ԱՄՆ Սենատը սպառնում է պատժամիջոցներ կիրառել ռուսական խողովակաշարի նկատմամբ

ԱՄՆ Սենատը սպառնում է պատժամիջոցներ կիրառել ռուսական խողովակաշարի նկատմամբ

Հոդվածի առանցքում

  • Անդրատլանտյան լարվածության բոցում կարող են հայտնվել եվրոպական նավերը, որոնք ներգրավված են Ռուսաստանից Գերմանիա վիճահարույց գազատարի կառուցման մեջ: Նրանք, ամենայն հավանականությամբ, կենթարկվեն ԱՄՆ նոր պատժամիջոցներին: Երկկուսակցական օրինագիծը ԱՄՆ-ի Սենատ կներկայացվի երկուշաբթի:

Ուշադրությանն արժանի

 

Վաշինգտոնը և Բեռլինը նորից հակադրվում են միմյանց «Հյուսիսային հոսք-2» – ի պատճառով, քանի որ եվրոպական նավերը հարձակման թիրախում են:

Անդրատլանտյան լարվածության բոցում կարող են հայտնվել եվրոպական նավերը, որոնք ներգրավված են Ռուսաստանից Գերմանիա վիճահարույց գազատարի կառուցման մեջ: Նրանք, ամենայն հավանականությամբ, կենթարկվեն ԱՄՆ նոր պատժամիջոցներին: Երկկուսակցական օրինագիծը ԱՄՆ-ի Սենատ կներկայացվի երկուշաբթի:

Օրինագիծը, որը հովանավորում են հանրապետական և դեմոկրատ սենատորներ Թեդ Քրուզն ու Ջին Շահինը, նախատեսում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են ծովում գազատարի կառուցման ռուսաստանյան էներգետիկ նախագծերին: Դրանք հիմնականում ուղղված են «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի դեմ, որն էլ դարձել է Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև լարվածության հիմնական պատճառը: Արտաքին քաղաքականությունը ստացել է օրինագծի պատճեն:

Քննադատներն ասում են, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը, որը կկրկնապատկի Բալթիկ ծովով Գերմանիա մատակարարվող ռուսական գազի ծավալը,  առևտրային մեծ նշանակություն չունի, դա Մոսկվայի աշխարհաքաղաքական ուժի խաղն է` Արևելյան Եվրոպայի վրա էներգետիկ լծակներ կիրառելու նպատակով: Պետությունները, ինչպիսիք են Լեհաստանը և Բալթյան երկրները, միացել են Միացյալ Նահանգներին՝ ընդդեմ խողովակաշարի: Նրանք նաև զգուշացնում են, որ դա կարող է ապակայունացնել Ուկրաինան, քանի որ այն պատերազմ է վարում երկրի արևելքում Ռուսաստանի աջակցությունը ստացող անջատողականների դեմ: Չնայած համակարտությանը, Ուկրաինայի կառավարությունը ապավինում է Եվրոպա մուտք գործող ռուսական գազի տարանցման վճարներին:

Թրամփի վարչակազմը խստորեն քննադատել է Գերմանիային՝ նախագծին ընթացք տալու համար, որը համարվում է անդրատլանտյան հարաբերություններում լարվածության պատճառներից մեկը՝ Իրանի, կլիմայի փոփոխության և առևտրի հարցերի հետ: Անցյալ տարի հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բեռլինին մեղադրեց Ռուսաստանին «գերի» լինելու համար, ի նկատի ունենալով էներգիայի ոլորտում Մոսկվայից կախվածությունը: Գերմանացի պաշտոնյաները կտրականապես հերքեցին մեղադրանքը:

Մինչ Թրամփը Ռուսաստանի հետ իր հարաբերությունների պատճառով առճակատվում է դեմոկրատներին ու հանրապետականներին, Վաշինգտոնում գործում է լայն երկկուսակցական ընդդիմություն  «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ:

«Հյուսիսային հոսք-2» – ի կողմնակիցները նշում են, որ խողովակաշարն առաջարկում է  ռուսական էժան գազը Եվրոպա մատակարարել ավելի հուսալի երթուղով,  քան Ուկրաինայով անցնող ավանդական խողովակաշարն է, որն անցած տասնամյակում ենթարկվել է բազմաթիվ խափանումների ու դարձել Կիևի և Մոսկվայի միջև աշխարհքաղաքական լարվածության պատանդը:

Օրինագծի թիրախում խոր ջրերում խողովակաշարեր տեղադրելու համար օգտագործվող նավերն են, որոնք ներառում են արևմտյան էներգետիկ ընկերությունների  տեխնոլոգիական գիտելիքները, ինչը Ռուսաստանը չունի: «Դա այն մի քանի ոլորտներից է, որտեղ, ըստ էության, Գազպրոմը՝ ռուսական ազգային գազային ընկերությունը, չունի գազատար խողովակների կառուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիա ու տեխնիկական հմտություն», – ասաց Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի եվրասիական էներգետիկայի հարցերով փորձագետ Ագնիա Գրիգասը:

Օրինագծին ծանոթ բարձրաստիճան մի հանրապետական նշել է, որ դրա մի մասը ձևավորվել է իրանական նավթի արտահանման դեմ ուղղված ԱՄՆ-ի նախկին ջանքերի վրա:

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ամիսներ շարունակ զգուշացրել են պատժամիջոցների մասին, նախագծի կիրառման դեպքում: Հունվարին Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը նամակ է ուղարկել «Հյուսիսային հոսք-2» – ին ներգրավված մի շարք ընկերությունների`զգուշացնելով, որ նրանք կարող են պատժամիջոցների ենթարկվել, եթե շարունակեն նախագծի իրականացումը և ստիպված կլինեն դիմակայել 2017թ.-ի ԱՄՆ օրենքին, որը նախատեսում է պատժամիջոցներով հակադարձել Ամերիկայի հակառակորդներին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը քննադատել է  սպառնալիքները: «Եվրոպական էներգետիկ քաղաքականության հարցերը պետք է որոշվեն Եվրոպայում, ոչ թե ԱՄՆ-ում», – ասել է Մաասը: «Հյուսիսային հոսք-2- ի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելն, անշուշտ, ոչ ճիշտ ճանապարհ է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment