Սարկոյի վերադարձը

Հոդվածի առանցքում

  • Նիկոլա Սարկոզին ընտրվել է Ազգային շարժման միության (UMP) նախագահ, այս կուսակցությունը Սարկոզին ղեկավարել է մինչև նախագահ դառնալը:
  • Սարկոզին հույս ունի՝ UMP-ին կօգնի 2017թ-ին դառնալ Ֆրանսիայի նախագահ, նաև խուսափել ազատազրկումից:
  • Կուսակցության նախագահի պաշտոնին ընտրվելու համար Սարկոզին ստացել է ձայների միայն 62%-ը։
  • Նախկին նախագահի հիմնական մրցակիցը Ժյուպպենն է, որը Ժակ Շիրակի օրոք վարչապետ էր, իսկ Սարկոզիի օրոք՝ արտգործնախարար։

Ուշադրությանն արժանի

Նիկոլա Սարկոզին, ով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-ից մինչև 2012թվականները, երբ ընտրություններում պարտվեց ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին, ընտրվել է որպես Ազգային շարժման միության (UMP) նախագահ: Այս կուսակցությունը Սարկոզին ղեկավարել է մինչև նախագահ դառնալը:

Սարկոզին հույս ունի, որ այս պատերազմում հաղթանակը իրեն հնարավորություն կտա 2017թվականին դառնալ Ֆրանսիայի հաջորդ նախագահը: Բացի այդ նա հույս ունի, որ սա հնարավորություն կտա նրան ազատազրկման չենթարկվել:

Որպեսզի հասկանանք, թե քաղաքական հավակնություններն ու քրեական հետաքննությունները ինչպես միախառնվեցին, ինչպես նաև թե Ազգային շարժման միության  ջանքերը ինչ ազդեցություն կունենան Եվրոպայում Ֆրանսիայի դիրքին, պետք է հետահայաց կատարել Սարկոզիի կողմից նախագահի պաշտոնը թողելուց՝ 2012թվականի մայիսից սկսած նրա անցած ուղուն:

 2012թվականին Սարկոզիի պարտությունից կարճ ժամանակ անց, նա աշխատակիցներից մեկին ասաց. «Ազգային շարժման միության միջոցով երբեք ետ չեմ վերադառնա: Այն արդեն իմ մակարդակին չէ»:

Վերջերս պետության ղեկավարների հետ նիստուկացից հետո նա հասկացավ, որ դժվար է պատկերացնել իրեն երկրի պասիվ պրովինցիալ քաղաքներում լոկալ դաշնային կուսակցությունների ձայները հաշվելիս: Ավելի շուտ, նա իրեն որպես պետական այր է պատկերացնում, ում պատվել են միջազգային արենայում փայլուն ելույթների համար, կերպար, ում Ֆրանսիայում շատերը դժվար թե նմանեցնեին  կռվարար քաղաքական գործչի, ում նրանք ամեն օր տեսնում էին իրենց հեռուստաէկրաններից: Սակայն շուտով, նրա՝ ֆինանսական խախտումներին մասնակից լինելու վերաբերյալ հետախուզության զեկույցները և նրա կոզմից արդարադատության աշխատանքներին խանգարելու քայլերի մասին տեղեկության արտահոսք եղավ: Այս ամենն հաշվի առնելով՝ առավել լայն պատկերին նայելն շատ ավելի ճիշտ է:

Իրականում Ազգային շարժման միության  ղեկավարությունը ազատ է, քանի որ դրա նախկին օկուպանտը՝ Ժան-Ֆրանսուա Կոպեն, իշխանազրկվել էր, երբ պարզ էր դարձել, որ կուսակցությունը 2012 թվականին օգնել էր Սարկոզիի քաղաքական մեքենային շրջանցել կամպանիայի ծախսերի կանոնները:

«Bygmalion» սրամիտ անվամբ խորհրդատվական ընկերությունը, որը կազմակերպել էր թեկնածուի միտինգները, ծառայությունների համար կեղծ հաշիվ-ապրանքագրեր է տվել, որոնք իբր թե կապ չունեն արշավի հետ, որոնց վճարման համար կուսակցության գանձապահը պատշաճ կերպով լիազորված էր: Այս կերպով, Սարկոզին մնաց արշավի համար թույլատրելի ծախսերի սահմաններում: Ե՛վ Կոպեն, և՛ Սարկոզին հերքում են այս գործարքների մասին տեղյակ լինելու ցանկացած փաստ, և Սարկոզին անգամ շեշտեց, որ մինչև այս մեղադրանքների ի հայտ գալն, անգամ չի էլ լսել Bygmalion-ի մասին: Բայց Սարկոզիի կամպանիայի մենեջերի օգնական Ժերոմ Լավրիլյուքը հեռացվեց UMP-ից, երբ խոստովանեց, որ մասնակցել է այդ օպերացիային:

Կոպեի տապալումից հետո UMP-ն իրեն դրեց նախկին վարչապետներ Ալայն Ժյուպպեի, Ֆրանսուա Ֆիլլոնի և Ժան-Պիեռ Ռաֆֆարինի եռապետության տակ: Սարկոզին իրավացիորեն նրանց տեսնում էր որպես իր վերադարձի ծրագրերի հակառակորդներ. և Ժյուպպեն և Ֆիյյոնը հավակնում են նախագահ դառնալ: UMP-ի կանոնադրությունը սահմանում է, որ կուսակցության  2017 թվականի թեկնածուն առաջնային ընտրություններով կընտրվի, սակայն դեռևս պարզ չեն այն կանոները, որոնք պետք է կարգավորեն ընտրությունները, և Սարկոզին չի ցանկանում, որ իր պոտենցիալ թշնամիները մասնակցեն դրանց մշակմանը: Այսպիսով պարզ դարձավ, որ նախագահության հասնելու իր միակ ուղին կուսակցության վրա ղեկավարություն հաստատելն է:

Սարկոզիի վերադարձը հաղթական վերադարձ չէ, ինչպես նա էր կարծում: Վերջ ի վերջո, նա հաղթեց ձայների միայն 62 տոկոսով, այն դեպքում, երբ 2004-ին 85 տոկոս ձայներ էր ստացել: Նրա արդյունքը զսպվեց Բրունո Լե Մէրի՝ Eure–ի դեպուտատի զարմանալի լավ ցուցանիշով:

Բրունոն Սարկոզիի նախագահության ժամանակ եղել է գյուղատնտեսության նախարարը: 45-ամյա Լե Մէրը UMP-ի նոր սերունդն է ներկայացնում: Նա եռանդով էր վարում այս պաշտոնին հասնելու իր արշավը: Սարկոզին պատասխանեց՝ իրեն քաղաքականությունից հոգնած ավագ զինվոր ներկայացնելով, ով այնուամենայնիվ չկարողացավ կանգնել ու նայել, թե ինչպես է իր երկիրը Օլանդի ղեկավարությամբ նվաստանում և, հետևաբար, նա կզոհի իր հարմարավետությունները՝ դաժան պարտավորություններ ստանձնելով: Սակայն Լէ Մէրի եռանդուն ընդդիմությունը ստիպեց Սարկոզիին վերադառնալ իր հին ու սովորական քաղաքական կռվարարի դերին:

Այժմ Սարկոզին, հազիվ հաղթելով Լե Մէրին, նոր սպառնալիքի առաջ է: Ժյուպպեն, ով Ժակ Շիրակի օրոք վարչապետ էր, իսկ Սարկոզիի օրոք՝ արտգործնախարար, Ֆրանսիայի ամենափորձառու պետական գործիչներից մեկն է: Նրա՝ նախագահական վաղուցվա հավակվությունները երկու ծանրագույն  անհաջողությունների են հանդիպել:

1995թվականին նրա կողմից  առաջարկված Ֆրանսիայի թոշակային համակարգի փոփոխությունները հանգեցրեցին համընդհանուր գործադուլների, որոնք մի ամբողջ ամիս երկիրը կաթվածահար արեցին և վերջ ի վերջո ստիպեցին Շիրակին հինգ տարի շարունակ «գոյակցել» Լիոնել Ժոսպենի ղեկավարած սոցիալիստական կառավարության հետ: Հետագայում նրան  մեղադրեցին Փարիզ քաղաքում կեղծ աշխատատեղերից գումարները Շիրակի UMP-ի գանձարան փոխանցելուն մասնակցելու մեջ: Նա 14-ամսյա ազատազրկման ենթարկվեց, ինչպես նաև մեկ տարի շարունակ նրան արգելված էր քաղաքական գործունեությամբ զբաղվելը: Վտարանդիության ժամանակաշրջանը Կանադայում դասավանդմամբ ավարտելուց հետո Ժյուպպեն վերսկսեց իր քաղաքկան կարիերան և 2006 թվականին ընտրվեց Բորդոյի քաղաքապետ: Այժմ նա նպատակ ունի դառնալ UMP-ի թեկնածուն «աջական հանրապետականների», այսինքն ընտրողների, ովքեր չարձագանքեցին Մարին Լե Պենի Ազգային ճակատի կոչին:

Ժյուպպեն առավել ընդունելի է ցենտրիստական ձայների համար, քան Սարկոզին, ով վերջին տարիներին առավել շատ է մոտեցել Ազգային ճակատին:  Օլանդի լայն տարածում ստացած հիասթափությունների պատճառով Սոցիալիսական կուսակցությունում տիրող անկարգությունների շնորհիվ ձախերի թեկնածուն 2017թվականին բավականին թույլ կլինի (Օլանդի ռեյտինգը 13 տոկոսով ավելի ցածր է Հինգերորդ հանրապետության նախագահների գրանցած ռեյտինգներից): Սա կարող է տեղի ունենալ անգամ եթե Օլանդի փոխարեն մեկ այլ թեկնածու լինի:

Շատ փորձագետներ ակնկալում են, որ 2017 թվականի ընտրությունների երկրորդ փուլում պայքարելու են հանրապետական աջերի թեկնածուն ու Լե Պենը:

Այսպիսով, թեկնածուների կողմից ձախերից ու ցենտրիստներից ձայներ ստանալը կարող է վճռական լինել: Սրա հետ կապված՝ Ժյուպպեն ավելի ուժեղ թեկնածու է համարվում, քան Սարկոզին: Այս մասին են վկայում հասարակական կարծիքը պարզելու համար կատարված հարցումները: Սակայն Ժյուպպեն UMP-ի բազայով այդքան էլ պոպուլյար չէ, և նրա՝ կուսակցական առաջնային ընտրությունները հաղթելու հնարավորությունները կասկածի տակ են:

Այսպիսով դատարանները կարող են վճռորոշ դեր ունենալ հաջորդ նախագահական ընտրություններում: Եթե հետաքննիչները հասնեն Սարկոզիի դեմ բազմաթիվ մեղադրանքների առաջքաշմանը, նախկին նախագահը կարող է լուրջ դժվարությունների բախվել՝ անկախ այն հանգամանքից, որ նա կրկին զբաղեցրել է կուսակցության ղեկավարությունը:

Որպես օրինակ, հետաքննիչների ձեռքի տակ կա պետական նախկին դատախազ Ազիբերտի և կնոջ հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ կինը խիստ քննադատում է ամուսնուն «Սարկոզիի հետ կեղտոտ բիզնեսի մեջ խառնված լինելու համար»: Կինը նաև ասում է. «Ես քեզ այն ժամանակ դեռ ասացի, որ հեռու մնաս այդ Սարկոյից»: Ի պատասխան սրան՝ ամուսինը ասում է. «Սպասի՛ր: Ինձ թվում է՝ խոսակցությունը ձայնագրում են»: Ըստ այդ պնդման՝ Սարկոզին  Ազիբերտին առաջարկել է Մոնակոյում աշխատանք գտնելու հարցում իր աջակցությունը՝ փոխարենը դատախազը պետք է աջակցեր իրեն Լիլիեն Բետենկուրի՝ Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ ընկերության քարոզչական ներդրումների ապօրինի միջնորդությունների հետաքննության գործընթացքում:

Գործը դժվարանում է մեկ այլ պոտենցիալ մրցակցի՝ Ֆիյյոնի նախագահական ընտրություններին մասնակցելու հանգամանքով: Վերջինս Սարկոզիի նախագահության հինգ տարիների ընթացքում վարչապետ եղել է, մեղադրվել է Օլանդի աշխատակազմի ղեկավար Ժան-Պիեռ Ժույիին աջակցելու, Bygmalion-ի սկանդալի հետաքննությանը «արագ հարված» հասցնելու մեջ: Ֆիյյոնը ժխտում է մեղադրանքները, որոնք առաջին անգամ ներկայացվել են Լե Մոնդեի երկու լրագրողի կողմից, ովքեր գրանցել էին Ժույեի՝ Ֆիյյոնի հետ ունեցած լանչի հաշիվը: Սարկոզիի կողմնակիցները արդեն իսկ կառչել են այս վճարից՝ որպես իրենց սեփական կուսակցության մարդու ու կառավարող Սոցիալիստական կուսակցության մեջ դավադրություն: Առավել մտահոգիչ է, երբ Լե Պենը, այժմ արդեն տխրահռչակ լանչը մատնանշելով, ասում է, որ քիչ տարբերություն կա երկու հիմնական կուսակցությունների միջև, ապա ծաղրելով միացնում է նրանց անվան սկզբնատառերը, այն է՝ PS-ը և UMP-ը՝ ստանում է «the UMPS» տարբերակը:

Լե Պենի ռեակցիան մատնանշում է UMP-ի ջանքերի առավել լայն հետևանքները:

Ֆրանսիական կուսակցական համակարգը խառնաշփոթի մեջ է հայտնվել: Սոցիալիստական կուսակցությունը դեռևս զբաղեցնում է կարևորագույն նախագահությունը, բայց դրա երբեմնի ամուր մեծամասնությունը Ազգային ժողովում բավականին խոցելի է դարձել:

Ձախերից շատերը դժգոհ են հարկերի բարձրացումից ու ծախսերի կրճատումից, որոնք Օլանդն ու վարչապետ Մանուել Վալսը հարկադրված էին կատարել, որպեսզի դիմագրավեն բյուջետային նորմերի խախտման համար Եվրոպական հանձնաժողովի կողմից նշանակված պատժամիջոցները, որոնց Ֆրանսիան համաձայնվել է:

Տեղական կառավարման մարմինների վերջին ընտրություններում կրած ծանր կորուստները զրկել են Սոցիալիստական կուսակցությանը տեղական բազմաթիվ բաստիոններից: Այս նույն ժամանակ, Կանաչները, ովքեր սոցիալիստների հետ մի ժամանակ իշխող կոալիցիայի մասն էին կազմում, դուրս են եկել Օլանդ-Վալս ռեֆորմների դեմ բողքի: Վալսը անձամբ պաշտոնանկ արեց իր կուսակցությունը ներկայանող երեք նախարարների, ովքեր հրապարակայնորեն քննադատեցին նրա նախաձեռնությունը:

Սարկոզին՝ Ժյուպպեի հետ մրցակցության պայմաններում, հարկադրված կլինի ամրապնդել իր իրավունքը՝ դիմելով Ազգային ճակատի աջակիցներին, ինչպես նա արդեն արել է 2012-ին: Սա, ամենայն հավանականությամբ,  նշանակում է ներգաղթի խստացման կոչ և բացահայտ քննադատություն այն ձևեի, որոնցով Եվրոպական միությունում ֆրանսիական պարտավորությունները սահմանափակում են Ֆրանսիայի ինքնիշխանությունը՝ հատկապես տնտեսական հարցերում:

Որպես նախագահ Սարկոզին եղել է համոզված եվրոպական, բայց Լե Պենի հարձակումները ԵՄ-ի վրա և կոչերը հրաժարվել եվրոյից, բավականին լայն ընդունելություն ստացան: Այն աստիճան ընդունելություն, որ նրա կուսակցությունը առաջ է անցել սոցիալիստներից ու UMP-ից՝ ըստ վերջին ազգային հետազոտությունների: Սարկոզիի հայացքները Եվրոպայի հանդեպ լիովին կարող են համատեղվել Լե Պենի հայացքների հետ՝ տարբերակելով նրան Ժյուպպեից և վերադարձնելով կորցրած ընտրողներին:

Բավականին շուտ է խոսել՝ արդյոք նման անցումը ապագայում կնշանակի ԵՄ-ին Ֆրանսիայի աջակցության թուլացում: Եթե Սարկոզին դառնա UMP-ի 2017թվականի թեկնածուն, նա ընտրությունների առաջին փուլից առաջ կարող է հաջողությամբ խուսավարել հակա-ԵՄ ուղղությունից:  Իր կարիերայի ընթացքում նա ցույց է տվել, որ անհրաժեշտության դեպքում կարող է փոխել իր գաղափարական շերտագծերը: Բայց ողջ Եվրոպայով մեկ եվրոսկեպտիկ տրամադրությունները աճում են, և ֆրանսիական առաջատար կուսակցության կողմից նեո-պրոտեկցիոնիստների հետ անգամ կարճատև սիրախաղը կարող է քայքայիչ լինել Եվրոպական ծրագրի և երկարաժամկետ հեռանկարում Ֆրանսիայի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment