Հայաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական է տվել

Հայաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական է տվել

Հոդվածի առանցքում

  • ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնի գործիչ դարձավ մամուլին հասանելիության և նախկին ղեկավարության հետ կապված օլիգարխների դեմ իր ագրեսիվ հայտարարությունների շնորհիվ: ԱԱԾ-ն դարձավ մի տեսակ բրենդ, գործակալության պատկերանշանով պատրաստված գլխարկներով ու շապիկներով: Հայտնելով իր հրաժարականի մասին, նա հանդես եկավ մշուշոտ հայտարարությամբ, որն, այնուամենայնիվ, ընդգծում էր Փաշինյանի հետ նրա տարաձայնությունները:

Ուշադրությանն արժանի

 

Սա նոր կառավարության համար մինչ օրս ամենաաղմկոտ հրաժարականն է: Վարչապետի մամուլի քարտուղարն ակնարկել է, որ պաշտոնյան կարող էր լինել նախկին ռեժիմի ազդեցության տակ:

Հրաժարական է տվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետը, որն անցկացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աղմկոտ հետաքննությունները:

Հրաժարականը ցնցում էր ամենաբարձր մակարդակի ղեկավարության շրջանում, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն իշխանությունը ստանձնեց անցած գարնանը: Եվ մինչ Փաշինյանը նշում էր, որ հեռանալու որոշումը բարեկամական է, խոսնակը հետագայում ենթադրեց, որ նախկին կառավարությունը կարող էր խառնված լինել այս գործին:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնի գործիչ դարձավ մամուլին հասանելիության և նախկին ղեկավարության հետ կապված օլիգարխների դեմ իր ագրեսիվ հայտարարությունների շնորհիվ: ԱԱԾ-ն դարձավ մի տեսակ բրենդ, գործակալության պատկերանշանով պատրաստված գլխարկներով ու շապիկներով:

Հայտնելով իր հրաժարականի մասին, նա հանդես եկավ մշուշոտ հայտարարությամբ, որն, այնուամենայնիվ, ընդգծում էր Փաշինյանի հետ նրա տարաձայնությունները:

«Թող իմ հրաժարականը` «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ լինի», – ասաց Վանեցյանը: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»:

Վանեցյանը ԱԱԾ-ի պրոֆեսիոնալ սպա է և գործակալության ղեկավար է նշանակվել Փաշինյանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, 2018-ի մայիսի 10-ին: Հաջորդ սեպտեմբեր նա ստանձնեց լրացուցիչ աշխատանք՝  ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը, փոխարինելով նշանավոր, խորապես ատելի օլիգարխին:

Ասուլիսում Փաշինյանն ասաց, որ որոշումը փոխադարձ է և Վանեցյանը կշարունակի կատարել իր երկրորդ աշխատանքը:

«Արթուր Վանեցյանը կշարունակի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կարևոր առաքելությունը», – ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի գալիք առաջնությունների եզրափակիչ փուլ դուրս բերելու խնդրի վրա:

Որակավորման այս դժվար փուլում ֆուտբոլի որոշ երկրպագուներ լուրը հումորով ընդունեցին: «Հայկական ֆուտբոլը փրկված է, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հենց նոր թողեց իր մյուս աշխատանքը», – գրել է իրավապաշտպան Արման Ղարիբյանը Facebook- ի իր էջում:

Սակայն, Փաշինյանի ելույթից հետո նրա խոսնակն արեց երկիմաստ հայտարարություն, ենթադրելով, որ Վանեցյանը կարող է լինել նախկին իշխանությունների ազդեցության տակ:

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող տեքստը», – «Արմենպրես» -ին ասաց մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: « Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն», – ակնհայտ ենթադրություն է, որ Վանեցյանը հնարավոր է շփվել է հին կառավարության որոշ անդամների հետ:

Պաշտոնական բացատրության բացակայության պատճառով մեկնաբանությունները, թե  ինչը կարող էր լինել Վանեցյանի հեռանալու պատճառը, տարբեր էին:

«Վանեցյանը կառավարության երկրորդ ազդեցիկ գործիչն էր, ուստի սովորական են երկու գլխավոր մարդկանց նման բախումները», – Eurasianet-ին ասաց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը:

Սանամյանը նշել է, որ անցած տարի հեռախոսազրույցների սկանդալային արտահոսքի ժամանակ Վանեցյանն ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերեց, քան նոր կառավարության իր գործընկերներից շատերը՝ հոգ տարավ պաշտպանելու Ռուսաստանի հետ հարաբերությունները և դեմ արտահայտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության այն ժամանակվա ղեկավարի` Յուրի Խաչատուրովի ձերբակալությանը:

«Վանեցյանը առանցքային օղակ էր հին համակարգի և հեղափոխության միջև», – ասաց Սանամյանը: «Նա ավելի զգույշ մոտեցումների կողմնակից էր և նրա հրաժեշտի հայտարարությունը դա է արտացոլում»:

Վանեցյանը ներգրավված է նաև մինչ օրս ամենադրամատիկ, բայց դեռևս չբացատրված աշխատակազմի ցնցումներից մեկում` հիմնական հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Դավիթ Սանասարյանի ձերբակալությանը, ում ներկայացված է իշխանությունը չարաշահելու մեղադրանք:

Խորհրդարանի փոխնախագահ և Փաշինյանի ու Վանեցյանի դաշնակից Ալեն Սիմոնյանը հրաժարականից հետո ասաց, որ ինքը չգիտեր որևէ խնդրի մասին: «Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից` երկրի ղեկավարն ու իմ քաղաքական առաջնորդը»,- ասաց նա լրագրողներին: Շատ շահարկվող տեսության վերաբերյալ հարցին, թե հրաժարականը ինչ-որ ձևով կապված է Սահմանադրական դատարանի որոշման հետ, ըստ որի Քոչարյանի ձերբակալությունն անհիմն է, Սիմոնյանը պատասխանեց. «Այդ տրամաբանությամբ կարող եք պնդել, որ սա արվում է նաև մարդկանց ուշադրությունն Ամուլսարից շեղելու համար», ի նկատի ունենալով ոսկու հանքի նախագծի շուրջ շարունակվող բանավեճը:

Վանեցյանի հրաժարականը ողջունեցին նախկին ղեկավարության ներկայացուցիչները և աջակողմյան այլ ակտիվիստներ:

«Մտահոգ մարդկանց թիվն օրեցօր ավելանում է», – ֆեյսբուքում գրել է նախկին իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ սրտացավությունն ու սեփական պատիվը քաղաքական տարաձայնություններ չի ճանաչում: Իսկական սպան սպա է մնում»:

«Ադեկվադ» աջակողմյան կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում պարզապես գրել է. «Որովհետև նա մարդ է», ակնհայտ անդրադառնալով Վանեցյանի հրաժարականին:

Ոմանց համար հրաժարականը նախորդ կառավարության արձագանքն է: «Վանեցյանի հրաժարականի տխուր մասն այն է, որ ոչ ոք չի հարցնում, թե ինչու, ինչի համար», – գրել է վետերան լրագրող Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում: «Նույնն է եղել բոլոր իշխանությունների ժամանակ: Դժբախտաբար, մենք պետք է համաձայնենք, որ գոնե այս հարցում հեղափոխությունից հետո բացարձակապես ոչինչ չի փոխվել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment