Սիրիայի ալավիների հետ ամեն ինչ կարգին  չէ

Հոդվածի առանցքում

  • Լաթաքիայի ալավիական համայնքի բազմաթիվ ընտանիքներ գաղտնի քննարկում են Ասադին փոխելու հարցը։
  • Լաթաքիայում ակնհայտ է սոցիալ-տնտեսական բաժանումը, որտեղ կարելի է հանդիպել և ծայրահեղ աղքատության և առավելագույն շքեղության:
  • Դամասկոսի ալավիները իրենց նույնացնում են դամասկոսցիների հետ, բացի այն դեպքերից, երբ անհրաժեշտ է լինում ընդգծել իրենց կապը կառավարող վերնախավի հետ:

Ուշադրությանն արժանի

Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում բազմաթիվ պաշտոնյաներ Սիրիայի ալավիների համայնքը միատարր զանգված են համարում: Այնուամենայնիվ, վերջին ամիսներին ներքին երկպառակություններ ի հայտ եկան, որոնք կապված էին  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գերդաստանի ու Ալավիների մեջ աճող բողոքի հետ: Վրդովված ալավիներից շատերը աշխատում են ռազմական ու պետական անվտանգության մարմիններում, հետևաբար Ասադի իշխանությունը նրանց աջակցության կարիքն ունի: Իրականում այն ալավիները, ովքեր ցանկանում են տեսնել Ասադի իշխանության ավարտը, հնարավոր է, որ ի վերջո հաղթահարեն սուննիական ընդդիմության հանդեպ ունեցած իրենց վախը:

Վաշինգտոնը պետք է ուշադրություն դարձնի Ասադի ռեժիմի, ընտանիքի ու Դամասկոսի, նրա կողմնակիցների, ինչպես նաև միջերկրածովյան շրջաններում բնակվող հակաասադական ու ասադամետ համայնքների միջև առկա այս տարաձայնություններին:

Ասադի նեղ շրջապատում լարվածության աճը առաջին անգամ նկատվեց օգոստոսին, երբ նախագահի զարմիկ Դուրայդ ալ-Ասադը կոչ արեց պաշտոնանկ անել Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահդ Յասսեմ ալ-Ֆրեյջին, երբ Իրաքի և աշ-Շամի իսլամական պետության Տաբքա օդանավում ավելի քան 120 սիրիացի զինվոր սպանվեցին:  Համաձայն պետական լրատվամիջոցների՝ Ասադի մեկ այլ զարմիկ՝ Հաֆեզ Մախլուֆը, ով Դամասկոսի հետախուզության բաժնի պետն է, «կամավոր» հրաժարական տվեց: Այդ նույն ընթացքում երկրի տարբեր շրջանների ակտիվիստ ալավիներ Ֆրեյջին կոչում էին «մահվան նախարար» իրենց հակաասադյան #Speak Up արշավում՝ բողոքելով հակամարտության սկզբից ևեթ մեծ թվով ալավիների մահվան համար:

Նույն ամսին ասադամետ մի իրավաբան ձերբակալվեց թվիթերում «#وينن» հեշթեգը նախաձեռնելուց հետո: Այս հեշթեգը նշանակում է «ո՞րտեղ են նրանք»՝ ուղղված ISIS-ի գերեվարած մոտ 120 զինվորների անունների պահանջին: Ալավի ակտիվիստները առավել հաճախ են սկսել ռեժիմի փոփոխություն պահանջել: Այս մասին նշվում էր «Սիրիական ալավիական հավաք» կոչվող խմբի հայտարարության մեջ:

Հեղափոխության սկզբից ի վեր հիմնականում Լաթաքիայի ալավիական Ջաբլեհ շրջանից ավելի քան 8.000 ասադամետ զինծառայողներ են սպանվել՝ չհաշված այլ ալավիական շրջանների հազարավոր զոհերը: Լաթաքիայում սգացող ընտանիքները օգոստոսին դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով իրենց վերադարձնել որդիների մարմիններն ու բղավելով. «Տա աստված, մենք էլ ներկա լինենք քո որդու թաղմանը»: Հոկտեմբերի սկզբին Աքրամ ալ-Մահզումի տարրական դպրոցի մոտ տեղակայված ռումբի պայթյունից հետո, որի ժամանակ զոհվեց 17 մարդ և վիրավորվեցին տասնյակ մարդիկ՝ հիմնականում երեխաներ, Հոմսի՝ զայրույթով լի հազարավոր ալավիներ պահանջեցին կառավարիչ Թալալ ալ-Բարազիի պաշտոնանկությունը:

Ցուցարարները Տարտուս նավահանգստային քաղաքում պահանջում էին Ասադի պաշտոնանկությունը, տեղի ակտիվիստների խոսքերով` Լաթաքիայի ալավիական համայնքի բազմաթիվ ընտանիքներ գաղտնի քննարկում են Ասադին փոխելու հարցը:

Ալավիական համայնքի մասնատվածությունը նորույթ չէ. սա արտացոլում է Ասադի գերակայության դեմ հակազդումը, այսպես կոչված, «ալ-Կալլասիահ» կլանում, որին պատկանում է նրա ընտանիքը: Այս կլանը պատերազմից պաշտպանված էր իր առափնյա ապահով անկլավում, մինչդեռ  մյուս ալավիական համայնքները, ինչպիսին, օրինակ, Հայդարիյան է, հարկադրված էին առաջին գիծ գնալ ու կռվել սիրիական ընդդիմության դեմ:

Այս վիրավորանքներով էլ պայմանավորված է լարվածությունը ալավիների շրջանում. կառավարության պաշտոնյաների ընտանիքները ապրում են շքեղության մեջ, մինչդեռ համայնքի մնացած ընտանիքները պայքարում են իրենց երեխաներին սնունդով ապահովելու համար: Բացի այդ, մայրաքաղաքում բնակվող ալավիները շատ ավելի ամուր կապված են Ասադի ընտանիքի հետ և ունեն ավելի մեծ արտոնություններ: Ի հակադրություն սրան՝ միջին ֆերմերը կամ փոքր խանութի տերը, որ ապրում է Լաթաքիայի լեռներում կամ անգամ Քարդահայում` Ասադի ընտանիքի հայրական քաղաքում, ունի շատ քիչ քաղաքական ազդեցություն, եթե իր  ընտանիքի անդամները չեն աշխատում ռեժիմի համար:

Տարօրինակ է, սակայն, Դամասկոսում տարիներ շարունակ ապրող ալավիները իրենց նույնացնում են դամասկոսցիների հետ, բացի այն դեպքերից, երբ անհրաժեշտ է լինում ընդգծել իրենց կապը կառավարող վերնախավի հետ:

Նման կապերը նրանց առավելություն են տալիս որոշակի ծառայություններ ստանալու առումով, ընձեռում են ավելի մեծ ազատություններ, քանի որ նրանք կարողանում են խուսափել  հողի մասին սահմանադրորեն ամրագրված պարտականություններից: Բավական է, որ Դամասկոսի փողոցներում մեկը խոսի ալավիական բարբառով կամ շեշտադրումով, կամ ընդամենը նշի իր ալավի լինելը, որպեսզի նույնացվի իշխանության հետ, որպեսզի խուսափի ամեն ինչից կամ սարսափ տարածի ոչ ալավիների շրջանում:

Լաթաքիայի լեռնային շրջաններում ակնհայտ է սոցիալ-տնտեսական բաժանումը. նույն շրջանում, օրինակ, հենց մեր հիշատակած Քարդահայում,  կարելի է հանդիպել և ծայրահեղ աղքատության և առավելագույն շքեղության:

Ասադի ընտանիքի անդամները, նրանց ընկերներն ու մերձավորները հայտնի են իրենց հեքիաթային առանձնատներով, հաճախ առանց պետական համարանիշների մոտոցիկլետներով և ավտոմեքենաներով, ինչը վկայում է այն մասին, որ զբաղվում են մաքսանենգությամբ:

Անցնելով ոտաբոբիկ երեխաների կողքով, որոնք բնակվում են գրեթե  ջուր և էլեկտրականություն չունեցող փոքրիկ խրճիթներում, այս արտոնյալները, կարծես արքաներ լինեն: Այսօր աղքատ գյուղացիները թանկ են վճարում պատերազմի համար, քանի որ Ասադի կառավարությունը նրանց որդիներին և դուստրերին ճակատային գծում, որպես կենդանի վահան է օգտագործում: Նրանք նաև ապստամբել են կառավարող ռեժիմի դեմ, սակայն նրանք թույլ են:

Նշենք, որ սիրիական ռազմական մի ներկայացուցչի միջոցով հայտնի են դարձել կտտանքների ենթարկված սիրիացի զոհերի նկարները: Դրանք գաղտնի հանձնվել են ԱՄՆ Հոլոքոսթի հուշահամալիր թանգարանին եւ ապացուցում են, որ ալավիների համայնքի անդամները ևս հանդիսացել են Ասադի բռնությունների զոհը:

Սակայն, Ալավիական համայնքի ներսում երկպառակությունները՝  ասադամետ և ասադին դեմ ճամբարների բաժանումը միշտ չէ, որ սիրիական ընդդիմության համար լավ նորություն է:

Օրինակ, Տարտուսում վերջին զանգվածային միջոցառումների ժամանակ ալավի բողոքողները կոչ էին անում պայքարել և Ասադի, և սիրիական ընդդիմության դեմ: Ասադի  դեմ ռազմական հեղաշրջումը ևս քիչ հավանական  է, քանի որ շատերը հիշում  են, որ երբ 2012 թ.-ին Ասադի նեղ շրջապատում դժգոհությունները աճում էին,  նա կազմակերպել է ճգնաժամային կառավարման՝ իր նեղ անձնական շրջապատի որոշ անդամների սպանությունը, որոնց թվում էր իր կնոջ եղբայր Ասեֆ Շաուկատը:

Չնայած այն հանգամանքին, որ ալավիական քաղաքական վերնախավը կապված է կոռուպցիայի հետ և չարաշահում է իշխանությունը, գյուղական վայրերում ալավիական համայնքները առավել արդար կյանք են վարում:

Սիրիայի նախկին նախագահ, Բաշարի հայր Հաֆեզ ալ-Ասադը, ով Սիրիան կառավարում էր 1970 թ.-ից մինչև 2000 թ.՝ իր մահը, համարվում էր ոչ միայն ալավիների քաղաքական առաջնորդ, այլ նաև կրոնական գործիչ՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում նա արհամարհում էր ալավիական ավանդույթները:

Այսպիսով, ալավիական խոշոր համայնքը չի ապստամբի իր հարգարժան առաջնորդի որդու դեմ: Իդեալական  տարբերակում ալավիներն ու սուննիները կարող էին հարթել իրեն տարաձայնությունները և միավորվելով՝ պաշտոնանկ անել Ասադին և հաղթել «Իսլամական պետությանը»: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ այս տարբերակը անհավանական է:

Այս երկու կողմերի միջև զանգվածային անվստահություն կա, միաժամանակ, նման անհամաձայնություններ և անվստահություն կա սուննիների և կրոնական փոքրամասնությունների միջև, ինչպիսին են, օրինակ, քրդերն ու քրիստոնյաները: Այս պայթունավտանգ անվստահությունը առաջին հերթին պայմանավորված է հասարակական պայմանագրի բացակայությամբ, որը սահմանում է հասարակական յուրաքանչյուր խմբի իրավունքներն ու պարտականությունները: Երկրորդ հերթին, դա պայմանավորված է սիրիական ընդդիմության՝ որոշումներ կայացնելու անընդունակությամբ, մասնավորապես այն առումով, թե ինչ կլինի ալավիների հետ,  երբ ընդդիմությունը գա իշխանության:

2011 թ. սիրիական հեղափոխությունը առաջին վեց ամիսների ընթացքում խաղաղ բնույթ ուներ, որի ընթացքում հասարակության բոլոր հատվածները բողոքում էին Ասադի դիկտատուրայի դեմ: Սակայն, վերջում, որպես Ասադի և Իրանի գործընկերության և ընդդիմության զինյալների շարքերում ջիհադականների ի հայտ գալու արդյունք, դա  վերածվեց կրոնական-անջատողական արյունահեղության:

Ներկա հակամարտության լուծման համար պահանջվում է ոչ միայն Ասադի հեռացումը, այլ նաև նրա ավտոկրատական  ռեժիմի հետևանքների վերացման բավականին ծանր գործը: Ասադին այլ առաջնորդով փոխարինելու գաղափարը, որը պաշտպանում են որոշ ալավիական ընտանիքներ, բավարար չէ: Ռեժիմի փոփոխությունը, որը կարող է տեղի ունենալ միայն դեմոկրատական ընտրություններում ընտրված նախագահի դեպքում, Սիրիայի ընթացիկ հակամարտության կարգավորման միայն առաջին քայլն է:  Այս քայլի իրականացման համար անհրաժեշտ է սիրիական բոլոր համայնքների միջև փոխադարձ վստահության կառուցումը՝ ներառական նոր սահմանադրության և իշխանությունների տարանջատման հիման վրա:

Ներկայումս Ասադը շարունակում է իրեն անհրաժեշտ օժանդակություն ստանալ ալավիական ընտանիքներից, ինչը, հավանաբար, պայմանավորված է այն սարսափով, թե ինչ կլինի, եթե ընդդիմությունը գա իշխանության:

Սակայն, հարկավոր է ընդգծել, որ ալավիական համայնքը միատարր չէ, և վերջին ամիսների ընթացքում դժգոհությունները շարունակ աճում են, որոնք կարող են կարևորագույն հիմք հանդիսանալ տարբեր կրոնական խմբերի միջև երկխոսության կառուցման համար: Վաշինգթոնը չպետք է սահմանափակի իր դաշնակիցներին Սիրիայում՝ ապստամբական զորքերին և տեղական ցեղերին մեղմելու առումով, ընդդիմադիր կերպով տրամադրված ալավիները ևս շատ կարևոր են:

Ալավիներին Ասադի դեմ հանդես գալու իրավունք է պետք, և սիրիական ընդդիմությունը պետք է օգտվի այս իրավիճակից՝ այն ընդունելով որպես հաշտեցման հիմնական առանցք:

Ազատ աշխարհի, մասնավորապես ԱՄՆ առաջնորդների քաղաքական և ռազմական օժանդակությունը  ևս անհրաժեշտ է՝ սիրիական հակամարտությանը վերջ դնելու համար, սակայն այս օժանդակությունը պետք է հաշվի առնի սիրիական համայնքների ներսում բաժանումների նրբերանգները, որպեսզի օգնի ալավիներին լուծել քաղաքական անհավասարակշռության հետ կապված խնդիրները և ոչ թե խորացնել դրանք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment