10 բան, ինչի համար համաշխարհային առաջնորդները շնորհակալ են

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսուա Օլլանդը կարող է շնորհակալ լինել, որ իր նախագահության ավարտից հետո շատ բարձր թոշակ կստանա:
  • Գերմանիայի Կանցլերը պետք է շնորհակալ լինի, որ նա Ֆրանսիայի նախագահը չէ:
  • Վլադիմիր Պուտինի համար դժվար է գտնել որևէ բան, որի համար կարելի է շնորհակալ լինել:
  • Մարդկությունը շարունակում է նոր գիտական բացահայտումներ անել, կերտել արվեստի, երաժշտության և գրականության ոգեշնչող գործեր, ինչի համար շնորհակալ ենք բոլորս։

Ուշադրությանն արժանի

Ամերիկայի Միացյալ նահանգները միակ երկիրը չէ, որը տոնում է Երախտիքի օրը, սակայն, այնուամենայնիվ, այն դիտարկվում է, որպես բացառապես ամերիկյան տոն: Այս տոնի ակունքները գալիս են մի գեղեցիկ պատմությունից. ուխտագնացների և տեղի բնակչության միջև բարիդրացիական հարաբերությունների մասին, ինչը ավելի նախընտրելի պատմություն է, քան եվրոպացիների և բնիկների հարաբերությունների հետագա զարգացումները: Այսօրվա հիմնական զբաղմունքը չափից շատ ուտելն է` զբաղմունք, որին գերազանցությամբ տիրապետում են ամերիկացիները: Եվ ի՞նչը կարող է ավելի ամերիկյան լինել, եթե ոչ այն, որ գնումների սեզոնին` ոչ աշխատանքային օրը տոն է նշանակվում երկրի տնտեսությանը թափ հաղորդելու համար:

Այնուամենայնիվ, երախտիքի օրը յուրահատուկ տոն է, որը մեզ հնարավորություն է տալիս գիտակցել, որ մեր բոլոր հաջողությունները չեն հանդիսանում միայն մեր ջանքերի արդյունք: Կարևոր չէ` որքան խելացի և աշխատասեր է մարդը, նա, միևնույն է, ընտանիքի և ընկերների օգոնւթյան կարիքը ունի: Այս օրը մենք վայելում ենք բարեմաղթանքները` անկախ նրանից` արժանի ենք, թե ոչ:

Մեզ մոտ երախտիքի ավանդույթը ենթադրում է, որ յուրաքանչյուրը պետք է ընտրի մի բան, որի համար նա շնորհակալ է: Եվ ինձ հետաքրքիր է, թե համաշխարհային տարբեր առաջնորդներ, ինչի համար շնորհակալ կլինեին, եթե նստած լինեին մեզ հետ մի սեղանի շուրջ: Ես, իհարկե, դա չգիտեմ, սակայն դա չի խանգարում  կռահել: Ստորև ներկայացնում եմ այս տարվա ընթացքում տեղի ունեցած 10 իրադարձություններ, որոնց համար համաշխարհային առաջնորդները շնորհակալ են:

Խի Ջինպինգ

Դժվար, թե նա բարձրաձայնի այս միտքը, սակայն Չինաստանի նախագահը, երևի թե, շնորհակալ է, որ ԱՄՆ-ն նորից ներգրավված է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում ընթացող գործընթացներին: ԱՄՆ-ն որևէ եկամուտ չունի, ավելին, ստիպված է  մեծ ծախսեր կատարել և դիմակայել իր գործողությունների հետևանքներին:

Եվ որքան երկար տևի ԱՄՆ ներգրավվածությունը Իրաքի, Սիրիայի և Եմենի խնդրներին, այնքան երկար ուշադրությունից հեռու կլինեն Արևելյան Ասիայի խնդիրները, և Չինաստանի` օրեցօր աճող տարածաշրջանային դերը:

ԱՄՆ-ի  միջազգային գերտերություն դառնալը պայմանավորված էր նրանով, որ նրա հակառակորդները բավական ծախսատար մրցակցության մեջ էին միմյանց հետ, և վստահ եմ, որ Խին պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Չինաստանը խուսափի բոլոր այն խնդիրներից, որոնք անխուսափելի են ԱՄՆ համար: Ես վստահ եմ, որ նա չի մտահոգվում նաև Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առկա լարված հարաբերությունների պատճառով:

Դիլմա Ռուսեֆ

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում գերմանացիներից 7:1 հաշվով կրած պարտությունը խոցեց բրազիլացիների ազգային ինքնասիրությունը, սակայն նախագահ Ռուսեֆը, հավանաբար, շնորհակալ է, որ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ինքնին մեծ հաջողությամբ անցավ:

Շատերը կարծում էին, որ Բրազիլիան պատրաստ չէ առաջնությանը և նախապատրաստական աշխատանքները դուրս են մնում ժամանակացույցից և կանխատեսում էին, որ առաջնությունը տապալվելու է:

Չնայած դրան, աշխարհի տարբեր ծայրերից ֆուտբոլասերները ժամանեցին, որպեսզի ներկա գտնվեն այս իրադարձությանը:Ռուսեֆը վերընտրվեց: Այժմ նրան մնում է միայն պատրաստվել 2016թ. Օլիմպիական խաղերին:

Ֆրանսուա Օլլանդ

Հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահ Օլլանդի հեղինակությունը ծայրաստիճան ցածր է, նա հավանաբար մի փոքր ուրախացել էր, որ Ֆրանսիայում, գրեթե, անհնար է իմպիչմենթ հայտարարել նախագահին: Սակայն, անցած շաբաթ ֆրանսիացիները օրենք ընդունեցին, որը հեշտացնում  է իմպիչմենթի հայտարարումը, և խոցելի է դարձնում Օլլանդի դիրքերը:

Ամեն դեպքում, Օլլանդը կարող է շնորհակալ լինել, որ իր նախագահության ավարտից հետո  շատ բարձր թոշակ կստանա:

Այն հասանելի է Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահներին, անկախ` պաշտոնավարման օրոք ինչպես են իրենց դրսևորել: Ֆրանսիայի տնտեսության ծանր վիճակը չի ազդում Օլլանդի ապրելամակարդակի վրա, հետեւաբար,  Օլլանդը պետք է շնորհակալ լինի դրա համար:

Անգելա Մերկել

 Այս մեկը շատ պարզ է` Գերմանիայի Կանցլերը պետք է շնորհակալ լինի, որ նա Ֆրանսիայի նախագահը չէ:

Վլադիմիր Պուտին

Բախվելով նավթի գների նվազման, տնտեսական պատժամիջոցների և դեմոգրաֆիական խնդիրների հետ` Վլադիմիր Պուտինի համար դժվար է գտնել որևէ բան, որի համար կարելի է շնորհակալ լինել: Սակայն, ես վստահ եմ, որ նա շնորհակալ է, որ ՌԴ-ն տիրապետում է ատոմային հսկայական արսենալի, շարունակում է մնալ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամ և կարևորագույն դեր խաղալ Իրանի, Սիրիայի և մի քանի այլ ճգնաժամերի մեջ:

Պուտինը պետք է նաև երախտապարտ լինի ՆԱՏՕ-ի Եվրոպական առաջնորդներին, որոք թույլ տվեցին, որ իրենց երկրների ռազմական հնարավորությունները հյուծվեն՝ միաժամանակ Արևելքում ստանձնելով անվտանգության նոր պարտավորություններ:

Նա նաև պետք է երախտապարտ լինի Արևմուտքի քաղաքականությանը ուկրաինական ճգնաժամի համար, որը նրան հնարավորություն տվեց վերադարձնել Ղրիմը: Վերջապես, նա պետք է շնորհակալ լինի, որ համաշխարհային այլ գերտերություններ նույնպես դեմ են ԱՄՆ լիբերալ հեգեմոնիային և կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան Վաշինգտոնին ամբողջությամբ իր կամքը թելադրել Մոսկվային:

Հիլարի Քլինթոն

Պատրաստվելով 2016թ. նախագահական ընտրություններին` Հիլարին պետք է շնորհակալ լինի Օբամային այն բանի համար, որ վերջինս նրան երկար ժամանակ չտվեց պետքարտուղարի պաշտոնում: Ինչպես ես նշել եմ ավելի վաղ, նա լավ թիմային խաղացող էր առաջին նախագահական սահմանադրական ժամանակահատվածի ընթացքում, սակայն Սպիտակ Տունը մշտապես բավական խորը ներգրավվածություն է ունեցել դիվանագիտական գործընթացներին, ինչը թույլ չէր տալիս Հիլարիին գործել անկախ:

Աբդել Ֆատահ Աս-Սիսի

Եգիպտոսի իշխանության եկած գեներալը, անկասկած, ուրախ է, որ ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում թե՛  ռազմական ոլորտում, և թե՛  դիվանագիտական ճակատում, և թե՛  աչք է փակում Մուսուլման Եղբայրների նկատմամբ նրա հետապնդումներին:

Սակայն, Սիսին այս տարի շնորհակալություն պետք է հայտնի  Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններն են, որոնք մոտ 20 մլրդ. ԱՄՆ դոլար են նվիրել Եգիպտոսին` ծանր վիճակում գտնվող տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար:

Այսպիսի ընկերներ ունենալով, ու՞մ է պետք ժողովրդավարությունը:

Այաթոլլահ Ալի Խամենեյ

Իրանի հոգևոր առաջնորդը պետք է շնորհակալ լինի ԱՄՆ սենատորներ Մարկ Քիրքին, Լինդսի Գրահամին և Ռոբերտ Մենեդեսին և մի շարք աջակողմյան կազմակերպություններին,  որոնք հակված են կոշտ քաղաքականությանը  և ջանք չեն խնայում խափանելու հնարավոր ատոմային գործարքը: Եթե բանակցությունների ներկայիս զարգացումները փակուղի մտնեն և ԱՄՆ կոնգրեսական ընդդիմությունը մեղադրի դրանում ԱՄՆ իշխանություններին, ներկայիս պատժամիջոցների համակարգը կտապալվի, Իրանի միջուկային ծրագիրը կզարգանա և Իրանի ու միջազգային հանրության միջև երկխոսության հնարավորությունը կրկին կհետաձգվի:

Նման զարգացումը ձեռնտու է Խամենեյին, քանի որ բանակցություններում առաջխաղացումը զգալի վտանգ կհանդիսանա Իրանի հոգևոր իշխանության համար: Կուբային ուղղված սպառնալիքները 50 տարվա ընթացքում չհանգեցրեցին Կաստրո եղբայրների իշխանության տապալմանը: Իրանի մեկուսացումը և Իսլամական Հանրապետությանը պատժամիջոցների ենթարկելը նույնպես մեծ ցնցումներ չպատճառեց:

Սակայն, բացե՛ք Իրանը, օտարերկրյա ներդրումներ կատարեք, զբոսաշրջիկներ ներս թողեք,  թույլ տվեք իրանցի երիտասարդների ուսումը օտարերկրյա համալսարաններում և կտեսնեք, թե ինչպես է տապալվում մոլաների իշխանությունը: Որքան էլ դա հեգնական չլինի, սակայն ԱՄՆ-ում կոշտ քաղքականության կողմնակիցները ակամա անում են ամեն ինչ` Իրանում մոլաների իշխանությունը պահպանելու համար, և Խամենեյին պետք է խորապես շնորհակալ լինի դրա համար:

ԱՄՆ հատուկ հետախուզական ծառայությունները

Ջոն Բրենանը, Ջեյմս Կլապերը և նրանց շատ ենթականեր պետք է շնորհակալ լինեն Օբամային այն բանի համար, որ Սպիտակ Տունը պատասխանատվության չենթարկեց նրանց: Թե՛Կլեպերը, թե՛ Բրենանը վերջին տարիներին կեղծ հայտարարություններ են արել NSA-ի և ԿՀԳ-ի գործունեության մասին, սակայն պահպանում են իրենց պաշտոնները և վայելում են Օբամայի վստահությունը: Սակայն քաղաքացիները, որոնք հարկեր են վճարում այս կազմակերպություններին, անգամ գաղափար չունեն, թե ինչով են այս կազմակերպությունները զբաղված: Շատ էին վատ լուրերը 2013-ի Գոհաբանության կամ Երախտիքի օրվանից հետո` Արևմտյան Աֆրիկայում էբոլայի բռնկումը, Սիրիայի քաղաքացիական պատերազմի սրումը, ռեցեսիաների վերադարձը Ճապոնիայում և տնտեսական ճգնաժամը Եվրոպայում: Այս ամենին միանում են Գազայում անիմաստ պատերազմը և նույնքան անիմաստ սպանությունները Երուսաղեմում ու Արևմտյան ափում, Իսլամական Պետության ի հայտ գալը, աշխարհաքաղաքական մարտահրավերներն Արևելյան Ասիայում, Կենտրոնական Աֆրիկայում և այլ թեժ կետերում:

Այնուամենայնիվ, ինչ՞ի համար մենք պետք է շնորհակալ լինենք: Կուզենայի սկսել աղետներից, որոնք կարող էին տեղի ունենալ, սակայն տեղի չունեցան:

Անցավ և մի տարի առանց մասսայական ոչնչացման զենքի կիրառման, և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զրկվեց իր ՄՈԶ արսենալից: Իրանն ու 5+1-ը դեռ բանակցում են, որը, հիմնականում, ավելի նախընտրելի է, քան պատերազմը: Եվրագոտին չփլուզվեց, Շոտլանդիան և Կատալոնիան չանջատվեցին (դեռ):  Մի շարք զարգացող երկրներ տպավորիչ տնտեսական աճ գրանցեցին: Արևելյան Չինաստանում կամ Հարավ-Չինական ծովում ռազմական բախում տեղի չունեցավ, իսկ Չինաստանի նախագահ Սին և Ճապոնիայի վարչապես Աբեն ԱԽՏՀ գագաթնաժողովին նույնիսկ հպանցիկ ձեռքսեղմեցին: Հաքերները շարունակում են տարբեր վնասակար հարձակումներ իրագործել, սակայն ոչ մի հոռետեսական կանխատեսում չի արդարացնում կիբերհանցագործությունների դեմ պայքարի բյուջեի ավելացումը: Ահաբեկչությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր անվերահսկելի մի շարք շրջաններում, սակայն երկրագնդի բնակչության ճնշող մեծամասնությանը ծայրահեղականների բռնությունները շրջանցեցին: Կային նաև մի շարք այլ հուսադրող դրվագներ: ԱՄՆ և Չինաստանի միջև ստորագրվեց կլիմայի փոփոխության մասին համաձայնագիրը, որը, ինքնին, մեծ նշանակություն չունի, սակայն Չինաստանը բացահայտ ընդունեց, որ անհրաժեշտ է վերանայել իր վերաբերմունքը, ինչն արդեն քայլ է ճիշտ ուղղությամբ: Էբոլայի նկատմամբ միջազգային արձագանքը չափազանց դանդաղ էր, սակայն մենք երախտապարտ պետք է լինենք այն կանանց և տղամարդկանց, որոնք բուժում են հիվանդներին Արևմտյան Աֆրիկայում և աշխատում են վերացնել հիվանդությունը: Անգամ ոչ կաթոլիկներն ու աթեիստները պետք է շնորհակալ լինեն Հռոմի Պապ Ֆրանցիսկին իր ջանքերի համար՝ հանդուրժողականության և մարդկայնության կաթոլիկական դոկտրինների վերակենդանացման ուղղությամբ:

Մարդկությունը շարունակում է նոր գիտական բացահայտումներ անել, շարունակում է կերտել արվեստի, երաժշտության և գրականության ոգեշնչող գործեր: Բոլոր ազգերի, կրոնների, տարբեր մասնագիտություններ ներկայացնող կանայք և տղամարդիկ աշխատում են` ավելի խաղաղ և ներդաշնակ աշխարհ կերտելու նպատակով:Այս բոլոր իրադարձությունները կարող են փոքր թվալ, սակայն ինձ համար այս շաբաթ նրանք բավարար են շնորհակալ լինելու համար:

Եվ ես շնորհակալ  կլինեմ: Հուսով եմ՝ դուք նույնպես:

ՇՆՈՐՀԱՎՈՐ

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment