Էրդողանը ՄԱԿ-ում Սիրիայի հարցը կքննարկի Թրամփի հետ

Էրդողանը ՄԱԿ-ում Սիրիայի հարցը կքննարկի Թրամփի հետ

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ ակնկալում է այս ամսվա վերջին ՄԱԿ-ում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քննարկելու Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները: Այնտեղ Թուրքիան նախատեսում է վերաբնակեցնել մեկ միլիոն սիրիացի փախստականների:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ ակնկալում է այս ամսվա վերջին ՄԱԿ-ում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քննարկելու Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները: Այնտեղ Թուրքիան նախատեսում է վերաբնակեցնել մեկ միլիոն սիրիացի փախստականների:

Կիրակի Թուրքիան և ԱՄՆ-ը համատեղ ռազմական պարեկություն են սկսել այդ տարածքում՝ որպես համաձայնագրի մաս, ըստ որի Սիրիայի սահմանի երկայնքով կստեղծվի «անվտանգության գոտի»:

Թուրքիան, որտեղ սիրիական հակամարտության հետևանքով 3,6 միլիոն փախստական է հաստատվել, արդեն իսկ տարածքներ է վերահսկում Սիրիայի հյուսիս-արևմուտքում և ցանկանում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը հյուսիս-արևելքում՝ սիրիացի քուրդ զինյալներին հետ մղելու մեծ թվով սիրիացիների վերադարձի համար պայմաններ ստեղծելու նպատակով:

Թրամփի հետ իր հանդիպման օրակարգի մասին խոսելով Էրդողանը ասել է, որ նրանք կքննարկեն , թե «ինչպիսի քայլեր ենք ձեռնարկելու» Սիրիայի սահմանին՝ Եփրատ գետի երկայնքով:

«Ասվածի և արվածի մեջ հակասություններ կան: Մենք պետք է սա կարգավորենք», – ասել է նա Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում ունեցած ելույթի ժամանակ: Էրդողանն ասել է, որ Թուրքիան չի կարող ընդունել ԱՄՆ-ից քրդերին ցուցաբերվող ռազմական աջակցությունը, որոնք Սիրիայում «Իսլամական պետության» դեմ Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցն են, բայց Թուրքիայի կողմից հայտարարվել են ահաբեկչական կազմակերպություն:

Էրդողանը նաև կրկնել է միլիոնավոր փախստականների Սիրիայի հյուսիս տեղափոխելու իր պլաները և ասել է, որ կպահանջվի միջազգային օժանդակություն նոր տներ կառուցելու համար:

«Մենք կարող ենք ստանձնել շինարարությունը, եթե դուք մեզ տաք ֆինանսական աջակցություն: Նրանք ասում են լավ, բայց ոչ մի աջակցություն էլ չի լինում», – ասել է նա:

Թուրքիան հաճախ է դժգոհում, որ փախստականներին հյուրընկալելու հարցում միջազգային օգնության պակաս ունի:

Էրդողանն ասում է, որ Թուրքիան 40 միլիարդ դոլար է ծախսել փախստականներին աջակցելու համար: Եվրամիությունը, որը երեք տարի առաջ պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ՝ առաջարկելով օգնություն միգրանտների հոսքը կասեցնելու պայմանով, ասում է, որ հատկացրել է ավելի քան 5 միլիարդ եվրո:

Թուրքիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերը իր ամերիկացի գործընկեր գեներալ Ջոզեֆ Դանֆորդին ասել է, որ երկու երկրները պետք է ժամանակ չկորցնեն «անվտանգության գոտի» ստեղծելու համար, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment