Խրամատային պատերազմ Թուրքիայում

Խրամատային պատերազմ Թուրքիայում

Հոդվածի առանցքում

  • Երկրի քրդաբնակ հարավարևելքում պետության և տեղացիների միջև լուռ ընթանում է թեժ պատերազմ:Քրդական աշխատավորական կուսակցության և թուրքական անվտանգության ուժերի միջև այս մարտերն այժմ սպառնում են ձախողել խաղաղ բանակցությունն Անկարայի և քրդերի բանտարկված, նրանց ոգեշնչող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև՝ բանակցություն, որի նպատակն է ավարտել Թուրքիայում 30 տարի չդադարող քրդական ապստամբությունը:
  • Երբ բանակը դուրս բերվեց փողոց վերջին տասնամյակի ամենաթեժ ցույցը ցրելու համար, Ջիզրեի բնակիչները ընտրեցին պաշտպանվելու աննախադեպ ճանապարհ: Նրանք վերցրեցին իրենց բահերը և սկսեցին փորել: Գիշերվա ընթացքում բնակիչները կառուցեցին խրամատներ` ոստիկանությանը թույլ չտալով մուտք գործել քաղաքի տարբեր շրջաններ:
  • Զգալով անկարգությունների աճի վտանգը` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անցած շաբաթ հայտարարել է, որ իր կառավարությունը «պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել քաղաքում հասարակական անվտանգությունը վերականգնելու համար»:
  • Սպանությունից մոտ երեք շաբաթ անց ոչ ոստիկանությունը, ոչ էլ Ջիզրեի տարածքային նահանգապետը չեն հայտարարել մահվան մասին: Ավելի վաղ քաղաքի գլխավոր դատախազը որոշել էր գաղտնազերծել միջադեպի հետ կապված փաստերը` հրաժարվելով բացատրել որոշման պատճառը:Այդ որոշումը Ումիթ Քուրտի մահը տեղափոխեց «չբացահայտված ևս մեկ սպանության շարք, մի ցուցակ, որը համալրվում է արդեն մի քանի տասնամյակ:
  • Կուսակցությունն իր թեկնածուներին անցած ընտրությանը առաջադրել էր ոչ կուսակցական ցուցակով, այս ամիս ժողովրդադեմոկրատները հայտարարել են, որ հունիսի ընտրությանը մասնակցելու են որպես կուսակցություն: Եթե նրանց հաջողվի հանդարտեցնել կրքերը և ապամոնտաժել բարիկադները, նրանք կկարողանան իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությանը զուգահեռ առաջ մղել և զգալի մասնակցություն ունենալ սահմանադրական բարեփոխումներին:
  • Ջիզրեում իրավիճակն նույնիսկ ավելի փոփոխական է, քան ներքրդական հակամարտությունը, որն ընթանում է Քրդական աշխատավորական կուսակցության համակիրների և իսլամիստ քրդերի միջև: Հոկտեմբերին, երբ քաղաքի կեսը ողողված էր բարիկադներով, Քրդական աշխատավորական կուսակցության համախոհները ստանձնեցին քաղաքի հսկիչների դերը, ինչը վախեցրեց Ջիզրեի Հուդա-Փար կուսակցության մոտ 2500 անդամներին:
  • Դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ջիզրեի շինհրապարակում տեղի ունեցավ ութ ժամանոց փոխհրաձգություն PKK-ին հարող երիտասարդների և Հուդա-Փարի աջակիցների միջև: Ճակատամարտը, որն ավարտվել էր միայն հաջորդ օրը առավոտյան ոստիկանների միջամտությունից հետո, խլել էր երեք PKK-ականների և Հուդա-Փարի մեկ անդամի կյանքը:
  • Ջիզրեի բնակիչները ցանկանում են գտնել անցած ամսվա բռնությունների բացատրությունը: Ի հայտ են եկել դավադրությունների տեսություններ: Երկրի քաղաքական գլխավոր գործիչները հավատացել են դրանց: Անցած շաբաթ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ բռնության հետևում կանգնած են կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները. «Այսօր մենք գիտենք, որ Ջիզրեում դավադրություն է տեղի ունենում, և ըստ դրա քայլեր ենք ձեռնարկում», - ասել է Էրդողանը:
  • «Նորմալ կյանքի վերադառնալու որևէ ճանապարհ չկա», - ասում է Էմրահ Սաքջաքը՝ ըմպելիք դնելով անկողնուն գամված եղբոր սեղանին: Նրա եղբայրը՝ Չելեբին, վիրավորվել էր Ումիթ Քուրտի սպանության գիշերը: «Անվտանգությունը գոյություն ունենալ չի կարող, երբ մարդիկ, որոնք դրա պատասխանատուն են, սպանում են երեխաների»:

Ուշադրությանն արժանի

Երկրի քրդաբնակ հարավարևելքում պետության և տեղացիների միջև լուռ ընթանում է թեժ պատերազմ:

«Դե ինչ, սա է խաղաղությունը», – ծիծաղելով ասում է Մուսա Քարահանը: Նրա հետևում գտնվող պատուհանի վրա փամփուշտների հետքեր են, որոնք հազիվ են նշմարվում խորացող խավարի մեջ:

16-ամյա Մուսան կրում է կաշվե մաշված բաճկոն, նա կատարում է հսկիչ-օրապահի դեր: Բայց այս պահին նա ոչ մի գործողության չի սպասում. «Այս պահին դեռ շուտ է որևէ բախման համար»: Նա ցույց է տալիս փողոցը հատող ավազե ամրությունը, որտեղ վերջին շաբաթներին գիշերային թեժ մարտեր են ընթացել:

Սա նախկին պաշարված սիրիական Քոբանի բնակավայրը չէ, կամ մերձավորարևելյան պատերազմական մեկ այլ տեղանք, սա Ջիզրեն է, որը հիմնականում քրդաբնակ քաղաք է Թուրքիայի հարավարևելքում` Սիրիայի և Իրաքի սահմանի մոտ: Քրդական աշխատավորական կուսակցության և թուրքական անվտանգության ուժերի միջև այս մարտերն այժմ սպառնում են ձախողել խաղաղ բանակցությունն Անկարայի և քրդերի բանտարկված, նրանց ոգեշնչող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև՝ բանակցություն, որի նպատակն է ավարտել Թուրքիայում 30 տարի չդադարող քրդական ապստամբությունը:

Ջիզրեի արյունահեղությունը երկու կողմի ժառանգությունն է, որը ստացվել է  բռնության տասնամյակներից հետո առաջացած դժվարությունների հետևանքով: Ճգնաժամը սկսվեց հոկտեմբերին, երբ Թուրքիայի հարավարևելքում զանգվածային ցույցեր սկսվեցին: Պատճառն այն էր, որ Անկարան հրաժարվեց օգնել Քոբանիի քուրդ պաշտպաններին, որոնք վերջերս դիմակայեցին Իսլամական պետության ջիհադիստների քառամսյա պաշարմանը:

Երբ բանակը դուրս բերվեց փողոց վերջին տասնամյակի ամենաթեժ ցույցը ցրելու համար, Ջիզրեի բնակիչները ընտրեցին պաշտպանվելու աննախադեպ ճանապարհ:  Նրանք վերցրեցին իրենց բահերը և սկսեցին փորել:

Գիշերվա ընթացքում բնակիչները կառուցեցին խրամատներ` ոստիկանությանը թույլ չտալով մուտք գործել քաղաքի տարբեր շրջաններ: Չորս ամիս անց պաշտպանական այս ամրությունները դեռ իրենց տեղում են, այստեղ բախվում են Քրդական աշխատավորական կուսակցության համակիրները, ոստիկանությունը և իսլամիստ քրդերը: Բախումները յոթ մարդու կյանք են խլել, որից չորսը եղել են երեխաներ:

Այսօր խրամատներն իրենց տեղում են, ճգնաժամը չի հաղթահարվում, չնայած նրան, որ քրդերը այս շաբաթ հաղթանակ են տարել Քոբանիում:

Օջալանն անձամբ ամսվա սկզբին հանդարտության կոչ էր արել Ջիզրեի բնակիչներին` իր հետևորդներին զգուշացնելով չթեժացնել հակամարտությունը, որն արդեն ավելի քան 30 հազար կյանք է խլել:

Բայց Տիգրիսի ափին գտնվող այս քաղաքում լարվածությունն ավելացել է: Հունվարի 14-ին՝ Օջալանի ուղերձից մեկ ժամ անց, քաղաքի ծայրամասում գնդակահարվել է 12-ամյա Նիհաթ Քազանհանը: Դրանից մեկ շաբաթ առաջ նրա տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա, անհայտ անձը սպանել էր 14-ամյա Ումիթ Քուրտին: Ջիզրեի բնակիչների համար սպանությունները խորհրդավոր չեն: Երկու սպանությունների համար նրանք մեղադրում են ոստիկանությանը` փաստարկելով, որ, Անկարայի և Օջալանի միջև բանակցություններում առաջընթացից հետո Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը չեզոքացնում է խաղաղության հույսերը:

«Որևէ հարց չի առաջանում, թե ով է դա արել», – ասում է պատանի Մուսան` ցույց տալով ոստիկանության զինված մեքենան, որը տեղակայված է փողոցի մյուս ծայրում՝ հսկիչ-անցագրային կետի մյուս կողմում: Զգալով անկարգությունների աճի վտանգը` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անցած շաբաթ հայտարարել է, որ իր կառավարությունը «պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել քաղաքում հասարակական անվտանգությունը վերականգնելու համար»:

Կանգնելով այն փողոցի վրա, որտեղ երկու շաբաթ առաջ սպանել են իր որդուն` Աբդուլլահ Քուրտը հույս ունի, որ Դավութօղլուի խոսքերը ճշմարիտ կլինեն. «Բայց ես բացարձակապես չեմ կարող հավատալ նրան: Ինչպե՞ս կարող եմ»:

Քուրտը հպարտությամբ է խոսում որդու մասին, որը գործազրկությամբ տառապող քաղաքում կարողացել էր աշխատանք գտնել` դառնալով նկարչի օգնական. «Ընտանեկան բիզնեսն անկում ապրեց, ինչի հետևանքով որդիս լքեց դպրոցը, դադարեց ֆուտբոլ խաղալ իր ընկերների հետ: Նա մեր կյանքի գիծն էր»:

Էմրահ Կարակուսը` Ումիթի 17-ամյա ընկերն ու գործընկերը, նշում է, որ Ումիթը չէր հետաքրքրվում քաղաքական ճգնաժամով և միշտ դրանից հեռու է գտնվել: Հունվարի 6-ին ինքն Ումիթի հետ լքել է արվեստանոցը և անցել բարիկադների մյուս կողմը` քայլելով մութ ու նեղ փողոցի հակառակ կողմով:Երեկոյան ենթադրվում էր, որ Ջիզրեում լարվածությունը կթուլանա:

Նույն օրը`  ցերեկվա ժամերին, բնակիչները կառուցել են խրամատներ` փակելով Ումիթի հարևանների տներ տանող ճանապարհը, որը «պետք է օգներ քաղաքին նախկին հանգստությանը վերադառնալու գործում», – ասում է Ջիզրեի համաքաղաքապետ Քադիր Քունուրը:

Դրանից մեկ ժամ անց բնակիչները հայտնել են, որ ոստիկանական զինված մի քանի մեքենաներ մուտք են գործել նորաբաց ճանապարհ և բնակելի թաղամասերով ընթացել դեպի սեփական տների շրջան: Կրակահերթերն ու արցունքաբեր գազի նռնակների պայթյունների ձայները արձագանքնում են փողոցներում, որից հետո Կարակուսը հակամարտող ուժերի միջև նկատում է գետնին ընկած, անշարժացած Ումիթին:

«Դա ոստիկանությո՞ւնն էր, ո՞վ կարող էր տեսնել, փողոցում չկար աշխատող գեթ մեկ լամպ», – ասում է Կարակուսը:

Սպանությունից մոտ երեք շաբաթ անց ոչ ոստիկանությունը, ոչ էլ Ջիզրեի տարածքային նահանգապետը չեն հայտարարել մահվան մասին: Ավելի վաղ քաղաքի գլխավոր դատախազը որոշել էր գաղտնազերծել միջադեպի հետ կապված փաստերը` հրաժարվելով բացատրել որոշման պատճառը:

Այդ որոշումը Ումիթ Քուրտի մահը տեղափոխեց «չբացահայտված ևս մեկ սպանության շարք, մի ցուցակ, որը համալրվում է արդեն մի քանի տասնամյակ», – ասում է Անկարայում տեղակայված, քրդական հարցերով զբաղվող Մարդու իրավունքների ասոցիացիայի Ջիզրեի ներկայացուցիչ, իրավաբան Ֆիլիզ Օլմեզը: Նրա խոսքով, 1988 թվականից երկրի հարավարևելքում ընթացող հակամարտությունը խլել է մինչև 18 տարեկան ավելի քան 580 երեխայի կյանք:

Բռնությունը Թուրքիայում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սպառնում է կոշտացնել երկու կողմի հանրային կարծիքը կոնֆլիկտի վերաբերյալ:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատմական համաձայնությունը ձեռք կբերվի մինչև տարվա վերջ, բայց Անկարան դժվար թե ապահովի քրդերի զգալի զիջումներ մինչև ընտրությունները: Միաժամանակ, քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությանը անհրաժեշտ է լինելու ապահովել տասը տոկոսանոց արդյունք խորհրդարանում մնալու համար:

Բայց դեռ անորոշ է, թե արդյոք այդ կուսակցությունը կկարողանա հատել այդ սահմանագիծը: Անցած տարի՝ օգոստոսին, կուսակցության թեկնածուն հավաքել է ձայների 9.76 տոկոսը:

Կուսակցությունն իր թեկնածուներին անցած ընտրությանը առաջադրել էր ոչ կուսակցական ցուցակով, այս ամիս ժողովրդադեմոկրատները հայտարարել են, որ հունիսի ընտրությանը մասնակցելու են որպես կուսակցություն: Եթե նրանց հաջողվի հանդարտեցնել կրքերը և ապամոնտաժել բարիկադները, նրանք կկարողանան իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությանը զուգահեռ առաջ մղել և զգալի մասնակցություն ունենալ սահմանադրական բարեփոխումներին` հասնելով երկրի հարավարևելքի տարածաշրջանային ինքնավարության ընդլայնմանը:

Անցած շաբաթ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սալահադդին Դեմիրթաշը խոստացել է, որ իրենց կուսակցությունը կշարունակի «առաջ մղել խաղաղ գործընթացը, եթե նույնիսկ չհավաքի խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն ձայները»: Բայց ոչ բոլորն են լավատես.թուրք նախկին դիվանագետ, այժմ Կարնեգի հիմնադրամի աշխատակից Սինան Ուկգենն անհանգստանում է, որ ժողովրդադեմոկրատական կուսակցության պարտությունը կարող է քրդերին դրդել ստեղծել իրենց սեփական, տարածաշրջանային խորհրդարանը` «կատարելով միակողմանի քայլ, որը կհրահրի լուրջ լարվածություն և նոր բռնություններ»:

Ամեն դեպքում, երբ ընտրություններն էլ ավարտվեն, պարզ է, որ Թուրքիայում խաղաղությունը խաթարող մյուս գործոնը Սիրիայի ճգնաժամն է: Սկսած այն պահից, երբ 2014 թվականի սեպտեմբերին Իսլամական պետության զինյալները պաշարեցին Քոբանին, Թուրքիան այդպես էլ չօգնեց քաղաքի քուրդ պաշտպաններին` ծանր հարված հասցնելով իր երկրի քրդական բնակչության հետ հարաբերություններին: Թուրքիայի ՆԱՏՕ-ի գործընկերները քրդերին օգնելու համար նախաձեռնեցին ավիահարձակումներ, իսկ Էրդողանը հայտարարեց, որ քաղաքի պաշտպանները կապված են Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Անկարայի տեսանկյունից դա «նույն Իսլամական պետությունն է»:

Հիլալ Աթահանը կարծում է, որ Ջիզրեի յուրաքանչյուր 10 ընտանիքից մեկն ունի Քրդական աշխատավորական կուսակցության շարքերում կռվող զինյալ կամ կապ ունի սիրիական պաշտպանական ուժերի հետ: Աթահանը Ջիզրեի բնակիչներից մեկն է, որը մտածում է հաջորդ պատերազմի մասին: Երբ հոկտեմբերին սկսվեցին անկարգությունները, «մենք մտածում էինք, որ ոստիկանությունը կգա և կձերբակալի նրանց, ովքեր մեկնում են Քոբանի»: 55-ամյա էլեկտրիկն ասում է. «Մենք պետք է կանգնեցնեինք նրանց»:

Աթահանը իր այգուց վերցրեց բահը, քայլեց դեպի փողոց և սկսեց փորել: Նա այսօր բարիկադների հսկիչն է, որոնք չեն ապամոնտաժվել նույնիսկ անցած տարվա նոյեմբերին, երբ Էրդողանը որոշել էր թույլատրել քուրդ զինյալներին հատել սահմանը և անցնել Քոբանի: Բարիկադները մնում են անգամ պաշարված Քոբանիում քրդերի դանդաղ, բայց վստահ հաղթանակից հետո:

Ջիզրեում իրավիճակն նույնիսկ ավելի փոփոխական է, քան ներքրդական հակամարտությունը, որն ընթանում է Քրդական աշխատավորական կուսակցության համակիրների և իսլամիստ քրդերի միջև:  Հոկտեմբերին, երբ քաղաքի կեսը ողողված էր բարիկադներով, Քրդական աշխատավորական կուսակցության համախոհները ստանձնեցին քաղաքի հսկիչների դերը, ինչը վախեցրեց Ջիզրեի Հուդա-Փար կուսակցության մոտ 2500 անդամներին:

«Հիշում եմ տարածված մտածողությունը, «Մենք այժմ պաշարված ենք»», – ասում է Ազիզ Դենիզը` իսլամական կուսակցության տեղական գրասենյակի ղեկավարը:

Իր և Քրդական աշխատավորական կուսակցություններն ատում են միմյանց, մի կողմն ասում է, որ Հուդա-Փարը կապված է Հիզբուլլահի` պետության կողմից հովանավորվող զինյալների հետ, (Սա կապ չունի լիբանանյան Հեզբոլլահի հետ) որոնք 1990-ականներին սպանել են հարյուրավոր PKK-ականների: Թշնամությունը ջրի երես դուրս եկավ հոկտեմբերին Քոբանիի համար ցույցերի ժամանակ, որոնք սկսվեցին Հուդա-Փարի վեց անդամների սպանությամբ: Դրա հեղինակները Դիարբեքիրում PKK-ի համախոհներին էին: Ցուցարարները զայրացան և երկու կողմին մեղադրեցին Իսլամական պետությանը աջակցելու և Թուրքիայի անվտանգության ուժերի հետ գործակցելու համար:

Դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ջիզրեի շինհրապարակում տեղի ունեցավ ութ ժամանոց փոխհրաձգություն PKK-ին հարող երիտասարդների և Հուդա-Փարի աջակիցների միջև: Ճակատամարտը, որն ավարտվել էր միայն հաջորդ օրը առավոտյան ոստիկանների միջամտությունից հետո, խլել էր երեք PKK-ականների և Հուդա-Փարի մեկ անդամի կյանքը:

Կողմերը միմյանց են մեղադրել հարձակման համար: Բայց փաստերն անհետացել են անվտանգության ուժերի և պարտիզանների միջև երկու շաբաթ շարունակվող գիշերային մարտերի հետևանքով:

«Ո՞վ է կանխելու նոր բախումները», – հարցնում է Դենիզը, որը կանգնած է փամփուշտների հետքերով տան մոտ, որտեղ իր հայրը` 65-ամյա Աբդուլլահը, զոհվել է բախումների ընթացքում:

Դենիզի հարևաններից շատերն ասում են, որ Հուդա-Փարը փնտրում է իր բռնի անցյալը մաքրելու ճանապարհը և դավադրաբար կռվում է ոստիկանության կողքին: Անկարան վերջերս ջերմ կապեր է հաստատել կուսակցության հետ: Երբ դեկտեմբերին Ջիզրեում սկսվեցին կռիվները , փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ասաց, որ Հուդա-Փարը «զոհ է և ճնշված կուսակցություն»:

Թվում է` այս ամուր կապերը Հուդա-Փարին կվերածեն պետականամետ զինված խմբավորման. «Ճշմարտությունն այն է, որ մենք ոստիկանությանը վստահում ենք ավելի շատ, քան PKK-ն», – ասում է Դենիզը, որը տխրությամբ է հիշում, թե ինչպես էր ոստիկանությունից օգնություն խնդրում իր հոր մահվան գիշերը: Այն ժամանակ, երբ զինված ոստիկանները ժամանել են ութ ժամանոց ճակատամարտը դադարեցնելու նպատակով, նրա հայրն արդեն մահացել էր` հուսահատ սպասելով բուժօգնության:

Դենիզը վախենում է նրանից, թե ինչ կլինի ապագայում: Այժմ շարունակվող բռնությունների քննությունը կառավարության ձեռքում է: Եթե չլինի թափանցիկ քննություն Ումիթի և Ջիզրեի մյուս երիտասարդների սպանությունների գործերով, ըստ Դենիզի, ժողովուրդը սպանությունների համար իրենց կմեղադրի. «Հնարավոր է՝ ժողովուրդը մեղադրի մեզ: Եթե նրանք այդպես անեն, PKK-ն կարող է հարձակվել մեզ վրա և պատերազմը նորից կսկսվի»:

Ջիզրեի բնակիչները ցանկանում են գտնել անցած ամսվա բռնությունների բացատրությունը: Ի հայտ են եկել դավադրությունների տեսություններ: Երկրի քաղաքական գլխավոր գործիչները հավատացել են դրանց: Անցած շաբաթ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ բռնության հետևում կանգնած են կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները. «Այսօր մենք գիտենք, որ Ջիզրեում դավադրություն է տեղի ունենում, և ըստ դրա քայլեր ենք ձեռնարկում», – ասել է Էրդողանը:

Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամ Ֆիլիզ Օլմեզի խոսքով, Ջիզրեի մեծագույն ողբերգության պատճառը որևէ կապ չունի դավադրությունների և Էրդողանի դեմ գործող մութ ուժերի, կամ քուրդ-քրդական ներքին հակամարտության նոր փուլի հետ: Այս քաղաքում խաղաղության իրական թշնամին «ոստիկանության` երկար տարիներ շարունակվող անպատժելիությունն ու չբացահայտված սպանությունները քննելու պետության դժկամությունն է»:

Ամեն ինչ շատ պարզ երևում է քաղաքի մոտակա բլրի գագաթից, որտեղ հունվարի 14-ին սպանվել էր 12-ամյա Նիհաթ Քազանհանը: 16-ամյա Յահյա Էրթեները տեսել է տղային այդ վայրում իր ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս: Դա տեղի է ունեցել հազարավոր քրդերին ուղղված Օջալանի կոչը ընթերցելուց մեկ ժամ անց:

Էրթեները հետևել է իրադարձություններին մոտակա փողոցի անկյունից, նրա խոսքով,ոստիկանության մեքենաները մոտեցել են ֆուտբոլ խաղացող երեխաներին և արցունքաբեր գազի նռնակներ նետել նրանց ուղղությամբ: Դրանից հետո նա լսել է կրակոցներ: Երբ ոստիկանական մեքենաները ժամանել են դեպքի վայր, Էրթեներն իր ընկերների հետ վազել է դեպի Քազանհանը: Նրանք կանգնեցրել են պատահական մեքենա և վիրավոր երեխային տեղափոխել հիվանդանոց:

«Բայց մենք գիտեինք, որ նա անհույս է», – ասում է Էրթեները: Հետ նայելով բլրին` նա խոսելով կանգ առավ, գլուխն առավ ձեռքերի մեջ և սկսեց լաց լինել:

Ոստիկանության իրականացրած դատաձգաբանական փորձաքննությունն ավարտվել է Քազանհանի սպանությունից կարճ ժամանակ անց և այն վստահություն չի ներշնչում: Հունվարի 28-ին Քազանհանի սպանության տեսանյութը տարածվել է մամուլում: Այն ցույց է տալիս, թե ինչպես է Քազանհանը ընկնում գետնին, երբ կանգնած է լինում փոքրաթիվ ցուցարարների խմբերի միջև, և ինչպես է ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառում նրանց նկատմամբ: Բայց տեսանյութը սպանությունն իրականացրած անձանց ինքնությունը չի պարզում:

Պաշտոնյաները դրանից հետո խոստացել են, որ սպանության քննություն կանցկացնեն: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է.

«Անհերքելի է, որ Քարամանը սպանվել է անվտանգության ուժերի արձակած փամփուշտի հետևանքով»:  Ներքին գործերի նախարարությունն անցած շաբաթ մամուլի հաղորդագրությամբ նշել է, որ ոստիկանության ներգրավվածությունը սպանության մեջ չի բացառվում: Ջիզրեի բնակիչները ցանկանում են հավատալ, որ հակամարտությունը նոր թափով չի վերսկսվելու:

«Նորմալ կյանքի վերադառնալու որևէ ճանապարհ չկա», – ասում է Էմրահ Սաքջաքը՝ ըմպելիք դնելով անկողնուն գամված եղբոր սեղանին: Նրա եղբայրը՝ Չելեբին, վիրավորվել էր Ումիթ Քուրտի սպանության գիշերը: «Անվտանգությունը գոյություն ունենալ չի կարող, երբ մարդիկ, որոնք դրա պատասխանատուն են, սպանում են երեխաների»:

Հաճախակի բախումները վախեցրել են ոստիկանությանը, էլեկտրականության մատակարարման խափանումների պատճառով էլ քաղաքի փողոցները պատվել են խավարով: Ջիզրեն մի վայր է, որտեղից հեռանում ես ոչնչով: Էմրահ Սաքջաքն ասում է. «Ինչպե՞ս կարող եք խաղաղություն ունենալ, եթե այդ հարցը չեք լուծում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment