Էրդողանը սկսում է սուննի իսլամի վերածնունդը թուրքական դպրոցներում

Էրդողանը սկսում է սուննի իսլամի վերածնունդը թուրքական դպրոցներում

Հոդվածի առանցքում

  • Yeşilbahar-ը Թուրքիայի այն հարյուրավոր դպրոցներից մեկն է, որտեղ իրականացվում են կրթական բարեփոխումներ, և քննադատների պնդմամբ, դրանով փորձ է արվում ետ գլորել պետության 90-ամյա աշխարհիկ նախագիծը:
  • Մինչդեռ Էրդողանի աջակիցները սա բացատրում են, թե Արդարություն և Զարգացում կուսակցությունը միտում ունի կերտել առավել հանդուրժող և համակողմանի հասարակություն, նրա հակառակորդները պնդում են, որ այս կուսակցության պոպուլիստական արտահայտությունները պարունակում են պահպանողական սուննիական իսլամի երանգներ:
  • Վերջին տարիների ընթացքում մի շարք պետական նախաձեռնությունների հետևանքով իսլամը էլ ավելի խորացավ Թուրքիայի նոմինալ աշխարհիկ կրթական համակարգի մեջ:
  • Դրա վառ օրինակն է իշխանությունների ծրագիրը` կառուցել 80 մզկիթ երկրի տարբեր համալսարարաններում, և Ստամբուլի համալսարանի փոխակերպումը Իսլամական գիտությունների կենտրոնի:
  • 2012-2013 կրթական տարվա պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ միջնակարգ դպրոցի ավարտական տարվա աշակերտները նախընտրում են կրոնական դասընթացները: 4 ամենահաճախված դասընթացների 3-ը կրոնական են, որոնցից ամենահաճախվածը հանդիսանում է «Մուհամմադ մարգարեյի կյանքը» դասընթացը:

Ուշադրությանն արժանի

Երբ Հասան Էրոլն ու մյուս ծնողներն իմացան, որ իրենց երեխաների դպրոցը ձևափոխվելու է` մասնագիտանալով իսլամական կրթությամբ, նրանք դուրս եկան փողոց` ցույցերի: Yeşilbahar միջնակարգ դպրոցը Ստամբուլի առավել աշխարհիկ Kadıköy թաղամասում գտնվող հինգ դպրոցներից մեկն է, որը գտնվում է իմամ-հաթիփի ձևափոխվելու գործընթացում. կրոնական դպրոց, որտեղ ուսուցանվող առարկաների ժամերի 1/3 նվիրված է սուննիական իսլամի ուսումնասիրությանը: Էրոլը, ում 13-ամյա որդին նույնպես հաճախում է այս դպրոցը, ասում է.«Նրանք ցանկանում են այս թաղամասը վերածել չգիտեմ, թե ինչի: Ցանկանում են այն դարձնել ավելի պահպանողական` հիմնելով կրոնական դպրոցներ»: Ներկայումս իշխանությունները, ընդառաջելով ցուցարարների պահանջին, դադարեցրել են Yeşilbahar դպրոցը կրոնականի վերածելու ծրագիրը: Այնուամենայնիվ, թերություններն ու բացթողումները շարունակվում են: Այս տարի ոչ մի նոր աշակերտ չի գրանցվել: Պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Էրոլի պնդմամբ, թաղամասի կրթական հարցերի տնօրենը սպառնացել է, որ ընդհանրապես կդադարեցվի դպրոցի ընդունելությունը և ժամանակի ընթացքում «ստիպված չեն լինի գործ ունենալ ծնողների հետ:

Yeşilbahar-ը Թուրքիայի այն հարյուրավոր դպրոցներից մեկն է, որտեղ իրականացվում են կրթական բարեփոխումներ, և քննադատների պնդմամբ, դրանով փորձ է արվում ետ գլորել պետության 90-ամյա աշխարհիկ նախագիծը: Կառավարության մեկնաբանությամբ, դա պահանջարկի արձագանք է, սակայն Ստամբուլի և նրա շուրջը բարեփոխումներ իրականացվող տասնյակ դպրոցների ուսուցիչների և ծնողների խոսքով փոխակերպումները շարունակվում են` առանց հասարակության ցանկության և քաղաքի հեռավոր մասերից բերված աշակերտներն են լրացնում նոր կրոնական դպրոցի դասարանները: 2002 թվականից ի վեր, երբ իսլամական արմատներ ունեցող Արդարություն և Զարգացում Կուսակցությունն (ԱԶԿ) ու նրա ղեկավ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եկան իշխանության, իրենց աշխարհիկ հակառակորդների կողմից մեղադրվեցին Թուրքիան Իրան դարձնելու միտման մեջ:

Երկար ժամանակ արևմտյան իշխանություններն ու փորձագետները աչք էին փակում այսպես կոչված «գաղտնի Իսլամիստական օրակարգի» վրա: Սկզբնական շրջանում Էրդողանն ու իր կուսակցությունը ձեռք էին բերել կեղծ բարեփոխիչների համբավ` որդեգրելով ՄԱԿ-ի օրենսդրությունն ու իրենց ենթարկելով Թուրքիայի զինված ուժերը` թվացյալ լիբերալ, բազմակարծ հասարակություն կերտելու համար: Սակայն վերջերս, Էրդողանը, ով օգոստոսին տեղի ունեցած ընտրություններում վարչապետից դառնալով նախագահ` վայելելով բարձր լիազորություններ ունեցող հեղինակություն Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նման, բարձրաձայնեց երկիրն առավել պահպանողական ուղով վերակառուցելու իր ցանկության մասին:

2012 թվականին իր կուսակցության երիտասարդ անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մենք ցանկանում ենք բարձրացնել առավել կրոնապաշտ սերնդի դերը»: Կուսակցության նոր կարգախոսը կոչ է անում անցումը դեպի «Նոր Թուրքիա»:

Մինչդեռ Էրդողանի աջակիցները սա բացատրում են, թե Արդարություն և Զարգացում կուսակցությունը միտում ունի կերտել առավել հանդուրժող և համակողմանի հասարակություն, նրա հակառակորդները պնդում են, որ այս կուսակցության պոպուլիստական արտահայտությունները պարունակում են պահպանողական սուննիական իսլամի երանգներ: «Նոր Թուրքիա»-ն տեղ չունի ազատության և դեմոկրատիայի կողքին: Դա կլինի մի վայրում, որտեղ գերակշռողը իսլամական մտածելակերպն է»,- նշում է Դենգիր Միր Մեհմեթ Ֆիրաթը` Արդարություն և Զարգացում կուսակցության համահիմնադիր և գործադիր կոմիտեի նախկին անդամը, ով 2011 թվականին լքել է կուսակցության շարքերը` այժմ մեղադրվելով իր ազատական սկզբունքների համար: Նրա պնդմամբ կրթական բարեփոխումները Արդարություն և Զարգացում կուսակցության փորձն են` հասարակությունը դեպի կրոնական կյանքի տեղափոխելու համար:

Վերջին տարիների ընթացքում մի շարք պետական նախաձեռնությունների հետևանքով իսլամը էլ ավելի խորացավ Թուրքիայի նոմինալ աշխարհիկ կրթական համակարգի մեջ: Դրա վառ օրինակն է իշխանությունների ծրագիրը` կառուցել 80 մզկիթ երկրի տարբեր համալսարարաններում, և Ստամբուլի համալսարանի փոխակերպումը Իսլամական գիտությունների կենտրոնի: Այս ամիս կառավարության հովանու ներքո գործող կրթական խորհուրդը առաջարկել է խորացնել միջնակարգ դպրոցների աշակերտների համար նախատեսված կրոնական դասընթացները և մեկ ժամով ավելացնել պարտադիր կրոնական դասընթացները ավագ դպրոցի համար: Այս ամենը տեղի է ունենում այն համատեքստում, որ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը ս.թ. սեպտեմբերին Թուրքիային կոչ է արել դադարեցնել շաբաթական մեկ ժամ պարտադիր կրոնական դասընթացները միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների համար:

Իսլամական կրթության խորացումը լավագույնս երևում է իմամ-հաթիփ դպրոցների տարածման օրինակով: 2002թ. ԱԶԿ իշխանության գալուց հետո, մոտ 65000 աշակերտ սկսեցին հաճախել նմանատիպ դպրոցներ, իսկ այսօր այդ թիվը կազմում է մոտ 1 մլն. աշակերտ կամ երկրի 10-18 տարեկան աշակերտների 9 տոկոսը: Ամենամեծ աճը գրացվել է 2010թ.-ից հետո, երբ ԱԶԿ-ն օրինականացրեց ավագ դպրոցների փոխակերպումը նեղ մասնագիտական վարժարանների: Այս ընթացքում կրոնական դպրոցների թիվը աճել է 90 տոկոսով` 493-ից 936-ի:

2012թ.-ին միջնակարգ դպրոցներին նույնպես թույլատրվել է կրոնական դպրոցի գործունեություն ծավալել, ինչը նշանակում է, որ 10 տարեկանից փոքր երեխաները կարող են հաճախել նմանատիպ դպրոցներ:

Թուրքիայի Կրթության նախարարությունը գտնում է, որ համակարգի փոփոխությունը պայմանավորված է դրա պահանջով: «Բոլոր այս գործընթացները և փոփոխությունները արվել են աշակերտների և ծնողների պահանջներով»,-ասում է կրթության նախարարության մամլո խոսնակը: Ստամբուլի Սաբանչի Համալսարանի կրթական բարեփոխումների նախաձեռնության ղեկավար Բաթուհան Այդաղլուն գտնում է, որ կառավարությունը ստեղծում է այդ պահանջարկը, այլ ոչ թե առաջնորդվում իրական պահանջով: «Իշխանությունները սահմանափակում են ոչ կրոնական դպրոցների թիվը` ավելացնելով կրոնականները: Գիտակցաբար թե ոչ, նրանք այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ շատերը ստիպված են հաճախել կրոնական դպրոցներ` անկախ իրենց ցանկությունից»-ասում է նա:

Շատ վերլուծաբաններ ավելի քիչ զգուշավորությամբ են գնահատում ԱԶԿ գործողությունները: «Նրանց վերջնական նպատակն է կառավարել հասարակությանը: Ապագայում իրենց իշխանությունը ժամանակակից կրթական համակարգում սովորողների վտանգից զերծ պահելու նպատակով ստեղծվում են պայմաններ, որպեսզի ուսումնական 40 ժամից 11-ը հատկացվի կրոնական դաստիարակությանը»,- ասում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդական Հանրապետական կուսակցության պատգամավոր Շաֆակ Փավեյը:

Որպես ապացույց Փավեյը նշում է, որ այս ամառ արտահոսքի արդյունքում հայտնի դարձած ձայնագրությունը, որով ըստ նրա, պարզ է դառնում, որ Էրդողանի որդի Բիլալը ոչ պաշտոնական դերակատարում ունի երկրի կրթական համակարգի ձևավորման մեջ, իր խորհուրդներն է տալիս իսլամական հիմնադրամի և կրթության ոլորտի պաշտոնյաներին 2013թ. օգոստոսի տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Այս ձայնագրությունը կրթական բարեգործական կազմակերպության`Թյուրգեվի, կոռուպցիոն դեպքի առիթով հարուցված ոստիկանության հետաքննության մաս է կազմում: Հարկ է նշել, որ Բիլալ Էրդողանը հանդիսանում է այս կազմակերպության խորհրդրի գործադիր անդամ:

«Իմ մտահոգությունը կապված է իմամ-հաթիփ դպրոցների հասանելիության աճի հետ: Մենք հիմա ունենք 10 տոկոս (աշակերտների ամբողջ թվից), ամենայն հավանականությամբ շուտով այն կհատի 15 տոկոսի սահմանը: Արդյո՞ք ցանկանում ենք հասցնել այն 25 տոկոսի, թե՞ հարկավոր է ամուր հիմքեր ստեղծել մնացած 85 տոկոսի համար»-ձայնագրությունից լսելի է ենթադրաբար Բիլալ Էրդողանի ձայնը: Գիտակցելով, որ կրոնական դպրոցների հետագա աճը անիրատեսական է, Բիլալը խորհուրդ է տալիս դպրոցների տնօրինություններին ճնշում գործադրել աշակերտների վրա հավելյալ կրոնական դասընթացներին մասնակցելու համար և բարձրացնել իսլամի դասավանդման ծավալը հանրակրթական դպրոցներում: «Եթե որոշ հանրակրթական դպրոցներ կարողանան 40 դասաժամերից 11-ը հատկացնել կրոնական դասընթացներին, ապա դա նույնը կլինի, ինչ կրոնական դպրոցը»:

Հնարավոր է, որ ձայնագրության արտահոսքը արվել է ԱԶԿ դեմ պայքարող կրոնական միություն` Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակից ոստիկանների կողմից: Այս շարժումը նախկինում մեղադրվել է իր հակառակորդներին կեղծ ապացույցներով վարկաբեկելու համար: Այնուամենայնիվ, կրթական ոլորտում վերջին զարգացումները և ուսանողների և ուսուցիչների վերջին վկայությունները հաստատում են ձայնագրության մեջ բարձրաձայնված իշխանությունների ծրագիրը:

2012-2013 կրթական տարվա պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ միջնակարգ դպրոցի ավարտական տարվա աշակերտները նախընտրում են կրոնական դասընթացները: 4 ամենահաճախված դասընթացների 3-ը կրոնական են, որոնցից ամենահաճախվածը հանդիսանում է «Մուհամմադ մարգարեյի կյանքը» դասընթացը: Ըստ Aydagül-ի, ծնողների և աշակերտների` ոչ պարտադիր դասընթացների ընտրությունը սահմանափակ է: Սեպտեմբերին նոր բարեփոխումները ուժի մեջ մտան, ինչը հնարավորություն է տալիս պաշտոնական Անկարային ուղղակի նշանակել դպրոցների տնօրեններին, ովքեր ազդեցություն ունեն աշակերտների կողմից ոչ պարտադիր դասընթացների ընտրության որոշման կայացման վրա: Այս ուսումնական տարվա սկզբին հազարավոր ուսուցիչներ փոխարինվել են կրոնական պատրաստվածություն անցած կամ կառավարության հովանու ներքո գործող պահպանողական ուսուցիչների միության մասնագետներով:

Ստամբուլի մի շարք դպրոցների աշակերտներ և ծնողներ նշում են, որ արտաժամյա դասընթացները խիստ սահմանափակ են, և աշակերտները ստիպված են հաճախել կրոնական դասընթացների: Դպրոցներից մեկի ուսուցիչներից մեկը, ով ներկայումս անցնում է կրոնական վերապատրաստում, սակայն դեռևս դասավանդում է մի քանի ոչ կրոնական առարկան, ասում է, որ դպրոցի տնօրենը հրաժարվել է ավելացնել ոչ կրոնական արտաժմյա դասերի քանակը, չնայած որ նման հնարավորություն և միջոցներ եղել են: «Դպրոցը բաժանված է երկու մասի, սակայն ոչ իմամ-հաթիփ աշակերտներին նույնպես պարտադրում են մասնակցել կրոնական դասընթացներին: Աշակերտներին ստիպում են մասնակցել Մուհամմադ Մարգարեյ կյանքի մասին դասընթացներին»,- ասում է ուսուցիչը, ով ինքն իրեն կոչեց «Մեհմեթ» և խնդրեց չգաղտնազերծել իր իրական անունը:

Ստամբուլի Սիսլի նահանգի Թալիաթ Փաշայի անվան դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնող Այսե Թուրգութը, ասում է, որ իր 12 ամյա դուստրը վիրավորանքների է արժանացել և անհավատ է անվանվել համադասարանցիների կողմից այն բանից հետո, երբ նա խնդրել է ազատել իրեն Մուհամմադ մարգարեյի կյանքի մասին դասընթացներից: «Նա շատ էր տխրել դրա համար»,-ասում է Թուրգութը:

Այնուամենայնիվ, Թուրքիայի տարբեր մարզերում ողջունում են դպրոցներում իսլամական կրթության խորացումը: «Կա իմամ-հաթիփների բավական լուրջ պահանջ, քանի որ շատ ծնողներ կարծում են, որ հանրակրթական դպրոցներում կրոնական կրթությունը պատշաճ մակարդակի չէ: Մեկ այլ դրական հանգամանք է հանդիսանում այն, որ կրոնական դպրոցներում տղաները և աղջիկները տարբեր դասարաններում են սովորում: Երբ աշակերտները ունենում են լավ կրոնական կրթություն, նրանք դառնում են պարկեշտ մարդիկ: Նրանք ավելի մեծ ջանքեր են ներդնում այլ առարկաները սովորելու համար: Հենց այդ պատճառով է, որ երկրի ամենակարևոր մարդիկ հենց կրոնական դպրոցների սաներ են»,- ասում է դպրոցական հագուստի խանութի սեփականատեր պահպանողական Մեհմեթ Մուստաֆա Գյումուսը` նկատի ունենալով առաջին հերթին Էրդողանին, ով Թուրքիայում կրոնական դպրոցի ամենահայտնի շրջանավարտն է: Անցած ամիս Անկարայում իմամ-հաթիփի բացման արարողության ժամանակ Էրդողանի իր ողջույնի խոսքն ասաց հավաքված ուսուցիչներին աշակերտներին և ծնողներին, մասնավորապես նշելով. «Մեր երկրի ժողովրդավարության համար պայքարում դուք եք լինելու հիմնական դերակատարները»:

Թուրքիայի ղեկավարները ոչ միշտ են դրական վերաբերվել իմամ-հաթիփ դպրոցներին: 1923թ.-ին Օսմանյան կայսրության փլատակների հիման վրա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո, նա ձեռնամուխ եղավ նորագույն պատմության մեջ հասարակության կայացման ամենածայրահեղական փոփոխությունների գործընթացին: Իր կառավարման 15 տարիների ընթացքում, նա արեց ամեն ինչ, որպեսզի նվազեցնի իսլամի դերը Թուրքիայի հասարակական կյանքում: Առաջին 3 տարիների ընթացքում նա արգելեց բոլոր շարիաթական դատարանները, կրոնական մադրասաները և կրոնական կրթությունը դպրոցներում: Այլ կերպ ասած, նա ոչնչացրեց 15-րդ դարից ի վեր գործող Օսմանյան Սուլթանների` իսլամի վրա հիմնված Խալիֆայությունը: Նրա բարեփոխումների նպատակն էր հանել իսլամական տարրերը թուրքերի առօրյա սովորույթներից. իսլամական ավանդական հագուստը արգելվեց առհասարակ, իսկ հիջաբի կրումն արգելվեց հասարակական գրասենյակներում: «Մեր ժողովուրդը պետք է սովորի ժողովրդավարության սկզբունքները, ճշմարտությունն ու գիտությունը: Սնահավատությունը պետք է հեռանա»,- ասաց նա իշխանության գալուց մի քանի տարի հետո:

1938թ-ին Աթաթուրքի մահից հետո, Թուրքիայի պահպանողական քաղաքական ուժերի շրջանակները սկսեցին ընդդիմանալ նրա բարեփոխումներին: Աթաթուրքի կուսակցությունը 1946թ.-ին հիմնեց իմամ-հաթիփներ, որտեղ անցկացվում էին 10 շաբաթանոց կրոնական դասընթացներ ավագ դպրոցի աշակերտների համար: Դա նախընտրական քայլ էր 1950թ.-ին կայանալիք առաջին ժողովրդավարական ընտրություններին ընդառաջ:

Սակայն դա չաշխատեց: Շատերի կարծիքով հենց Քեմալիզմի հեղինակության բացակայության պատճառով Աթաթուրքի կուսակցությունը պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում աջ-կենտրոնական Ժողովրդավարական կուսակցությանը, որը զբաղեցրեց խորհրդարանի 497 տեղերից 408-ը: Այդ ժամանակներից ի վեր կրոնական դպրոցների ճակատագրերը փոփոխվում է Քեմալիստների և աջակողմյան ուժերի իշխանությունը միմյանց փոխանցելուց հետո: 1996թ., երբ իշխանության եկավ Թուրքիայի առաջին իսլամիստ վարչապետ Նեչմետին Էրբականը, իմամ-հաթիփները հայտնվեցին Թուրքիայի կրթական համակարգում և կազմում էին բոլոր դպրոցների 11 տոկոսը` ավելին, քան այսօր:

Երբ Էրբականը հեռացվեց զինվորականների կողմից, առաջիկա տարվա ընթացքում երկրում արգելվեցին բոլոր իմամ-հաթիփները: Բոլոր կրոնական միջնակարգ դպրոցները պակվեցին, իսկ դրանց շրջանավարտներին արգելվեց ընդունվել համալսարաններ: Այս արգելքը հանվեց միայն 2011թ.-ին ԱԶԿ կողմից:

Հաշվի առնելով այս պատմությունը` շատերը կարծում են, որ «դրական խտրականությունը» արդարացված է: «Կրոնական դպրոցները ենթարկվեցին դաժան խտրականության քեմալիստների և զինվորականների իշխանությունների օրոք: Հենց այդ պատճառով է, որ իմամ-հաթիփները այդքան մեծ պահանջ չեն վայելում»,- ասում է ԱԶԿ սատարող Յենի Շաֆաք օրաթերթի լրագրող Հիլալ Քափլանը:

Կան մարդիկ, որոնք կարծում են, որ Հանրապետական համակարգը սխալ էր: Գյումուշ դպրոցական հագուստի խանութի հարևանությամբ նստած էին մի քանի տարեց մարդիկ, որոնք դիտում էին Էրդողանի հերթական հեռուստատեսային ելույթը: «Հանրապետությունը թունավորեց մեր հասարակությունը: Այս երկիրը ուներ 1000 տարվա պատմության մտածելակերպ: Այն ինչ արեց Հանրապետությունը` քանդեց այս մտածելակերպը»,-ասում է 59 ամյա նախկին սպա Նադիր Սեզերը, ով հեռացվել է զինված ուժերից իր ազատ արտահայտվելու համար:

Կադիկոյում` տարածաշրջան, որտեղ Աթաթուրքի հիմնած ԺՀԿ կուսակցությունը մեծ հեղինակություն է վայելում, շատ սկեպտիկ են այս հարցի շուրջ: «Իմամ Հաթիփները չունեն պահանջարկ, պարզապես իշխանությունները պարտադրում են ժողովրդին անել այն, ինչ հարկավոր է իրենց»,-նշում է ԺՀԿ կուսակցության տեղական մասնաճյուղի ղեկավար Նեչաթի Էկշին: Ուսուցիչների միության ներկայացուցիչ Էգիթիմ Սենը նշել է, որ նահանգի չորս դպրոցներ արդեն իսկ վերափոխվել են իմամ-հաթիփների: Նման դպրոցների ցածր պահանջարկի առկայությամբ, Ստամբուլի ծայրամասերից շատ աշակերտներ են բերվել այստեղ ուսանելու:

Իսլամական բարեգործական ընկերությունները աշակերտներին հաճախ տրամադրում են անվճար ուսուցում: Օզդեն Արազը` Yeşilbahar դպրոցի ուսուցիչն ասել է.«Իմամ-հաթիփները կարծես նրանց կենսաբանական երեխաները լինեն, իսկ մենք` հանրակրթական դպրոցները, խորթ երեխաները»:

Երբ Newsweek-ն այցելեց դպրոց, Աթաթուրքի պատկերով թուրքական դրոշները ծածանվում էին շրջակա փողոցներում և հարակից տարածքներում, ինչպես նաև կես տասնյակից ավելի նկարներ կախված էին ուսուցչական անձնակազմի սենյակներում: Երկրի յուրաքանչյուր դասարանում Աթաթուրքի նկարի առկայությունը շարունակում է իրավական պահանջ մնալ, նույնիսկ սիրիացի փախստականների ճամբարում սա պարտադիր պայման է: Միայն անցած տարի կառավարությունը վերջ դրեց դեռևս 1933 թվականից սկիզբ դրված ծիսական խոստման արարողությանը, որի ժամանակ յուրաքանչյուր աշակերտ ամեն շաբաթ պարտավոր էր արտասանել.«Օ Մեծն Աթաթուրք: Քո հարթած ճանապարհով երդվում եմ քայլել դեպի քո սահմանած նպատակները»: Շատերը ուրախ էին այս արարողության դադարեցման համար, սակայն ոչ 15 միլիոնանոց քուրդ փոքրամասնությունը, որի կարգախոսն էր.«Երջանիկ է նա, ով իրեն թուրք է կոչում»:

Այնուամենայնիվ, կա որոշ մտավախություն այն մասին, որ աստիճանաբար նվազող գաղափարական ուղղվածությունը կարող է փոխարինվել Էրդողանի կուսակցության գաղափարական ուղղվածությամբ: «Ի տարբերություն մուսուլմանների աշխարհիկ ճնշմանը` այսօր պատկերը ճիշտ հակառակն է: Այն ինչ արվում էր ԱԶԿ- կողմից, այսօր իրականացվում է հասարակության այլ շրջանակների կողմից»,- նշում է ԱԶԿ նախկին խորհրդարանական Ֆիրաթը: Նա իր մտավախությունն է արտահայտել այն մասին, որ կառավարության կողմից հրահրված կրոնական օրակարգում աճող սոցիալական լարվածությունը կարող է Թուրքիան դարձնել առավել խոցելի քաղաքացիական իրարանցման պարագայում: «Թուրքիան դարձել է բևեռացված պետություն, որտեղ հասարակությունը բաժանված է երկու մասի` ԱԶԿ-ին կողմնակից և դեմ բանակների, ովքեր ատում են միմյանց: Սա Թուրքիայի համար վտանգավոր ընթացք է»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment