Ադրբեջանի Ալիևի երկու դեմքերը

Ադրբեջանի Ալիևի երկու դեմքերը

Հոդվածի առանցքում

  • Իլհամ Ալիևին Բաքվում ԱՄՆ դեսպանի հաղորդագրությունում նրան բնութագրել են Մայքլ Կորլեոնե-Սոննի Կորլեոնե` նկատի ունենալով նրա սառնասիրտ հաշվարկները, ինչպես «Կնքահայրը» ֆիլմում մաֆիայի ընտանիքի երկու եղբայրների դեպքում:
  • Իհարկե, պարոն Ալիևը միակ բռնապետը չէ, որի ճկուն քաղաքականությունը և բնական հարուստ պաշարների վերահսկումը բախվում են ամերիկյան և եվրոպական քաղաքականությունը մշակողների մոտեցումների հետ, ինչը WikiLeaks-ի հաղորդագրությունում բնութագրվում է «ընտրություն ԱՄՆ շահերի և ԱՄՆ արժեքների միջև»:
  • Նույնիսկ, եթե Ալիևը հակված է դեպի Արևմուտք, նա վստահ է, որ արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունները, այդ թվում Ազատություն ռադիոկայանը, մտադիր են տապալել նրան: Ինչպես ավտորիտարիզմի հարցում իր գործընկեր Վլադիմիր Պուտինը, Ալիևը ամեն ինչի ետևում տեսնում է ամերիկյան ձեռք:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հմտորեն իրականացնում է Ջեկիլի և Հայդի պատմության քաղաքական տարբերակը: WikiLeaks-ում տարածված Բաքվում ԱՄՆ դեսպանի հաղորդագրությունում նրան բնութագրել են Մայքլ Կորլեոնե-Սոննի Կորլեոնե` նկատի ունենալով նրա սառնասիրտ հաշվարկները, ինչպես «Կնքահայրը» ֆիլմում մաֆիայի ընտանիքի երկու եղբայրների դեպքում: Ալիևը «արևմտամետ» է  շատ հարցերում, նա քաղաքավարի է, լավ հագնվում է և անգլերեն լավ է խոսում, նա պատրաստ է Եվրոպա և Իսրայել մատակարարել իր երկրի նավթի և գազի մեծ պաշարները, նրա դավանած իսլամը չափավոր և ժամանակակից է, նա հյուրընկալում է միջազգային հեղինակավոր միջոցառումներ, ինչպես Եվրատեսիլը 2012-ին և Եվրոպական խաղերը այս տարվա հունիսին:

Նա նաև չափազանց կոռումպացված է և իր ավտորիտար ռեժիմը մարդու իրավունքների ցուցանիշներով աշխարհում վատագույններից է:Շարունակելով անկախ մեդիայի և ոչ կառավարական կազմակերպությունների դեմ բռնությունները` ոստիկանությունն անցած ամիս հարձակվել էր ԱՄՆ կողմից ֆինանսավորվող Ազատություն ռադիոկայանի Բաքվի գրասենյակի վրա, որն Ադրբեջանում հայտնի է ռադիո Ազադլըք անվամբ:

Իրավապահները առգրավել են համակարգիչները և փաստաթղթերը ու կնքել գրասենյակը: Ռադիոկայանի տասնյակ աշխատակիցների ձերբակալել ու հարցաքննել են:

Դրանից մի քանի շաբաթ առաջ կառավարությունը բանտարկել էր հետաքննող հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային, որը հաղորդել էր Ալիևի ընտանիքի շահութաբեր բիզնես գործարքների մասին: Կառավարությունը նախ փորձել էր վախեցնել և շանտաժի ենթարկել նրան, որից հետո պախարակել օրուելյան մեղադրանքով, թե նա իր սիրեկանին հասցրել է ինքնասպանության: Ռեժիմի մեկ այլ քննադատ, մարդու իրավունքների հայտնի պաշտպան Լեյլա Յունուսն իր ամուսնու` Արիֆ Յունուսի հետ բատնում է ապրիլ ամսից:

Իհարկե, պարոն Ալիևը միակ բռնապետը չէ, որի ճկուն քաղաքականությունը և բնական հարուստ պաշարների վերահսկումը բախվում են ամերիկյան և եվրոպական քաղաքականությունը մշակողների մոտեցումների հետ, ինչը WikiLeaks-ի հաղորդագրությունում բնութագրվում է «ընտրություն ԱՄՆ շահերի և ԱՄՆ արժեքների միջև»:

Նրա հայրը` Հեյդար Ալիևը, երկաթյա ձեռքով ղեկավարել է Ադրբեջանը 1969-ից մինչև 2003 թվականը` սկզբում որպես Խորհրդային առաջնորդ, հետո` նախագահ: Որդին, օգտվելով Ադրբեջանի նավթի հարստությունից, ստեղծել է հոր անձի պաշտամունք` ընտրվելով երեք խնդրահարույց  ընտրություններում:

Նույնիսկ, եթե Ալիևը հակված է դեպի Արևմուտք, նա վստահ է, որ արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունները, այդ թվում Ազատություն ռադիոկայանը, մտադիր են տապալել նրան: Ինչպես ավտորիտարիզմի հարցում իր գործընկեր Վլադիմիր Պուտինը, Ալիևը ամեն ինչի ետևում տեսնում է ամերիկյան ձեռք` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից մինչև արաբական ցույցեր: Նա մտադիր է կանխել նման զարգացումները, նախքան դրանց ի հայտ գալը:

Դեկտեմբերի 4-ին Ալիևի բարձրաստիճան համախոհներից մեկը` Ռամիզ Մեհդիևը հրապարակել էր 60-էջանոց մանիֆեստ` բողոքելով ոչ կառավարական կազմակերպությունների «հինգերորդ շարասյունից», որոնք մտադիր են հեղափոխություն կազմակերպել: Նա նշել է, որ Իսմայիլովան իր տեղեկությունները ստացել է «արտասահմանցի լրտեսներից»:

Արևմուտքը պետք է հասկանա, որ ավտորիտար Ալիևը նույն Ալիևն է: Քանի դեռ նա արագացնում է իր ընդդիմախոսներին ոչնչացնելու և ազատությունը ճնշելու արշավը, ԱՄՆ և Եվրոպան պետք է լինեն ավելի ազնիվ: Ստիպված լինելով գործ ունենալ նրա հետ` իրենք պատրանքներ չեն տածում, թե իրականում ով է նա և ինչպիսի ծանր վնաս է հասցնում իր երկրին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment