Բանտարկված է Բաքվում

Բանտարկված է Բաքվում

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանում որպես այլախոհ ճանաչված և ներկայումս հետապնդվող մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովը, ով ամուսնացած է ԱՄՆ քաղաքացու հետ, ավելի քան 6 ամիս թաքնվում է Բաքվում՝ Շվեյցարիայի դեսպանատանը: Ամերիկյան դեսպանությունը հրաժարվել էր ապաստան տալ նրան:
  • Փետրվարի 11-ին շվեյցարական «Rundschau» հաղորդման եթերում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ, իսկապես, Հուսեյնովը երկար ժամանակ բնակվում է իրենց դեսպանատանը:
  • Ինչպես հաղորդում են աղբյուրները, Հուսեյնովի բանկային հաշիվը սառեցվել է հունիսին, բայց նա կարողացավ լքել երկիրը՝ Ստրասբուրգ այցելելու և ԵԽԽՎ-ի նիստին մասնակցելու համար: Այնտեղ նա Ռասուլ Ջաֆարովի հետ միասին ներկայացնում էր Ադրբեջանում Ալիևի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների մասին զեկույցը, որից հետո Ադրբեջան վերադառնալիս ձերբակալվում է Ջաֆարովը:
  • Հաջորդող ամիսները Հուսեյնովը ստիպված է եղել մնալ դեսպանատան տարածքում, իսկ դեսպանության շենքը շուրջօրյա վերահսկողության տակ է եղել ոստիկանության կողմից: Ալիևի ղեկավարությունը չի խոստովանել, որ տեղյակ է Հուսեյնովի` դեսպանատան տարածքում լինելու մասին, դա չի խոստովանել նաև Շվեյցարիայի դեսպանատունը:
  • Ամփոփելով հրապարակումը` պարբերականը գրում է, որ այլախոհ ճանաչված ադրբեջանցիներին չափազանց շատ է անհանգստացնում այն, որ Օբամայի վարչախումբն անուշադրության է մատնում և առանձնապես չի մտահոգվում նավթադոլարներով հարուստ այս երկրում իշխող ավտորիտար ռեժիմով:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանում որպես այլախոհ ճանաչված և ներկայումս հետապնդվող մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովը, ով ամուսնացած է ԱՄՆ քաղաքացու հետ, ավելի քան 6 ամիս թաքնվում է Բաքվում՝ Շվեյցարիայի դեսպանատանը: Ամերիկյան դեսպանությունը հրաժարվել էր ապաստան տալ նրան: Մարդու իրավունքների պաշտպան 35-ամյա Էմին Հուսեյնովը վաղուց հետապնդվում է Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի կողմից, իսկ 2014-ի օգոստոսից հումանիտար հիմունքներով պահվում է Շվեյցարիայի դեսպանատանը` այն բանից հետո, երբ խուսափելով վերահաս ձերբակալությունից՝ անցած ամռանը անցել է ընդհատակ:

Փետրվարի 11-ին շվեյցարական «Rundschau» հաղորդման եթերում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ, իսկապես, Հուսեյնովը երկար ժամանակ բնակվում է իրենց դեսպանատանը:

Ինչպես հաղորդում է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը, որը տեղական հասարակական կազմակերպություն է` Հուսեյնովը մեկն է այն բազմաթիվ զոհերից, որոնք ենթարկվում են Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին մեկ տարում ազատ խոսքի և քաղաքացիական հասարակության նկատմամբ զանգվածային բռնաճնշումների: Բռնաճնշումներ, որոնք անակնկալի են բերել նույնիսկ ամենակոփված` մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգով զբաղվողներին:

Այնուհետև պարբերականը նկարագրում է այն բոլոր բռնաճնշումները, որոնք ուղղված են եղել իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների դեմ: Դրանց թվում անդրադարձ է կատարվում` Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլիի, Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի ձերբակալություններին, որոնց նկատմամբ զանազան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել` հարկեր թաքցնելուց մինչև Հայաստանի օգտին լրտեսություն կատարելը:

Ինչպես հաղորդում են աղբյուրները, Հուսեյնովի բանկային հաշիվը սառեցվել է հունիսին, բայց նա կարողացավ լքել երկիրը՝ Ստրասբուրգ այցելելու և ԵԽԽՎ-ի նիստին մասնակցելու համար: Այնտեղ նա Ռասուլ Ջաֆարովի հետ միասին ներկայացնում էր Ադրբեջանում Ալիևի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների մասին զեկույցը, որից հետո Ադրբեջան վերադառնալիս ձերբակալվում է Ջաֆարովը: Հուսեյնովը գիտակցում էր, որ շուտով իր ձերբակալվելու հերթն է:

Օգոստոս ամսի սկզբին Բաքվում ԱՄՆ դեսպանատանը ընդունելության ժամանակ Հուսեյնովը դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Դերեկ Հոգանի հետ առանձին է մնում: Ամերիկյան դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մեկ շաբաթ է, ինչ լքել էր Ադրբեջանը, և դեսպանությունը չուներ ղեկավար: Ինչպես հաղորդում են աղբյուրները՝ նա Հոգանին է փոխանցում թղթի վրա գրված մի երկտող հետևյալ բովանդակությամբ. «Ինչպիսի՞ օգնություն կարող եք տրամադրել ինձ: Ես ձերբակալության վտանգի տակ եմ»: Սակայն Հոգանը նրան պատասխանում է, որ չի կարող օգնել:

Անանուն աղբյուրի համաձայն` «Հուսեյնովը ոչ մի խնդիր չի ունեցել ոչ անձնապես Հոգանի և ոչ էլ դեսպանատան հետ: Նա երբեք չի քննադատել դեսպանությունը և դիվանագիտորեն  է վարվել նույնիսկ, երբ քննադատել է Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը: Նրա խնդրանքը, սակայն, մերժվել է` չնայած նրան, որ Հուսեյնովի կինը Միացյալ Նահանգների քաղաքացի է: FP-ն փորձել է այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ Դերեկ Հոգանից, սակայն ոչ ոք չի պատասխանել:

Օգոստոսի 6-ին նա փորձել է մեկնել Թուրքիա` բուժման նպատակով, սակայն սահմանապահները նրան թույլ չեն տվել լքել երկիրը: Օգոստոսի 8-ին իր գրասենյակի աշխատակիցները հաղորդել են, որ աշխատանքի չգա, ինչից հետո գրասենյակը հետախուզվել է: Այդ ընթացքում Հուսեյնովն անցել է ընդհատակ:

Շվեյցարիայի դեսպանատանը թաքնվելը, ըստ պարբերականի աղբյուրի, պայմանավորված է եղել նրանով, որ դեսպանատան շենքն ավելի մոտ է եղել Հուսեյնովի թաքստոցին:«Նա ամբողջությամբ փոխել է իր արտաքին տեսքը, նա ներկել է իր մազերը, փոխել է իր հագուստը: Նա նույնիսկ փորձնական դուրս է եկել, ստուգելու համար` ճանաչում են իրեն, թե ոչ», – պատմել է աղբյուրը: Այդ կերպ ծպտվելով` Էմին Հուսեյնովին մեծ դժվարությամբ հաջողվում է մտնել Շվեյցարիայի դեսպանատուն ու թաքնվել այնտեղ:

Հաջորդող ամիսները Հուսեյնովը ստիպված է եղել մնալ դեսպանատան տարածքում, իսկ դեսպանության շենքը շուրջօրյա վերահսկողության տակ է եղել ոստիկանության կողմից: Ալիևի ղեկավարությունը չի խոստովանել, որ տեղյակ է Հուսեյնովի` դեսպանատան տարածքում լինելու մասին, դա չի խոստովանել նաև Շվեյցարիայի դեսպանատունը, սակայն նրանք մշտապես բանակցությունների մեջ են եղել` Հուսեյնովին Ադրբեջանից ապահով դուրս տանելու հարցով:

Պարբերականը նաև մանրամասնորեն նկարագրել է մեկ այլ ադրբեջանցի ակտիվիստ Սաիդ Նուրիի նկատմամբ հետապնդումը, ով 6 տարի շարունակ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ունենալուց հետո վերջապես քաղաքացիություն է ստացել:

Նուրիին չնայած մեկ անգամ հաջողվել է վերադառնալ Ադրբեջան, սակայն ներկայումս նրան արգելում են այնտեղ գնալ, քանի որ իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու համար: Ամփոփելով հրապարակումը` պարբերականը գրում է, որ այլախոհ ճանաչված ադրբեջանցիներին չափազանց շատ է անհանգստացնում այն, որ Օբամայի վարչախումբն անուշադրության է մատնում և առանձնապես չի մտահոգվում նավթադոլարներով հարուստ այս երկրում իշխող ավտորիտար ռեժիմով:

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ալեքպեր Ռաուֆողլուն այս առիթով վրդովմունք է հայտնել, որ այսքան տարիների ընթացքում, Ադրբեջանում ոչ մի բան դեպի լավը չի գնացել, այլ ընդհակառակը` վատացել է. «Դա ահազանգող ազդանշան է, որ նրանք մեզ թողել են հետևում», – պարբերականին ասել է Ռաուֆողլուն:

Հուսեյնովի հետագա ճակատագիրը դեռևս անհայտ է մնում: Նա ներկայումս էլ գտնվում է դեսպանատանը, և ինչպես փոխանցել է FP-ի աղբյուրը. «Այն շատ փոքրիկ դեսպանատուն է»:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ

Write a comment