Մեկ այլ, ավելի մեծ պատերազմ Ուկրաինայում

Մեկ այլ, ավելի մեծ պատերազմ Ուկրաինայում

Հոդվածի առանցքում

  • Կոռուպցիայի դեմ պայքարը «ավելի մեծ մարտահրավեր է, քան պատերազմը Արևելքում»:
  • Օրենսդիրն աշխատում են հակակոռուպցիոն բյուրո ստեղծելու ուղղությամբ, որը կունենա լայն լիազորություններ հետաքննելու ու ձերբակալելու ավագ քաղաքական գործիչներին, որոնք կչարաշահեն հանրության վստահությունը:
  • Ուկրաինայում ստեղծվում է պետական պաշտոնյաների ակտիվները հրապարակելու ընդգրկուն մի համակարգ:
  • Առաջ է քաշվում ծրագրեր` քարոզարշավների պետական ֆինանսավորման համակարգի ձևավորման ուղղությամբ՝ փորձելով կրճատել օլիգարխների, խոշոր գործարարների քաղաքական ազդեցությունը:
  • Արևմուտքի երկրները այդքան էլ տրամադրված չեն ավելի շատ կանխիկ տրամադրելու: Նրանք մտահոգված են, որ Կիևը դեռևս չի ցուցաբերել բավարար պատրաստակամություն ինքնուրույն լուծելու իր խնդիրները:
  • Վարչապետ Արսենի Յացենյուկը վերջերս հայտարարեց մի շարք դրամատիկ միջոցառումների մասին՝ ուղղված պետական աշխատողների թվի կրճատմանը:
  • Նա խոստացել է կրճատել պետական ծախսերը մոտ 10 տոկոսով:

Ուշադրությանն արժանի

Որն է Ուկրաինան փրկելու լավագույն միջոցը: «Երկրում բարեփոխումներ իրականացնելը», – ասում է Ուկրաինայի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն: Ներկայումս պատերազմը ընդդեմ ռուսական ագրեսիայի միակ ռազմաճակատը չէ իր երկրի գոյապայքարի ընթացքում: Լեշչենկոն ասում է, որ ավելի շատ մտահոգված է Ուկրաինայում վաղուց արմատավորված թուլության մշակույթով, մի հիվանդություն, որը խոչընդոտում է կառավարումը և կանգնեցնում զարգացումը: Կոռուպցիայի դեմ պայքարը «ավելի մեծ մարտահրավեր է, քան պատերազմը Արևելքում»,- ասում է նա:

Նա գիտի, թե ինչ է խոսում: Անցյալ ամիս, Ուկրաինայի առաջատար հետաքննող լրագրող Լեշչենկոն (և Democracy Lab հանդեսի հեղինակ) հաղթեց իր երկրի ազգային օրենսդիր մարմնի ընտրություններում, որտեղ նա այժմ առանցքային հանձնաժողովի անդամ է, որը փորձում է որոշել, թե ինչպես ղեկավարել երկիրը: Նա Վաշինգտոնում էր այս շաբաթ իր գործընկեր խորհրդարանական Հաննա Հոպկոյի, ով 2014 թ. Foreign Policy հանդեսի գլոբալ մտածողների շարքում է, և ակտիվիստ Օլեքսանդր Սոլոնթեի հետ՝ մեկ տարի առաջ Եվրամայդանի ապստամբության արդյունքում երկիրը լքած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալման տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցելու և պարգևատրում ստանալու համար:

Լեշչենկոն ասաց, որ նա և իր օրենսդիր գործընկերները աշխատում են հակակոռուպցիոն բյուրո ստեղծելու ուղղությամբ, որը կունենա լայն լիազորություններ հետաքննելու ու ձերբակալելու ավագ քաղաքական գործիչներին, որոնք կչարաշահեն հանրության վստահությունը: Նրանք ստեղծում են պետական պաշտոնյաների ակտիվները հրապարակելու ընդգրկուն մի համակարգ: Նրանք նաև առաջ են քաշում ծրագրեր եվրոպական ոճի քաղաքական քարոզարշավների պետական ֆինանսավորման համակարգի ձևավորման ուղղությամբ՝ փորձելով կրճատել օլիգարխների, խոշոր գործարարների հսկայական քաղաքական ազդեցությունը, որոնք դեռ գերիշխում են ուկրաինական քաղաքականությունում:

Խնդիրը, որ Լեշչենկոն ընդունում է, այն է, որ լուրջ և համակարգային բարեփոխումների համար դատաիրավական համակարգի, ոստիկանության, բանակի ոլորտներում անհրաժեշտ են տարիներ: Բայց այդ ժամանակն իր երկիրը չունի: Հենց այս շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը բացահայտեց հսկա բաց Կիևին խոստացած արտակարգ ֆինանսավորման և նրա հավանական կարիքների միջև: Պատճառներից են Արևելքում անջատողականների վերահսկողության տակ անցած տարածքների կորուստը, որոնք կարևոր արդյունաբերական շրջաններ են, և ռուսական արտահանման շուկայի վերացումը, որոնք բարդացնում են Ուկրաինայի տնտեսական իրավիճակը:

Գումարը կազմում է $ 15 մլրդ: Եթե գումարը չգտնվի, կառավարությունը Կիևում կանգնած է ընտրության առջև հանրային ծախսերի կտրուկ կրճատման կամ իր պարտքային վճարումների չկատարման միջև, որոնք ֆինանսական խնդիրներ կառաջացնեն տարիներ ի վեր:

Բայց Արևմուտքի երկրները այդքան էլ տրամադրված չեն ավելի շատ կանխիկ տրամադրելու: Նրանք մտահոգված են, որ Կիևը դեռևս չի ցուցաբերել բավարար պատրաստակամություն ինքնուրույն լուծելու իր խնդիրները: Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հաղթած կուսակցություններին անհրաժեշտ էր ավելի քան մեկ ամիս նոր կառավարություն ձևավորելու համար, իսկ նոր կաբինետը նոր-նոր է միայն ձևակերպում իր ծրագրերը շատ անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ:

Կան որոշ հիմքեր հույս ունենալու համար: Վարչապետ Արսենի Յացենյուկը վերջերս հայտարարեց մի շարք դրամատիկ միջոցառումների մասին՝ ուղղված պետական աշխատողների թվի կրճատմանը: Նա խոստացել է կրճատել պետական ծախսերը մոտ 10 տոկոսով: Թերևս, ամենակարևորը, նա խոստացել է բարեփոխել ուրճացված էներգետիկ սեկտորը, որտեղ վճռական փոփոխության բացակայությունը պահպանում է Ուկրաինայի ճակատագրական կախվածությունը Մոսկվայի կողմից ներկրվող բնական գազից:

Նախկինում ռուս-ուկրաինական բնական գազի առևտուրը մեծ հնարավորություններ էր ստեղծում լավ կապեր ունեցող պաշտոնյաների համար, որոնք հսկայական շահույթ էին ստանում ոլորտի մութ գործարքներից: Այս ճահճի վերացումը կբարելավի իրավիճակը Ուկրաինայի պետական ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև կվերականգնի երկրի միջազգային իմիջը: Ամեն դեպքում Կիևը պետք է լուծի այս խնդիրը, եթե անգամ ստիպված լինի ավելի թանկ վճարել Արևելքի իր մեծ հարևանից ստացվող գազի դիմաց:

Լուրջ խնդիրներից է, – ասում է Լեշչենկոն,- որ օլիգարխները շարունակում են ազդեցություն ունենալ նույնիսկ Յանուկովիչի տապալումից մեկի տարի հետո, ով մարմնավորում էր ծայրահեղ օլիգարխիկ համակարգը: Ռինատ Ախմետովը՝ Ուկրաինայի ամենահարուստ մարդը, դեռևս շարունակում է զգալի ազդեցություն ունենալ իր արդյունաբերական շահերի և ընդդիմադիր դաշինքում՝ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության մնացորդում, իր վստահված անձանց միջոցով: Մեկ այլ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն (հայտնի որպես «Շոկոլադե թագավորը») այժմ ղեկավարում է ամբողջ երկիրը: Արդյոք նա կհանդուրժի՞ գործարարների իշխանության սահմանափակում:

Երկրում մեկ այլ հետաքրքիր մագնատներից է Իգոր Կոլոմոյսկին, ով այս գարնանը դարձել է կենտրոնական շրջաններից մեկի՝ Դնեպրոպետրովսկի նահանգապետ, որը ռազմավարական կարևոր նահանգներից է: Կոալիցիոն կառավարության ձևավորմանը հանգեցրած բանակցություններին մասնակցող միակ շրջանային առաջնորդ Կոլոմոյսկուն է պատկանում հայտնի մասնավոր հեռուստաալիքներից մեկը, որի միջոցով նա հավելյալ ազդեցություն է գործում: Օլիգարխը նույնիսկ ստեղծել է սեփական ոստիկանություն, որին նա ուղարկել է ընդդեմ ռուսամետ անջատողականների: (Լեշչենկոն ասում է, որ Կոլոմոյսկին այս անձնական բանակը ուղարկել է հիմնականում Օդեսայի նավթավերամշակման գործարանի համար: Սա վառ վկայություն է, թե որքան հեռու են գնում ուկրաինական օլիգարխները իրենց քաղաքական և գործարար շահերը պաշտպանելու համար):

Այնպես որ, այո, լայնամասշտաբ բարեփոխումները ժամանակ կպահանջեն: Բայց Յացենյուկի վերջին նախաձեռնությունը և երիտասարդ Եվրոմայդանի վետերանների ջանքերը, ովքեր այժմ աշխատում են խորհրդարանում, նոր հույս է ներշնչում, և Արևմուտքը պետք է համապատասխան արձագանքի: Կան բազմաթիվ ձևեր օգնելու համար: Մի քանի օր առաջ, 50 փորձագետներ Եվրամիության երկրներից աշխատանքներ սկսեցին Ուկրաինայում օրենքի գերակայության բարելավման մեծ ծրագրի շուրջ՝ խորհուրդներ առաջարկելով դատական և իրավապահ մարմինների բարեփոխման վերաբերյալ:

Թերևս առավել հետաքրքրականը այն է, ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ ստեղծում է հինգ հիմնադրամներ՝ ուկրաինական բանակում բարեփոխումներ իրականացնելու համար: Գումարը պարզապես գոյություն ունեցող ռազմական հաստատությանը փոխանցելու փոխարեն, որն ունի չարաշահումների երկար պատմություն, հիմնադրամների կառուցվածքը թույլ կտա դոնորներին իրականացնել բարեփոխումներ ՝ պահպանելով վերահսկողությունը ներգրավված ռեսուրսների նկատմամբ:

Թերևս դա է այն մոտեցումը, որ արժե կիրառել ավելի լայն աջակցության ծրագրի շրջանակներում: Ուկրաինացի բարեփոխիչները, ինչպիսիք են Լեշչենկոն և Հոպկոն, ասում են, որ միջազգային հանրությունը պետք է նշանակի անկախ դիտորդներ՝ հետևելու համար, թե ինչպես են ուկրաինացիները ծախսում Արևմուտքի օգնությունը: Որքան մանրակրկիտ, այնքան ավելի լավ, ասում են նրանք: Ուղղակի վերահսկողությունը կլինի հիանալի վստահության մեծացման միջոց: Ամերիկյան և եվրոպական սկեպտիկ քաղաքական գործիչները կարող են ավելի հեշտությամբ օգնել հետագայում, եթե համոզվեն, որ փողը, ըստ էության, ծախսվում է ըստ նպատակի:

Բայց Արևմուտքը պետք է գործի: Եվդա կարող է  անել միայն, եթե առաջնորդները Վաշինգտոնում, Բրյուսելում, Լոնդոնում և Բեռլինում գիտակցեն, որ առավել կարևոր ճակատը այս պայքարում ոչ թե ռազմական հակամարտությունն է Ուկրաինայի Արևելքում, այլ Կիևի բարեփոխումների ջանքերը: Պրոդեմոկրատական արշավի մասնակից Օլեքսանդր Սոլոնտայը, այս շաբաթ հանդես գալով Վաշինգտոնում մի միջոցառման ընթացքում, լավ ձևակերպեց դա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, – ասել է նա,- գիտի, որ իր կարողությունը սահմանափակ է ողջ Ուկրաինան ուժով ճնշելու համար, ուստի նրա լավագույն խաղադրույքն է երկրում «կանխելու բարեփոխումների իրականացումը»: Կիևում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պյատը նշել է այս ամսվա սկզբին, որ « բիզնեսի վարումը, ինչպես նախկինում» Ուկրաինայի համար «ավելի մեծ սպառնալիք է, քան ռուսական տանկերը»:

Եթե ուկրաինացիները կարող լինեն, ըստ էության, ցույց տալու առաջընթաց բարեփոխումների իրականացման իրենց ջանքերում, ապա իրենք արժանի են մեր աջակցությանը: Որքան շուտ, այնքան լավ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment