Թուրքիայում նոր ընտրություն կլինի, քանի որ հաղթել էր ընդդիմության թեկնածուն
Հոդվածի առանցքում
- Ստամբուլում բողոքի ցույցեր են սկսվել, երբ հայտարարվեց քաղաքապետի կրկնակի ընտրություն անցկացնելու մասին և փորձագետները հայտարարել են, որ որոշումը Թուրքիայի համար շրջադարձային կլինի՝ ազդարարելով ընտրական ժողովրդավարությունից անցումը դեպի Էրդողանի և նրա Արդարություն և զարգացում կուսակցության ուղղակի բռնապետություն
Ուշադրությանն արժանի
Թուրքական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կուսակցությունը հաջողության է հասել Ստամբուլում մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու գործում: Հաղթել էր ընդդիմադիր թեկանծուն և ընտրության արդյունքը չեղարկելու քայլը քննադատությունների ալիք բարձրացրեց՝ գնահատվելով որպես հարձակում ժողովրդավարության վրա:
Ստամբուլում բողոքի ցույցեր են սկսվել, երբ հայտարարվեց քաղաքապետի կրկնակի ընտրություն անցկացնելու մասին և փորձագետները հայտարարել են, որ որոշումը Թուրքիայի համար շրջադարձային կլինի՝ ազդարարելով ընտրական ժողովրդավարությունից անցումը դեպի Էրդողանի և նրա Արդարություն և զարգացում կուսակցության ուղղակի բռնապետություն:
«Ընտրությունները ժողովրդավարության վերջին ինստիտուտն էին, որն ԱԶԿ-ն պահպանել էր: Հիմա ԱԶԿ-ի մոտ ժողովրդավարության մասով ոչ մի պատրանք չի կարող լինել: Այդ կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել զոհաբերել Թուրքիայի ներքին ինստիտուտները և միջազգային իրավունքը` իշխանությունը պահելու համար», – Newsweek-ին ասել է Freedom House-ում Թուրքիայի և Եվրասիայի հարցերով փորձագետ Նեյթ Շենկկան:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը արձագանքել է նոր ընտրություններ անցկացնելու որոշմանը՝ հայտարարելով, որ Թուրքիան դարձել է «պարզ դիկտատուրա»: Եվրախորհրդարանի զեկուցող Քեթի Փիրին ևս քննադատել է այդ քայլը` նշելով, որ «այն վերջ է տալիս իշխանության փոփոխությունը ժողովրդավարական ընտրությունների միջոցով կատարելու վստահությունը»:
Ստամբուլը եղել է ԱԶԿ-ի ավանդական հենակետը: Այս կուսակցությունն ավելի քան 20 տարի կառավարել է քաղաքը: 1990-ականներին Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր, և նա չի ցանկանում հրաժարվել շուրջ 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի վերահսկողությունից: Քաղաքը նաև Թուրքիայի խոշոր տնտեսական կենտրոնն է:
Երկրի Բարձրագույն ընտրական խորհուրդը նշում է, որ հունիսի 23-ին նոր ընտրություններ տեղի կունենան, քանի որ ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ քաղաքծառայողներ չէին: «Այս որոշումը մենք դիտարկում ենք որպես լավագույն քայլ, որը կուժեղացնի մեր կամքը ժողովրդավարության և օրենքի շրջանակներում խնդիրները լուծելու հարցում», – ասել է Էրդողանը: Սակայն Շենկկան պնդում է, որ քաղաքապետի վերընտրություն կատարելու համար այս հիմնավորումը հակասական է:
«Դատարանը որոշեց, որ քվեատուփերի մոտ աշխատողները քաղծառայողներ չէին, ինչպես պահանջվում էր օրենքով: Այդ քվեատուփերի արդյունքներով տարբեր կուսակցութունների թեկնածուներ են հաղթել և այդ ընտրություններից ոչ մեկը չեղյալ չհայտարարվեց: Չեղյալ չհայտարարվեցին նաև ընտրախախտումներով հայտնի տեղամասերի ընտրությունները: Ոչ էլ նախորդ տարիների ընտրությունները, որոնք տեղի էին ունենում նույն պայմաններում», – ասում է Շենկկանը:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրահանձնաժողովի նախագահ Յոհաննես Հանը նույնպես քննադատեցին այդ քայլը՝ որպես ոչ ժողովրդավարական:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոր ընտրություններում ևս կլինի իր կուսակցության թեկնածուն:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ