Թրամփը դուրս է բերում ամերիկյան զորքը Սիրիայից

Թրամփը դուրս է բերում ամերիկյան զորքը Սիրիայից

Հոդվածի առանցքում

  • Մերժելով իր գեներալներին և խորհրդականներին` նախագահ Թրամփը իրականացրեց իր նպատակը, որի մասին ավելի վաղ մի քանի անգամ խոսել է` տուն է վերադարձնում ամերիկացի զինծառայողներին կեղտոտ արտասահմանյան խառնաշփոթից: Բայց չորեքշաբթի թվիթերում հրապարակված նրա որոշումը անորոշության է մատնում Սպիտակ տան Միջին արևելյան ռազմավարությունը`վնասելով դաշնակիցներ Մեծ Բրիտանիային և Իսրայելին, լքելով Սիրիայի քրդերին, որոնք ԱՄՆ-ի հավատարիմ գործընկերն էին Իսլամական պետության դեմ պայքարում

Ուշադրությանն արժանի

Նախագահ Թրամփը ստորագրել է հրաման Սիրիայից 2000 ամերիկացի զինծառայողների դուրս բերման մասին` հանկարծակի վերջ տալով ռազմական միջամտությանը, որով հիմնականում հաղթանակ գրանցվեց Իսլամական պետության նկատմամբ, բայց նաև զիջում` ռազմավարական կարևոր Ռուսաստանին և Իրանին:

Մերժելով իր գեներալներին և խորհրդականներին` նախագահ Թրամփը իրականացրեց իր նպատակը, որի մասին ավելի վաղ մի քանի անգամ խոսել է` տուն է վերադարձնում ամերիկացի զինծառայողներին կեղտոտ արտասահմանյան խառնաշփոթից: Բայց չորեքշաբթի թվիթերում հրապարակված նրա որոշումը անորոշության է մատնում Սպիտակ տան Միջին արևելյան ռազմավարությունը`վնասելով դաշնակիցներ Մեծ Բրիտանիային և Իսրայելին, լքելով Սիրիայի քրդերին, որոնք ԱՄՆ-ի հավատարիմ գործընկերն էին Իսլամական պետության դեմ պայքարում:

Այս քայլի կտրուկ և քաոտիկ բնույթը և այն դիմադրությունը, որ առաջացրեց Կոնգրեսում ու Կոնգրեսից դուրս, հարց են առաջացնում` արդյո՞ք նախագահ Թրամփը դուրս կբերի ամբողջ զորքը: Նույնիսկ նախագահի հայտարարությունից հետո պաշտոնյաներն ասում են, որ Պենտագոնը և Պետքարտուղարությունը շարունակում են ջանքերը նրան այդ որոշումից հետ պահելու ուղղությամբ:

«Մենք հաղթել ենք Իսլամական պետությանը: Մեր բոլոր զինվորները հիմա վերադառնում են տուն»,- տեսաուղերձում ասում է նախագահ Թրամփը:

Սպիտակ տունը ժամանակացույցի մասին և այլ մանրամասներ չի ներկայացրել: «Մենք սկսում ենք ամերիկյան զորքը վերադարձնել նահանգներ, քանի որ անցնում ենք այս գործողության հաջորդ փուլին»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը: Պենտագոնը հայտնում է, որ նախագահ Թրամփը հրամայել է հետդարձն ավարտել 30 օրում:

Թրամփի որոշումը Կոնգրեսում բողոքի իսկական փոթորիկ է առաջացրել, նույնիսկ նրա հանրապետական գործընկերների շրջանում: Ինչպես Թրամփի շատ այլ որոշումներ, այս մեկը ևս անսպասելի էր և միաժամանակ սպասված: Ավելի քան մեկ տարի, մասնավորապես այն պահից, երբ Իսլամական պետությունը հետ շպրտվեց Սիրիայի հյուսիսից, նա իր խորհրդականներին ասում էր, որ ցանկանում է դուրս բերել ամերիկյան զորքը:

Պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը և ազգային անվտանգության համար պատասխանատու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հակադարձում էին, որ այդ որոշումով Արևմուտքը Սիրիայում կզիջի Ռուսաստանին և Իրանին:

Ընդդիմախոսները նաև հավելում են, որ դաշնակից քրդերին լքելը կվնասի ապագայում ամերիկյան հակաահաբեկչական գործողություններին Աֆղանստանում, Եմենում, Սոմալիում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն ողջունել է այս որոշումը` ասելով, որ ամերիկյան զորքի դուրս բերումը դրական միջավայր է ստեղծում Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար:

Նախագահի որոշմանը դեմ է գեներալ Ջոզեֆ Ոթելը: Նա համոզված է, որ Սիրիայից հեռանալով ամերիկյան զորքը քրդական ուժերին թողնում է խոցելի վիճակում` Թուրիքայից սպասվող հարձակումից առաջ:

Պենտագոնը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել գործընկերների և դաշնակիցների հետ` ԻՊ դեմ պայքարում, որտեղ էլ որ դա լինի:

Ավելի վաղ նախագահ Թրամփի նման որոշմանը դեմ էին հանդես գալիս ազգային անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասում էր, որ ԱՄՆ չի հեռանա Սիրիայից, քանի դեռ այնտեղ է Իրանը:

Կոնգրեսականները նամակ են գրել նախագահին` զգուշացնելով, որ ամերիկյան զորքի Սիրիայից հեռանալը կարող է ոգևորել Իսլամական պետությանը, Ասադի կառավարությանը, Իրանին և Ռուսաստանին:

ԱՄՆ դաշնակիցները դեռ լուռ են: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իր կառավարությունը կուսումնասիրի այդ որոշման հնարավոր հետևանքները: Վերլուծաբանները կարծում են, որ Թրամփի որոշումը կվնասի Իրանին Սիրիայից դուրս բերելու Իսրայելի ջանքերին:

Բրիտանիայի կառավարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ ԻՊ դեմ գլոբալ կոալիցիան հաջողություններ է գրանցել և այդ կոալիցիան չպետք է անուշադրության մատնի փաստը, որ այդ կազմակերպությունը դեռ վտանգավոր է:

Թրամփի հայտարարությունից հետո ամբողջ Սպիտակ տունը կարծես պարալիզացված էր: Պաշտոնյաներն ասում էին, որ հակառակ Բոլթոնի և մյուս պաշտոնյաների նախկին հայտարարություններին, որոշումները կայացնում է նախագահը:

Պաշտպանության ոլորտի պաշտոնյաներից մեկն անանուն ասել է, որ այս որոշումով նախագահ Թրամփը փորձում է ուշադրություն շեղել իր շուրջ եղած սկանդալներից` Ռուսաստանի, նախկին փաստաբանի, երկու կանանց, նրա նախկին խոհրդրականի մասով:

Սիրիայում ԱՄՆ վերջին դեսպան Ռոբերտ Ֆորդն ասում է, որ ԱՄՆ կարղ է շարունակել ահաբեկիչների դեմ պայքարը` նրանց թիրախավորելով օդային հարվածներով: Նրա խոսքով Սիրիայում ամերիկյան ցամաքային զորքի նույնիսկ թվաքանակի կրճատումը թույլ չի տա Սիրիայից հեռացնել իրանական ներկայությունը կամ փոխել Ասադի և նրան ընդդիմացող սիրիացիների հակամարտության ելքը:

«Սիրիական կոնֆլիկտը սիրիացիների միջև է: Երկու հազար հատուկ ջոկատայինները և մի քանի տասնյակ դիվանագետները չեն կարող կարգավորել այն»,- ասել է Ֆորդը, որն այժմ դասավանդում Յելի համալսարանում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment