Ուսանողները սկսել են Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ իրականացնել

Ուսանողները սկսել են Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ իրականացնել

Հոդվածի առանցքում

  • Չորեքշաբթի երեկոյան Հայոց Ցեղասպանության ականատեսի ներկայությամբ Գլենդելի ուսանողները սկսեցին ոգեկոչման միջոցառումները՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին և հարկադրելու, որ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչի այդ ողբերգությունը:
  • Այնթափում (որն այսօր Թուրքիայի Գազիանթեփ բնակավայրն է) ծնված Սալիբյանը ընդամենը մի քանի ամսեկան էր, երբ նրա հոր թուրք ընկերը իր ընտանիքին տարել էր անվտանգ վայր և տրամադրել իր ավանակներին, որ կարողանան փախչել:
  • Ամեն տարի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունները դպրոցական պաշտոնյաների և ուսանողների ուշադրության կենտրոնում են, նրանք ամեն ապրիլի հավաք են կազմակերպում, որը Գլենդելի դպրոցներ է բերում հարյուրավոր մարդկանց:

Ուշադրությանն արժանի

Հայոց Ցեղասպանության 100-ամյա վերապրողը եկել էր «Գլենդելի միասնական դպրոցների»  հանդիպումների դահլիճ:

Չորեքշաբթի երեկոյան Հայոց Ցեղասպանության ականատեսի ներկայությամբ Գլենդելի ուսանողները սկսեցին ոգեկոչման միջոցառումները՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին և հարկադրելու, որ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչի այդ ողբերգությունը:

1915-1918 թթ. օսմանյան թուրքերը սպանել են մոտ 1.5 միլիոն հայերի, և այս իրողությունը մինչև օրս ժխտում է ժամանակակից Թուրքիան:

Երեքշաբթի երեկոյան «Գլենդելի միասնական դպրոցների» հանդիպումների դահլիճում Գլենդելի չորս ավագ դպրոցների Հայկական ակումբերի անդամ մի խումբ հայ երիտասարդներ ուխտ արեցին պայքարել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

«Երբ մեր նախնիները դաժանորեն կոտորվում էին, նրանք չէին կարող հույսը որևէ մեկի վրա դնել… նրանք համառ էին և դիմացան, կենդանի մնացին և ապահովեցին, որ իրենց մշակույթն ու պատմությունը կենդանի մնա և փոխանցվի հետագա սերունդներին»,- ասում է «Clark Magnet» ավագ դպրոցի ավարտական կուրսի ուսանողուհի Մարի Աղաջանյանը:

«Նույն համառությունը, որ 100 տարի առաջ թույլ տվեց այն հայերին վերապրել ցեղասպանությունը, այժմ հոսում է մեր երակներով: Մենք նրանց արյունն ենք և կանգ չենք առնի, մինչև չհասնենք ճանաչմանը, որին նրանք արժանի են»,- ավելացնում է նա:

«Crescenta Valley High School»-ի ուսանող Արա Մանջիկյանը ասում է, որ այժմ երիտասարդները պետք է առաջ գնան:

«Մենք պետք է ելնենք  մեր հասարակական և մասնավոր մշակույթը զարգացնելու պարտավորությունից»,-ասում է նա: «Այս հարյուրամյակի ավարտը մյուսի սկիզբն է, ուստի եկեք մեր անունը այս աշխարհում կերտենք: Մեր անձնական պարտքն է մեր ազգայինը ամենից վեր դասելը»:

Նրանց հյուրն էր Հայոց Ցեղասպանության 100-ամյա վերապրած Մադլեն Սալիբյանը՝ Գլենդելի բնակչուհին և «Clark Magnet High School»-ի խորհրդական Սյուզան Հոուի մայրը:

Այնթափում (որն այսօր Թուրքիայի  Գազիանթեփ բնակավայրն է)  ծնված Սալիբյանը ընդամենը մի քանի ամսեկան էր, երբ նրա հոր թուրք ընկերը իր ընտանիքին տարել էր անվտանգ վայր և տրամադրել իր ավանակներին, որ կարողանան փախչել:

«Հորս թուրք ընկերը նրան այնքան էր սիրում, որ երբ իմացել էր, որ մենք  այնտեղ ենք, կեսգիշերին եկել էր և մեր ընտանիքին տարել իր տուն»,- ասում է Սալիբյանը,- «Նա մեզ պահել էր իր տանը, իսկ հաջորդ օրը տվել 3 ավանակ»:Նրանց ընտանիքն ավանակներով հասել էր մինչև Սիրիա, սկզբում բնակություն հաստատել մի գյուղում, այնուհետև հաստատվել Հալեպում:

Բացի այդ, երեքշաբթի օրը «Գլենդելի միասնական դպրոցների» խորհրդի նախագահ Գրեգ Կրիկորյանը պատմել էր իր տատի փրկության պատմությունը և ընտանիքը կորցնելու և հոր մահը տեսնելու նրա դառը փորձը:

«Գիտեմ, որ տատս հորը վերջին անգամ տեսել էր ձիու վրա, որից կապել էին: Պատկերացրեք ձեր երեխաներին, որոնք անցնում են այդ ամենի միջով՝ իմանալով, որ 13 երեխաներից միակ կենդանի մնացածն է, գիտակցել, որ մնացած 12-ին նա կորցրել է»,-ասում է Կրիկորյանը: «Նա եկել էր Քլիվլենդ՝ Օհայո՝ ինքնուրույն, երբ ընդամենը 8 տարեկան էր»:

Ամեն տարի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունները դպրոցական պաշտոնյաների և ուսանողների ուշադրության կենտրոնում են, նրանք ամեն ապրիլի հավաք են կազմակերպում, որը Գլենդելի դպրոցներ է բերում հարյուրավոր մարդկանց:

Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում ուսանողները պետք է ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված շարադրություններ գրեն և ստեղծեն գեղարվեստական նախագծեր, որոնք  ուղղորդում են դեպի ապրիլի 21-ին «Glendale High School»-ում ուսանողների կազմակերպած ժողովին: Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը կլրանա ապրիլի 24-ին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment