Թոնի Բլեերը Արևմուտքին համոզում է գործակցել Պուտինի հետ իսլամական ծայրահեղականության դեմ

Հոդվածի առանցքում

  • Թոնի Բլեերը կարծում է, որ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում Արևմուտքը պետք է գործակցի Մոսկվայի հետ:
  • Բլեերի դիտարկմամբ՝ Եվրոպայում Պաղեստինի ճանաչմանն ուղղված արշավը «մարդկանց հիասթափության արտահայտությունն է»:
  • Ըստ Բլեերի՝ եվրոգոտուն աճի համար հարկավոր է «մեկ, բայց մեծ գործարք և ոչ թե լուրջ, բայց փոքր գործարքներ»:
  • ՄԲ նախկին վարչապետի խոսքով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կլինի «մահացու», ինչը կհանգեցնի տնտեսական անորոշության։

Ուշադրությանն արժանի

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը կարծում է, որ Արևմուտքը պետք է գործակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իսլամական ծայրահեղականության և Մերձավոր Արևելքում հակամարտության այլ աղբյուրների հարցերում, և դա պետք է անի Ուկրաինայում Մոսկվայի գործողությունների հանդեպ առկա անզիջում դիրքորոշման  պայմաններում:

Երեքշաբթի Բրյուսելում կայացած հարցազրույցում Բլեերը իսլամական ծայրահեղականությունը նկարագրեց որպես «անվտանգության երկարաժամկետ ամենամեծ սպառնալիք, որին մենք բախվում ենք» և ասաց, որ Արևմուտքը դրա դեմ պայքարում պետք է պատրաստ լինի գործակցության Մոսկվայի և այլ երկրների` օրինակ Չինաստանի կամ Հնդկաստանի հետ:

Բլեերն ասաց, որ Եվրոպան չի կարող անտարբեր լինել իր անմիջական հարևան երկրի տարածքի զավթման նկատմամբ, բայց «Ռուսաստանը մնում է հզոր խաղացող և որոշակի ոլորտներում` այդ թվում Մերձավոր Արևելքում, այս պահին այդ երկիրը կարևոր դեր ունի մարտահրավերները հաղթահարելու գործում»: Բլեերի խոսքով Ռուսաստանը ուրախ կլինի ներգրավվել Սիրիայում լուծում գտնելու գործընթացում:

Հարցազրույցում նա հայտարարեց, որ շատ անհանգստացած է իսրայելապաղեստինյան հակամարտության այսօրվա վիճակով, այս պահին նրա անհանգստությունն ամենամեծն է 2007-ից հետո, երբ նա իր վրա վերցրեց Մերձավոր Արևելքում հատուկ բանագնացի դերը:

Նա ասաց, որ Եվրոպայում Պաղեստինի ճանաչմանն ուղղված արշավը «մարդկանց հիասթափության արտահայտությունն է, քանի որ չկա առաջընթաց, բացի այդ, մարդիկ անհանգստություն են զգում պաղեստինցիների հանդեպ վերաբերմունքի համար»:

Շվեդիան, օրինակ, անցած ամիս ճանաչել է Պաղեստինի ինքնիշխանությունը, և նույն հարցը քննարկման առարկա է դարձել այլ երկրներում: Բլեերի խոսքով «Իսրայելի կառավարությունը շատ զգայուն կլինի այդ կարծիքի ուժը հաշվի առնելիս»:

Ըստ Բլեերի, Եվրոպայի անհանգստությունն այժմ արդեն եվրոյի ջախջախումը չէ, քանի որ Եվրոպական Կենտրոնական Բանկը կարողացել է արդյունավետ ձևով կանխել դա: Դրա փոխարեն ռիսկն այժմ քաղաքական է, ըստ նրա.

«Եվրոպական ծրագրի քաղաքական համաձայնությունը ճեղքվում է ցածր աճի, բարձր գործազրկության և սոցիալական կենտրոնացման պատճառով»:

Նրա խոսքով եվրոգոտուն աճի համար հարկավոր է «մեկ, բայց մեծ գործարք և ոչ թե լուրջ, բայց փոքր գործարքներ»: Այդ գործարքը պետք է համախմբի բյուջետային ձախողված քաղաքականությամբ երկրներին այնպիսի պետությունների հետ, ինչպիսին է օրինակ Գերմանիան, որը կբարձրացնի պահանջարկը, մյուս երկրներն էլ հատուկ հանձնառություն կստանձնեն վերակառուցել իրենց աշխատանքային և ապրանքային շուկաները:

Բլեերը չնշեց, թե որ երկրները պետք է արտադրողասպառողական նման վերափոխում կատարեն, բայց Իտալիան և Ֆրանսիան այն երկրների թվում են, որոնց նկատմամաբ ԵՄ ճնշում է գործադրում, որպեսզի նրանք ընդունեն այդ պայմանները:

Բլեերը նշեց. «Անհնար է, որ Գերմանիայի նման երկիրը գնա բյուջետային որևէ ճկունության, եթե կառուցվածքային նշված բարեփոխումները տեղի չունենան, բայց եթե դա այդպես է, ապա պետք է հաշվի առնել պահանջարկի հավասարությունը»:

Նա զգուշացրեց, որ Եվրոպայում ֆինանսական կարգավորման ծանրությունը կարող է խառնվել աճի և աշխատատեղերի ապահովման ջանքերի հետ.

«Ես կիսում եմ ֆինանսական սեկտորի շատ ներկայացուցիչների անհանգստությունը ֆինանսական կարգավորումների ծանրության և բարդության վերաբերյալ: Ռեալ տնտեսությունը և ֆինանսական սեկտորի ամրությունը կախված են մեկը մյուսից»:

Նրա խոսքով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կլինի «մահացու», ինչը կհանգեցնի տնտեսական անորոշության առաջիկա տարիների ընթացքում, քանի որ կսկսվի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հարաբերությունների վերաձևակերպման գործընթաց: Բլեերի կարծիքով ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի հեռանկարի շուրջ ամբողջ աշխարհում կա «լուրջ ահազանգ»:

Եթե Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման հարց չլիներ, Լոնդոնը կունենար «շատ ավելի լավ հնարավորություններ Եվրոպայում հեռուն տանող բարեփոխումներին ներգրավվելու համար, քանի որ մենք կունենայինք շատ դաշնակիցներ այդ հարցում: Բայց երբ դու հարցը ներկայացնում ես Բրիտանիայի և Եվրոպայի միջև առանձին հարաբերությունների հարթության մեջ, դա արդեն փոքր ինչ դժվար է դառնում»:

Ներգաղթյալների խնդիրը Մեծ Բրիտանիայում դրդում է առանձնանալու և հակաեվրոպական տրամադրությունների: Այս հարցի շուրջ Բլեերն ասաց, որ կա զգայական քննարկում, թե որ երկիրը որքան պետք է վճարի ԵՄ-ում ներգաղթյալների սոցիալական բարեկեցության համար, բայց, նրա խոսքով, ազատ տեղաշարժման ԵՄ սկզբունքները այդ հարցին խառնելը  «բոլորովին այլ խնդիր է»:

Նրա կարծիքով արտագաղթից և ազատ տեղաշարժի իրավունքից օգտվել է հենց Մեծ Բրիտանիան, քանի որ դրա հետևանքով Եվրոպայում այսօր բնակվում են երկու միլիոն բրիտանացիներ: Բլեերը կարծում է, որ ԵՄ-ից ներգաղթը կանգնեցնելու  փորձերը «հույսի կեղծ և երևայական խմիչք վաճառելու նման են, այն ձեր կողքին է, և պետք է միայն կանգնեցնել լեհերի ներհոսքը Մեծ Բրիտանիա, և դուք դրանով կխթանեք նոր աշխատատեղերի ստեղծումը երկրի ամենաաղքատ համայնքներում»:

Բլեերը նշեց, որ Լեյբորիստական կուսակցությունը, որը նա ղեկավարել է 13 տարի` մինչև 2007-ը, և որն այժմ ընդդիմություն է, «չի պարտվի` ամուր կանգնելով ԵՄ-ում բրիտանական անդամակցության կողքին»: Բայց նա չպատասխանեց մայիսին սպասվող հիմնական ընտրություններում կուսակցության վարկանիշին վերաբերող հարցին:

Թոնի Բլեերը, որը լքեց վարչապետի պաշտոնը 2007-ին, ասաց, որ ծախսում է իր ժամանակի 70%-ը չվճարվող աշխատանքի համար, որը ներառում է նաև իր աշխատանքը որպես Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց և գործունեությունը բարեգործական երկու հիմնադրամներում: Նրա բիզնեսը` Թոնի Բլեեր Ասոցիացիան, «ստեղծում է ամբողջական ենթակառուցվածքներ», ինչի վրա աշխատում է մոտ 200 մարդ:

Բլեերը պաշտպանեց ավտորիտար կառավարություններում` օրինակ Ղազախստանում, խորհրդականի իր դերը, որը նրա խոսքով «Արևմուտքի կարևոր դաշնակիցներից է, և աշխատանքը, որը մենք անում ենք, կարևոր է այդ երկրի ապագայի համար: Վերջապես ես աշխատում եմ այնպիսի տեղերում, որը, իմ կարծիքով, արդարացված է: Ես չեմ աշխատում այնտեղ, որտեղ այդպես չեմ կարծում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment