Եվրասիական խաբկանք.Ռուսաստանի տնտեսական միության առասպելը

Եվրասիական խաբկանք.Ռուսաստանի տնտեսական միության առասպելը

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը նոր փորձ ձեռնարկեց 2010-ին, երբ վերջապես նախաձեռնեց Մաքսային միության հիմնում Բելառուսի և Ղազախստանի հետ` ցանելով ԵԱՏՄ հիմնելու սերմերը: Սկզբում Մոսկվան հույս հայտնեց, որ կազմակերպության տնտեսական օրակարգը ի վերջո կհանգեցնի նաև քաղաքական ինտեգրման:
  • ԵՄ ամենամեծ տնտեսությունն ունեցող Գերմանիային բաժին է հասնում միության ՀՆԱ-ի 15.8%-ը և բնակչության ընդամենը 6 տոկոսը: Եթե նույնիսկ Ռուսաստանի տնտեսության համար ամենավատ կանխատեսումները 2015-ին իրականան և այդ երկրի ՀՆԱ-ն իջնի ութ տոկոսով, Ռուսաստանը շարունակելու է լինել ԵԱՏՄ առաջատարը` ունենալով միության տնտեսական ներուժի մոտ ¾-ը:
  • ԵԱՏՄ-ին Հայաստանի արագ միացումը, որը տեղի ունեցավ հունվարի 2-ին, չէր կարող հավասարակշռել իրավիճակը, քանի որ այս երկրի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 10 միլիարդ դոլար (սա ընդհանուր ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի մեկ տոկոսից էլ քիչ է), բնակչությունն էլ ընդամենը 3 միլիոն է (ԵԱՏՄ բնակչության երկու տոկոսը):
  • ԵԱՏՄ և ոչ մի անդամ պատրաստ չէ զիջել իշխանությունը վերազգային մարմիններին, քանի որ դրա հետևանքով կսահմանափակվի նրանց ինքնիշխանությունը: Ցանկացած դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը, որը ԵԱՏՄ-ն տեսնում է որպես Ռուսաստանի իշխանությունն ավելացնելու միջոց, չի ցանկանա փոքր երկրներին թույլատրել ղեկավարել նման համակարգեր: Փոխարենը ԵԱՏՄ ինստիտուտները, հավանաբար, կշարունակեն ստեղծել հետագա ինտեգրման արտաքին շղարշ` նվազագույնի հասցնելով ինտեգրման ուղղությամբ իրական գործողությունները:
  • Պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի և Արևմուտքի միջև Բելառուսին ու Ղազախստանին ի վերջո ստիպեցին ընտրություն կատարել: Ի պատասխան ԱՄՆ և ԵՄ տնտեսական սահմանափակումներին, Ռուսաստանը արգելեց արևմտյան մթերքի լայն տեսականու ներմուծումը և դա չքննարկեց ԵԱՏՄ իր գործընկերների հետ: Ու սա այն դեպքում, երբ նման որոշումը ուղղակիորեն հարվածում է անդամ մյուս բոլոր երկրներին:
  • Փաստացի Մինսկն ու Աստանան արդեն սկսել են իրենց տարբերակների դիտարկումները: Լուկաշենկոն և Նազարբաևը անցած ամիս այցելել են Կիև և ցուցադրել իրենց թափանցիկությունն ու Ուկրաինայի նոր կառավարության, մեծ հաշվով ամբողջ Արևմուտքի հետ երկխոսության պատրաստակամությունը:

Ուշադրությանն արժանի

2015-ի առաջին օրը Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը պաշտոնապես ստեղծեցին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)` առևտրային դաշինք, որի միջոցով Մոսկվան հույս ունի համախմբել խորհրդային նախկին երկրներին: Նախաձեռնությունը, սակայն, թվում է դատապարտված է ձախողման: ԵԱՏՄ-ն ընդամենը խաբկանք է և վստահություն չի ներշնչում:

Երկու տասնամյակ Ռուսաստանը նախկին խորհրդային երկրներին կոչ էր անում ինտեգրվել հավասար գործընկերության հիմունքներով, ինչպես Եվրամիության անդամ երկրները: Նախկինում մի քանի անհաջող նման փորձերից մեկը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հիմնումն էր, որտեղ հավաքված երկրները չունեն ընդհանրություններ, դրա անդամներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուկրաինան և Ուզբեկստանը: Ռուսաստանը նոր փորձ ձեռնարկեց 2010-ին, երբ վերջապես նախաձեռնեց Մաքսային միության հիմնում Բելառուսի և Ղազախստանի հետ` ցանելով ԵԱՏՄ հիմնելու սերմերը: Սկզբում Մոսկվան հույս հայտնեց, որ կազմակերպության տնտեսական օրակարգը ի վերջո կհանգեցնի նաև քաղաքական ինտեգրման:

Բայց հավասար հիմունքներով շահութաբեր ինտեգրացիայի գաղափարը միշտ էլ եղել է գործընթացի մակերեսը: ԵԱՏՄ հիմնումից դեռ շատ առաջ ակհայտ էր, որ անդամ երկրների տնտեսական տարբերությունները ծառայելու են Ռուսաստանի շահերին, իսկ մյուսները դառնալու են երկրորդական: Նախքան ռուբլու արժեզրկումը, անցած տարի դեկտեմբերին, Ռուսաստանին բաժին էր հասնում այս միության անդամ երկրների ՀՆԱ-ի 87%-ը և բնակչության 83%-ը:

Համեմատության համար կարելի է նշել, որ ԵՄ ամենամեծ տնտեսությունն ունեցող Գերմանիային բաժին է հասնում միության ՀՆԱ-ի 15.8%-ը և բնակչության ընդամենը 6 տոկոսը: Եթե նույնիսկ Ռուսաստանի տնտեսության համար ամենավատ կանխատեսումները 2015-ին իրականան և այդ երկրի ՀՆԱ-ն իջնի ութ տոկոսով, Ռուսաստանը շարունակելու է լինել ԵԱՏՄ առաջատարը` ունենալով միության տնտեսական ներուժի մոտ ¾-ը:

ԵԱՏՄ-ին Հայաստանի արագ միացումը, որը տեղի ունեցավ հունվարի 2-ին, չէր կարող հավասարակշռել իրավիճակը, քանի որ այս երկրի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 10 միլիարդ դոլար (սա ընդհանուր ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի մեկ տոկոսից էլ քիչ է), բնակչությունն էլ ընդամենը 3 միլիոն է (ԵԱՏՄ բնակչության երկու տոկոսը): Մայիսին սպասվում է, որ միությանը կանդամակցի թույլ տնտեսություն ունեցող Ղրղզստանը, որը մեծապես կախված է չինական ապրանքները Ղազախստան և Ռուսաստան արտահանելուց: Այս երկիրը կկիսի միության ծախսերը, բայց շատ օգուտ տալ չի կարողանա:

ԵԱՏՄ-ն կարող է շահութաբեր լինել միայն Ուկրաինայի անդամակցությամբ, բայց Ռուսաստանը վերջնականապես կորցրել է այդ հնարավորությունը Ղրիմի գրավմամբ:

ԵԱՏՄ-ում բացակայում են ինստիտուտները, որոնք կարող են օգնել տնտեսական փոքր պոտենցիալի իրագործմանը: Անդամ երկրների ղեկավարների հանդիպումներին զուգահեռ ինտեգրման մեխանիզմների կիրառման աշխատանք քիչ է տարվել: ԵԱՏՄ և ոչ մի համակարգ, այդ թվում Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովը (միության կարգավորիչ մարմինը) և ընդհանուր դատարանը, չունեն որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ազդեցություն:

Համեմատած ԵՄ ղեկավար մարմինների հետ, որոնց որոշումները պետք է հարգեն անդամ բոլոր երկրները, ԵԱՏՄ ինստիտուտներն ունեն միայն խորհրդատվական իշխանություն, չունեն քաղաքական մանդատ իրենց որոշումները պարտադրելու համար:

Բացի այդ, ԵԱՏՄ և ոչ մի անդամ պատրաստ չէ զիջել իշխանությունը վերազգային մարմիններին, քանի որ դրա հետևանքով կսահմանափակվի նրանց ինքնիշխանությունը: Ցանկացած դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը, որը ԵԱՏՄ-ն տեսնում է որպես Ռուսաստանի իշխանությունն ավելացնելու միջոց, չի ցանկանա փոքր երկրներին թույլատրել ղեկավարել նման համակարգեր: Փոխարենը ԵԱՏՄ ինստիտուտները, հավանաբար, կշարունակեն ստեղծել հետագա ինտեգրման արտաքին շղարշ` նվազագույնի հասցնելով ինտեգրման ուղղությամբ իրական գործողությունները: Դժվար է պատկերացնել, որ Բելառուսը կամ Ղազախստանը կհամաձայնեն որևէ քայլ կատարել, որը կփոխի իրենց երկրների տնտեսական համակարգերը: Վերջին հաշվով ԵԱՏՄ-ն կփոխարինի ԱՊՀ-ին, որտեղ կարգավորող մարմիններ կան, բայց դրանք շարունակում են ամբողջությամբ պասիվ մնալ:

Տնտեսական և քաղաքական միության խաբկանքը, որով ԵԱՏՄ անդամներն ապրում են անցած երեք տարիներին, ջրի երես է դուրս եկել ուկրաինական ճգնաժամի պատճառով: Ռուսաստանն իր գործընկերներից աջակցություն էր սպասում Ուկրաինայում իր գործողությունների և Արևմուտքի պատժամիջոցների հարցերում, կամ, առնվազն, խնդրին ոչ արևմտամետ մոտեցում էր ակնկալում: Բայց միության սահմաններից դուրս ընթացող ճգնաժամը լուրջ խնդիրներ առաջացրեց միության ներսում` բացահայտելով, թե անդամ երկրները միմյանց մասին իրականում ինչ են կարծում:

ԵԱՏՄ գործընկերներին ակնհայտ դարձավ, որ նրանք միմյանց խաբում են տնտեսական ինտեգրման միջոցով առաջընթացի ցանկություն ունենալու հարցում: Բելառուսն ու Ղազախստանը ցանկացան չեզոք դիրք գրավել այս հակամարտությունում: Նրանք մտահոգություն հայտնեցին, երբ Ռուսաստանը գրավեց Ղրիմը և աջակցություն ցուցաբերեց Ուկրաինայի արևելքի անջատողականներին, բայց վախեցան բացահայտ որևէ մեկին աջակցել, քանի որ Մոսկվան անուշադրության էր մատնել ինքնիշխան սահմանների և միջազգային իրավունքի սկզբունքները:

Ավելին, Ռուսաստանի բախումը Արևմուտքի հետ ցույց տվեց, որ ի տարբերություն Բելառուսի ու Ղազախստանի, Ռուսաստանը պատրաստ է զոհաբերել տնտեսական զարգացումն ու ներքին կայունությունը աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար:

Բայց պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի և Արևմուտքի միջև Բելառուսին ու Ղազախստանին ի վերջո ստիպեցին ընտրություն կատարել: Ի պատասխան ԱՄՆ և ԵՄ տնտեսական սահմանափակումներին, Ռուսաստանը արգելեց արևմտյան մթերքի լայն տեսականու ներմուծումը և դա չքննարկեց ԵԱՏՄ իր գործընկերների հետ: Ու սա այն դեպքում, երբ նման որոշումը ուղղակիորեն հարվածում է անդամ մյուս բոլոր երկրներին:

Ղազախստանն ու Բելառուսը չհամաձայնեցին միանալ Արևմուտքի դեմ Ռուսաստանի հակապատժամիջոցներին: Փոխարենը նրանք օգուտ քաղեցին Ռուսաստանի հետ ազատ առևտրի ռեժիմից` ապօրինաբար Ռուսաստան ներմուծելով լեհական խնձորներ, ֆրանսիական պանիր և գերմանական մսամթերք: Ռուսաստանը վերջերս արգելեց  Բելառուսի և իր տարածքով Ղազախստան ներմուծել ԵՄ ապրանքները: Ապրանքների մեծ մասը Ղազախստան չհասավ, անհետացավ Ռուսաստանի տարածքում:

Անցած ամսվա ընթացքում Մոսկվան հետքայլ է կատարել` վերակարգավորելով սահմանային հսկողությունը և սահմանափակելով ապրանքների ներմուծումը` դրանով իսկ խախտելով Մաքսային միության առանցքային սկզբունքը` ապրանքների ազատ տեղաշարժը: Մոսկվան նաև արգելել է բելառուսական մի խումբ ապրանքների ներմուծումը տեղական շուկա` որպես պատիժ ԵՄ ապրանքները բելառուսական պիտակներով ապօրինաբար Ռուսաստան ներմուծելու համար:

Ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական քաղաքականությունն անվանել է «հիմար և անուղեղ» ու ցանկություն հայտնել «կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ»` սահմանելով վիզային ռեժիմի ազատականացում:

Շատ գործոններ կան, որոնք դրդում են ենթադրել, որ Մաքսային միությունը չի կայանա: Թույլ ռուբլին ռուսական ապրանքները դարձրել է ավելի էժան, հետևաբար` ավելի գրավիչ Բելառուսի և Ղազախստանի շուկաների համար: Սա հարվածում է տեղական արտադրությանը, ինչը նշանակում է, որ այդ երկու երկրներն անցնելու են դրանց պաշտպանելու քաղաքականությանը, ինչն էլ, իր հերթին, հարվածելու է միության անդամների ինտեգրմանը:

Ամեն ինչ ավելի է վատ է երևում, քանի որ Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը վախեցնում է ԵԱՏՄ անդամ գործընկերներին: Անցած ամիս նախագահական ուղերձում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ չի փոխի քաղաքականությունն Արևմուտքի նկատմամբ: Բայց ԵԱՏՄ անդամներից և ոչ մեկը չի շահի իր հարևանի հետ հարաբերությունները դանդաղեցնելու հեռանկարից: Որքան շատ է ռուսական տնտեսական ճգնաժամի ազդեցությունն այդ երկրների վրա, այդքան դրանք ավելի շատ են նայելու դեպի Արևմուտք:

Փաստացի Մինսկն ու Աստանան արդեն սկսել են իրենց տարբերակների դիտարկումները: Լուկաշենկոն և Նազարբաևը անցած ամիս այցելել են Կիև և ցուցադրել իրենց թափանցիկությունն ու Ուկրաինայի նոր կառավարության, մեծ հաշվով ամբողջ Արևմուտքի հետ երկխոսության պատրաստակամությունը:

Ղազախստանը համաձայնել է կառուցել ածխի արտահանման նոր ճանապարհ իր Էկիբաստուզ ածխահանքից դեպի Ուկրաինա և խթանել ռազմական գործակցությունը երկու երկրների միջև: Բելառուսն էլ հայտարարել է, որ պատրաստ է «մեկ օրում օգնել Կիևին ցանկացած հարցում»:

Այս զարգացումները չեն նշանակում, որ Եվրասիական ինտեգրացիան շուտով ի չիք կդառնա: Քանի դեռ Լուկաշենկոն, Նազարբաևը և Պուտինը իշխանություն ունեն, շարունակելու են խոսել, թե ինչպես են տեսնում միության հեռանկարը: Բայց առանց իրական ինստիտուտների կամ հավասար գործընկերության հեռանկարի, միությունը կդադարի գոյություն ունենալ այս ղեկավարների հեռանալու օրը: Կարճ ասած ԵԱՏՄ-ն նման է Ռուսաստանի ժողովրդավարությանը. բոլորը սպասում են, որ դա իրականություն կդառնա, երբեմն այն նույնիսկ կյանքի նշաններ է ցույց տալիս, բայց, իրականում, շարունակում է մնալ խաբկանք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment