Թուրքիայի միջուկային բլեֆն անհանգստացրել է հարևաններին

Թուրքիայի միջուկային բլեֆն անհանգստացրել է հարևաններին

 

Թուրքիայի պոպուլիստ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի երեկոյան ակնարկեց, որ հակված է միջուկային զենք ձեռք բերել: Նրա ելույթը ուղղված էր ներքին լսարանին, բայց թուրքական միջուկային ռումբի մասին հանկարծակի խոսակցությունը ցնցեց Թուրքիայի դաշնակիցներից և հարևաններից շատերին:

«Մի քանի երկրներ ունեն միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, բայց մենք չենք կարող ունենալ: Սա ես չեմ կարող ընդունել: Աշխարհում չկա որևէ զարգացած պետություն, որը չունի միջուկային զենք», – ասել է Էրդողանը:

«Եթե Թուրքիան ցանկանար միջուկային ռումբ ստեղծել, կարող էր: Դրա համար տասնամյակներ պետք կլինեն: Դա մի բան չէ, որը հնարավոր է անել մեկ գիշերում», – ասում է Plowshares Fund-ի նախագահ և Center for American Progress-ի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության բաժնի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Չիրինցիոնը:

«Կարծում եմ, որ այդպիսի սպառնալիքն իրական է: Ես դա լուրջ եմ ընկալում, բայց միաժամանակ դա մոտ վտանգ չէ», – ասել է նա National Interest-ին:

Բայց մեկնաբանությունները, այսպես ասած, հոնքեր բարձրացրեցին գրեթե անմիջապես:

«Մենք տեղյակ ենք այդ լուրերին: Թուրքիան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ է և ունի համապարփակ երաշխիքային համաձայնագիր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:  «Թուրքիան ստանձնել է պարտավորություն երբեք չունենալ միջուկային զենք և չկիրառել ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքները խաղաղ միջուկային բոլոր գործողություններում: Մենք մեծ կարևորություն ենք տալիս Թուրքիայի՝ այս պարտավորությունների շարունակական իրականացմանը», – հավելել է նա:

Աշխարհի բոլոր երկրները, բացառությամբ Հնդկաստանի, Իսրայելի, Հյուսիսային Կորեայի, Պակիստանի և Հարավային Սուդանի, 1968 թվականին ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը:

«Մենք ունենք թուրքական ագրեսիային առնչվելու երկար պատմություն, ինչպես նաև Թուրքիայի կողմից հայերի ու հայկական ժառանգության նկատմամբ բռնություն գործադրելու: Այնպես որ, ցանկացած պահի, երբ խոսակցություն է գնում թուրքական զինանոցում նոր զենքի ավելացման մասին, շատ խորը մտահոգություններ է առաջացնում ամբողջ աշխարհի համար», – ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ադրբեջանը՝ Թուրքիայի սերտ դաշնակիցն ու հարևանը և Հայաստանի մրցակիցը, ավելի դրական էր վերաբերվում տարածաշրջանում Թուրքիայի դերին:

«Թուրքիան անփոխարինելի դաշնակից է և նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Եվ մենք կարող ենք ասել, որ Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության հիմնաքարն է », – ասում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան քաղաքական խորհրդական Վուլգար Գուրբանովը: «Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին, ես ծանոթ չեմ նշված հայտարարության ենթատեքստին և բովանդակությանը, և մենք սովորաբար ոչ մի մեկնաբանություն չենք տալիս առանձին հայտարարությունների վերաբերյալ», – հավելել է նա:

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության թուրքական հետազոտական ծրագրի տնօրեն Սոներ Չաղափթայը կարծում է, որ Էրդողանի հայտարարությունները բխում էին «այն ընդհանուր զգացումից, որ ԱՄՆ-ի կողմից պարտադրված այս միաբևեռ աշխարհակարգը փլուզվում է և այս տեսակետին հարում են իշխող կուսակցության շատ անդամներ, ներառյալ ինքը՝ Էրդողանը»:

«Այս փուլում հայտարարությունը հիմնականում հռետորական է, և Թուրքիան հավանաբար ցանկանում է լինել այն իրավիճակում, որ երբ անհրաժեշտ լինի կարողաբա ձեռք բերել միջուկային զենք», – ասել է Չաղափթայը: «Վերջին ժամանակներս Թուրքիան բավականին ագրեսիվ էր Հունաստանի և Կիպրոսի հունական հատվածի դեմ ճնշում գործադրելու հարցում, և կարծում եմ, որ սա նաև Աթենքին ազդանշաններ ուղարկելու Էրդողանի վարած քաղաքականության մի մասն է», – հավելել է նա:

Չաղափթայը պնդում է, որ Հունաստանը փորձում էր փոխել ուժի հավասարակշռությունը ՝ դաշնակցելով Իսրայելի հետ, որը տարածաշրջանում միակ միջուկային պետությունն է: (ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելը գաղտնի կառուցել է առնվազն երկու հարյուր միջուկային մարտագլխիկ):

ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանատան մամուլի պատասխանատու Արիս Պապաջորջիուն National Interest-ին ասել է, որ Էրդողանի հայտարարության վերաբերյալ «Հունաստանի կառավարության կողմից որևէ պաշտոնական պատասխան չի եղել»:

Բայց նա ասաց, որ «ամեն օր սովորաբար լինում են որոշ հայտարարություններ օդային տարածքի խախտումների մասին, որոնք տեղի են ունենում հետախուզական խմբերի մասնակցությամբ: Դրանք շարժվում են դեպի Միջերկրական ծովի հարավ-արևելք: Եվ Թուրքիայի կառավարությունը որոշ սադրիչ հայտարարություններ է անում Հունաստանի տարածքային խնդիրների վերաբերյալ, բայց սրանք, որպես կանոն, միշտ են լինում»:

Կիպրոսի դեսպանատնից Ռոնա Պանտելին ավելի խիստ էր. «Ինչպես տեղյակ եք, պարոն Էրդողանը ամեն օր բազում հայտարարություններ է անում, որոնցից ոչ բոլորին է պետք լինում արձագանքել»:

Ի վերջո, Չաղափթայը կարծում է, որ Էրդողանի հայտարարությունը ուղղված էր հիմնականում ներքին լսարանին՝ 2018-ի տնտեսական անկումից, Մերձավոր Արևելքի քաղաքականության ձախողումներից հետո: Հայտարարությունն ուղղված էր «աջակողմյաններին, որոնք պաշտում են նրան և հավատում են Թուրքիան վերակենդանացնելու մասին նրա հայտարարություններին»:

Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) նույնպես կարծում են, որ Էրդողանի հայտարարությունը ուղղված է ներքին լսարանին:

«Կարծում եմ, որ Էրդողանը բարձրացնելով հարցեր, որոնք վերաբերում են թուրքական ազգայնականությանը», – ասում է Վաշինգտոնում Սիրիայի Դեմոկրատական խորհրդի դիվանագետ Բասամ Իշակը:

Թուրքիան պայքարում է Սիրիայի հյուսիս-արևելքում հաստատված քրդերի, արաբների և ասորիների դաշինքի դեմ և այժմ ԱՄՆ-ի պահանջում է ստեղծել «անվտանգության գոտի»՝ այդ դաշինքի ազդեցությունը սահմանափակելու համար:

Սիրիայի կառավարության մերձավոր դաշնակից և Թուրքիայի հարևան Իրանը զարմացած չէ Էրդողանի հայտարարությունից:

«Իրանի դիրքորոշումը միջուկային զենքի վերաբերյալ հստակ է», – National Interest-ի հարցին էլեկտրոնային փոստով պատասխանել է ՄԱԿ-ում իրանական առաքելության գլխավոր պատասխանատու Ալիռեզա Միրուսուսեֆին: «Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրած երկիր Իրանը դեմ է միջուկային զենքին, քանի որ մեր պաշտպանական դոկտրինում նաև չկա նման կետ և դա դեմ է նաև մեր կրոնական համակարգին», – հավելել է նա:

Չաղափթայը կարծում է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ձախողումը Թուրքիային մղել է «միջուկային զենքի վերաբերյալ որդեգրել դիտավորյալ երկիմաստ դիրքորոշում»:

Ըստ Չիրինցիոնի, միջուկային զենքի դեմ պայքարող մասնագետները անհանգստացած են, որ Իրանի միջուկային զենք ունենալը կարող է ստիպել ևս երեք պետություն՝ Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային միջուկային ռումբ ունենալ: Այդ երեքից Թուրքիան ունի «զարգացած արդյունաբերական բազա, կրթված բնակչություն և ինժեներական ներուժ»:

«Այդ ռումբն ունենալը դժվար չէ: Դժվարը ռումբի մարտագլխիկների հարցն է, դրանց համար կպահանջվի միլիարդավոր դոլարներ և տարիների աշխատանք», – ասում է Չիրինցիոնը:

Բայց Թուրքիան կարող է այդ ամենը գնել Պակիստանից, որի հետ ունի սերտ հարաբերություններ:

«Եթե Պակիստանը ցանկանա վաճառել և Թուրքիան ցանկանա գնել, իդեալական գործարք կլինի», – ասում է Չիրինցիոնը:

Ավելի մտահոգիչ տարբերակ կլինի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ջրածնային ռումբերից մեկի հափշտակումը: Դրանցից տեղակայված էին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ինջիրլիք ավիաբազայում:

«Դրանք սառը պատերազմի ժապավեններ են», – բացատրեց Չիրինցիոն: «Դրանք հիմնականում դիտարկվում են որպես հոգեբանական արժեք, այսինքն` այն երկարաժամկետ զսպման երաշխիքների իրենց նյութական դրսևորումն է, որը ԱՄՆ-ը տալիս է մեր [Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության դաշնակիցներին »:

«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, Թուրքիային է վերաբերում ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կոլեկտիվ պաշտպանական դրույթը, որն ամրապնդում է Թուրքիայի պաշտպանությունն ու անվտանգությունը», – հայտնել է պետքարտուղարությունը:

«Պատկերացնո՞ւմ եք, եթե Թուրքիան հարձակվի ԱՄՆ-ի ռազմակայանի վրա: Դա ծայրահեղ միջոց կլինի և անպատասխան չի մնա: Այնպես որ, կա զսպող գործոն», – շարունակել է նա: Բայց նման վտանգ կար 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձի ընթացքում:

«Դեռ քանի՞ կարմիր լույս է պետք, որ ռումբերը դուրս բերվեն Թուրքիայից: Դա խելագար վայր է միջուկային զենք պահելու համար: Մենք երբեք չենք պատրաստվում օգտագործել ռումբերը, որոնք պահում ենք Թուրքիայում, բայց դրանք կարող է օգտագործել Էրդողանը», – եզրափակեց նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment