Թրամփի ադմինիստրացիան պատժամիջոցներ է սահմանում Իրանի տիեզերական գործակալության դեմ
Հոդվածի առանցքում
- Երեքշաբթի Թրամփի վարչակազմը հայտարարեց Իրանի տիեզերական գործակալության դեմ պատժամիջոցների մասին: Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակում է ավելանալ: Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարության մեջ նշել է, որ պատժամիջոցները սահմանվել են տիեզերական ծրագրի և դրա երկու գիտահետազոտական ինստիտուտների դեմ։
Ուշադրությանն արժանի
Երեքշաբթի Թրամփի վարչակազմը հայտարարեց Իրանի տիեզերական գործակալության դեմ պատժամիջոցների մասին: Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակում է ավելանալ:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարության մեջ նշել է, որ պատժամիջոցները սահմանվել են տիեզերական ծրագրի և դրա երկու գիտահետազոտական ինստիտուտների դեմ, քանի որ Վաշինգտոնի կարծիքով, դրանք ջանքեր են գործադրում Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի առաջխաղացման ուղղությամբ:
«ԱՄՆ թույլ չի տա Իրանին տիեզերական ծրագիրն օգտագործել որպես քողարկում իր բալիստիկ հրթիռային ծրագրերը առաջ տանելու համար: Օգոստոսի 29-ին տիեզերական արձակման սարք գործարկելու Իրանի փորձը ընդգծում է այդ սպառնալիքի հրատապությունը:
Սա պետք է նախազգուշացնի միջազգային գիտական հանրությանը, որ Իրանի տիեզերական ծրագրի հետ համագործակցելը կարող է նպաստել Թեհրանի՝ միջուկային զենքի առաքման համակարգ մշակելու կարողության զարգացմանը», – ասել է Պոմպեոն:
Հայտարարությունը հետևում է Իրանի տիեզերական կենտրոնի մի քանի ձախողված հրթիռային փորձարկումներին: ԱՄՆ-ը նշել է, որ փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, քանի որ հրթիռները ունեն նույն տեխնոլոգիան, որն օգտագործվում է բալիստիկ հրթիռների համար:
Նախագահ Թրամփը ուրբաթ հերքել է ԱՄՆ-ի ցանկացած ներգրավվածությունը Իրանի վերջին գործողության ձախողմանը՝ հայտնելով, որ մաղթում է Թեհրանին «հաջողություն»՝ ձախողման պատճառը գտնելու հարցում:
«ԱՄՆ առնչություն չունի Իրանում փորձարկման ավարտին տեղի ունեցած վթարի հետ», – թվիթել է Թրամփը ՝ նկատի ունենալով իրանական «Սաֆիր» տիեզերական արձակման մեքենայի վթարը:
Իրանը պնդում է, որ վերջին գործարկումը ձախողվել է տեխնիկական խնդրի պատճառով:
«Պայթյունը տեղի է ունեցել արձակման կայանում, և ոչ մի արբանյակ դեռ չի տեղափոխվել արձակման կայան: Վթարը տեղի է ունեցել փորձարկման, ոչ թե գործարկման վայրում», – ասել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին անցյալ շաբաթ:
Վաշինգտոնի և Թեհրանի միջև արդեն իսկ լարված հարաբերությունները սկսեցին վատթարանալ անցյալ տարի, երբ նախագահ Թրամփը ԱՄՆ-ին դուրս բերեց Օբամայի ժամանակաշրջանի միջուկային գոևծարքից: Դրանից հետո Իրանը ավելացրեց հարստացված ուրանի պաշարները: Վարչակազմն այդ ժամանակից ի վեր Թեհրանի դեմ որդեգրել է «առավելագույն ճնշման» քաղաքականություն՝ պատժամիջոցներ կիրառելով Իրանի նավթարդյունաբերության, մետաղների ոլորտի, արտաքին գործերի նախարարի և գերագույն առաջնորդի դեմ և փորձելով ստիպել Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղան:
ԱՄՆ-ը նաև Իրանին մեղադրանք է առաջադրել Հորմուզի ռազմավարական նեղուցում նավթային տանկեր ռմբակոծելու և ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցելու համար: Հունիսին Թրամփը հավանություն էր տվեց անօդաչուի խոցման դեմ պատասխան գործողություն իրականացնելուն, բայց փոխել է որոշումը, երբ տեղեկացվել է, որ դրա հետևանքով կարող է սպանվել մինչև 150 իրանցի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ