Մեծ Բրիտանիան պայքարում է Ադրբեջանից հոսող կեղտոտ փողերի դեմ

Մեծ Բրիտանիան պայքարում է Ադրբեջանից հոսող կեղտոտ փողերի դեմ

Հոդվածի առանցքում

  • Բրիտանական նոր օրենքով իրավապահները կարող են դատարանից հետաքննության օրդեր խնդրել, երբ ունենան բավականաչափ հիմնավոր կասկած, որ անձը չունի բավականաչափ օրինական եկամուտ, որպեսզի կարողանա կատարել մեծ ու թանկ գնումներ և բացի այդ առնչություններ ունի արտասահմանցի պաշտոնյաների և քրեական շրջանակների հետ: Եթե անձը չկարողանա ապացուցել, որ օգտագործել է օրինական եկամուտներ, դատարանը կարող է կալանք դնել նրա ունեցվածքի վրա:

Ուշադրությանն արժանի

Մինչև վերջերս ադրբեջանուհի Զամիրա Հաջիևան Լոնդոնում շքեղ կյանքով էր ապրում, մինչև որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները տվեցին գլխավոր հարցը` ի՞նչ գումարով է նա ձեռք բերել շքեղ առանձնատունը, գոլֆ ակումբը, թանկարժեք զարդերը:

Մինչև վերջերս նախկին խորհրդային պետությունների, Չինաստանի և Միջին Արևելքի անհավանական հարուստ մարդիկ Լոնդոնում, Նյու Յորքում, Վանկուվերում, Մայամիում ու Փարիզում ձեռք էին բերում թանկ անշարժ գույք` ներդնելով իրենց կանխիկ գումարները: Սա Եվրոպայի և Հյուսիսային ամերիկայի անշարժ գույքի շուկան վերածել է արտասահմանցիների համար պահուստային հաշվեհամարների, ընդ որում նրանցից ոմանք իրենց հայրենիքում ներքաշված են կոռուպցիոն և կրիմինալ գործարքներում:

«Բավական դրամատիկ քայլ է ինչ որ մեկի վրա իր եկամուտի օրինականությունն ապացուցելու բեռ դնելը, հակառակի համեմատ, երբ պետությունը պետք է ապացուցի, որ այդ եկամուտն անօրինական է: Մենք այս հարցում խնդիր ունենք»,- ասում է իրավաբան Ջոնաթան Ֆիշերը: Բրիտանական իշխանության նոր հետաքննական լիազորությունները կարող է դառնալ լրջագույն զսպող գործիք:

Հաջիևայի գործի մասով կարևոր է, որ նրա ամուսինը հիմա ազատազրկված է Ադրբեջանում` ֆինանսական խարդախությունների մեղադրանքով և հենց այս պատճառն է բրիտանական կառավարությունը բերում, որպեսզի Հաջիևան բացատրի, թե ինչ աղբյուրից են հոսում նրա եկամուտները:

Բրիտանական նոր օրենքով իրավապահները կարող են դատարանից հետաքննության օրդեր խնդրել, երբ ունենան բավականաչափ հիմնավոր կասկած, որ անձը չունի բավականաչափ օրինական եկամուտ, որպեսզի կարողանա կատարել մեծ ու թանկ գնումներ և բացի այդ առնչություններ ունի արտասահմանցի պաշտոնյաների և քրեական շրջանակների հետ: Եթե անձը չկարողանա ապացուցել, որ օգտագործել է օրինական եկամուտներ, դատարանը կարող է կալանք դնել նրա ունեցվածքի վրա:

Զամիրա Հաջիևայի դեմ հետաքննության օրդերը դատարանից խնդրել է National Crime Agency-ի տնտեսական և կիբեր հանցագործությունների բաժնի ղեկավար Դոնալդ Տունը: Նա ասում է, որ կառավարությունն օգտագործում է այն օրենքը, որն ընդունել է պառլամենտը: Բրիտանիան կարիք ունի ավելի պարզ միջոցի, որպեսզի կարողանա թիրախավորել կեղտոտ փողերով երկիր ժամանած արտասահմանցիներին, քանի որ իրականում բարդ է հանցավորության ապացույցներ գտնել այլ երկրներում անհուսալի իրավական համակարգի պատճառով:

National Crime Agency-ն ծրագրում է առաջիկա ամսվա ընթացքում դիմել դատարան նոր անձանց հարցով և այս ամենի նպատակը կեղտոտ փողերի շրջանառությանը վերջ տալն է:

Խնդիրը կարգավորելու ուղղությամբ անբացատրելի հարստության դեմ իրավական նման քայլերը համեմատաբար նոր են, թեև օգտագործվում են որոշ երկրներում, ինչպես օրինակ Ավստրալիայում: Մեծ Բրիտանիայում դատավորները հետաքննության թույլտվություն տալիս են,  միայն երբ իշխանությունները ցույց են տալիս, որ կասկածյալը Եվրոպայից դուրս առնչություններ ունի քրեական շրջանակների և պաշտոնյաների հետ, կամ ունի այնպիսի պաշտոն, որն օգտագործելով՝ կարող էր ներքաշվել կոռուպցիայի մեջ:

Հաջիևան ամուսնացած է Ջահանգիր Հաջիևի հետ, ով 2016թ-ին դատապարտվել է Ադրբեջանի պետական բանկից գումարներ շորթելու մեղադրանքով: Դատարանում Հաջիևան ասել է, որ ծախսել է ամուսնու փողերը և ոչինչ չգիտի դրանց ծագման մասին: Նրան քրեական հետապնդում չի սպառնում: Բրիտանական այս օրենքը սահմանում է միայն քաղաքացիական հետաքննական գործիքներ:

Ադրբեջանում, սակայն, պնդում են, որ նա առնչություններ է ունեցել ամուսնու գործարքներին:  Ըստ Հաջիևայի փաստաբանների՝ նա հավատում է, որ իր ամուսնու դեմ մեղադրանքները կեղծ են և քաղաքական դրդապատճառներ ունեն: Եվ նույնը վերաբերում է իր դեմ մեղադրանքներին:

Դեպի Լոնդոն արտասահմանյան փողերը սկսեցին հոսել հատկապես 1991թ-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ պետական ունեցվածքի սեփականաշնորհման գործընթացը հաճախ ընթանում էր կոռուպցիայով, և ստեղծվում էր միլիոնատերների և միլիարդատերների նոր սերունդ: Նրանց գնումները օգնեցին Լոնդոնի անշարժ գույքի շուկային գրանցել անհավանական բարձր ցուցանիշներ` առաջացնելով բրիտանացիների զարմանքը և դժգոհությունները, քանի որ նրանք կորցրել էին գնողունակությունը:

Հաջիևայի փաստաբանն ասում է, որ նա սկսել է Լոնդոն այցելել 2005թ-ից, և այնտեղ ապրելու է տեղափոխվել 2010թ-ին: 2005թ-ին Ադրբեջանում նրան առևանգել էին: Զինված խումբը, Հաջիևայի կարծիքով, կապ ուներ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ:

«Առևանգողները նրա հետ վատ են վարվել, ինչից հետո նա և ամուսինը որոշել են դուրս բերել ընտանիքը Ադրբեջանից», – ասել է նրա փաստաբանը: Լոնդոնում Հաջիևան սկսել է ապրել Հարրոդսի մոտակայքում գտնվող տանը, ծախսել միլիոնավոր ֆունտեր`2006-16թթ-ի ընթացքում ավելի քան 16.3 մլն ֆունտ` քարտերի միջոցով:

Վճարումները կատարվել են բանկային 35 քարտերով, որոնք առնչվում են Ադրբեջանի պետական բանկին և կասկածելի են Հաջիևայի ամուսնու գործարքների մասով: National Crime Agency-ն հայտնում է, որ Հաջիևան սկսել է մեծ գնումներ կատարել 2015թ-ին՝ ամուսնու ձերբակալությունից հետո: Հաջիևը հիմա դատապարտված է 15 տարվա ազատազրկման և պարտավոր է Ադրբեջանի պետական բանկին վերադարձնել 39 մլն դոլար: Ընտանիքի ֆինանսներն Ադրբեջանում սառեցված են: 2016-ին փակվել են նաև Հաջիևայի բրիտանական հաշվեհամարները: Դրանից հետո, ըստ փաստաբանների, նա սկսել է վաճառել անձնական իրեր, ստանալ ընտանիքի ընկերների օգնությունը ծախսերը հոգալու, նաև վճարելու Լոնդոնում և ԱՄՆ-ում սովորող երեխաների կրթության համար:

Հաջիևան ևս հետապնդվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նույն ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: 2017թ-ին Մեծ Բրիտանիայից պահանջել են արտահանձնել նրան, բայց ավելի քան 1.5 տարի բրիտանական իշխանությունները ոչ մի քայլ չէին անում, ասում են նրա փաստաբանները:

2017թ-ն անշարժ գույքի թանկացման և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին պառլամենտն ընդունեց այն օրենքը, որով հիմա հետապնդվում է Հաջիևան:

Դատարանը նրա անունը նախ գաղտնի էր պահում, բայց երբ Հաջիևան հոկտեմբերին հակընդդեմ հայց ներկայացրեց, դատարանը հրապարակեց նրա անունը, որը տարածվեց բրիտանական մամուլի գլխագրերում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment