Չնայած ջիհադիստական սպառնալիքներին՝ քրիստոնյաները շարունակում են մնալ Սիրիայի Հալեպ քաղաքում

Հոդվածի առանցքում

  • Սիրիայի բնակչության 10%-ը կազմում են տարբեր ուղղությունների քրիստոնյաները:
  • Մինչպատերազմյան 2.5 մլն բնակչության միայն 1 միլիոնն է մնացել քաղաքում:
  • Հալեպի քրիստոնեական 8 տարբեր ուղղությունների համայնքները կենտրոնացած են կառավարության վերահսկվող վեց հարևան շրջաններում:
  • Ջիհադիստները ընտրության հնարավորություն են տվել ջիզիա վճարել կամ փախուստի դիմել:

Ուշադրությանն արժանի

Տասնյակ հազարավոր քրիստոնյաներ ավերիչ պատերազմի պատճառով փախել են Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք Հալեպից, սակայն շատ-շատերը վճռականորեն շարունակում են մնալ՝ չնայած Իսլամական պետության ջիհադիստների նկատմամբ վախին:

Սիրիայի բնակչության 10%-ը կազմում են տարբեր ուղղությունների քրիստոնյաները: Նախքան 2012 թվականի քաղաքացիական պատերազմի սկիզբը, միայն Հալեպում ապրում էին 250. 000  քրիստոնյա:

Կառավարության վերահսկվող շրջաններում բնակվող ընտանիքները ամեն կիրակի երեկոյան հավաքվում են եկեղեցում, որը պայծառ լուսավորված է՝ քաղաքի գլխավոր գեներատորի հաշվին: Իսկ քաղաքում հոսանքի անջատումները հաճախ են տները մթության մեջ թողնում:

«Մեր համայնքի շատ անդամներ հեռացել են, որովհետև «Դայեշի» ահաբեկչության պատճառով կորցրել են իրենց աշխատանքը»,- ասել է Հալեպի քրիստոնյաների հասարակական կապերի պաշտոնյա Ջորջ Բախաչեն՝ օգտագործելով Իսլամական պետության արաբական հապավումը:

«Ջիհադիստները քաղաքում չեն, սակայն, նրանք սարերի ետևում էլ չեն: Քրիստոնյաները խուճապի են մատնվում, երբ տեսնում են՝ ինչ է կատարվում Մոսուլի (Իրաքի երկրորդ քաղաքը, որ ԻՊ-ն գրավել է հունիսին) քրիստոնյաների հետ»,-ավելացրեց նա:

Ջիհադիսները ընտրության հնարավորություն են տվել՝ հավատափոխություն, ջիզիա (ոչ-մուսուլմանների հարկ) վճարել կամ փախուստի դիմել: Գրեթե բոլորը ընտրել են վերջին տարբերակը:

«Դա մեծ խառնաշփոթ է առաջացրել այստեղ, և քրիստոնյաները հեռացել են Լիբանան, Շվեդիա, Կանադա, Ամերիկա և Հայաստան»:

Հալեպի հյուսիսային մայրաքաղաքը, որը մինչպատերազմյան Սիրիայի տնտեսական կենտրոնն էր, 2012 հուլիսից բաժանվել է արևմտյան սեկտորի, որը վերահսկում է կառավարական զինուժը:

ԻՊ-ն Հալեպի արևելյան արվարձաններում գրոհայիններ ունի: Բախաչեն ասաց, որ նա պատրաստվում է մնալ տեղում՝ ԱՄՆ-ում անվտանգ ապրող իր եղբայրներին ու քույրերին միանալու փոխարեն:

«Չնայած այս ամենին, մենք չենք լքի մեր հողը: Անհնար է»,-ասաց նա՝ գրկում պահելով իր երկամյա որդուն:

Ե՛վ քրիստոնյաների, և՛ մուսուլմանների արտագաղթը սկսվել է, երբ երկու տարի առաջ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հասել է Հալեպ:

Ըստ Սիրիայի Ֆրանսիական համալսարանի դասախոս Ֆաբրից Բալանչեի՝ մինչպատերազմյան 2.5 մլն բնակչության միայն 1 միլիոնն է մնացել քաղաքում: «250. 000 քրիստոնյաների կեսից ավելին հեռացել է, և այստեղ մնացել է միայն 100 հազարը, որի 50. 000-ը հայեր են»,-ասաց Բալանչեն:

Բասիլե Շավան, ով Մար Էլիաս եկեղեցու ետևում սուրճի խանութ ունի, վստահ է, որ նրանք կվերադառնան: «Արտագաղթած շատ քրիստոնյաներ պնդում են, որ իրենց թափառումները ժամանակավոր են և ետ կվերադառնան, հենց որ իրադրությունը կարգավորվի ու աշխատանք ունենան»,- նշել է նա:

Սուրբ Ֆրանցիսկոսի լատինական եկեղեցու հայր Իմադ Դահերը նշեց, որ քրիստոնյաները պատրաստվում են իրենց ամանորի եղևնիները զարդարել:

«Մենք կտոնենք Սուրբ Ծնունդը, անգամ, եթե մեր թիվը քիչ լինի: Մենք կտոնենք հանուն խաղաղության,-ասաց նա,- Մենք եղևնիները կզարդարենք միայն եկեղեցում և տներում, իսկ դրսում՝ ոչ՝ հարգելով զոհերի հիշատակը: Շատ արյուն է թափվել»:

Հայր Իմադը, ով 2012 թվականի հոկտեմբերի 10-ի հարձակման ժամանակ ծանր վիրավորվել էր, ասաց, որ Հալեպի քրիստոնյաները երբեք չեն հանձնվի.

«Մենք 100 տարի հետո էլ այստեղ կլինենք, որովհետև սա մեր հողն է»:

Քահանան պայթյունի ժամանակ կորցրել է իր մի աչքը, այտին պրոթեզ է կրում, իսկ ձեռքը վերականգնվել է երկաթե պտուտակների միջոցով: «Ես բուժվեցի Լիբանանում ու վերադարձա, որովհետև հովիվը չպետք է լքի իր հոտը, եթե անգամ գայլը մոտ է», -ասաց նա:

Հալեպի քրիստոնեական ութ տարբեր ուղղությունների համայնքները այժմ կենտրոնացած են կառավարության վերահսկվող վեց հարևան շրջաններում: «Սուրբ Էլիասի կենտրոնի տարածքում միայն վեց մարդ է մնացել: Ընտանիքները եկել ու տեղափոխել են մյուսներին արևմտյան Հալեպ, և նրանք այդպես էլ չեն վերադարձել»,- ասել է տնօրեն Աբու Յուսսեֆը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment