Ամերիկայի մուսուլմանական կազմակերպությունները Հայոց Ցեղասպանության պատմության սխալ կողմում են

Ամերիկայի մուսուլմանական կազմակերպությունները Հայոց Ցեղասպանության պատմության սխալ կողմում են

Հոդվածի առանցքում

  • Մի քանի շաբաթ առաջ մուսուլմանական համայնքային առաջնորդների համար թուրքական դեսպանատանն անցկացված առատաձեռն մի ընթրիքի ու ընդունելության ժամանակ ես և համայնքի մոտ երկու տասյակ անդամներ հասկացանք, որ մեզ շեղում են Հայոց Ցեղասպանությունը ժխտող ներկայացումներով: Ինձ համար պարզ դարձավ, որ միջոցառման նպատակը մուսուլման ամերիկացիների աջակցությունն ու լոբբիստական ջանքերի հավաստիացում ստանալն էր, որը պետք է ուղղվեր Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ:
  • Անկարան միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ վարչակազմի, Կոնգրեսի, նաև ԱՄՆ մուսուլմանական ընկերությունների հետ աշխատելու վրա, որպեսզի վստահ լինի, որ աշխարհը չի արտաբերի Ցեղասպանություն բառը: Վերջերս նախաձեռնած նամակագրության արշավը վարչակազմին ու Կոնգրեսին կոչ էր անում հետաքննել հանցագործությունները և ոչ թե «սխալ պիտակավորելով հապճեպ դատապարտել 1915-ի դեպքերը»:
  • 2008-ին Օբաման հայտարարել է. «Փաստերն անհերքելի են, պաշտոնական քաղաքականությունը, որը դիվանագետներին կոչ է անում խեղել պատմական իրականությունը, անբովանդակ քաղաքականություն է...և որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:
  • Շատ տխուր է նաև այն, որ ԱՄՆ մուսուլմանական կազմակերպությունների խորհուրդը, որը հավակնում է միավորել ԱՄՆ մուսուլմանական բոլոր կառույցները, չի խորշում վնաս հասցնող հայտարարություն տարածելուց առաջ խորհրդակցել համայնքի անդամների հետ: Խորհուրդը փաստացի չի խոսում իմ ու իմ հայրենակիցների` մուսուլման ամերիկացիների անունից:
  • Ինչպես վերջերս Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Քլարկի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Թաներ Աքչամը. «Անհրաժեշտ է ճանաչել զոհերի մարդկային արժանապատվությունը: Առանց ճանաչման սերունդները չեն կարող լիարժեք սգալ ու լիարժեք ապաքինվել»:

Ուշադրությանն արժանի

Մի քանի շաբաթ առաջ մուսուլմանական համայնքային առաջնորդների համար թուրքական դեսպանատանն անցկացված առատաձեռն մի ընթրիքի ու ընդունելության ժամանակ ես և համայնքի մոտ երկու տասյակ անդամներ հասկացանք, որ մեզ շեղում են Հայոց Ցեղասպանությունը ժխտող ներկայացումներով: Ինձ համար պարզ դարձավ, որ միջոցառման նպատակը մուսուլման ամերիկացիների աջակցությունն ու լոբբիստական ջանքերի հավաստիացում ստանալն էր, որը պետք է ուղղվեր Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ:

Միջոցառումից հետո ես սկսեցի էլեկտրոնային նամակներ ստանալ, որոնք ուղղակիորեն հերքում էին Օսմանյան կայսրությունում հայերի կազմակերպված կոտորածները և ինձ կոչ էին անում ջանքեր գործադրել «1915-ի դեպքերի մասին ճշմարտությունը» Կապիտոլիում հասցնելու համար:

Այս շաբաթ լրանում է Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածների 100-րդ տարելիցը:  1923 թվականի դրությամբ Օսմանյան կայսրության հայերի 90%-ն անհետացել էր: Նրանց արտաքսել էին, տանջամահ արել, սպանել ու թալանել: Երբ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին ստեղծեց «Ցեղասպանություն» տերմինը, նա այն որակեց որպես «ազգի կամ էթնիկ խմբի ոչնչացում»:

Կոտորածների շրջանում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն շատ պատկերավոր բացատրել էր տեղի ունեցածը իր հիշողություններում. «Երբ թուրք իշխանությունները արձակում էին արտաքսման հրամաններ, նրանք պարզապես մահվան դատավճիռ էին հրապարակում մի ամբողջ ազգի համար և շատ լավ դա հասկանում էին ու ինձ հետ զրույցներում չէին էլ փորձում թաքցնել այդ փաստը»:

Աշխարհի շատ առաջնորդներ, այդ թվում և մեր նախագահը, այդ դեպքերը ճանաչելու առումով ցուցաբերում են որոշակի դժկամություն և չեն ցանկանում կիրառել «Ցեղասպանություն» բառը, երբ խոսում են այդ իրադարձությունների մասին, բայց հաստատված փաստերն ու տեղի ունեցած դեպքերը հերքող ոչինչ չկա, այն հաստատել են փրկվածների ու պատմաբանների վկայություններն ու հետազոտությունները, որոնք վավերագրել ու պահպանել են իրականությունը:

Նախագահ Օբաման, երբ թեկնածու էր 2008-ին, միանշանակ հայտարարել էր, որ «Հայոց Ցեղասպանությունը համոզմունք, անձնական կարծիք, տեսակետ չէ, այն վավերագրված և հաստատված փաստ է, որի ճշմարտության օգտին խոսում են պատմական բազմաթիվ վկայություններ»: 2008-ին Օբաման հայտարարել է. «Փաստերն անհերքելի են, պաշտոնական քաղաքականությունը, որը դիվանագետներին կոչ է անում խեղել պատմական իրականությունը, անբովանդակ քաղաքականություն է…և որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:

Ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն էր ասել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ, «քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»: Պապի խոսքին ի պատասխան Անկարան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին և Սուրբ Աթոռին մեղադրել «քաղաքական լոբբիի ու PR ընկերությունների ազդեցության տակ ընկնելու համար»:

Դժվարությունը նրանում է, որ Թուրքիան ոչ միայն փորձում է սրբագրել կոտորածները` գործելով հայ համայնքի դեմ, բայց նաև կոչ է անում լոբբիստական ու PR-ով զբաղվող կառույցներին իրեն աջակցել այդ գործում: Անկարան միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ վարչակազմի, Կոնգրեսի, նաև ԱՄՆ մուսուլմանական ընկերությունների հետ աշխատելու վրա, որպեսզի վստահ լինի, որ աշխարհը չի արտաբերի Ցեղասպանություն բառը: Վերջերս նախաձեռնած նամակագրության արշավը վարչակազմին ու Կոնգրեսին կոչ էր անում հետաքննել հանցագործությունները և ոչ թե «սխալ պիտակավորելով հապճեպ դատապարտել 1915-ի դեպքերը»:

Թուրքիայի դեսպանատունը նույնպես մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ մուսուլմանական կառույցներին ու համայնքային առաջնորդներին իր կողմը գրավելու համար, հույսով, որ նրանք կաջակցեն թուրքական լոբբիստական ջանքերին: Ավելի վաղ ԱՄՆ մուսուլմանական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն էր տարածել` ժխտելով Հայոց Ցեղասպանությունը, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել մուսուլման ամերիկացիների շրջանում:

«Առանց անկախ պատմաբանների բազմակողմանի հետաքննության 1915-ի դեպքերի  բնութագրումը վտանգում է ոչ միայն այդ դեպքերի արդար հիշողությունը, այլև վնասում է թուրքերի և հայերի միջև հաշտությանն ուղղված ջանքերին», – ասված էր հայտարարության մեջ:

Սարսափելի է հերքել պատմաբանների պնդումները կոտորածների վերաբերյալ և կեղծ դիտարկումներ ներկայացնել, թե չի եղել համապարփակ հետաքննություն գիտնականների ու պատմաբանների կողմից: Շատ տխուր է նաև այն, որ ԱՄՆ մուսուլմանական կազմակերպությունների խորհուրդը, որը հավակնում է միավորել ԱՄՆ մուսուլմանական բոլոր կառույցները, չի խորշում վնաս հասցնող հայտարարություն տարածելուց առաջ խորհրդակցել համայնքի անդամների հետ:

Խորհուրդը փաստացի չի խոսում իմ ու իմ հայրենակիցների` մուսուլման ամերիկացիների անունից, որոնք կանգնած են ճշմարտության ու պատմական փաստերի կողքին և պաշտպանում են ամերիկահայ մեր համերկրացիներին: Հաշտություն, որը ցանկանում են թուրքերն ու հայերը, առանց անցյալի հանցանքները ճանաչելու և ընդունելու լինել չի կարող:

Վարչակազմի կողմից Անկարային չտխրեցնելու պատճառն այժմ շատ պարզ է, ԱՄՆ ունի Թուրքիայի կարիքը Իսլամական պետության դեմ պայքարում: Բայց որպես մուսուլման և որպես մեկը, ով իր մանկության մի մասն անցկացրել է Թուրքիայում, ես գտնում եմ, որ Թուրքիայի և մուսուլման համայնքային որոշ առաջնորդների ու կառավարության պաշտոնյաների` առանց այդ դեպքերը Ցեղասպանություն անվանելու ցավակցությունները պարզապես անընդունելի են:

Ինչպես վերջերս Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Քլարկի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Թաներ Աքչամը. «Անհրաժեշտ է ճանաչել զոհերի մարդկային արժանապատվությունը: Առանց ճանաչման սերունդները չեն կարող լիարժեք սգալ ու լիարժեք ապաքինվել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment