցել ապրիլի սկզբին:

Չնայած տեխնիկապես խաղաղ ժամանակ է, կրակոցներն այստեղ շարունակվում են: Սեպտեմբերի կեսին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մինսկում ստորագրել է հրադադարը, սակայն, մեկ շաբաթ անց մի ամբողջ օր ու գիշերվա մեծ մասը Դոնեցկի կենտրոնում լսվել են հրետանային կրակոցներ: Դոնեցկի օդակայանը ուկրաինական բանակի հսկողության տակ է և ապստամբները կատաղի ռմբակոծում են այն:

dead

Ուկրաինացիները պատասխանում են հրետանային արկերով և Գրադ հրթիռներով` ռմբակոծելով քաղաքը: Օդակայանի տակ խորհրդային տարիներին` 1960 – ական թթ. կառուցված բունկերներ ու թունելներ կան: Օդակայանի ուկրաինացի պաշտպանները իրենց հաուբիցներով նահանջել են ներքև շենքի խորքը, երբ օդակայանը սկսվեց ավելի ուժեղ ռմբակոծվել: Հեռվում, ծխի ու աշնանային մառախուղի միջից նշմարվում էօդակայանի շենքի ապակե և գեղեցիկ հատվածը:

Դոնեցկի հիմնական վարչական շենքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիների հերթ է գոյացել: Ապստամբների հրամանատարը լսում է նրանց մեկ առ մեկ և հրամաններ արձակում. «Գնացեք 210-րդ գրասենյակ և հերթագրվեք: … Ոչ, մենք այդ հարցով չենք զբաղվում, բայց հաջորդ շաբաթ եկեք»:

Հասարակական շենքերի վրա մակագրություններ են: Սիրահար զույգերից մեկը գրել է «Լենա + Պաշա = [սիրտ] Ռուսաստան»: Կովկասից ժամանած կամավորները կամ, գուցե վարձկանները նույնպես իրենց հետքն են թողել պատերին. «Չեչնիան Դոնեցկի հետ է», – ասվում է մի գրության մեջ:

Սերգեյ Ֆեդորենկոն` նիհար երիտասարդ տղամարդը, պատմություն է ուսումնասիրել համալսարանում նախքան ապստամբների վարչակազմում «քարոզչության մասնագետ» գրանցվելը: Նա պնդում է, որ տղամարդկանց զուգարանը պետք է նորոգել` դարձնելով ծխելու սենյակ: Չնայած կոտրված պատուհաններին, թալանված գրասենյակներին և շուրջը թափված փաստաթղթերի կույտերին, մաքուր ապրելակերպի կողմնակից ապստամբ առաջնորդները պայքարում են ծխելու դեմ:

Ես հարցնում եմ նրան, թե ի՞նչ է պատերազմը:

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց ընտրության հնարավորություն էլ չունենք: Մինչ կիևցիները դրոշներ էին թափահարում մայդանում, մենք Դոնեցկում աշխատում էինք: Ես միշտ ուկրացիների կողմից եմ եղել: Բայց երբ նրանք մեր հողեր եկան զինված ու կատաղած, որոշեցի, որ պետք է պաշտպանվեմ: Մենք մեր սեփական գործերը կառավարելու իրավունք էինք ուզում: Սա մեր սեփական Մայդանն է, պարզապես մենք ոչ ոքի չենք ուղարկում Կիևը գրավելու»:

Նախասրահ խնդրագիր ներկայացնողների մոտ վերադառնալիս ապստամբների կարևոր դեմքերի համար ճանապարհ էին բացել: Այդ տղամարդիկ և նրանց թիկնապահները, անկասկած, շատ ժամանակ էին ծախսել հայելիների դիմաց`կատարելագործելու իրենց արտաքին տեսքը: Առանց մատերի կաշվե ձեռնոցներով, ռետինե ծնկի բարձիկներով, կանաչ շարֆերով և արևային ակնոցներով նրանք հետ չեն մնում մոդայից ու նաև ԱՄՆ-ից : Ավելի ավագ հրամանատարները խորհրդային ռազմական ֆիլմեր են հիշեցնում` իրենց կաշվե եզրերով լայն տաբատներով ու բարձրաճիտք սև կոշիկներով:

Մեր մարդը Հավանա բաբանայում

Գիշեր է և խնամքով մաքրված փողոցները դատարկ են մինչև ժամը 11-ը`պարետային ժամը: Լույսեր են երևում պատուհանների միայն մեկ երրորդում:

Գնում եմ Հավանա Բանան կոչվող կուբայական ոճով նկուղ բարը: Ինտերիերի դիզայնը հոյակապ բնութագրում է Հավայանի սլավոնական տեսակը: Դոնեցկի ամենահայտնի գրող Ֆյոդոր Բերեզինը ժամանում է զինվորների ուղեկցությամբ: Բերեզինը գրել է ֆուտուրիստական ռազմական գիտաֆանտաստիկ գրականության 22 հատոր, որոնք նկարագրում են վերածնվող Խորհրդային Միության և անկումային Ամերիկայի միջև էպիկական մարտերը: Ապրիլից Բերեզինը ստանձնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Գրողը իր սպիտակած բեղերով նախարար դարձավ 50 տարեկանում: Նա կարծես «Ապոկալիպսն այսօր»-ի գնդապետ Սանդերսի և գնդապետ Կուրտսի խառնուրդը լինի: «Երբ այս պատերազմը սկսվեց, ինձ հարցրեցին, ցանկանում եմ հրամանատար լինել, թե ստեղծագործող», – ասում է նա: «Ես կարող էի ապրիլին Ռուսաստան փախչել, բայց որոշեցի, որ պետք է մնամ, պայքարեմ և փորձեմ ստեղծել նոր իրականություն աշխարհում»:

Բերեզինի որոշ տեսակետներ կարող են էքսցենտրիկ համարվել: Նա ասում է, որ հավատում է, որ բոլորս ապրում ենք մի մատրիցայում, որը վերահսկվում է համալիր ծրագրով: Նրա կարծիքով «ֆաշիզմը լիբերալիզմի ծայրահեղ մակարդակն է», և այն ինչ կատարվում է Ուկրաինայում ռեսուրսների համար դանդաղ ծավալվող գլոբալ հակամարտության մի մասն է:

«Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց 2001 թ. սեպտեմբերի 11-ին: Այդ պահին իմպերիալիստները … որոշեցին, որ այս մոլորակի բնական ռեսուրսները սահմանափակ են և պետք է մտածել, թե ում հետ գնալ պատերազմի դրանք ձեռք բերելու համար: Այդ պատերազմը սկսվեց Իրաքում, ապա տեղափոխվեց Սիրիա և Լիբիա: Այժմ նրանք եկել են Ուկրաինա …. միայն Ռուսաստանն է հակակշիռը: Ձեռքերը խաչած հանգիստ նստել է ու ասում է «Ոչ»:

Ավելի ուշ կարդալով Բերեզինի մի քանի գործեր, ես հայտնաբերեցի, որ խոշոր համաշխարհային պատերազմները նրա սիրելի թեման է: 2009 թ. հրապարակված նրա «2010 թ.-ի պատերազմ. Ուկրաինայի ճակատ» վերնագրով վեպում նա նկարագրում է երկիր-երկինք տիպի հրթիռով մարդատար ինքնաթիռի պայթեցումը: Այս մարգարեական գրքում Բերեզինը պատմում է համաշխարհային պատերազմի մասին, որը սկսվել է Ղրիմի հակամարտությունից;

Իր սերնդակիցներից շատերի նման, ( նա երկու տարով փոքր է Պուտինից) Բերեզինն էլ հակասական հայացքներ ունի ժողովրդավարության և կապիտալիզմի մասին ու խորապես ափսոսում է Խորհրդային Միության փլուզումը: «Ես ընդունում եմ, որ 1930 թ Խորհրդային Միությունում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց զոհաբերությունն արդարացվել է: Պարզապես տեսեք, թե ինչ էր կատարվում 1970-ին: Բոլորն ունեին այն, ինչ իրենց հարկավոր էր, շատ չէին աշխատում, հանգստանում էին: Ես պատմական հիմնավորում եմ տեսնում 1930ականների, բայց ոչ 1990-ականների մեջ: Այդ ժամանակ իսկապես չարդարացված ցեղասպանություն էր»:

Այժմ, Նովոռոսիայի ձևավորմամբ` նա կարծում է, որ հնարավորություն է ստեղծվել վերադառնալ արժանապատվության և արդարության խորհրդային ոսկե շրջանը: «Մենք կոտրել ենք ճանապարհի եզրին գտնվող բոլոր դրամական շահումով խաղային ավտոմատները»,- հպարտությամբ ասում է Բերեզինը: «Մենք շատ խիստ ենք վերաբերվում ալկոհոլով զբաղվողներին և թմրամոլներին, ստիպում ենք նրանց խրամատներ փորել մեր զորքերի համար: Մինչև այդ, նրանք պարզապես կաշառք էին տալիս ոստիկանությանը, ինչն այլևս տեղի չի ունենա: Մեր մոդելն այն է, որ հասարակությունը պետք է քայլի անհատների առջևից: Մենք չենք ընդունում արևմտյան փտած արժեքները, դեմ ենք միասեռ ամուսնություններին»:

Նոր գեր կատուները

Պատերազմական պայմանների տնտեսությունը թելադրում է առգրավել Դոնեցկից փախած բոլոր գործարարների և օլիգարխների սեփականությունը: Չնայած մարտերից վնասվել են տարածաշրջանի հանքարդյունաբերությունը և ենթակառուցվածքները, Բերեզինը լավատես է և համոզված, որ շուտով տարածաշրջանը կդառնա «մեծ մետալուրգիական հանրապետություն»: Այժմ խնդիրը Մարիուպոլի նավահանգիստն է, որը դեռ Ուկրաինայի ձեռքում է: «Մարիուպոլը և Դոնեցկի օդանավակայանը հետ կվերցնենք: Պայքարը նոր է սկսվել: Մեր հայրերը ջարդեցին ֆաշիստներին ու փոշիացրեցին: Մենք էլ պետք է նույնը անենք»:

Ռամադա պանդոկի անկյունում նստած է չափազանց գեր մարդ անփույթ վերնաշապիկով և սպորտային տաբատով ու նման է Ջաբա Հութին: Նա ԴԺՀ-ի բարձրաստիճան պաշտոնյա է, նախկինում եղել է հաջողակ տեղական գործարար:. Նրա նախկին թիկնապահներն այժմ կրում են Նովոռոսիայի համազգեստ, բայց շարունակում են մնալ նրա անձնական բանակում:

Ջաբան արդեն մի քանի շաբաթ է գտնվում է մի ռոմանտիկ դրամայի կենտրոնում: 30-ամյա շիկահեր կինը նախարարի լավ ընկերն է: Նա հագնվում է 1980-ականների ոճով, բարձր գոտկատեղիով առաձգական, արծաթագույն տաբատ: Ցավոք, կնոջ ամուսինը նույնպես գործարար դարձած տեղական ճանաչված բռնցքամարտիկ է եղել, որն ունի իր թիկնապահը: Նա նաև Դոնեցկի հանրապետության բանտային ծառայության ղեկավարներից մեկն է և երբեմն հաճախում է Ռամադա: Այդ ժամանակ խելացի հաճախորդները խնդրում են իրենց հաշիվները:

Սակայն, այս երեկո աստղերի սիրահարները հանգիստ են: Օգնականը ինչ-որ բան է փնտրում Nokia հեռախոսներով նեյլոնե տոպրակում: Նրանց բոլորի վրա գրված է այրված հեռախոսներ պիտակը:

«Ծանոթացեք նոր ղեկավարության հետ: Նույնն է, ինչ հին ղեկավարությունը», – հեգնանքով նշում է ամերիկացի գործընկերս: «Այստեղ կան պատասխանատվություն կրող երեք տեսակի մարդիկ: Հին խորհրդային ղեկավարները, տեղական քրեածին տարրերը, Յանուկովիչի մոտիկ ընկերները, ինչպես նաև ռուսական ռազմական-հետախուզության գործակալները»:

Միայն երկրորդ տեսակը, որ ավազակներ են, Բերեզինի պես ազնիվ խորհրդային մարդկանց նման չեն կարող իրենց թույլ տալ, որ Ռամադայում 8 դոլարով գարեջուր խմեն:

Այս տեղական գեր կատուներն են Նովոռոսիայի հեղափոխության միակ իրական հաղթողները: Ռուսաստանը դրանց ոչինչ չխոստացել, բացի վշտից: Պուտինի հետ դարձել է միջազգային վտարանդի, տնտեսությունը արմատապես թունավորվել է միջազգային պատժամիջոցներից: Ուկրաինան, նույնպես, քայքայվել է տնտեսապես և քաղաքականապես, թեև ավելի հույսով է, քան Ռուսաստանը: Իսկ Դոնեցկի ժողովուրդը դիմակայում է սառը, սոված ձմռանն առանց վառելիքի և սննդամթերքի, ջերմանում միայն ազգայնական հռետորությամբ և սին խոստումներով:

Այս հեղափոխությունը ծերի հաղթանակն է երիտասարդի, հիմարինը խելոքի նկատմամբ: Դա անցյալի հաղթանակն է ապագայի նկատմամբ: Պատմությունը կրկնվում է որպես ողբերգություն և ֆարս:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment