Թուրքիան ցանկանում է պատերազմ Կիպրոսի հետ

Թուրքիան ցանկանում է պատերազմ Կիպրոսի հետ

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի ֆինանսների նախարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բեյրաթ Ալբայրակը մայիսի 12-ին հայտարարեց, որ իր երկիրը շուտով կուղարկի համապատասխան նավ Կիպրոսին պատկանող տարածքում բնական գազի պաշարներ որոնելու համար: Այս տարածքը Միջերկրական ծովում դիտարկվում է որպես Կիպրոսի տարածք: Հունաստանի և Կիպրոսի հետ պարբերաբար լարվածությունը միշտ եղել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության մի մաս:

Ուշադրությանն արժանի

Էրդողանը հազվադեպ է եղել տանը այսքան թույլ կամ այսքան ագրեսիվ Միջերկրականում իր հարևանների հետ:

Թուրքիայի ֆինանսների նախարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բեյրաթ Ալբայրակը մայիսի 12-ին հայտարարեց, որ իր երկիրը շուտով կուղարկի համապատասխան նավ Կիպրոսին պատկանող տարածքում բնական գազի պաշարներ որոնելու համար: Այս տարածքը Միջերկրական ծովում դիտարկվում է որպես Կիպրոսի տարածք: Հունաստանի և Կիպրոսի հետ պարբերաբար լարվածությունը միշտ եղել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության մի մաս:

Այս ժամանակահատվածը շատ ավելի վտանգավոր է, սակայն, քանի որ կան նախանշաններ, որ Թուրքիան կարող է ընդլայնել իր նկրտումները հռետորաբանության սահմաններից դուրս: Ալբայրակի հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի Ծովային գայլ ամենամյա ռազմածովային զորավարժությունը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրածովում: Այնուհետև, մայիսի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել է երկրի մտադրությունը Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգ գնելու մասին: Եվ այս ժամանակահատվածում թուրքական ինքնաթիռները գրեթե ամեն օր խախտում են հունական օդային տարածքը:

S-400- ի ձեռքբերումը լարվածության աղբյուր է դարձել: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն կարծում են, որ ռադարային համակարգը, որը միացված է Թուրքիայի ռադիոտեղորոշիչ ցանցին, թույլ կտա ռուսական համակարգերին մուտք գործել ՆԱՏՕ-ի տվյալների բազա և, հնարավոր է, ավելի հեշտ դարձնել, օրինակ, Մոսկվայի կողմից F-35- ի հայտնաբերումը: Թուրքիան պնդում է, որ այդ մտահոգությունները անհիմն են, բայց Վաշինգտոնը չդադարեցրեց սպառնալ Անկարային, որ կդադարեցնի Թուրքիայի ներգրավվածությունը F-35 գնման ծրագրում և պատժամիջոցներ կկիրառի:

Այս ամենը, կրկին, կարող է դիտվել որպես Թուրքիայի և Արևմուտքի միջև խնդրահարույց հարաբերությունների մի մաս `Գեզի այգու բողոքի ցույցերից ի վեր մինչև Սիրիայի պատերազմ, երբ Էրդողանը սկսեց իր իշխանության կոնսոլիդացումը վեց տարի առաջ: Սակայն Ստամբուլի վերջին տեղական ընտրությունները, որոնցում Էրդողանը կորցրեց այն քաղաքը, որը նա համարում էր իր իշխանության կենտրոն, զգալիորեն վախեցրեցին ուժեղ առաջնորդին՝  ստիպելով նրան որոշում ընդունել վերաքվերակության մասին: Սա, հավանաբար, կունենա հետևանքներ, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները դուրս են բերում իրենց թեկնածուներին և իրենց աջակցությունը հայտնում Հանրապետական ​​Ժողովրդական կուսակցության նախագահ Աքրամ Իմամօղլուին, որն առաջին փուլում հաղթող էր ճանաչվել:

Այս ամենը ընթանում է տնտեսության անկման պայմաններում, որը արտացոլվում է թուրքական լիրայի արժեզրկման և իր կուսակցության ներսում Էրդողանի շուրջ դժգոհությամբ: Նրան չօգնեց նաև անցյալ տարվա այցը  Հյուսիսային Կիպրոս, որը Թուրքաիյի դաշնակիցն է:

Սրանք այն զարգացումներն են, որոնց Էրդողանը հստակ պատրաստ չէր: Թուրքերը կարող են ի վերջո օգտվել իրենց նախագահի թուլությունից: Բայց միջազգային քաղաքականության զարգացման ֆոնին, հետևանքները շատ ավելի երկիմաստ են: Պատմությունը ցույց է տալիս, որ ղեկավարները, որոնք կորցնում են իշխանությունը, ունեն սովորություն այն ուժեղացնելու համար շոու կազմակերպել և իրենց շուրջը համախմբել հանրությանը արտաքին սպառնալիքի միջոցով: Էրդողանը ունի բոլոր նախապայմանները թշնամական հարաբերություններ հաստատելու Հունաստանի հետ, որը Թուրքիա ավանդական հակառակորդն է և Կիպրոսի դաշնակիցը `ռազմական գործողություններ սկսելու համար:

Սա սակայն նորություն չէ: Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Կիպրոսը շահագործի իր բնական գազի պաշարները առանց որևէ առճակատման: Այս իմաստով, Թուրքիայի ռազմավարությունը Էգեյան ծովում արդեն տասնամյակներ շարունակ հետևողական է: Դա հենց այն է, ինչ հիմա փորձում է անել նա Կիպրոսում: «Մեր աչքի առաջ զարգացումները Թուրքիայի կողմից նախագծված համակարգված ռազմավարություն է, որը կասկածի տակ է դնում Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրածովում ստատուս քվոյի հարցը», – գրում է Հունաստանի ամենատարեց և հարգված լրագրողներից մեկը՝ Ալեքսիս Պապաչելասը մայիսի 15-ի իր սյունակում: «Բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ հաջորդ աշնանը պետք է սպասել լարվածության գագաթնակետին»:

Դժվար է ասել, թե ինչպիսի սահմաններում կլինի ներկայիս առճակատումը: Ներկա պայմանները վտանգավոր իրավիճակ են ստեղծել: Էրդողանը հետևողականորեն հեռացրեց Թուրքիան արևմտյան ինստիտուտներից (ՆԱՏՕ-ից) և Եվրամիության մաս կազմելուց, ավելի մտերմացավ Ռուսաստանի հետ, քանի որ նա փորձում է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային առաջնորդ Մերձավոր Արևելքում: Միևնույն ժամանակ, Կիպրոսն ու Հունաստանը Եվրամիության անդամներ են: Հունաստանն ավելի մոտ է Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին, քան վերջին չորս տասնամյակների ընթացքում: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նպաստել է Իսրայելի և Եգիպտոսի հետ կապերի ամրապնդմանը և Կիպրոսի գործընկերներին բնական գազի հարցում:

Եվրոպան կարևոր դերակատարություն ունի՝ հակամարտությունը կանխելու հարցում: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերով՝ «մեծ մտահոգություն» է արտահայտվել Թուրքիայի պլանների վերաբերյալ: «Մենք շտապ կոչ ենք անում Թուրքիային զսպվածություն ցուցաբերել, հարգել Կիպրոսի ինքնիշխան իրավունքները իր տնտեսական գոտում և ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից, որոնց ԵՄ-ն համապատասխան կերպով արձագանքելու է՝ լիակատար աջակցություն հայտնելով Կիպրոսին», – ասել է նա անցյալ շաբաթ: Հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան աջակցում է Կիպրոսին իր ափերի մոտ գազի պաշարների նկատմամբ իրավունքի հարցում՝  չնայած Թուրքիայի առարկություններին: Եվրամիության ներկայիս մոտեցումը սահմանների պաշտպանության հարցում, սակայն, դժվար թե խանգարի Էրդողանին:

Եվրոպայի համար ավելի խորը աշխարհաքաղաքական շերտեր կան: Լարվածության պարագայում, որը ներառում է նաև ռազմական հակամարտությունը, Կիպրոսի և Հունաստանի լքումը կազդի Արևմուտքի հետ նրանց կապերի վրա և նոր կասկածներ կառաջացնի ՆԱՏՕ-ի արդյունավետության վերաբերյալ:

Դրանցից ոչ մեկը չի ենթադրում, որ ԵՄ-ն միշտ էլ կարողացել է սանձել Թուրքիային և Էրդողանին, ինչպես նաև այն, որ Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը չեն կայացրել այնպիսի որոշումներ, որոնք մեծացրել են լարվածությունը տարածաշրջանում: Բայց այդ փաստարկները չեն համապատասխանում ներկա իրավիճակին: Ճանապարհային քարտեզը, որին հետևում է Էրդողանը ստեղծվել է հենց նրա կողմից: Նրա սադրանքներին արձագանքելու համար, Եվրոպան այժմ պետք է կայուն և ամուր մոտեցում որդեգրի, որը կասկածի տեղ չի թողնի, որ Կիպրոսն ու Հունաստանը ունեն դաշնակիցներ: Դա ավելի շատ կօգնի լարվածությունը նվազեցնելու ջանքերին, քան Էրդողանին զիջումների անելը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment