Ի՞նչ տեղի կունենա, եթե Թուրքիայի և ԵՄ-ի կապերը խզվեն

Ի՞նչ տեղի կունենա, եթե Թուրքիայի և ԵՄ-ի կապերը խզվեն

Հոդվածի առանցքում

  • Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման վերաբերյալ խորհրդից հետո, կարծես, քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել
  • Էրդողանի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը մեկ քայլ էլ հեռուն գնաց՝ հայտարարելով, որ ԵՄ-ի հետ մաքսային միության մասին համաձայնագիրն անգամ կարող են չեղարկել
  • Թուրքիան մինչ այժմ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակելու քաղաքական կամքից չի հրաժարվել
  • ԵՄ-ի կողմից հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու պահանջն առնչվում է նաև Թուրքիայի քրդերին։

Ուշադրությանն արժանի

Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո թե՛ Բրյուսելում, թե՛ Անկարայում քննարկվում է Եվրամիությանն անդամակցության գործընթացի ճակատագիրը, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը։

Էլչին Փոյրազլարի հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման վերաբերյալ խորհրդից հետո, կարծես, քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագրի շրջանակում Թուրքիայում հակաահաբեկչական օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու պահանջին ի պատասխան մայիսի սկզբին, դիմելով ԵՄ-ին, ասել էր. «Մենք մեր ճանապարհով կգնանք, դուք՝ ձեր ճանապարհով, ում հետ կարող եք՝ համաձայնություն կնքեք»։

Թուրք պաշտոնյաներն այդ օրվանից ի վեր շարունակում են նշել, որ հակաահաբեկչական օրենսդրությունը չի փոխվելու։

Ի վերջո, Էրդողանի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը մեկ քայլ էլ հեռուն գնաց՝ հայտարարելով, որ ԵՄ-ի հետ մաքսային միության մասին համաձայնագիրն անգամ կարող են չեղարկել։

ԵՄ-ի կողմն էլ չի խուսափում Թուրքիայի անդամակցության հարցում առաջացած խնդիրների մասին խոսելուց։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն, օրինակ, անցյալ շաբաթվա վերջին հայտարարեց, որ եթե նման տեմպով շարունակվի, Թուրքիան ԵՄ-ին 3000 թվականից շուտ չի կարողանա անդամակցել։

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն էլ հայտարարեց, որ Թուրքիան մեծ արագությամբ հեռանում է Եվրոպայի արժեքներից, և դա անդամակցության գործընթացն անհնարին է դարձնում։

Թուրքիան մինչ այժմ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակելու քաղաքական կամքից չի հրաժարվել։ Սակայն եթե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանությունը, ծայրահեղական քայլ ձեռնարկելով, խաթարի Բրյուսել-Անկարա հարաբերությունները, ի՞նչ տեղի կունենա։

Ձեռնամարտ

Գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF) Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր Ունլյուհիսարջըքլըն նման հայտարարությունները կողմերի կողմից ձեռնամարտի է նմանեցնում։

BBC-ի թուրքական ծառայության հետ զրույցում նա նշել է, որ եթե դեպի Եվրոպա սիրիացի փախստականների հոսքը դադարեցնելու դիմաց Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման պայմանը չիրականանա, այդ համաձայնագիրը կարող է առկախվել։

ԵՄ-ին անդամակցելու Անկարայի երազանքի կասեցման մասին Ունլյուհիսարջըքլըն ասում է հետևյալը.«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հեռանկարն արդեն շատ թուլացած վիճակում է։ Հատկապես՝ վերջին շաբաթների ընթացքում»:

Աշխարհի վերջը չէ

Քաղաքական, տնտեսական, հասարակական հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների տնօրեն Ուֆուք Ուլութաշը նշում է, որ իր կարծիքով, եթե համաձայնագիրն առկախվի, Անկարայի ու Բրյուսելի միջև հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը չեն ավարտվելու։

Ուլութաշն ասում է. «Եվրոպայում մասամբ դադարեցված փախստականների հոսքը դարձյալ օրակարգում կհայտնվի։ Փախստականների հոսքը դարձյալ կսկսվի լուրջ չափերով»։

ԵՄ-ին անդամակցության գործընթացը վտանգվա՞ծ է

Ստամբուլի քաղաքականությունների կենտրոնի մասնագետ, պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի ապագան բավական մռայլ է պատկերում։
Ջենգիզ Աքթարի համոզմամբ՝ ԱԶԿ-ական իշխանությունը, ծայրահեղական քայլ կատարելով, կարող է դադարեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը։

Նա նշում է, որ Թուրքիան, ԵՄ-ից բացի, առանձնապես ընտրություն չունի։

«Այսօր Թուրքիայի և ԵՄ-ի միջև ներմուծման ու արտահանման մակարդակը 45-50 տոկոս է։ 135-140 մլն եվրոյի շրջանառության մասին է խոսվում։ Բացի այդ, Եվրոպայից եկող ուղղակի ներդրումների մակարդակը 65 տոկոս է։ Այսինքն՝ դրանք անտեսվել չեն կարող»,-ասել է նա։

Թուրքիայի 3 բարեկամները

Աքթարն ասում է, որ Թուրքիան մեկուսանում է արտաքին քաղաքականության հարցում։ «Թուրքիան աշխարհում մի քանի բարեկամ ունի. Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Ադրբեջանը»,-ասում է նա։

Աքթարի համոզմամբ՝ Եվրամիության համար Թուրքիան և Ռուսաստանը երկրներ են, որոնց պետք է միշտ վերահսկողության տակ պահել, քանի որ չգիտես՝ ինչ կարող են անել։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի դադարեցումը սոցիալական հետևանքներ էլ կունենա։ ԵՄ-ի կողմից հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու պահանջն առնչվում է նաև Թուրքիայի քրդերին։

Աքթարի համոզմամբ՝ Թուրքիան չի հետևում Կոպենհագենյան չափանիշներին, և այդ պահից ի վեր բոլոր հիմնարար ազատությունները, ազգային փոքրամասնությունների, քրդերի իրավունքները ոտնահարվել են։

«Տեղահան եղած քրդերի թիվը 500-600 հազար է։ Դա շարունակվելու է»,-ասում է Աքթարը»։

Աղբյուրն` այստեղ:

Write a comment