Սաուդյան կոալիցիան ռազմական գործողություն է իրականացրել Յեմենում

Սաուդյան կոալիցիան ռազմական գործողություն է իրականացրել Յեմենում

Հոդվածի առանցքում

  • Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ թագավորության գլխավորած ռազմական կոալիցիան ուրբաթ օրը վաղ առավոտյան Հոդեյդայի մերձակայքում գործողություն է իրականացրել «հեռակառավարվող» նավերի դեմ: Կոալիցիան ասում է, որ գործողության ժամանակ ոչնչացրել է չորս տեղանք, որոնք օգտագործվում էին անօդաչու նավակներ և ծովային ականներ հավաքելու համար՝ «այդպես պաշտպանելով ծովային նավարկության ազատությունը»։

Ուշադրությանն արժանի

Սաուդյան Արաբիայի ռազմական կոալիցիան հայտնում է, որ Կարմիր ծովում պայթուցիկներով բեռնված անօդաչու նավը ոչնչացնելուց հետո ոչնչացրել է նման նավերի չորս հավաքակայաններ՝ Եմենի Հոդեյդա քաղաքի նավահանգստի մոտակայքում:

Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ թագավորության գլխավորած ռազմական կոալիցիան ուրբաթ օրը վաղ առավոտյան Հոդեյդայի մերձակայքում գործողություն է իրականացրել «հեռակառավարվող» նավերի դեմ:

Կոալիցիան ասում է, որ գործողության ժամանակ ոչնչացրել է չորս տեղանք, որոնք օգտագործվում էին անօդաչու նավակներ և ծովային ականներ հավաքելու համար՝ «այդպես պաշտպանելով ծովային նավարկության ազատությունը»։

Գործողությունից առաջ պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ սաուդյան կոալիցիան խափանել է «ահաբեկչական գործողություն»՝ խոչընդոտելով Կարմիր ծովում տեղակայված պայթուցիկներով լի անօդաչու նավի քայլերը, որը, ինչպես հաղորդվում է, ուղղորդում էին Եմենի հութի ապստամբները:

«Կոալիցիայի ռազմածովային ուժերը բացահայտել են Կարմիր ծովի հարավում ագրեսիա և ահաբեկչության իրականացնելու հութիների ծրագիրը, որոնք աջակցություն են ստանում Իրանից», – նշված է կոալիցիայի խոսնակ գնդապետ Թուրքի ալ-Մալկիի հայտարարության մեջ:

Նավերը թիրախավորում էին նաև նախկինում՝ Կարմիր ծովի եմենյան ծովափին, որը նավթի տեղափոխման կարևոր ճանապարհ է: 2018-ի հուլիսին Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի երկու տանկեր հարձակման ենթարկվեցին հութիների կողմից:

Ալ-Մալկին ասաց, որ Հոդեյդան ապստամբների կողմից օգտագործվում է «բալիստիկ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, հեռակառավարվող նավակներ արձակելու, ինչպես նաև ծովային ականներ տեղակայելու համար»:

Կոալիցիան հայտնել է, որ կոչ է արել խաղաղ բնակիչներին հեռու մնալ տարածքից և ասել է, որ գործողությունն իրականացվել է հումանիտար կանոններին համապատասխան:

Գործողությունն իրականացվել է այն ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում լարվածությունը սրվում է, քանի իրանից աջակցություն ստացող հութիները ստանձնել են Սաուդյան Արաբիայի արևելքում նավթային օբյեկտների վրա կատարված հարձակման պատասխանատվությունը:

Այնուամենայնիվ, ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Սաուդյան Արաբիան պնդում են, որ այդ հարձակումներն իրականացրել է Իրանը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հարձակումներից բխող ճգնաժամի խաղաղ լուծում գտնել: Թեհրանը նշել է, որ ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի կողմից իբրև պատասխան գործողություններ Իրանի դեմ ցանկացած գործողություն կարող է հանգեցնել «լայնածավալ պատերազմի»:

Հինգշաբթի ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի հետ աշխատանքներ են տարվում սաուդյան նավթային ենթակառուցվածքների պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ:

2015-ից ի վեր Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիան, որն ունի արևմտյան տերությունների աջակցությունը, ներառյալ ԱՄՆ-ի, Եմենի կառավարության անունից կռվում են հութիի ապստամբների դեմ, երբ 2014-ին նրանք տապալեցին կառավարությունը:

Հակամարտությունը հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել, որի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ մեծ մասը քաղաքացիականներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment