Թուրքիան ճնշում է սիրիացի փախստականներին
Հոդվածի առանցքում
- Նախագահ Էրդողանը սպառնացել է խզել ԵՄ հետ փախստականների մասին գործարքը: Ընտրություններից հետո քաղաքական կորուստներ ունենալուց և Իդլիբում սրվող հակամարտությանը բախվելուց հետո սիրիացի փախստականների աճող թվի հարցում վերաբերմունքը գնալով ավելի կոշտ է դառնում:
Ուշադրությանն արժանի
Նախագահ Էրդողանը սպառնացել է խզել ԵՄ հետ փախստականների մասին գործարքը: Ընտրություններից հետո քաղաքական կորուստներ ունենալուց և Իդլիբում սրվող հակամարտությանը բախվելուց հետո սիրիացի փախստականների աճող թվի հարցում վերաբերմունքը գնալով ավելի կոշտ է դառնում:
Երբ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ Թուրքիան կարող է ստիպված լինել «բացել դարպասները», եթե Եվրոպան չկարողանա ավելի մեծ աջակցություն ցուցաբերել փախստականներին և օգնել Հյուսիսային Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու հարցում, դա տեխնիկապես սպառնալիք չէր:
Էրդողանի այս հռետորաբանությունը վերաբերում էր փախստականների գործարքին, որի շուրջ Թուրքիան և ԵՄ-ն պայմանավորվել էին 2016-ի մարտին: ԵՄ-ն խոստացել էր մի քանի տարվա ընթացքում փոխհատուցել Թուրքիային 6 միլիարդ եվրո, եթե Անկարան հոգա սիրիացի փախստականների կարիքները: Եվրահանձնաժողովի տվյալներով, արդեն վճարվել է մոտ 2,4 միլիարդ եվրո, իսկ ևս 3,5 միլիարդ եվրո դեռ պետք է վճարվի:
Անկարայի կոշտ հայտարարությունների ֆոնին Բրյուսելի պաշտոնյաները անհանգսիստ են թվում: «Մենք հավատում ենք, որ կարող ենք այս գործը բարեխղճորեն շարունակել մեր թուրք գործընկերների հետ», – ասել է Բրյուսելի խոսնակը սեպտեմբերի 5-ին:
Քրիստիան Բրակելը, որը ղեկավարում է «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Ստամբուլի գրասենյակը, նույնպես կարծում է, որ Էրդողանը չի չեղարկի համաձայնագիրը: Բրակելը նշել է, որ նախագահը «մի քանի լավ տարբերակներ ունի» և խնդիրն էլ բոլորովին այլ տեղում է:
Անցած մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայից փախստականների տեղահանությունների թիվը կտրուկ աճել է, և շատ սիրիացիներ, որոնք փախել են քաղաքացիական պատերազմի ժամանակ, ուղարկվել են Իդլիբ, որտեղ դեռ թեժ մարտեր են և վիճելի տարածքներ:
Անկարան ջանք չի խնայում թաքցնելու փաստը, որ արտաքսել է մոտ 320,000 սիրիացի փախստականի: Թուրք պաշտոնյաներն ասում են, որ այդ փախստականները «կամավոր են վերադարձել», ինչը չի համոզել Բրակելին:
Նա DW-ին ասել է, որ կան բազմաթիվ հավաստի տվյալներ այն մարդկանց մասին, որոնք գնացել են Թուրքիայի ոստիկանության բաժանմունքներ իրենց բնակության թույլտվությունը երկարաձգելու համար, և նրանց «հանձնարարվել է ստորագրել փաստաթղթերը «կամավոր վերադարձի» մասին: Ֆիզիկական բռնության սպառնալիքով նրանց հասկացրել են, որ չեն կարող հրաժարվել և չստորագրել այդ փաստաթղթերը: «Չեք կարող դա կամավոր վերադարձ անվանել», – ասաց Բրակելը:
Առաջին հայացքից նման կոշտ գործողությունները զարմանալի են: Էրդողանը և նրա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) անդամները հետևողականորեն խոսել են սիրիացիներին օգնելու իրենց պատրաստակամության մասին:
«Մենք տարիներ շարունակ փորձում ենք օգնել Սիրիայում տառապողներին: Դա է մեր ավանդույթը, մեր մշակույթը: Եթե ձեր հարևանը սոված է, պետք է փորձեք օգնել նրան: Կարծում եմ, որ մեր կեցվածքը դարձել է գլոբալ օրինակ: Մենք դարձել ենք աշխարհի խիղճը»,- 2017-ին DW-ին ասել է ԱԶԿ-ի անդամ Ֆաթմա Շահինը, որը հինգ տարի Գազիենթեփի քաղաքապետն էր:
Իսկապես, Թուրքիան առանձնահատուկ դեր է ունեցել սիրիացի փախստականների առումով: 2011-ին սկսված քաղաքացիական պատերազմից հետո ավելի քան 6,3 միլիոն մարդ ստիպված է եղել փախչել Սիրիայից; Թուրքիայում է հաստատվել նրանց կեսից ավելին:
Այնուամենայնիվ, փախստականների համար նախնական ջերմ ընդունելությունը սկսվել է փոխվել շատ վայրերում: Օրինակ ՝ Ստամբուլում գրանցված սիրիացիներին կարգադրել են լքել քաղաքը:
Բրակելը հետևել է Էրդողանի քաղաքականության փոփոխությանը՝ դա կապելով այս ամռանը քաղաքում կայացած ընտրություններում ԱԶԿ-ի կորուստների հետ: «ԱԶԿ-ն կորցրեց շատ ձայներ շատ տարածքներում, որտեղ մեծ էր փախստականների թիվը»:
Նրա խոսքով, լարված տնտեսական իրավիճակը միայն սրել է խնդիրը, փախստականների նկատմամբ թշնամանքը՝ բռնության կամ բացահայտ ռասիզմի միջոցով, զգալիորեն աճել է: «Հռետորաբանության փոփոխությունը ակնհայտորեն փորձ է նորից վերահսկել իրավիճակը», – ասում է նա:
Անցած մի քանի շաբաթների ընթացքում հարևան Սիրիայում բախումներ են սկսվել Իդլիբի շուրջ, որն ապստամբների վերջին հենակետն է և սահմանակից է Թուրքիային: Այնտեղ ապրում է մոտ 3 միլիոն փախստական: Եթե իրավիճակը շարունակվի վատթարանալ, այդ մարդիկ կարող են փորձել փախչել Թուրքիա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ