Հարցազրույց երեք ամիս առաջ Ֆրեզնոյում նշանակված Հայաստանի նոր պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ

Հարցազրույց երեք ամիս առաջ Ֆրեզնոյում նշանակված Հայաստանի նոր պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ

Հոդվածի առանցքում

  • Պերճ Աբգարյանը մտավ պատմության մեջ անցյալ տարվա հոկտեմբերին՝ դառնալով Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսը:Աբգարյանը Համայնքային բժշկական կենտրոնի գործադիր տնօրենն էր, ով 1979-ին ներգաղթել է Ֆրեզնո Սիրիայից: Նա զուր ժամանակ չի կորցրել՝ որոշելով հստակ, թե ինչ է անելու հյուպատոսի պաշտոնը զբաղեցնելուց հետո:
  • Համայնքի միավորումը և աջակցությունը հայրենիքին, առևտրային և մշակութային կապերի զարգացումը, հարաբերությունների մակարդակի բարձրացումը Կալիֆորնիայի հովտի և պետության միջև: Սա ԱՄՆ-ում հայկական ամենահին համայնքներից է: Մեր նպատակներից է նաև խրախուսել երիտասարդ սերնդին մասնակցելու այդ աշխատանքներին:
  • լանավորման աշխատանքները արդեն սկսվել են առաջին բժշկական առաքելության և համաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-12-ը: Մենք պատրաստվում ենք դարձնել այն տարեկան և փուլային, որի միջոցով մենք կարող ենք ի հայտ բերել բոլոր կարիքները:
  • Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը ինձ համար, դա ժամանակն է վերահաստատել մեր հանձնառությունը, որ այն չի մոռացվելու, բայց նաև կանգնել մեր հայրենիքի կողքին: Ավելի ուժեղ Հայաստանը վկայություն է, որ այդ բոլոր ոճրագործությունները չեն հաջողվել:

Ուշադրությանն արժանի

Ըստ Անդրեա Կաստիլոյի

The Fresno Bee

19 հունվարի, 2015

Պերճ Աբգարյանը մտավ պատմության մեջ անցյալ տարվա հոկտեմբերին՝ դառնալով Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսը:

Աբգարյանը Համայնքային բժշկական կենտրոնի գործադիր տնօրենն էր, ով 1979-ին ներգաղթել է Ֆրեզնո Սիրիայից .:

Նա զուր ժամանակ չի կորցրել՝ որոշելով հստակ, թե ինչ է անելու հյուպատոսի պաշտոնը զբաղեցնելուց հետո: Որպես իր առաջին մեծ ծրագիր, Աբգարյանը ասում է, որ ցանկանում է 15-20 հոգանոց բժիշկների և ատամնաբույժների մասնագիտական խումբ տանել Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք՝ հոկտեմբեր ամսին բժշկական կրթական համաժողովին մասնակցելու համար և անվճար բուժօգնություն տրամադրելւ շրջակա գյուղական համայնքներում կարիքավոր մարդկանց:

The Bee-ին հանդիպեց Աբգարյանի հետ՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում գործերը իր նշանակումից երեք ամիս անց: Պատասխանները մի փոքր խմբագրվել են պարզության և համառոտության համար:

Ինչի՞ վրա եք աշխատել վերջին երեք ամիսների ընթացքում:

Պերճ Աբգարյան– Գրասենյակի բացումը չափազանց օգտակար էր համայնքի և տարածաշրջանի համար: Ի դեպ, հոկտեմբերի 20-ի երդման արարողությունից ի վեր, մենք ունեցել ենք մի քանի կազմակերպված միջոցառումներ, այդ թվում առաջին անգամ  այստեղ ենք հրավիրել Լեռնային Ղարաբաղի նախագահին:

Մենք սկսեցինք տրամադրել հյուպատոսական ծառայություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի մարդիկ չհասնեն Լոս Անջելես՝ քաղաքացիության դիմելու, անձնագրի ժամկետը երկարաձգելու և այլ փաստաթղթային գործերի համար:

Նոյեմբերի 2-ին ես մասնակցեցի Հայոց Ցեղասպանության հուշարձանի բացմանը Ֆրեզնոյի նահանգային կամպուսում: Նոյեմբերի 13-ին մենք այստեղ հյուրընկալեցինք Խաչատրյան տրիոյին: Նախկինում հայկական մշակութային միջոցառումները և հանդիպումները տեղի էին ունենում առանց այն տեղի, որը ներկայացնում է հայրենիքը: Այնպես որ այս գրասենյակը առանցքային դեր ունի հարաբերությունների խթանման առումով:

Նոյեմբերի 19-21-ը ես մասնակցեցի վերապատրաստման Վաշինգտոնում՝ հյուպատոսական կորպուսի քոլեջում: Ես մասնակցեցի նաև Հայաստան հիմնադրամի 17-րդ միջազգային հեռուստամարաթոնին Լոս Անջելեսում, որի հասույթը կօգնի Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը: Հունվարի 9-ին մենք կազմակերպեցինք Ամանորյա միջոցառում՝ ներկայացնելով, թե ինչ ենք մենք անում և որն է մեր տեսլականը:

Իսկ ո՞րն է հյուպատոսության տեսլականը:

Պերճ Աբգարյան- Համայնքի միավորումը և աջակցությունը հայրենիքին, առևտրային և մշակութային կապերի զարգացումը, հարաբերությունների մակարդակի բարձրացումը Կալիֆորնիայի հովտի և պետության միջև: Սա ԱՄՆ-ում հայկական ամենահին համայնքներից է: Մեր նպատակներից է նաև խրախուսել երիտասարդ սերնդին մասնակցելու այդ աշխատանքներին:

Մյուս բանը, որի ուղղությամբ մենք աշխատում ենք, դա ավելի հզոր կապի ստեղծումն է հյուպատոսության և տեղական իշխանության միջև: Ես կապ եմ հաստատել քաղաքապետի հետ:

Մեքսիկայի հյուպատոսը և Իտալիայի պատվավոր հյուպատոսը մասնակցում են մեր բոլոր միջոցառումներին: Մենք պարբերաբար հանդիպում ենք որպես երեք արտասահմանյան դիվանագիտական գրասենյակների ներկայացուցիչներ Սան Խոակին հովտում:

Ի՞նչ ակնկալեն մարդիկ այս տարի հյուպատոսությունից:

Պերճ Աբգարյան -Ես աշխատում եմ Հայաստանից այստեղ բերել հայտնի Գոհար սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբ մարտի վերջին:

Եթե դուք նայեք ավելի լայն տեսանկյունից, հյուպատոսական աշխատանքի առաջին շերտը դա դիմումներն ու փաստաթղթերն են: Բայց կա նաև Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը, և ես նախագահում եմ հուշարձանի տեղադրման նախագիծը, և այս նախագծի ավարտը բացարձակ առաջնահերթություն է ինձ համար:

Պլանավորման աշխատանքները արդեն սկսվել են առաջին բժշկական առաքելության և համաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-12-ը: Մենք պատրաստվում ենք դարձնել այն տարեկան և փուլային, որի միջոցով մենք կարող ենք ի հայտ բերել բոլոր կարիքները, որոնք կսահմանի առողջապահության նախարարը:

Ի՞նչն է Ձեզ զարմացրել այս նոր դերում:

Պերճ Աբգարյան-  Իրականում այս ամենը շատ ուրախացնող է: Այո, դա ժամանակ է խլում իմ ընտանիքից: Սակայն ես կարծում եմ, որ երբ տեսնում ես արդյունքները, տեսնում ես մարդկանց դեմքի ժպիտները, երբ նրանք ասում են «շնորհակալություն հյուպատոսական աշխատանքի համար, որի արդյունքում ես ստիպված չեմ քշել 200 մղոն» կամ, երբ տեսնում ես համայնքի աջակցությունը տարբեր հանգանակություններում, օրինակ, հուշարձանի նախագծի համար, դա ամենալավ բանն է մի անհատի համար, ով ցանկանում է ծառայել իր ժողովրդին: Արժե ծախսել ժամանակ և ջանքեր դրա վրա: Ես հպարտություն եմ զգում: Եվ այս պատիվը պատկանում է բոլորիս:

Այս տարի ցեղասպանության 100-ամյակի տարելիցն է, որի ընթացքում 1915-1923թթ անկում ապրող Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ է սպանվել: Ո՞րն է հյուպատոսության դերը այս տարելիցի հիշատակման գործում:

Պերճ Աբգարյան– Կարծում եմ, որ հյուպատոսության առկայությունը և պատվավոր հյուպատոսը այն հիմքն են, որի վրա կարող են հենվել մարդիկ և այն կենտրոնն է, որը աջակցություն է ցուցաբերելու համայնքային տարբեր նախատեսված կամ ծրագրավորվող նախաձեռնություններին:

Ինձ համար պատիվ է ականատես լինել պատմության այս փուլին: Ինձանից առաջ եկած սերունդը իր կյանքը չխնայեց մեր ժառանգության և լեզվի պահպանման համար և վառ պահեց ճրագը, որպեսզի մենք երբեք չմոռանանք, թե ինչ վայրագություններ են տեղի ունեցել: Ինձ համար շատ կարևոր է, որ մենք հասնենք Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը: Մասնավորապես, ներկայիս Թուրքիան շարունակում է ժխտողականությունը՝ չնայած եղած բոլոր փաստերին:

Հարյուրամյակը ինձ համար, դա ժամանակն է վերահաստատել մեր հանձնառությունը, որ (ցեղասպանությունը) չի մոռացվելու, բայց նաև կանգնել մեր հայրենիքի կողքին: Ավելի ուժեղ Հայաստանը վկայություն է, որ այդ բոլոր ոճրագործությունները չեն հաջողվել: Ահա եվ մենք 100 տարի անց, ունենք մեր անկախ հայրենիքը և բարեկեցիկ հայկական համայնքներ ամբողջ աշխարհով մեկ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment