Ասադը կքննարկի Հալեպում զինադադարի մասին ՄԱԿ-ի առաջարկը

Հոդվածի առանցքում

  • ՄԱԿ-ի ներկայացուցիչն առաջարկում է Հալեպում կրակի դադարեցման ու հակամարտության աստիճանաբար «սառեցման» տարբերակներ:
  • Զինադադարի հաստատման ՄԱԿ-ի առաջարկը կլինի նախնական թեսթ, որի վրա էլ կհիմնվեն բանակցության մասնակիցները:
  • Ըստ ՄԱԿ-ի՝ պատերազմը մոտ 200.000 մարդու կյանք է խլել, ավերվել են հսկայական տարածքներ, բնակչության 1/3-ը լքել է իր տունը:
  • Փորձագետները ենթադրում են, որ քաղաքում հրադադարի հաստատման վերաբերյալ բանակցություն սկսելը դժվար կլինի:

Ուշադրությանն արժանի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր կառավարությունը կքննարկի հյուսիսային Հալեպ քաղաքում զինադադարի հաստատման ՄԱԿ-ի առաջարկը, հայտնում են պետական ԶԼՄ-ները:

Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի գաղափարը դիտարկում է որպես «ուսումնասիրության արժանի … որի նպատակն է վերականգնել անվտանգությունը Հալեպում», հաղորդում է սիրիական պաշտոնական լրատվական ծառայությունը՝ հղում անելով Ասադին: Սակայն Ասադը ոչ հաստատել է, ոչ էլ մերժել այդ գաղափարը:

Հաղորդագրությունը ստացվել է Դամսակոսում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ Ասադի հանդիպումից հետո:

Իտալական դիվանագիտության վետերանը փորձում է պատերազմից ավերված Սիրիայի համար կիրառել խաղաղ գործընթացը, որը չհաջողվեց իր երկու նախորդներին՝ Քոֆի Անանին եւ Լահդար Բրահիմին: Երկուսն էլ հիասթափված հրաժարական տվեցին: Ստաֆան դե Միստուրան առաջ է մղում դեռևս սաղմնային վիճակում գտնվող ծրագիր, որը պետք է նպաստի վերջ դնել ամբողջ Սիրիայում չորս տարի ձգվող հակամարտությանը:

Հալեպում այն կծառայի որպես նախնական թեսթ, ինչի վրա էլ կհիմնվեն բանակցության մասնակիցները: Սիրիայի հակամարտությանը վերջ դնելու բոլոր նախորդ դիվանագիտական ջանքերը ձախողվել են: Սիրիան վերածվել է արտաքին ուժերի կատաղի մարտադաշտի: Ապստամբներին սատարում են Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները, այդ թվում, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան: Նրանք ցանկանում են դուրս մղել Ասադի կառավարությունը, որը ստանում է Իրանի եւ Ռուսաստանի աջակցությունը:

Սիրիայի մեծ մասում տիրող քաոսը նպաստել է ռազմատենչ ապստամբական խմբավորումների աճին, այդ թվում, Իսլամական պետության, որը Ալ- Ղաիդայի մի ճյուղն է և այժմ վերահսկում է Սիրիայի ու հարևան Իրաքի հսկայական տարածքները: Աջակցելով ամերիկացիների բնորոշմամբ  «չափավոր» ապստամբներին՝ Վաշինգտոնը միաժամանակ ռմբակոծում է Իսլամական պետության դիրքերը Սիրիայում և Իրաքում:

Ըստ ՄԱԿ-ի տվյալի՝ սիրիական պատերազմը մոտ 200.000 մարդու կյանք է խլել, ավերվել են երկրի հսկայական տարածքներ,  բնակչության ավելի քան մեկ երրորդը լքել են իրենց տները:ՄԱԿ-ի ներկայացուցիչն առաջարկում է Հալեպում կրակի դադարեցման ու հակամարտության աստիճանաբար «սառեցման» տարբերակներ:

Հյուսիսային քաղաքը, որը մի ժամանակ երկրի առևտրական կենտրոնն էր, երկու տարի է բաժանվել է երկու՝ կառավարության և ապստամների կողմից վերահսկվող գոտիների: Քաղաքի պատմական հատվածի մեծ մասը ավերվել է ռմբակոծությունների ու փոխհրաձգությունների ժամանակ:

Երկուշաբթի հրապարակված ՄԱԿ- ի հայտարարության մեջ նշվում է, որ սառեցման առաջարկները «նախատեսված են առաջին հերթին թուլացնել բռնությունը… եւ թույլ տալ հակամարտությունից տուժած քաղաքացիներին վերադառնալ նորմալ կյանքի»:

Ի վերջո, նշում է ՄԱԿ-ը, դիվանագիտական ջանքերը կարող են հիմնվել հրադադարների վրա, որը կհանգեցնի  «ազգային բոլոր ուժերին ներառող քաղաքական գործընթացի»:

Բոլորը նաև ընդունում են, որ դրական արդյունքի համար  երկար ճանապարհ է պահանջվում:Քչերն են հավատում, որ կրակի դադարեցումը, որը պահանջում է հակամարտող կողմերի համաձայնությունը, կարող է ընդգրկել խորապես բևեռացված ժողովրդին:

Սակայն ծրագրի պաշտպաններն ասում են, որ արյունահեղությանը վերջ դնելու մի քանի տարբերակ կա: Զինադադարի կողմնակիցները մեջբերում են Սիրիայում հրադադարի հետ կապված անցյալի  որոշ հաջողությունների փաստեր:

Ընդդիմադիր ակտիվիստները եւ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են Սիրիայի կառավարությանը, որ հրադադարը և «հաշտեցման» բանակցություններն օգտագործում է որպես ապստամբներին ստիպողաբար հանձնվելու միջոց:

«Մենք, իհարկե, աջակցում ենք հրադադարները, որոնք համապատասխանում են մարդասիրական սկզբունքներին  և կօգնեն թեթևացնել Սիրիայի քաղաքացիների վիճակը», ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին հայտարարել է երկուշաբթի Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ցավոք, մինչև հիմա ձեռք բերված տեղական շատ զինադադարներ ավելի շուտ նման են հանձնվելու միջոցառումներին»:

Առայժմ պարզ չէ՝ իշխանությունն ու ընդդիմությունը համաձա՞յն են Հալեպում զինադադրի վերաբերյալ ՄԱԿ-ի առաջարկին: Կառավարական ուժերը Հալեպում կայուն հաջողությունների են հասել եւ խոստացել են հետ վերցնել քաղաքը:  Բայց նույնիսկ որոշ իշխանամետ դիտորդներ կասկածում են, որ բազմաթիվ ճակատներում պայքարող սիրիական բանակը կարող է, ի վերջո, խլել ամբողջ քաղաքի վերահսկողությունը: Հալեպում ապստամբների շարքերում շատ զինված ուժեր կան, որոնք կողմ են հակամարտությանը:

Փորձագետները ենթադրում են, որ  քաղաքում  հրադադարի հաստատման վերաբերյալ բանակցություններ սկսելը դժվար կլինի: Սիրիայում տասնյակ տեղական հրադադարներ են իրականացվել, որոնք եղել են թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ, ունեցել են տարբեր հաջողություններ: Մի շարք հրադադարների վերսկսման համար հակամարտող կողմերը միմյանց են մեղադրել: Մյուսներն էլ պահպանվում են, բայց շատ փխրուն են:

Որոշ դեպքերում, կրակի դադարեցումը ճանապարհ է բացել պաշարված թաղամասերին սննունդ և անհրաժեշտ իրեր առաքելու համար: Շատ դեպքերում, օրինակ Հոմսում, ընդդիմադիր զինյալներին հնարավորություն է տրվել իրենց զենքով անվտանգ դուրս գալ տարածքից:

Հրադադարներից շատերի ժամանակ կատարվել է բանտարկյալների փոխանակում: Սիրիայի իշխանությունն համաներում է խոստացել ապստամբներին, ովքեր զենքը վայր կդնեն եւ հավատարմության երդում կտան կառավարությանը: Որոշ դեպքերում, ընդդիմադիր զինյալները կարողացել են պահպանել  զենքի թեթեւ տեսակը:

Այսօր հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչպես կգործի ՄԱԿ-ի զինադադարի ծրագիրը Սիրիայում:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment