Թուրքիայի կանխամտածված ամնեզիան

Թուրքիայի կանխամտածված ամնեզիան

Հոդվածի առանցքում

  • Հաջորդ շաբաթ` ապրիլի 24-ին, աշխարհի հայերը հիշատակելու են Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանությունների մեկնարկի 100-րդ տարելիցը, իրադարձություններ, որոնք այժմ լայնորեն ճանաչված են որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Լայնորեն, բայց Թուրքիայից դուրս, քանի որ երկրի ներսում կառավարությունն ու բնակիչների մեծամասնությունը շարունակում է գազազած հարձակվել ցանկացած մարդու վրա, ով կխոսի Ցեղասպանության մասին:
  • Նույնիսկ դեռ նախքան չորեքշաբթի Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումը, որը Թուրքիային կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունն ու փնտրել «անկեղծ հաշտեցում» հայերի հետ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե եվրոպացիներն ինչ էլ որ ընդունեն «մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա»:
  • Քանի դեռ Թուրքիան նշում է, որ շատ հայեր են մահացել, պաշտոնական դիրքորոշումն այն է, որ զարհուրելի ժամանակներ էին, երբ տեղի էին ունենում զարհուրելի դեպքեր, բայց ժողովուրդ ոչնչացնելու փորձ չի եղել, այլ խոսքերով` Ցեղասպանություն տեղի չի ունեցել:
  • ԱՄՆ-ը չպետք է հաշտվի ժխտողականության այդ կեցվածքի հետ: 2008-ին, երբ ընթանում էր նախագահական քարոզարշավը, Բարաք Օբաման հայտարարել էր. «Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը», բայց ինչպես և իր նախորդները, ընտրվելուց հետո նա խուսափեց նեղացնել ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակցին:

Ուշադրությանն արժանի

Հաջորդ շաբաթ` ապրիլի 24-ին, աշխարհի հայերը հիշատակելու են Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանությունների մեկնարկի 100-րդ տարելիցը, իրադարձություններ, որոնք այժմ լայնորեն ճանաչված են որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն:

Լայնորեն, բայց Թուրքիայից դուրս, քանի որ երկրի ներսում կառավարությունն ու բնակիչների մեծամասնությունը շարունակում է գազազած հարձակվել ցանկացած մարդու վրա, ով կխոսի Ցեղասպանության մասին:

Երբ Ֆրանցիսկոս պապը օգտագործեց այդ բառը կիրակի անցկացված հիշատակի պատարագի ժամանակ, որը նվիրված էր հայ զոհերին, Թուրքիան Վատիկանից իր դեսպանին հետ կանչեց, կառավարության նախարարներից մեկը հանդգնորեն նշեց, որ պապը Արգենտինայից է, իսկ «Արգենտինայում հայկական սփյուռքը տնօրինում է երկրի մեդիադաշտն ու բիզնեսները»:

Նույնիսկ դեռ նախքան չորեքշաբթի Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումը, որը Թուրքիային կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունն ու փնտրել «անկեղծ հաշտեցում» հայերի հետ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե եվրոպացիներն ինչ էլ որ ընդունեն «մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա»:

Թուրքիայի կոշտ գիծը ողջունելի չէ, քանի որ անցած տարի Էրդողանը թվում էր որդեգրում է հաշտվողական դիրքորոշում` ցավակցություն հայտնելով հայ զոհերի ժառանգներին և առաջարկելով ստեղծել պատմաբանների միջազգային խումբ, որը կքններ պատմական վկայությունները:

Նման խումբ չձևավորվեց, և այս շաբաթ Էրդողանը հետ վերադարձավ նախկին դիրքորոշմանը, ըստ որի Թուրքիան միջազգային դավադրության զոհ է. «Կասկած չկա, որ Թուրքիայի վրա չի կարող լինել Ցեղասպանության բիծ կամ ստվեր»: Միլիոնավոր հայերի համար, որոնք Հայաստանից դուրս ձևավորում են հայկական գլոբալ սփյուռքը, Օսմանյան կայսրությունում իրենց նախնիներին զանգվածաբար սպանությունները, մահվան քայլերթով համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը  ճանաչելու պահանջը տասնամյակներ շարունակ ձևավորված գերագույն առաքելություն է:

Քանի դեռ Թուրքիան նշում է, որ շատ հայեր են մահացել, պաշտոնական դիրքորոշումն այն է, որ զարհուրելի ժամանակներ էին, երբ տեղի էին ունենում զարհուրելի դեպքեր, բայց ժողովուրդ ոչնչացնելու փորձ չի եղել, այլ խոսքերով` Ցեղասպանություն տեղի չի ունեցել:

Այլ կարծիք արտահայտելը Թուրքիայում հանցագործություն է, դա «վիրավորում է թուրքական ինքնությունը» և ընդունվում է որպես օտարների կողմից ցուցաբերվող անհանդուրժողականություն:

Բայց պետական դիրքորոշումը չի կարող Թուրքիային պաշտպանել հետազոտությունների ծանրությունից, որոնք որևէ կասկած չեն հարուցում Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի դեմ իշխանական ռեժիմի կողմից հովանավորվող գործողությունների հարցում: Էրդողանը անցած տարի ճիշտ ուղու վրա էր, երբ կոչ էր անում անկախ հարթակ ձևավորել:

Այժմ դժվար է հասկանալ, թե ինչու է նա հեռացել այդ ուղուց: Որքան երկար են թուրքերը հրաժարվում ամբողջությամբ ընդունել և ճանաչել պատմությունը, այդքան ավելի մեծ վնաս են հասցնում Թուրքիայի միջազգային դիրքերին:

ԱՄՆ-ը չպետք է հաշտվի ժխտողականության այդ կեցվածքի հետ: 2008-ին, երբ ընթանում էր նախագահական քարոզարշավը, Բարաք  Օբաման  հայտարարել էր.

«Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը», բայց ինչպես և իր նախորդները, ընտրվելուց հետո նա խուսափեց նեղացնել ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակցին:

Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելուն զուգահեռ կարևոր է, որ ԱՄՆ-ը  միանա Եվրոպային և Ֆրանցիսկոս պապին, որ Էրդողանին հասկացնի հետևյալը. Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ոչ թե որևէ մեկի կողմից «Ցեղասպանություն» բառի օգտագործումն է, այլ 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ճանաչման մերժումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment