Արմատական թուրքեր. ինչո՞ւ են Թուրքիայի քաղաքացիները միանում «Իսլամական պետությանը»

Արմատական թուրքեր. ինչո՞ւ են Թուրքիայի քաղաքացիները միանում «Իսլամական պետությանը»

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայից ջիհադիստների հոսքը ուղղակի անհասկանալի է:
  • Անցյալում Թուրքիայի քաղաքացիները մեծ քանակներով չէին միանում ջիհադիստներին:
  • Զարգացող քաղաքացիական հասարակությունն ու քայքայվող քաղաքական ինստիտուտները հող են նախապատրաստել Թուրքիայում արմատականության նպաստավոր միջավայրի ձևավորման համար:
  • Ջիհադիստները, որոնք բացառապես տղամարդիկ են, ծագում են տարբեր սոցիալ-տնտեսական խավերից:
  • Վերջիններիս կազմի ընդհուպ մինչև 50 տոկոսը և նոր հավաքագրվողների 51 տոկոսը քրդեր են:
  • Աճում են իսլամիստական ակտիվության և՛ ինստիտուցիոնալ, և՛ ոչ ֆորմալ ձևերը:
  • Թուրքական իրականության այս առանձնահատուկ պայմանները նպաստում են կրթված և սոցիալական կայուն կապեր ունեցող անհատների արմատականացմանը:
  • Դա գնալով բարդացնում է ջիհադականության գրավչության սահմանափակման ջանքերը:

Ուշադրությանն արժանի

Անցյալ մի քանի շաբաթների ընթացքում աշխարհի բոլոր կողմերից «Իրաքի և աշ-Շամի Իսլամական պետության» (ISIS) շարքերը համալրել ցանկացող մուսուլմանների ալիք է բարձրացել: Չնայած այն հանգամանքին, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր Միացյալ Նահանգներից և Եվրոպայից եկողների վրա, օտարերկրացի զինյալների մեծ մասը եկել է Ալժիրից, Մարոկկոյից, Սաուդյան Արաբիայից, Թունիսից և Թուրքիայից:

Թուրքիայից ջիհադիստների հոսքը ուղղակի անհասկանալի է: Անցյալում Թուրքիայի քաղաքացիները մեծ քանակներով չէին միանում ջիհադիստների այնպիսի խմբերին, ինչպիսին է օրինակ Ալ-Կաիդան:

Ավելացնենք նաև, որ «Իսլամական պետության» հաջողությունները Սիրիայում և Իրաքում թանկ են նստել Թուրքիայի բնակչության վրա: Հոկտեմբերին Սիրիայի Քոբանի քրդական քաղաքի գրոհի ժամանակ Թուրքիայի քուրդ քաղաքացիները հսկայական քանակներով փողոց էին դուրս եկել՝ բողոքելով Անկարայի անգործության դեմ: Այս անկարգությունների արդյունքում զոհվեց 50 մարդ: Հրդեհի ճարակ դարձան ավելի քան հազար շենքեր, որոնց թվում կային դպրոցներ, բանկեր, հիվանդանոցներ, վարչական հիմնարկներ և այլն: Քրդական նահանգներում աշխատանքի անվտանգության նկատմամբ վստահությունը կորել էր: Ի վերջո, արմատական իսլամի պատկերացումները չեն համապատասխանում Թուրքիայի՝ Մուսուլմա­նական ժողովրդավարության օրինակելի մոդելի դերին: Պետությունը ընտրովի ժողովրդավարության պատմություն ունի, որը հասնում է մինչև 1950-ական թթ., սա շատ ավելին է, քան աշխարհի՝ իսլամադավան մեծամասնություն ունեցող ցանկացած երկիր: Թուրքիան 2002 թվականից կառավարվում է չափավոր իսլամական կուսակցության կողմից: Տեսաբանները վաղուց են պնդում, որ իսլամական քաղաքական մասնակցությունը կնպաստի արմատականության թուլացմանը, քանի որ իսլամիստները սկսել են հետաքրքրվել գոյություն ունեցող կարգով:

Իրականում Թուրքիայի արմատականացումը համապատասխանում է վերջին տարիներին երկրում ընթացող քաղաքացիական հասարակության և քաղաքական ինստիտուտների զարգացման էվոլյուցիային՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներքո: Եվ հակառակը, այն թուրքերի մասին, որոնք բռնվել էին ջիհադիստների կողմից, վերջիններիս կողմից նշվում էր, որ դա սովորական երևույթ չէր:

Ընդհանրապես, զարգացող քաղաքացիական հասարակությունն ու քայքայվող քաղաքական ինստիտուտները հող են նախապատրաստել Թուրքիայում արմատականության նպաստավոր միջավայրի ձևավորման համար:

Վերջին տվյալների համաձայն Թուրքիայի մոտ 1000 քաղաքացիներ միացել են «Իսլամական պետությանը», ևս մի քանի հարյուրը համալրել են Սիրիայում Ալ-Կաիդայի մասնաճյուղ հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրայի» շարքերը: Հավանաբար այս փաստերը ամբողջական պատկերացում չեն տալիս Թուրքիայում ջիհադիստների ակտիվացման մակարդակի վերաբերյալ, որը արդյունք է Թուրքիայի և Սիրիայի սահմանի թույլ պաշտպանվածության:

Այս մարտիկների մասին հստակ պատկերացում կազմելու նպատակով մեր կողմից ստեղծվել է տվյալների նոր բազա, որի մեջ ներառնված են ջիհադիստների շարքերը համալրած 112 անձանց տվյալներ: Կենսագրական տվյալներ հավաքելու համար մենք օգտագործել ենք մատչելի աղբյուրներ՝ թերթեր, ամսագրեր, նորությունների կայքեր, ֆորումներ և բլոգներ: Միաժամանակ այցելել ենք Թուրքիա և ընդգրկվել պրո-ջիհադիստական հայացքներ ունեցող իսլամական խմբակի մեջ՝ ավելի լավ հասկանալու համար այն պայմաններն ու հանգամանքները, որոնց արդյունքում Թուրքիայում տարածվում է արմատականությունը: Տվյալների վերլուծության արդյունքում դրսևորվում են մի քանի հետաքրքիր մոդելներ:

Ջիհադիստները, որոնք բացառապես տղամարդիկ են, ծագում են տարբեր սոցիալ-տնտեսական խավերից: Նրանց թվում կան իրավաբաններ, առևտրականներ, փոքր բիզնեսի սեփականատերեր, համալսարանի ուսանողներ, պետական և մասնավոր ծառայությունների աշխատակիցներ: Նրանց մեծ մասն ամուսնացած է: Միայն մեր ունեցած տվյալների բազայից երևում է, որ նրանցից 31 հոգի ամուսնացած է և երեխաներ ունի, իսկ 37 տոկոսն ամուսնացած չէ: Ազգային միջինի համեմատությամբ խմբում միջին կրթական մակարդակը բավականին բարձր է, այդ հավաքագրվածներից շատերը կայուն աշխատանք ունեն: Ջիհադին միանալու ժամանակ մարտիկների միջին տարիքը 27 տարեկանն է, ինչը միանշանակ ավելին է, քան Թուրքիայում և Սիրայում քրդական ազգայնական ռազմիկների տարիքը:

Չնայած ջիհադիստները տարբեր աշխարհագրական տարածաշրջաններից են և էթնիկական կազմով տարբեր, նրանց կազմում քրդերը գերակշռում են: Շատ քրդեր Թուրքիայից մեկնում են Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, սակայն շատերն էլ միանում են «Իսլամական պետությանը» կամ այլ իսլամիստական կազմակերպությունների: Վերջիններիս կազմի ընդհուպ մինչև 50 տոկոսը և նոր հավաքագրվողների 51 տոկոսը քրդեր են: Ռազմիկների մոտ 1/3-ը Բոսնիայի, Չեչնիայի, Աֆղանստանի, Իրաքի նախորդ ջիհադիստական պատերազմների վետերաներ են: Նրանցից 17-ի վերաբերյալ իսլամիստական ակտիվության համար կան դատական նիստերի արձանագրություններ: Սակայն մնացածների մեծ մասը քաղաքականապես ակտիվ չի եղել:

Այս բնութագրերը զարմացնում են: Արմատականության վերաբերյալ գրականության մեջ հիմնականում ընդգծվում են հարաբերական կորուստները, մուսուլմանական կայուն միջին խավի բացակայությունը, սոցիալական ցանցերը, որոնք երիտասարդ մուսուլմաններին օտարում են մնացած հասարակությունից, կամ հետապնդումների ենթարկումը պետական իշխանության ռեպրեսիվ մարմինների կողմից: Սակայն շատ թուրք զինյալներ ունեն կայուն ընտանեկան կառուցվածքներ և ընդգրկված են ամուր համայնքնային կապերի մեջ:

Բացի այդ, վերջին 12 տարիների ընթացքում Թուրքիան կառավարվում է իսլամական կուսակցության կողմից, և ներկա զինյալների մեծ մասը պետական կրոնական ճնշումների քիչ կամ անուղղակի փորձ ունի: Նշենք, որ ի տարբերություն տարածաշրջանի մնացած պետություններին, Թուրքիան զարգացող տնտեսություն ունի, որի շնորհիվ երկրի քաղաքացիների մեծ մասը ազատվել է աղքատության ճիրաններից: Չնայած տարբեր խավերի միջև անհավասարությունը չի նվազել, սակայն երկրի քաղաքացիների մեծ մասի կենսակերպը բարելավվել է ներկա կուսակցական կառավարման ընթացքում: Եվ շատերը, ովքեր Սիրիայում միացել են ջիհադին, տնտեսապես շահել են: Այլ խոսքերով ասած, երբ խոսքը վերաբերվում է Թուրքիայում արմատականությանը, նկատվում են շատ տարօրինակ գործընթացներ:

Թուրքական դավանանքը

Ավանդական մեկնաբանությունների համաձայն թուրքական իսլամը տարբերվում է տարածաշրջանում գերակշռող Սալաֆիական իսլամից, քանի որ Թուրքիայում իսլամական շարժումները նպաստել են չափավոր հայացքների զարգացմանը, ակտիվորեն ընթանում են արևմտականացման և աշխարհիկացման գործընթացները՝ հասարակական և քաղաքական կյանքում կրոնին տեղ ապահովելելու համար:

1990-ական թթ. որպես Թուրքիայի ռազմական ղեկավարության աշխարհիկացման պատասխան՝ նկատվեց իսլամական որոշ ուժային խմբերի աճ, սակայն նրանց կոչերը թույլ արձագանք են գտնում: Կառավարող ԱԶԿ-ի և Գյուլենական շարժման աճը կոչված են մարմնավորելու կառավարման նոր իսլամական մոդելի հնարավորությունը, որում միավորված են բարեպաշտությունը, բազմակարծությունը, աշխարհիկությունը և չափավորությունը:

Իր կառավարման ընթացքում ԱԶԿ-ն կարողացել է ապահովել տպավորիչ տնտեսական աճ՝ քաղաքական անկայության և տնտեսական անկառավարելիության տասնամյակից հետո: Բարեպաշտ մուսուլմանները, որոնք նախկինում իրենց երկրորդ կարգի քաղաքացիներ էին զգում, ողջունում են ԱԶԿ-ի կառավարումը, քանի որ վերջինս նրանց դրել է հասարակության աստիճանակարգի վերևում: Երկար ժամանակի ընթացքում և հատկապես 2011 թ. Արաբական գարնանից հետո «Թուրքական մոդելը» մերձավորարևելյան շատ երկրների ավտորիտարիզմի և ոչ լիբերալ իսլամական պոպուլիզմի ռեժիմի արատավոր շրջանից դուրս գալու հնարավորություն է թվում:

Սակայն ԱԶԿ-ի կառավարումը որոշ անկանխատեսելի հետևանքներ է ունեցել: Դա ընդհանուր առմամբ հանգեցրել է քաղաքացիական ակտիվության կտրուկ աճի, քանի որ այն հովանավորում է իսլամական կազմակերպություններին՝ իրենց հիմնական կողմնակիցներին հաճոյանալու և առավել բարեպաշտ հասարակություն ձևավորելու համար: Եվ այդ ակտիվության պոռթկումները նպաստել են արմատականության աճին, քանի որ այս կազմակերպությունները ազատ էին հետևելու իրենց անհանդուրժողական և բացառիկ օրակարգին՝ մինչև կառավարող կարգին մարտահրավեր նետելը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իշխանության մենաշնորհի աճին զուգահեռ այս գործընթացներն արագացել են: Մամուլի ազատությունը սահմանափակվեց, դատական իշխանության անկախությունը կրճատվեց, իսկ անվտանգության ծառայությունների կողմից աննախատեսելի ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ և այլն: Նույնիսկ այժմ, երբ ժողովրդավարական ինստիտուցիոնալ կենտրոնների գործունեությունը դադարեցվել է, իսլամիստական ակտիվությունը շարունակում է աճել:

Աճում են իսլամիստական ակտիվության և՛ ինստիտուցիոնալ (գրանցված կազմակերպություններ), և՛ ոչ ֆորմալ (երկխոսության խմբեր, փողոցային հավաքներ, սրճարանային խմբեր, մզկիթային խմբեր և այլն) ձևերը:

Թուրքիայում մեր ուսումնասիրության ընթացքում մենք նկատել ենք, որ ջիհադիստները ԱԶԿ-ի թույլտվությամբ օգտագործում են ազատ քաղաքացիական տարածությունը՝ երկխոսության խմբեր ձևավորելու նպատակով, գրախանութները վերածում են սոցիալական կենտրոնների, հավաքագրումներ են կատարում մզկիթներում: Օրինակ, ավելի քան 180 հրատարակչական տներ և գրախանութներ Ստամբուլում Ռամադանի ժամանակ մասնակցել են գրքի ռեկորդային տոնավաճառին: Կրոնական խմբերի (ներառյալ նաև «Իսլամական պետության» համակիրները) իֆթարներն (Ռամադանի ընթրիք) ու հատուկ թարավիխ աղոթքները պայմաններ են ստեղծում արմատականության զարգացման համար: Սիրիացի փախստականների ահագնացող քանակը, որն արդյունք է արատավոր քաղաքացիական պատերազմի, լրացուցիչ խթան է հանդիսանում միանալու համար:

Ընդհանուր առմամբ, ծաղկող քաղաքացիական հասարակությունը և քայքայվող քաղաքական ինստիտուտները Թուրքիայում արմատականացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել: Սա մարտահրավեր է նետել ժողովրդավարության, չափավորության և քաղաքացիական հասարակության միջև փոխադարձ ամրացնող կապերի վերաբերյալ ավանդական մտածողությանը: Քաղաքացիական հասարակությունը սև անցքեր ունի, որոնք կարող են քայքայել ժողովրդավարությունը, եթե այն զսպումների և հակակշիռների կայուն համակարգեր չունենա: Սա ճիշտ է մասնավորապես ոչ ֆորմալ ոլորտում, որտեղ ad hoc (կոնկրետ դեպքի համար ստեղծած) և մասնակիորեն լեգալ ցանցերը մրցակցում են կառավարության հետ լոյալության համար:

Թուրքական իրականության այս առանձնահատուկ պայմանները նպաստում են կրթված և սոցիալական կայուն կապեր ունեցող անհատների արմատականացմանը: Եվ դա գնալով բարդացնում է ջիհադականության գրավչության սահմանափակման ջանքերը: Փաստորեն խնդրի արագ և հեշտ լուծում չկա, այն կարելի է լուծել միայն առողջ քաղաքացիական հասարակության ձևավորման և այն ուղղորդող վստահելի ինստիտուտների ստեղծման երկարատև, շարունակական աշխատանքի շնորհիվ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment