Թուրքիան և Ռուսաստանն ընկերներ չեն, չնայած առերևույթ տպավորությանը

Թուրքիան և Ռուսաստանն ընկերներ չեն, չնայած առերևույթ տպավորությանը

Հոդվածի առանցքում

  • ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ռուսական բարդ հակաօդային համակարգ, որն ի սկզբանե նախագծված է հետևելու ու հարվածելու ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռներին: Դա անընդունելի է Միացյալ Նահանգների համար: 2016 թվականի ընտրություններին ՌԴ-ի միջամտությունից հետո ընդունված օրենքը պահանջում է, որ նախագահը պատժամիջոցներ կիրառի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նշանակալի գործարքներով կապված կլինեն Ռուսաստանի պաշտպանության և հետախուզության ոլորտների հետ: Դա, անկասկած, վերաբերում է նաև S-400 գործարքին:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև 70-ամյա դաշինքը վերջին տասնամյակում մոտենում է իր առավել բարդ շրջանին: Կոնգրեսը անցած շաբաթ քվեարկեց նոր օրենքի օգտին, որը նախատեսում է պատժել Անկարային ռուսական արտադրության S-400 հրթիռային համակարգ ձեռք բերելու համար, ինչն օրենսդիրներն ընդունում են որպես Ռուսաստանի հանդեպ Թուրքիայի հարմարվողականություն: Վաշինգտոնը պատրաստվում է կրճատել Անկարայի հետ պաշտպանական  համագործակցությունը և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Սակայն այդ գործողություններն ակամա  կխորացնեն Մոսկվայի հետ Անկարայի կապերը:

ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ռուսական բարդ հակաօդային համակարգ, որն ի սկզբանե նախագծված է հետևելու ու հարվածելու ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռներին: Դա անընդունելի է Միացյալ Նահանգների համար: 2016 թվականի ընտրություններին ՌԴ-ի միջամտությունից հետո ընդունված օրենքը պահանջում է, որ նախագահը պատժամիջոցներ կիրառի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նշանակալի գործարքներով կապված կլինեն Ռուսաստանի պաշտպանության և հետախուզության ոլորտների հետ: Դա, անկասկած, վերաբերում է նաև S-400 գործարքին:

Թուրքիան, որին մի ժամանակ Վաշինգտոնում ընդունում էին որպես մահմեդական մեծամասնության օրինակելի երկրի, այսօր մի քանի ընկեր ունի Կապիտոլ հիլում: Մամուլի ազատության, քաղաքական հակառակորդների և ժողովրդավարության վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշումներըը նրա հանդեպ խոր թշնամանք առաջացրին Վաշինգտոնում: Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաճախակի հանդիպումները, պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ Թուրքիայի աճող կապերը տպավորություն են թողնում, որ Անկարան դառնում է Մոսկվայի դաշնակիցը: Ճշմարտությունն այն է, որ Անկարան վտանգ է զգում իր հյուսիսային հսկա հարևանից:

17- 20-րդ դարերի ընթացքում Օսմանյան Թուրքիան և ռուսական կայսրությունը մահացու հակառակորդներ էին: Մինչև 1917 թ. ռուսական կայսրության փլուզումը, թուրքերը և ռուսները կռվել են 17 խոշոր պատերազմներում, որոնց ժամանակ հիմնականում պարտվել են թուրքերը: Ավելի ուշ, 20-րդ դարում ՆԱՏՕ մտնելու Թուրքիայի որոշումը պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ վախով: 1946-ին Ստալինը Անկարայից տարածք պահանջեց: Դա ընդունելով ռուսական պատմական ագրեսիայի վերադարձ, Թուրքիան սկսեց պտտվել Միացյալ Նահանգների շուրջը և 1952 թ. մտավ ՆԱՏՕ: Բացի այդ, բոլորովին վերջերս, Թուրքիան ռուսական ինքնաթիռ խփեց Սիրիայում,  որտեղ Անկարան և Մոսկվան ընդհանուր առմամբ միմյանց հակառակ են:

S-400 համակարգն օգտագործելու Թուրքիայի որոշումը պահանջում է ավելի մեծ համատեքստ: Արդեն 10 տարի է Անկարան փորձում է ձեռք բերել ամերիկյան «Patriot» հրթիռները, բայց առանց հաջողության: ԱՄՆ-ը դիմակայում էր Թուրքիայի պահանջներին տեխնոլոգիան փոխանցելու և տեղական արտադրություն սկսելու հարցում: Արդյունքում, Անկարան սկսեց հավանական փոխարինողների փնտրել, ներառյալ 2013 թ. չինական հակահրթիռային համակարգը, որը տապալվեց ԱՄՆ-ի առարկությունների պատճառով: 2016-ին Էրդողանի դեմ հեղաշրջման փորձից հետո, ներառյալ Թուրքիայի խորհրդարանի օդային ռմբակոծությունը, Անկարայի և Էրդողանի հակաօդային համակարգի որոնումն ավելի հրամայական դարձավ:

Իհարկե, Պուտինն ուրախությամբ է զենք վաճառում ՆԱՏՕ-ի անդամին, դաշինքում սեպ խրելու նպատակով: Մոսկվան կարող է S-400 համակարգն օգտագործել ամերիկյան նոր սերնդի  F-35 կործանիչների դեմ հետախուզական տվյալներ հավաքելու համար: Թուրքիան կարևոր գործընկեր է եղել 2002 թվականից ի վեր այդ ինքնաթիռի զարգացման հարցում: Ավելին, Անկարան մտադիր է ձեռք բերել 100 այդպիսի ինքնաթիռ: Թրամփի վարչակազմը դադարեցրել է F-35- ի փոխանցումը Թուրքիային, քանի դեռ Անկարան չի հրաժարվել S-400 ձեռք բերելու իր ծրագրերից: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը «գրավիչ» առաջարկ է արել Թուրքիային Patriot հրթիռները վաճառելու հարցով, դարձյալ եթե Անկարան հրաժարվի S-400 գործարքից:

Չնայած F-35 ծրագրից դուրս մղվելու, նշմարվող տնտեսական պատժամիջոցների սպառնալիքին և ՆԱՏՕ-ի հետ համատեղելի Patriot հրթիռների վերաբերյալ ԱՄՆ-ի այլընտրանքային առաջարկին, Էրդողանը, ամենայն հավանականությամբ, առաջ կմղի Պուտինի առաջարկը, Թուրքիայի վրա ունեցած նրա զգալի լծակների պատճառով:

Սիրիայում, որտեղ Էրդողանը աջակցել է ապստամբներին, Մոսկվայի դաշնակից Ասադի ռեժիմը տապալելու համար, Պուտինը կարող է թուրքերին հասցնել 18-րդ պարտությունը Ռուսաստանից: Ռուսական կողմի գլխավորած հարձակումը 3 միլիոն բնակիչ ունեցող Իդլիբ գավառի ապստամբների դեմ, կարող է Թուրքիա ուղղված փախստականների զանգվածային ալիք առաջացնել` ճնշելով Անկարային: Թուրքիան կարող է բախվել նաև Իդլիբից ջիհադիստների հոսքին, ինչը լուրջ սպառնալիք է նրա անվտանգությանը:

Մոսկվան կարող է հարևան Սիրիայում ապրող քրդերի ներկայացուցիչներին օգտագործել Թուրքիայում ավերածության ու բռնության քարոզ տարածելու համար: Ավելին, Պուտինը կարող է դադարեցնել ռուսական զբոսաշրջությունը, մինչդեռ ամեն տարի ավելի շատ ռուսներ են այցելում Թուրքիա, քան ուրիշ ազգեր, կարող է արգելափակել թուրքական գյուղմթերքի ներմուծումը: Դա արեց, երբ Անկարան 2015 թ. ոչնչացրեց ռուսական ինքնաթիռը,  ավելի ճզմելով Թուրքիայի թույլ տնտեսությունը:

Պուտինը կարող է նաև էներգիայի մատակարարումով սպառնալ Թուրքիային, որը Գերմանիայից հետո Եվրոպայում ռուսական գազի երկրորդ խոշոր սպառողն է:

Այսպիսով, ոչ Թուրքիան, ոչ էլ Ռուսաստանը դաշնակիցներ կամ բարեկամներ չեն: Էրդողանի անվտանգության մտահոգությունները, Արևմուտքի անվստահությունը և ամերիկյան արտադրության հրթիռներ ձեռք բերելու անկարողությունը նրան դրդեցին այլընտրանք որոնել: Էրդողանը հազիվ թե հեռանա Պուտինի խորամանկ S-400 առաջարկից, քանի որ վախենում է ռուսական ճնշումից: Արդյունքում, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետևանքները կարող են ծանր լինել:

Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր ռազմական ուժն է, այստեղ է գտնվում Ինջիրլիքի ռազմակայանը, որը Վաշինգտոնն օգտագործում է Իսլամական պետության դեմ հարձակումների և ԱՄՆ միջուկային զենքի պահպանման համար: Ավելին, Իրանի, Իրաքի, Սիրիայի, նախկին Իսլամական պետության տարածքների, Ռուսաստանի հետ էլ Սև ծովով սահմաններ ունենալով, Թուրքիան ԱՄՆ-ի համար ռազմավարական անշարժ գույք է: Թուրքիան կրիտիկական երկիր է ամերիկյան շահերի համար, չնայած Էրդողանի ավտորիտար միտումներին և դաշնակցային պայմանավորվածությանը չհամապատասխանող գործողություններին: Քաղաքական գործիչները պետք է զգույշ գործեն, հաշվի առնելով այս տեղեկությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment