Թուրքիայի թվիթերյան պատերազմը թեժանում է

Թուրքիայի թվիթերյան պատերազմը թեժանում է

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի բնակչության 92 % օգտվում է սոցցանցերից, ինչը կազմում է աշխարհում ամենաբարձր տոկոսը:
  • Twitter-ի հետ լուրջ խնդիրները սկսեցին մարտի 21-ին, երբ ընտրությունների շեմին կառավարությունը հանկարծակի արգելափակեց այն:
  • Թուրքիայի իշխանությունը 186 անգամ դիմել է ցանցի տնօրինությանը` այս կամ այն բովանդակության գրառումները հեռացնելու խնդրանքով:
  • Թուրքիայի իշխանությունը մոտ 60 դատական հայց է ներկայացրել Twitter-ին` մասնավոր անձանց և պետական պաշտոնյաներին «զրպարտող» և նրանց «անձի իրավունքները ոտնահարող» հաղորդագրությունները հեռացնելու պահանջով:
  • Twitter-ի տնօրինությունը արգելափակել է 17 էջ և հեռացրել է 183 գրառում: Թուրքիայի դատարանը բավարեց լրագրողի էջը փակելու կառավարության հայցը:

Ուշադրությանն արժանի

Մինչ Թուրքիայի իշխանությունը շարունակում է ճնշել երկրում խոսքի ազատությունը, թուրք բնակչությունը երկրի իրադարձությունների մասին տեղեկանալու նպատակով դիմում է սոցցանցերի օգնությանը: (Թուրքիայի բնակչության 92 % օգտվում է սոցցանցերից, ինչը կազմում է աշխարհում ամենաբարձր տոկոսը): Սակայն այս միջոցը ևս վերջին շրջանում հայտնվել է լուրջ ճնշման տակ: Այդ միտումը հատկապես նկատելի է Twitter-ի դեպքում:

Twitter-ի հետ լուրջ խնդիրները սկսեցին մարտի 21-ին, երբ ընտրությունների շեմին կառավարությունը հանկարծակի արգելափակեց այն: Պատճառ հանդիսացավ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կաշառակերության մասին վկայող մի շարք ձայնագրությունների արտահոսքը համացանց: Անանուն օգտատերերը ապավինեցին Twitter-ի օգնությանը` ձայնագրությունները տարածելու համար, ինչը խիստ զայրացրեց վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանին (ներկայումս նախագահ), և վերջինիս դրդեց «արմատախիլ անել» միկրոբլոգերի ցանցը: Թեև Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց այս արգելքը, սակայն դա չխանգարեց իշխանությոանը լուրջ քայլեր ձեռնարկել խոսքի ազատությունը ճնշելու համար:

Twitter-ի դեմ պայքարին ուղղված իշխանության ռազմավարությունը հիմնականում հիմնված է հաղորդագրությունների հեռացման ուղղությամբ: Միայն այս տարվա առաջին կեսին, Թուրքիայի իշխանությունները 186 անգամ դիմել են ցանցի տնօրինությանը` այս կամ այն բովանդակության գրառումները հեռացնելու խնդրանքով, ինչպես նաև մոտ 60 դատական հայց է ներկայացվել Twitter-ին` մասնավոր անձանց և պետական պաշտոնյաներին «զրպարտող» և նրանց «անձի իրավունքները ոտնահարող» հաղորդագրությունները հեռացնելու պահանջով: Այս դատական որոշումների հիման վրա Twitter-ի տնօրինությունը արգելափակել է 17 էջ (հիմնականում ծածկանուններով գրառումներ կատարող օգտատերերին պատկանող) և հեռացրել է 183 գրառում: Չնայած նրան, որ իշխանությունների պահանջներին ենթարկվելու համար Twitter-ը խիստ քննադատության արժանացավ, սակայն Twitter-ի համար դա նույնպես այդքան հեշտ չէր:  Twitter-ը ենթակա է այն երկրի իրավական դաշտին, որում գործում է, ինչը մեծ հաճույքով իրենց շահերին է ծառայեցնում Թուրքիայի իշխանությունը:

Ինչևէ, Թուրքիայի իշխանության վերջին հարցումը, կապված Today’s Zaman օրաթերթի գլխավոր խմբագիր Չելիլ Սագիրին, չարագուշակ նոր շրջադարձ հանդիսացավ այս պատմության մեջ: Նախորդ ամիս Սագիրը Twitter-ի կողմից զգուշացվել է, որ իր թվիթերյան էջը կարող է հեռացվել: Էլեկտրոնային նամակին կցված է եղել նաև Սագիրի դեմ ուղղված մեղադրանքները, որում թվարկված են վերջինիս կողմից թույլ տված մի շարք գործողություններ, որոնք հակասում են Թուրքիայի Սահմանադրությանը և որոնք կարող են հանգեցնել Սագիրի թվիթերյան էջի արգելափակմանը:

Սույն նամակում Twitter-ը չի նշել հայցորդների անունները, սակայն դատարանի միջոցով Սագիրը պարզել է, որ իր դեմ դատական հայցեր են ներկայացվել նախագահ Էրդողանի, նրա որդի Բիլալի և դստեր` Սումեյեյի և Էրդողանի խորհրդականներից մեկի անուններից: Հայցորդները պնդում են, որ Սագիրի գրառումները ուղղված են նախագահ Էրդողանի, նրա ընտանիքի անդամների և նրա խորհրդականի դեմ «ատելություն և թշնամանք սերմանելուն» և հասարակական նվաստացման են ենթարկում վերջիններիս: Էրդողանի ընտանիքը պահաջում է դատարանից ստիպել Twitter-ին ոչ միայն արգելափակել բոլոր այն Էջերը, որոնք այս կամ այն կերպ կապված են Սագիրի հետ, այլ նաև բոլոր այն էջերը, որոնք կարող են ստեղծվել Սագիրի կողմից ապագայում: Թուրքիայի դատարանը բավարեց հայցը, նշելով որ Սագիրի թվիթերյան էջը պետք է փակվի: Սա առաջին նախադեպն էր, երբ դատարանի որոշմամբ փակվում է պաշտոնական թվիթերյան էջ:

Սագիրը, ով հիմնականում հրապարակում էր իշխանություններին ուղղված քննադատական և հեգնական գրառումներ, հայտարարեց, որ երբեք ոչ ոքի չի վիրավորել.

«Եթե ես վիրավորել եմ նրանց (Էրդողանին և նրա ընտանիքին), ապա ինչու նրանք չեն դիմել դատարան զրպարտանքի համար իմ դեմ քրեական գործ հարուցելու համար: Դրա փոխարեն նրանք փորձում են լռեցնել ինձ` արգելափակելով թվիթերյան իմ էջը:»

Սագիրի կարծիքով, իր հակառակորդները կարող էին պահանջել վիրավորական բնույթ կրող գրառումների հեռացումը: Իշխանության այս քայլը Սագիրը որակեց որպես «գրաքննության և խոսքի ազատության սահմանափակման ևս մեկ դրսևորում»: Եթե դատական որոշումը նախադեպ ստեղծեց, ապա դա հնարավորություն կտա արգելափակել բոլոր այն օգտատերերին, ովքեր քննադատում են իշխանություններին:

Twitter-ը Սագիրին հայտնեց, որ բողոքարկել է դատարանի որոշումը` այն համարելով  մամուլի ազատության սկզբունքին հակասող, ինչը հանդիսանում է Սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկը: Սագիրի բողոքարկումն իր հերթին մերժվել էր հոկտեմբերի 17-ին:

Իշխանությունների քննադատները հատուկ ընդգծում են Էրդողանի օրոք Թուրքիայի դատարանների հակասական բնույթը և իրավական դաշտի փոփոխությունները, որոնք Էրդողանի կուսակիցները վերահաստատեցին խորհրդարանում: Համաձայն այդ փոփոխությունների` բողոքարկումը կարող է արվել միայն միևնույն դատարանում, որը կայացրել է առաջին դատավճիռը, ինչը նշանակում է, որ այս կամ այն գործի բողոքարկումը կարող է կրկին հայտնվել նույն դատավորի սեղանին:

Ամստերդամի VU համալսարանի դասախոս, թուրք սոցիոլոգ Էֆե Քերեմ Սոզերին հետևում է Թուրքիայի իշխանությունների` Twitter-ի սահմանափակմանն ուղղված ջանքերին: Ըստ Սոզերիի, անգամ այն պարագայում, երբ Twitter-ը նպատակ ուներ բողոքարկելու դատարանի` բովանդակության հեռացման վերաբերյալ որոշումը, ընկերությունը որպես կանոն չի հեռացնում վիճարկելի գրառումները, այլ պարզապես արխիվացնում է դրանք: Վերջերս, Twitter-ը, օգտատերերից մեկին (@madigudisi) «առաջարկել» է ջնջել կապի նախարար Լուտֆի Էլվանին առնչվող քննադատական գրառումը, որն արդեն իսկ դատարանի վճռով պահպանված էր իբրև խոսքի ազատության իրավունքի դրսևորում:

Սոզերին զարմանքով նշում է, որ կառավարությունը հետևում է նույնիսկ այն օգտատերերին, որոնք ունեն 100-ից պակաս հետևորդներ, այն պատճառով որ վերջիններս քննադատել են նախարար Էլվանին, ով մեծ ներդրում է ունեցել իշխանությունների կողմից գրաքննության իրականացմանն ուղղված ջանքերին: Վերջին հակաիշխանական ցույցերի ժամանակ նախարար Էլվանը նշել է.

«թվիթերյան որոշ գրառումներ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը: Մենք անում ենք այն, ինչ հարկավոր է, որ նման գրառումների մեծամասնությունը հեռացվեն twitter-ից»: Նախագահ Էրդողանը ավելի քան հստակ իր դիրքորոշումը հայտնեց մամուլի ազատության կազմակերպության լրագրողների պաշտպանության կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ «Ես ինքս դեմ եմ, որ համացանցը տեղ ունենա մարդկանց առօրյա կյանքում»:

Այնուամենայնիվ, իշխող ԱԶ կուսակցությունը, աշխատանքի է վերցրել մոտ 12 հազար մարդու, որոնք համալրել են ԱԶ «սոցցանցերի բանակի» շարքերը: Նրանք անում են ամեն ինչ, որ համացանցում պաշտպանեն նախագահ Էրդողանին և նրա վարչակազմը` ընդհուպ բացահայտ սպառնալիքների հնչեցումը` ուղղված ընդդիմության անդամներին և լրագրողներին: Երբ Spiegel Online-ի Ստամբուլի թղթակիցը հոդված հրապարակեց «Էրդողա’ն, գնա’ գրողի ծոցը» (մեջբերելով ցուցարարներից մեկի վանկարկումը)` «ԱԶ համացանցային բանակը» անցավ գործի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում լրագրողը ստացավ ավելի քան 10 հազար սպառնալիք պարունակող հաղորդագրություն, որից մոտ 100-ը պարունակում էին ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ: Հաջորդ օրը լրագրողի հակառակորդները տարածեցին վերջինիս լուսանկարն ամբողջ համացանցով: Սպառնալիքների արդյունքում Spiegel Online-ը այլևս ի վիճակի չէր ապահովել իր թղթակցի անվտանգությունը և ստիպված եղավ ետ կանչել նրան:

Միգուցե, դա ոչ իրատեսական է պատկերացնել, որ Twitter-ը, գործելով միայնակ, ի զորու է դիմակայել հսկա պետական մեխանիզմի ճնշմանը: Այնուամենայնիվ, Սոզերին նշում է, որ Twitter-ը շարունակում է մնալ «շատ ավելի բաց և թափանցիկ», քան Թուրքիայի իշխանությունները, սակայն մանևրելու հնարավորությունները զգալիորեն սահմանափակվում են:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment