Ճամփորդություն դեպի Հայաստանի խորհրդային ճարտարապետության ժամանակաշրջան

Ճամփորդություն դեպի Հայաստանի խորհրդային ճարտարապետության ժամանակաշրջան

Հոդվածի առանցքում

  • Հայաստանը խորհրդային մոդեռնիզմի եզակի բույլ է, որը միավորում է սոցիալիստական դիզայնի գաղափարները, դասական քարակերտվածքը և հրաբխային վարդագույն տուֆը:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը Խորհրդային միության մաս կազմեց 1920-ից մինչև 1991 թվականը: Հայտնի էր՝ որպես Հայաստանի Սոցիալիստական Հանրապետություն (1991-ին վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն), որտեղ ծաղկում էր արդյունաբերությունը և տիրում խորհրդային ոճի ուտիլիտարիստական ճարտարապետությունը: ԽՍՀՄ փլուզումից ավելի քան քառորդ դար անց այդ ճարտարապետությունը հիմնականում պահպանվում է՝ հատկապես Երևանում: ԽՍՀՄ բոլոր երկրներին հնարավորություն էր տրված՝ խորհրդային ճարտարապետության ստալինյան և այլ ոճերն արտահայտել սեփական ճանապարհով: Եվ ինչն է հատկապես հետաքրքիր, որ  Հայաստանում սովետական ճարտարապետության մեջ կա ուրույն՝ հայկական մոտեցում, որը մեկտեղում է այնպիսի էլեմենտներ, ինչպիսիք են հայկական դասական ոճն ու տեղական հրաբխային ծագման հայտնի տուֆը, որի համար էլ Երևանը կոչվում է նաև «Վարդագույն քաղաք»: Չնայած ծագման սկզբնապատճառներին՝ շատ կառույցներ վեր դասվեցին ժամանակաշրջանից և դարձան սիրելի բոլոր ժամանակների համար: Ահա դրանցից յոթ ամենահայտնիները:

 

Կենտրոնական երկաթուղային կայարան, Երևան

Yerevan Railway Station

Խորհրդային շրջանի երկաթուղային կայարանները շարունակում են ցրված մնալ Հայաստանով մեկը: Դրանցից ամենալավ օրինակը Երևանի երկաթուղային կայարանն է՝ Էրեբունի վարչական շրջանում, Կենտրոնից հարավ: Ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանի հեղինակած և 1956-ին բացված կառույցն այսօր գործում է՝ որպես միախառնում սոցիալիստական ռեալիզմի, կոմունիզմին վերագրվող փառքի, հայկական ավանդական և նեո-դասական ոճի՝ կառուցված վարդագույն տուֆով: Խորհրդային շրջանի ամենաինտրիգային գիծը Սովետական Հայաստանի խորհրդանիշն է՝ հնգաթև աստղը՝ նման Արարատ լեռանը, կենտրոնական մուտքի գլխին բարձրացող գագաթին: Սա երկրում այն քիչ վայրերից է, որտեղ պահպանվում է աստղը:

Երևանի երկաթուղային կայարանը Սասունցի Դավիթ հրապարակում է, որտեղ Սասունցի Դավթի պղնձաձույլ արձանն է՝ կանգնեցված 1959-ին: ԽՍՀՄ-ում թողարկվել է կառույցի պատկերով թե մետաղադրամ, թե նամականիշ:

 

Մոսկվա կինոթատրոն, Երևան

Վաղ խորհրդային շրջանում Հայաստանի իշխանությունը շատ եկեղեցիներ և սրբավայրեր ոչնչացրեց՝ կրոնը վերացնելու և աշխարհիկ մշակույթի ինստիտուտների համար ճանապարհ հարթելու համար՝ ներառյալ կինոթատրոնների: Այդպիսի մի օրինակ է 5-րդ դարի Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվեց և դրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը:  1936-ից մինչև օրս այն շարունակում է գործել: Ի սկզբանե կառուցվել է կոնստրուկտիվ ոճով՝ սովետական ճարտարապետության մի ձև, որը մոտենում է եզրագծին: Ճարտարապետներ Սպարտակ Կնդեղցյանը և Թելման Գևորգյանը 1960-ականներին ֆունկցիոնալ ոճի մեջ ավելացրին բացօթյա դահլիճը՝ կիրառելով հստակ ֆորմաներ, որպեսզի երկու կառույցների միջև ընկած ետնաբակը վերափոխեին քաղաքի ամենասիրելի վայրերից մեկի: 1983-ին կինոթատրոնի ճակատամասը զարդարվեց Սովետական Հայաստանի հայտնի ֆիլմերի պաստառներով, ինչպիսին՝ օրինակ «Պեպո»-ն էր, որի ցուցադրությամբ հենց բացվեց կինոթատրոնը:  

2010-ին, երբ Հայաստանի կառավարությունն առաջարկեց քանդել բացօթյա դահլիճն ու վերականգնել Պողոս-Պետրոս եկեղեցին, դիմադրության հանդիպեց: 6 հազարից ավելի մարդիկ բողոքեցին և ֆեյսբուքյան խումբ ձևավորեցին՝ «Փրկենք Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճը»:

 

Կասկադը և Մայր Հայաստանը, Երևան

572 քարե աստիճան՝ մոդեռն քանդակների այգուց՝ Երևանի կատարյալ ճերմակ Կասկադի հիմքից մինչև վերջին՝ ամենաբարձր կետը: Երկու աստիճանավանդակները՝ իրար հաջորդող կանաչի շերտերով, շատրվաններով և ջրվեժներով, կապում են քաղաքի կենտրոնը վերևում գտնվող Մոնումենտի հետ, որտեղից բացվում է քաղաքի զգլխիչ տեսարանն ու Արարատ լեռը: Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն այս գաղափարը հղացրել էր 20-րդ դարասկզբին, բայց մինչև 1970-ականներ այն չիրագործվեց, երբ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը նոր ծնունդ տվեց այդ գաղափարին և ավելացրեց մի քանի տպավորիչ շտրիխներ, ինչպես օրինակ՝ հուշարձանի արտաքին և ներքին աստիճաններն են, շարժասանդուղքները և բացօթյա հարթակները: Չնայած այն մասամբ ամբողջացվեց վաղ 80-ականներին, կառույցը տարիներ շարունակ բարձիթողի վիճակում էր՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո, որին հաջորդեց ԽՍՀՄ-ի փլուզումը 1991-ին: Հետո սովետական շրջանի այս տարօրինակ գլուխգործոցն ամբողջությամբ նորացվեց և վերականգնվեց՝ որպես Բաբելոնի Կախովի այգիների հայկական տարբերակ՝ամբողջանալով իր ժամանակակից արվեստի՝ Գաֆեշճյան թանգարանով:

Փոքր-ինչ վերև, Կասկադի գագաթին Հաղթանակ զբոսայգին է և իր պահապանը՝ Մայր Հայաստանը: Կնոջ այս արձանը «խաղաղության և ուժի» խորհրդանիշն է, որը կանգնած է 170 ոտնաչափ բարձրության բազալտե վիթխարի պատվանդանի վրա: Պատվանդանն ի սկզբանե կառուցվել էր Իոսիֆ Ստալինի հսկա արձանի համար, որը կանգնեցվել էր 1950-ին՝ որպես Երկորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի խորհրդանիշ: Ստալինի մահից և նրա դիկտատուրայի վերջը հայտարարելուց հետո, արձանը հանվեց: 1967-ին այն փոխարինվեց Մայր Հայաստանի պղնձակոփ արձանով:

Չնայած պատվանդանը Ստալինի հուշարձանի համար էր, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն այն նախագծել էր ավելի շատ հայկական բազիլիկ եկեղեցու նմանությամբ, քան սովետական ոճով: Ավելի ուշ նա ընդունեց, որ միտումնավոր է արել՝ ասելով.«դիկտատորների փառքը ժամանակավոր է»:

 

Գրողների հանգստյան տուն, Սևան

Սևանի գրողների հանգստյան տունը նայում է Հայաստանի արևելքում գտվող լճի ափերին՝ արձակուրդներն անցկացնելու հայտնի վայր, որը նաև ջրային ամենամեծ ավազանն է Կովկասյան տարածաշրջանում: Եզակի այս կառույցը՝ խորհրդային հստակ ոճով, առանձնավայր էր ՀԽՍՀ Գրողների միության անդամների և հյուրերի համար, որը գրավում էր գրական այնպիսի դեմքերի, ինչպիսիք էին ռուս պոետ Օսիպ Մանդելշտամը և ֆրանսիացի նովելիստ և փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրը: Ավելի ուշ այն դարձավ սովետական մոդեռնիզմի խորհրդանիշ՝ հայտնվելով ամեն տեղ՝ գրքի շապիկից մինչև Վիեննայի ցուցահանդեսի համար նախատեսված պաստառներ:

Այս կառույցը բացառիկ է հատկապես իր երկու առանձին միավորներով՝ մեկն ակնհայտորեն ավելի ֆոտոգենիկ, քան մյուսը, երկուսն էլ նախագծված նույն ճարտարապետի կողմից տարբեր ժամանակներում: Հայ ավանգարդիստ ճարտարապետներ Գևորգ Քոչարն ու Միքայել Մազմանյանը հանգստավայրի հյուրատունը նախագծեցին 1930-ականների սկզբին՝ 4-հարկանի քառանկյուն կառույց՝ պատշգամբները դեպի լիճ: Ավարտելով նախագիծը՝ ճարտարապետները 15 տարով աքսորվեցին Սիբիր և այնտեղ մնացին մինչև Ստալինի մահը:

Վերադառնալով Քոչարը սկսեց աշխատել իր երազանքի պրոյեկտի վրա՝  ստեղծելով հարևան ճաշարանային թևը՝ ամբողջությամբ համահունչ ժամանակի խորհրդային տիեզերական ճարտարապետությանը:  Ֆուտուրիստական այս նախագիծն ամողջացավ 1963-ին՝ դուրս ձգվելով ժայռից, ապակե պատուհաններից բացելով Սևանա լճի պանորաման:

Գեթիի հիմնադրամը քննարկում է հանգստավայրի վերականգնման ծրագիրը, որը կներառի կոնֆերանս-կենտրոնը և ճաշարանը:

 

Զվարթնոցի աշտարակը, Երևան

Խորհրդային ճարտարապետության մեկ այլ օրինակ է Զվարթնոց օդանավակայանի լքված տերմինալը և դրա կենտրոնական աշտարակը: 1980-ականներին կառուցված շրջանաձև տերմինալը համարվում է սովետական մոդեռնիզմի փայլուն օրինակ և 20-րդ դարի կարևոր հուշարձան: 2011-ին մեկընդմիշտ փակվելուց և այն փրկելու բազմամյա պայքարից հետո, ցավոք, որոշվեց քանդել այն: Ավելի ուշ որոշում կայացվեց, որ Դիսնեյի տիեզերական լեռ հիշեցնող հայկական կառույցը կմնա կանգուն:

 

Բյուրականի աստղադիտարան, Արագած լեռ

ԽՍՀՄ աստղագիտության ամենահայտնի կենտրոններից մեկն Արագած լեռան հարավային լանջին է՝ Բյուրական կոչվող փոքրիկ գյուղին մոտ: ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանի նախագծած սովետական ոճի աստղադիտարանը բացվեց 1946-ին: Այն ներառում էր շրջանաձև աշտարակներ, լաբորատորիաներ և նույնիսկ փոքրիկ հյուրատուն: 1971-ին Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց այլմոլորակայինների հետ հաղորդակցությանը նվիրված սովետա-ամերիկյան կոնֆերանսը, որը գրավեց բոլորի ուշադրությունը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Արհեստական ինտելեկտի լաբորատորիայի համահիմնադիր Մարվին Լի Մինսկիից մինչև համակազմակերպիչ Կառլ Սագան: Աստղադիտարանը մինչև հիմա ակտիվ է և բաց այցելուների առաջ:

 

Առողջարաններ, Ջերմուկ

1970-80-ականներին Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը ԽՍՀՄ տարածքում հայտնի էր ինչպես առողջարար հանքային ջրերով, այնպես էլ սովետական ճարտարապետությամբ: Չնայած զարգացման նոր ալիքին, 1950-60-ականներին կառուցված առողջարանային տները պահպանվում են մինչև օրս: Դրանցից շատերը գործում են նաև այսօր, որոշներն էլ շարունակում են մնալ լքված և ժանգոտած:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment