Թուրքիան սպառնում է բացել Եվրոպայի դռները փախստականների առաջ
Հոդվածի առանցքում
- Թուրքիայի նախագահը սպառնացել է բացել իր երկրի սահմանները Եվրոպա մեկնել ցանկացող փախստականների համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից և ԵՄ-ից այսպես պահանջում է աջակցել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու իր նախաձեռնությանը: Էրդողանը ԱՄՆ-ին կոչ է արել հետագա գործողություններ ձեռնարկել Սիրիայի հյուսիս-արևելքում, այսպես կոչված, անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի նախագահը սպառնացել է բացել իր երկրի սահմանները Եվրոպա մեկնել ցանկացող փախստականների համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից և ԵՄ-ից այսպես պահանջում է աջակցել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու իր նախաձեռնությանը:
Էրդողանը ԱՄՆ-ին կոչ է արել հետագա գործողություններ ձեռնարկել Սիրիայի հյուսիս-արևելքում, այսպես կոչված, անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ: Այնտեղ Վաշինգտոնը ռազմական ներկայություն ունի և աջակցում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական ուժերին:
«Դա կամ տեղի կունենա, կամ հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք բացել դարպասները: Կամ մեզ կաջակցեք, կամ էլ մենք չենք պատրաստվում այս բեռը միայնակ կրել: Մենք միջազգային հանրությունից, մասնավորապես, Եվրամիությունից օգնություն չենք ստանում», – ասել է Էրդողանը:
Թուրքական կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է մինչև 1 միլիոն փախստականների տեղավորել Սիրիայի հյուսիսում: Այս ծրագրի քննադատները ասում են, որ փախստականները պետք է վերաբնակեցվեն իրենց հայրենի քաղաքներում:
«Հարյուր հազարավոր սիրիացիների հաստատումը մեր տարածքներում անընդունելի կլինի», – ասել է սիրիացի քուրդ պաշտոնյա Բադրան Ջիա Քուրդ՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիս-արևելքը:
Թուրքիան սահմանին մոտ գտնվող սիրիացի քուրդ մարտիկներին համարում է ազգային անվտանգության սպառնալիք: Այս տարվա սկզբին Էրդողանը սպառնացել էր նորից ներխուժել քրդերի կողմից վերահսկվող տարածք, եթե ԱՄՆ-ը քայլեր չձեռնարկի անվտանգության գոտի ստեղծելու համար:
«Սա, կարծես թե, անվտանգության գոտում ԱՄՆ-ից ավելի շատ զիջումներ ստանալու նպատակով ճնշում գործադրելու փորձ է», – ասում է գերմանական Մարշալ հիմնադրամից Նիկոլաս Դանֆորթը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ