Փրկե՛ք նոր Ուկրաինան

Փրկե՛ք նոր Ուկրաինան

Հոդվածի առանցքում

  • Նոր Ուկրաինան ծնվել է մեկ տարի առաջ, եվրոպամետ ցույցերում, որոնց հետևանքով իշխանությունից հեռացվեց Վիկտոր Յանուկովիչը: Ոգին, որը ներշնչեց հարյուր հազարավոր մարդկանց և հավաքեց նրանց Մայդանում` Կիևի անկախության հրապարակում, այժմ հզոր է առավել, քան երբևէ:
  • Սա հիանալի փորձարկում է, որն արտահայտվում է ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը անջատողականներից պաշտպանելով, այլև կառուցողական աշխատանքով: Մայդանի աջակիցներն ընդդիմությունից անցել են երկրի կառուցմանը:
  • Ուկրաինան կարելի է համեմատել 2004 թվականի Վրաստանի հետ: Այդ տարի նախագահ դարձավ Միխայիլ Սաակաշվիլին, որն անմիջապես փոխարինեց ատելություն հարուցող ճանապարհային ոստիկաններին և վերացրեց տեսուչներին, որոնք հսկիչ կետերն օգտագործում էին վարորդներից կաշառք ստանալու համար:
  • Մեծ հարց է, թե արդյոք այս դեպքում ժողովրդավարությունը երկարաժամկետ կլինի: Չնայած Ռուսաստանը ֆինանսական խորը ճգնաժամի մեջ է, Պուտինը, թվում է, որոշել է կործանել նոր Ուկրաինան ավելի վաղ, քան այն կվերականգնվի, իսկ իր հեղինակությունը կկործանվի տնտեսական անկման հետևանքով:
  • Եթե Եվրոպան առատաձեռն գտնվի իր ֆինանսական աջակցությամբ, կայուն և բարգավաճ Ուկրաինան հստակ ցույց կտա, որ Ռուսաստանի ֆինանսական դժվարությունների պատասխանատվությունը կրում է Պուտինը: Ռուսական հասարակությունը դրանից հետո կարող է ստիպել նրան հետևել նոր Ուկրաինայի օրինակին:

Ուշադրությանն արժանի

Նոր Ուկրաինան ծնվել է մեկ տարի առաջ, եվրոպամետ ցույցերում, որոնց հետևանքով իշխանությունից հեռացվեց Վիկտոր Յանուկովիչը:  Ոգին, որը ներշնչեց հարյուր հազարավոր մարդկանց և հավաքեց նրանց Մայդանում` Կիևի անկախության հրապարակում, այժմ հզոր է առավել, քան երբևէ, քանի որ այն հայտնվել է Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցող Ռուսաստանի զինուժի անմիջական թիրախում:

Նոր Ուկրաինան ցանկանում է դառնալ հին Ուկրաինայի հակապատկերը, որը պառակտվել և կաթվածահար էր եղել կոռուպցիայի պատճառով: Վերափոխումը դարձել է մարդկանց անմիջական մասնակցությամբ ժողովրդավարության հազվադեպ մի փորձարկում, ժողովրդի ազնիվ արկածախնդրություն, որով  ուկրաինացիները բացել են իրենց ժողովրդի ժամանակակից դառնալու, դեպի ժողովրդավարություն և Եվրոպա ճանապարհը: Եվ սա միայն սկիզբն է:

Սա հիանալի փորձարկում է, որն արտահայտվում է ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը անջատողականներից պաշտպանելով, այլև կառուցողական աշխատանքով: Մայդանի աջակիցներն ընդդիմությունից անցել են երկրի կառուցմանը:

Կառավարության և խորհրդարանի շատ անդամներ կամավորներ են, որոնք թողել են լավ վարձատրվող աշխատանքը իրենց երկրին ծառայելու համար: Նախկին բանկիր Նատալյա Ջարեսկոն այժմ աշխատում է որպես ֆինանսների նախարար` ստանալով մի քանի հարյուր դոլար աշխատավարձ: Կամավորներն աշխատում են` օգնելով Ուկրաինայի ներսում տեղահանված մեկ միլիոն մարդկանց, աշխատում են նաև որպես խորհրդատուներ նախարարների և տեղական իշխանությունների համար:

Ամեն դեպքում, նոր Ուկրաինան բախվել է հին Ուկրաինայի հուժկու մարտահրավերին: Հին Ուկրաինան ամուր արմատներ է գցել պետական համակարգում, որը ձեռք ձեռքի աշխատում էր օլիգարխների բիզնեսների հետ: Բարեփոխիչները նաև ընդդիմանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցադրած թշնամությանը, որով նա ցանկանում է ամեն գնով ապակայունացնել Ուկրաինան:

Կա մի բացթողում, դա այն է, որ նոր Ուկրաինան խնամքով պահպանված գաղտնիք է ոչ միայն մնացած աշխարհի, այլև հենց ուկրաինական հանրության համար: Կտրուկ բարեփոխումները դուրս են եկել ջրի երես, բայց դեռ չեն իրականացվել:

Ուկրաինան կարելի է համեմատել 2004 թվականի Վրաստանի հետ: Այդ տարի նախագահ դարձավ Միխայիլ Սաակաշվիլին, որն անմիջապես փոխարինեց ատելություն հարուցող ճանապարհային ոստիկաններին և վերացրեց տեսուչներին, որոնք հսկիչ կետերն օգտագործում էին վարորդներից կաշառք ստանալու համար: Հասարակությունն անմիջապես տեսավ, որ երկրում վիճակը լավանում է:

Ցավոք Ուկրաինան դեռ չի գտել նման ցուցադրական նախագիծ: Կիևի ոստիկանությունը ձևափոխվել է, բայց, եթե ձեզ պետք է վարորդական իրավունք, դուք պետք է որոշակի կաշառք մուծեք, այնպես, ինչպես նախկինում: Սաակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, որը նախ վերացրեց կոռուպցիան, բայց ի վերջո այն վերածեց պետական մենաշնորհի: Ուկրաինայի դեպքում մարդկանց անմիջական մասնակցությամբ ձևավորված ժողովրդավարությունը հույսը դնում է ոչ թե մեկ ղեկավարի, այլ հավասարակշռություն ապահովող համակարգի վրա:

Ժողովրդավարությունները դանդաղ են առաջ շարժվում, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանց հաջողությունն ապացուցված է:

Մեծ հարց է, թե արդյոք այս դեպքում ժողովրդավարությունը երկարաժամկետ կլինի: Չնայած Ռուսաստանը ֆինանսական խորը ճգնաժամի մեջ է, Պուտինը, թվում է, որոշել է կործանել նոր Ուկրաինան ավելի վաղ, քան այն կվերականգնվի, իսկ իր հեղինակությունը կկործանվի տնտեսական անկման հետևանքով:

Ռուսաստանի նախագահը ուժեղացնում է ռազմական և ֆինանսական ճնշումը Ուկրաինայի նկատմամբ: Հանգստյան օրերին հարվածի տակ է հայտնվել Մարիուպոլ քաղաքը: ՆԱՏՕ-ի տվյալով, դա արել են ռուսաստանյան ուժերը, ինչը հակասում է անջատողականների պնդմանը, թե նրանք գործում են իրենց սեփական ուժերով:

Ուկրաինան ռազմապես ինքն իրեն կպաշտպանի, բայց այդ երկիրն ունի ֆինանսական շտապ աջակցության կարիք: Հենց այս պահին Ուկրաինային պետք է 15 միլիարդ դոլար:

Բայց Ուկրաինայի գոյության ապահովման մեջ վստահ լինելու և մասնավոր ներդրումները խթանելու համար արևմտյան իշխանությունները պետք է ցուցադրեն քաղաքական հանձնառություն` առաջարկելով հավելյան գումարներ` կախված նրանից, թե որքան է կազմում Ռուսաստանի հասցրած վնասը և որքանով են հաջողվում ուկրաինական բարեփոխումները:

Բարեփոխիչները, որոնք ցանկանում են խուսափել արտահոսքից, ինչը բնորոշ էր հին Ուկրաինային, հայտնել են բոլոր ծախսերի պատասխանատվությունը կրելու իրենց ցանկության մասին:

Նրանք մշակում են օրենսդրական խոշոր փաթեթ, բայց նաև ցանկանում են, որ վերահսկողությունն իրականացնի Արժույթի միջազգային հիմնադրամը:

Քանի որ ժողովրդավարությունները դանդաղ են առաջ շարժվում,ժողովրդավարական միությունները, ինչպիսին է Եվրամիությունը,  դժբախտաբար, էլ ավելի դանդաղ են: Պուտինը շահագործում է այս փաստը:

Վտանգված է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրամիության ապագան: Ուկրաինայի կորուստը սարսափելի հարված կլինի, դա ուժ կտա Ռուսաստանին` այն դարձնելով  Եվրամիության այլըտնրանքը, որը հիմնված կլինի ուժի և ոչ թե օրենքի գերակայության վրա: Բայց Պուտինն ի վերջո ստիպված կլինի հրաժարվել ագրեսիայից, եթե Եվրոպան Ուկրաինային տրամադրի ֆինանսական անհրաժեշտ օգնությունը:

Այդ ժամանակ Պուտինը կարող է հայտարարել, որ ռուսական տնտեսության խնդիրների պատճառը Արևմուտքի թշնամությունն է, և ռուսական հասարակության համար այդ փաստարկը համոզիչ կհնչի:

Ամեն դեպքում, եթե Եվրոպան առատաձեռն գտնվի իր ֆինանսական աջակցությամբ, կայուն և բարգավաճ Ուկրաինան հստակ ցույց կտա, որ Ռուսաստանի ֆինանսական դժվարությունների պատասխանատվությունը կրում է Պուտինը: Ռուսական հասարակությունը դրանից հետո կարող է ստիպել նրան հետևել նոր Ուկրաինայի օրինակին:

Եվրոպայի պարգևը կլինի նոր Ռուսաստանը, որը ռազմավարական հզոր սպառնալիքից կվերածվի ռազմավարական պոտենցիալ գործընկերոջ: Սրանք են  խաղադրույքները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment