Գալիպոլիի հարյուրամյակը հայկական հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է

Գալիպոլիի հարյուրամյակը հայկական հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է

Հոդվածի առանցքում

  • Երբ աշխարհի առաջնորդները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, թուրքական կառավարության հրավերով Առաջին աշխարհամարտի Գալիպոլիի ճակատամարտը հիշատակելու համար այս տարվա ապրիլի 24-ին մեկնեն Թուրքիա, մեկուկես միլիոն սպանված քրիստոնյա հայերի ուրվականները կքայլեն նրանց կողքին:
  • Թուրքերն արդեն հրավեր են ուղարկել 102 երկրի՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար, նույն օրը, երբ Հայաստանը մշտապես հարգում է Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակը:
  • Սա միայն դիվանագիտական չարիք չէ: Թուրքերը քաջատեղյակ են, որ Գալիպոլիի գլխավոր ճակատամարտը սկսվել է ապրիլի 25-ին, ցեղասպանության մեկնարկից մեկ օր անց, որի հեղինակը այդ ժամանակվա թուրքական կառավարությունն էր: Ավստրալիան և Նոր Զելանդիան Անզասի օրը նշում են ամսի 25-ին: Ընդամենը երկու տարի առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով ճակատամարտի 98-ամյակը նշվեց մարտի 18-ին:
  • Ինչպես Գերմանիայի որոշ ազգայնական և ռևանշիստ պատմաբաններ են հերքում հրեաների Հոլոքոստը, այնպես էլ Թուրքիան մշտապես հրաժարվել է ընդունել Օսմանյան կայսրության պատասխանատվությունը 1914-1918 թվականներին մարդկության դեմ իրագործած ամենամեծ հանցագործության համար, որը տխրեցրել էր նաև Թուրքիայի գերմանացի դաշնակիցներին:
  • Պրոֆեսոր Աքթարին դատապարտել են թուրքական բանակի սպաները և որոշ գիտնականներ, որոնք հայտարարել են, որ հայերը երբևէ չեն կռվել թուրքական կողմում: Չնայած բազմաթիվ ապացույցներին` այդ թվում թուրքական ռազմական հագուստով Թորոսյանի լուսանկարին, թուրք գեներալները պաշտոնապես հերքել են, որ հայ զինվորներ գոյություն են ունեցել:
  • Հայ-թուրքական պատմության ճշմարտության գործում պրոֆեսոր Աքթարի, նաև ԱՄՆ-ում գտնվող պատմաբան Թաներ Աքչամի ներդրումը գրեթե բացառիկ է: Նրանք միայնակ, իրենց գիտական հետազոտություններով և քաղաքական ծանր ճնշման տակ հազարավոր թուրքերի ստիպեցին քննարկել 1915 թվականի սարսափելի իրադարձությունները:
  • Առաջին աշխարհամարտում ամերիկյան և եվրոպական թերթերը ակտիվ լուսաբանել են հայերի նկատմամբ կիրառվող վայրագությունները, Բրիտանական արտգործնախարարությունը հրապարակել է «Սև գիրք» հայերի նկատմամբ թուրքական բանակի իրականացրած հանցագործությունների մասին: «Ցեղասպանություն» բառը, որը ստեղծել է լեհ հրեաների ժառանգ, ամերիկացի իրավաբան Ռաֆաել Լեմկինը, վերաբերել է հենց հայկական հոլոքոստին:

Ուշադրությանն արժանի

Քանի դեռ աշխարհի առաջնորդները ծրագրում են հիշատակել Առաջին աշխարհամարտի Գալիպոլիի ճակատամարտը, հիշատակվող մեկ այլ սահմռկեցուցիչ իրադարձություն սպառնում է անտեսված մնալ:

Երբ աշխարհի առաջնորդները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, թուրքական կառավարության հրավերով Առաջին աշխարհամարտի Գալիպոլիի ճակատամարտը հիշատակելու համար այս տարվա ապրիլի 24-ին մեկնեն Թուրքիա, մեկուկես միլիոն սպանված քրիստոնյա հայերի ուրվականները կքայլեն նրանց կողքին:

Դիվանագիտական աննախադեպ հիմարությամբ Թուրքիան ծրագրում է օգտագործել 1915  թվականին դաշնակիցների Թուրքիա ներխուժելու հարյուրամյակը, որ խեղդի Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ իր իսկ իրագործած զանգվածային սպանությունների, 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունը:

Թուրքերն արդեն հրավեր են ուղարկել 102 երկրի՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար, նույն օրը, երբ Հայաստանը մշտապես հարգում է Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նախապես իմանալով, որ մերժում է ստանալու` Թուրքիայի նախագահը հրավեր է ուղարկել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` մասնակցելու Գալիպոլիի հիշատակման միջոցառումներին, ու դա այն դեպքում, երբ նախագահ Սարգսյանը նրան ավելի վաղ հրավիրել էր մասնակցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին, որը տեղի է ունենալու նույն օրը:

Սա միայն դիվանագիտական չարիք չէ: Թուրքերը քաջատեղյակ են, որ Գալիպոլիի գլխավոր ճակատամարտը սկսվել է ապրիլի 25-ին, ցեղասպանության մեկնարկից մեկ օր անց, որի հեղինակը այդ ժամանակվա թուրքական կառավարությունն էր: Ավստրալիան և Նոր Զելանդիան Անզասի օրը նշում են ամսի 25-ին: Ընդամենը երկու տարի առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով ճակատամարտի 98-ամյակը նշվեց մարտի 18-ին, այն օրը, երբ բրիտանական ռազմածովային ուժերը ռմբակոծեցին Դարդանելի թերակղզին` ստանալով բրիտնական ադմիրալական առաջին լորդ Ուինսթոն Չերչիլի կարգադրությունները: Այդ ժամանակ Թուրքիայում ոչ ոք չառաջարկեց Գալիպոլիի ճակատամարտը (թուրքերեն` Չանաքքալեի) նշել ապրիլի 24-ին:

Թուրքերը, բնականաբար, վախենում են, որ 1915 թվականը կհիշվի որպես իրենց երկրի` մարդկության դեմ իրականացրած սարսափելի հանցագործության տարի, երբ տեղի ունեցան հայերի կոտորածները: Տասնյակ հազարավոր տղամարդիկ մահապատժի են ենթարկվել հրազենով և դանակներով, նրանց կանանց բռնաբարել, այնուհետև երեխաների հետ ուղարկել են մահվան քայլերթի Միջագետքի անապատներ: Պատմության հեգնանքով այդ գործողությունները շարունակում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» «ցեղասպան» բանակը, որը Սիրիայի Դեր Զոր քաղաքում ավերել է ցեղասպանության զոհերին նվիրված հայկական եկեղեցին:

Հայերի Ցեղասպանության օրը ապրիլի 24-ն է, քանի որ այդ օրը թուրքական ոստիկանությունը Կոստանդնուպոլսում ձերբակալել է հայ գիտնականների, իրավաբանների, բժիշկների, ուսուցիչների և լրագրողների:

Ինչպես Գերմանիայի որոշ ազգայնական և ռևանշիստ պատմաբաններ են հերքում հրեաների Հոլոքոստը, այնպես էլ Թուրքիան մշտապես հրաժարվել է ընդունել Օսմանյան կայսրության պատասխանատվությունը 1914-1918 թվականներին մարդկության դեմ իրագործած ամենամեծ հանցագործության համար, որը տխրեցրել էր նաև Թուրքիայի գերմանացի դաշնակիցներին: 1915 թվականի հայկական հոլոքոստը, որը տևել է մինչև 1917 թվականը, ճանաչել են աշխարհի  հարյուրավոր գիտնականներ, այդ թվում և շատ հրեա ու իսրայելցի պատմաբաններ, ինչպես նաև մի շարք եվրոպական պետություններ:

Միայն Թոնի Բլեերի կառավարությունն է փորձել նվազեցնել հայերի կրած կորուստները, երբ հրաժարվել է տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն որակել և փորձել է թույլ չտալ ողջ մնացածներին հիշատակել ցեղասպանությունը Լոնդոնում հոլոքոստին նվիրված միջոցառումների ժամանակ: Թուրքերի պնդումը, թե հայերը պատերազմի սոցիալական իրավիճակի ողբերգական զոհեր են, վաղուց վարկաբեկված է:

Թուրք մի քանի քաջ գիտնականներ, որոնք իրենց  ազնվության համար իրենց իսկ ազգակիցների կողմից դատապարտվել են, հետազոտել են օսմանյան փաստաթղթերը և ապացուցել, որ հայկական համայնքները ոչնչացնելու կարգադրությունները տրվել են Կոստանդնուպոլսից (այժմ Ստամբուլ) տարածաշրջանային պաշտոնյաներին:

Ստամբուլի Բիլյի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարը, օրինակ, լայնորեն անդրադարձել է հայերի քաջ գործողություններին, որոնք մասնակցել են Գալիպոլիի ճակատամարտում որպես թուրքական բանակի զինծառայողներ և հայտնել է կապիտան Սարգիս Թորոսյանի կյանքի մասին, որը հայ սպա էր և պարգևատրվել էր Օսմանյան պետության կողմից իր քաջության համար, բայց որի ծնողներին և քրոջը ենթարկել են ցեղասպանության:

Պրոֆեսոր Աքթարին դատապարտել են թուրքական բանակի սպաները և որոշ գիտնականներ, որոնք հայտարարել են, որ հայերը երբևէ չեն կռվել թուրքական կողմում: Չնայած բազմաթիվ ապացույցներին` այդ թվում թուրքական ռազմական հագուստով Թորոսյանի լուսանկարին, թուրք գեներալները պաշտոնապես հերքել են, որ հայ զինվորներ գոյություն են ունեցել:

Բայց հիմա Թուրքիան փոխել է պատմությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վերջերս ընդունել է, որ Գալիպոլիում կռվել են նաև էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում արաբներ և հայեր: Նա ասել է. «Մենք (թուրքերը և հայերը) միասին կռվել են Գալիպոլիում: Դա է պատճառը, որ հրավեր ենք ուղարկել նաև նախագահ Սարգսյանին»:  Հայաստանի նախագահի պատասխանը Էրդողանի հրավերին չի շրջանցել նաև  կապիտան Թորոսյանին: Չնայած նամակում նշվում է, որ Թորոսյանը սպանվել է ցեղասպանության ժամանակ, իրականում նա մահացել է Նյու Յորքում 1954 թվականին, երբ ավարտել է իր հուշագրությունը (ՀՀ նախագահի պատասխանում իրականում չի ասվում, որ Թորոսյանին սպանել են ցեղասպանության ժամանակ, նշված  է, որ ցեղասպանության ալիքը չի շրջանցել անգամ Սարգիս Թորոսյանին, որի ծնողներն ու քույրը դարձան ցեղասպանության զոհ. Interpress.am ):

Հայաստանի նախագահը հիշեցրել է Թուրքիայի նախագահին, որ «խաղաղությունը և բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաև համամարդկային հիշողության ճանաչման վրա: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հայերն իրենց հիշատակման օրը նշում են ապրիլի 24-ին, երբ  ոչինչ տեղի չի ունեցել Գալիպոլիում, քանի որ դա այն օրն էր, երբ հայ մտավորականները բանտարկվել են Կոստանդնուպոլսի ոստիկանությունում, որից հետո ենթարկվել են աքսորի կամ մահապատժի:

Նրանք Հայոց Ցեղասպանության առաջին «նահատակներն էին»: Պատմական մեկ այլ հեգնանք է այն, որ նրանց ազատազրկման վայրում այժմ գտնվում է իսլամական արվեստի թանգարանը, որը զբոսաշրջային վայր է, բայց որտեղ արքայազն Չարլզը և մյուսները հավանաբար չեն այցելի ապրիլի 24-ին: Այս սպանությունները սկիզբ դրեցին հայ ժողովրդի հետապնդմանն ու աշխարհի չորս կողմը ցրվելու գործընթացին:

Հայ-թուրքական պատմության ճշմարտության գործում պրոֆեսոր Աքթարի, նաև ԱՄՆ-ում գտնվող պատմաբան Թաներ Աքչամի ներդրումը գրեթե բացառիկ է: Նրանք միայնակ, իրենց գիտական հետազոտություններով և քաղաքական ծանր ճնշման տակ հազարավոր թուրքերի ստիպեցին քննարկել 1915 թվականի սարսափելի իրադարձությունները: Շատ թուրքեր դրանից հետո բացահայտեցին իրենց հայ տատիկներին, որոնք երիտասարդ տարիքում «իսլամացվել են» կամ գերեվարվել  թուրք ոստիկանների կամ զինվորների կողմից: Աքթարը նաև բացահայտել է, որ եղել են հայ այլ զինվորականներ, օրինակ լեյտենանտ Սուրմենյանը, որը կռվել է թուրքական բանակում և որի հուշագրությունները հրատարակվել են Բեյրութում Թորոսյանի մահից 13 տարի անց:

Աքթարի խոսքով. «Եթե ցանկանում եք հարգել հայ սպաների և զինվորների հիշատակը, որոնք զոհվել են հայրենիքի (Թուրքիայի) համար 1915-ին, Դուք պետք է հրավիրեք Ստամբուլի հայ պատրիարքին: Ո՞վ կամ ովքե՞ր են հրավիրել նախագահ Սարգսյանին: Նրա նախնիները 1915-ին, հավանաբար, կռվել են ռուսական կայսերական բանակում: Որքանով ես գիտեմ նա Ղարաբաղից է (հայերի հսկողության տակ գտնվող տարածք, որը թուրքական Ադրբեջանի մաս էր)»: Սա նախագահ Սարգսյանին «անհարիր առաջարկության» շոու է…Սա նույնիսկ վիրավորական է»:

Շատ հայեր կկիսեն այս տեսակետը: Մի քանի ամիս Սարգսյանը պատրաստվում էր Թուրքիայի հետ ստորագրել հայ-թուրքական սահմանը բացելու մասին համաձայնություն ցեղասպանությունը հետազոտող գիտնականների ձևական հետաքննություն անցկացնող խումբ ստեղծելու դիմաց: ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը աջակցեց նրան, Սարգսյանին աջակցեցին նաև քաղաքական տարբեր գործիչներ և Թուրքիայում աշխատող լրագրողներ: Բայց հայկական սփյուռքը նրան պատասխանեց ցասմամբ` հարց ուղղելով, թե ինչ կզգային հրեաները, եթե Գերմանիայի հետ բարեկամությունը կախված լիներ անցկացված հետաքննությունից, որը պետք է պարզեր, թե արդյոք եղել է հրեական հոլոքոստ, թե ոչ:

Առաջին աշխարհամարտում ամերիկյան և եվրոպական թերթերը ակտիվ լուսաբանել են հայերի նկատմամբ կիրառվող վայրագությունները, Բրիտանական արտգործնախարարությունը հրապարակել է «Սև գիրք» հայերի նկատմամբ թուրքական բանակի իրականացրած հանցագործությունների մասին: «Ցեղասպանություն» բառը, որը ստեղծել է լեհ հրեաների ժառանգ, ամերիկացի իրավաբան Ռաֆաել Լեմկինը, վերաբերել է հենց հայկական հոլոքոստին: Իսրայելցիներն օգտագործում են «Շոա»` «Հոլոքոստ» բառը, երբ խոսում են հայերի կրած սարսափների մասին:

Գալիպոլիում թուրքերի հերոսն, իհարկե, փոխգնդապետ Մուստաֆա Քեմալն էր, որը հետագայում ստացավ Աթաթուրք անունը և ստեղծեց թուրքական ժամանակակից պետությունը:  Նրա ղեկավարած 19-րդ գումարտակը Գալիպոլիում հայտնի էր «Հալեպի գումարտակ» անունով, քանի որ այդտեղ ծառայում էին մեծ թվով արաբներ: Աթաթուրքը 1915-ին չի մասնակցել հայերի զանգվածային կոտորածներին, բայց նրա համախոհները մասնակից են եղել, ինչը ստվեր է գցել թուրքական պետության պատմության վրա:

Գալիպոլիում դաշնակիցների արյունոտ պարտությունը պետք է ստվեր գցեր Ուինսթոն Չերչիլի ամբողջ կարիերայի վրա: Սա փաստ է, որը լավ հայտնի է հազարավոր ավստրալացիների ու նորզելանադցիների, որոնք պատրաստվում են ապրիլին ժամանել պատերազմական գործողությունների վայր: Այլ հարց է, թե ապրիլի 24-ի մեկ այլ սարսափելի տարելիցի մասին նրանք որքան կիմանան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment