Սարկոզին փորձում է արագ վերադառնալ, բայց Ֆրանսիան կարող է ընդդիմանալ դրան

Սարկոզին փորձում է արագ վերադառնալ, բայց Ֆրանսիան կարող է ընդդիմանալ դրան

Հոդվածի առանցքում

  • Սեպտեմբերի 29-ին Սարկոզին Facebook-ում քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություն արեց:
  • Սարկոզին հաշվարկել է, որ Օլանդի ձախողումները կարող են ժողովրդի մոտ նոստալգիա առաջացնել իր նախագահության տարիների նկատմամբ:
  • Ըստ փորձագետների, հաջորդ ամիս ներկուսակցական ընտրություններում Սարկոզին կարող է ընտրվել կուսակցության ղեկավար:
  • Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Սարկոզիի վերադարձը քաղաքականություն պայմանավորված է մի շարք քրեական հետապնդումներով:

Ուշադրությանն արժանի

Վերջերս Նիկոլա Սարկոզին, ելույթ ունեցավ գիմնազիայի բեմից` փորձելով հող նախապատրաստել իր գալիք նախագահական արշավին: Նախագահական պաշտոնը կորցնելուց հետո նա 2 տարի ոչ մի քայլ չէր ձեռնարկել Ֆրանսիայում իր քաղաքական «վատ տղայի» վարկանիշն ուղղելու համար: Ֆրանսիայի2007-2012թթ. նախագահը խոսեց բարդ տնտեսական վիճակի, ուսուցիչների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին և, ի վերջո, հանգեց նրան, որ իր` դեռևս չսկսված նախագահական արշավն արդեն իսկ բախվում է խնդիրների:

«Լավ բան, որն այսքան վատ է ընթանում»,-ասաց պրն. Սարկոզին` նայելով Կենտրոնական Ֆրանսիայի քաղաքի լեփ լեցուն դահլիճներից մեկին: «Ինչպիսի՞ դահլիճ ինձ կպահանջվեր, եթե ամեն ինչ լավ լիներ»:

Միջուցե, նա հեռուստախցիկների հետևից չէր կարող տեսնել գրեթե դատարկ դահլիճը: Էներգիայով լի պրն. Սարկոզին ամերիկյան ոճի հանրային քննարկումներ է անցկացնում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, որի նպատակն է նախագահել իր աջ կենտրոնամետ «Ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը: Սակայն քչերն են կասկածում, որ այս արշավը, «Իմ Նախագահ» վերնագրով, ցատկահարթակ է ծառայում Ելիսեյան Պալատում ևս մեկ նախագահություն ստանալու համար:

Պրն. Սարկոզին հաշվարկել է, որ իրեն պարտության մատնած սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի բազմաթիվ ձախողումները կարող են ժողովրդի մոտ որոշակի նոստալգիա առաջացնել իր նախագահության տարիների նկատմամբ կամ ցանկություն կառաջացնեն ևս մեկ հնարավորություն տալ իրեն և իր պահպանողական կուսակցությանը: Հարցն այն է, թե արդյոք ընտրողները կներեն կամ կմոռանան նրա հակասական հեղինակությունը և արդյոք Սարկոզին ի վիճակի կլինի իր մեղքերը քավել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ դատական գործ է հարուցված կոռուպցիայի մեղադրանքով, եւ երբ վերջինս լուրջ մրցակցության է բախվել սեփական կուսակցության ներսում:

Այստեղ` բեմում, Սարկոզին չի թաքցնում նախագահի պաշտոնին վերադառնալու իր ոգևորությունը: Փորձագետները հավատում են, որ հաջորդ ամիս կայանալիք ներկուսակցական ընտրություններում նա կարող է հավաքել կուսակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը: Սակայն պարզ է դառնում, որ նախագահական ընտրություններում հաղթելու համար Սարկոզիին շատ բարդ և խոչնդոտներով լի արշավ է սպասվում:

Սեպտեմբերի 29-ին Սարկոզին Facebook-ում քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություն արեց, ինչը հանգեցրեց նրա ռեյտինգի անկմանը: Ipsos-ի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ Ֆրանսիայի բնակչության ճնշող մեծամասնությունը Սարկոզիի քաղաքական ասպարեզ վերադառնալը լավ միտք չի համարում: IFOP-ի անցկացրած հարցումն իր հերթին ցույց տվեց, որ Սարկոզին իր համախոհներին կորցնում է նույնիսկ «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության ներսում:

Նախորդ 2 շաբաթների ընթացքում Սարկոզին ի վիճակի չեղավ ազդել իր սեփական կուսակցության օրենսդիրների վրա: Նախորդ ամիս Սենատում կուսակցության առաջնորդի ընտրություններում պրն. Սարկոզիին աջակցած թեկնածուն պարտություն կրեց, ինչը բավական անհեթեթ իրավիճակ է նախկին նախագահի համար:

«Գուցե և նրա հավատարիմ կուսակիցները ցանկանում են նրա վերադարձը, սակայն բնակչության 60 տոկոսն այլ կարծիք ունի»,- նշեց Université de Versailles Saint-Quentin-en-Yvelines-ի պատմական գիտությունների պրոֆեսոր և քաղաքական մեկնաբան Քրիստիան Դելպորտեն:

Երբ 2012թ.-ին նախագահական մրցավազքում Սարկոզին զիջեց Օլանդին, քաղաքական վերլուծաբաններից ոմանք հավատացին Սարկոզիին, երբ վերջինս ասաց, որ ուրախ է լքել քաղաքական ասպարեզը: Սակայն ոմանք, այնուամենայնիվ, ակնկալում էին նրա վերադարձը:

Սարկոզին իր վերադարձը պայմանավորեց սեփական հայրենասիրությունից դրդված: Նա նշեց` տեսնելով, թե ինչպես է երկիրը ծանր ճգնաժամ ապրում, անխղճություն կլիներ անտարբեր մնալ: Սակայն շատ վերլուծաբաններ կարծում են, որ նրա վերադարձը քաղաքականություն պայմանավորված է մի շարք քրեական հետապնդումներով և 2016թ. իր հավանական մրցակից Ալան Ժուպեյի ժողովրդականության աճով:

Վերլուծաբանները կարծում են, որ Սարկոզին կանգնած է խնդրի առջև` վերադառնալ հիմա, այլապես ուշ կլինի: Կուսակցության ղեկավարի պաշտոնը վերադարձնելը հնարավորություն կտա Սարկոզիին վերահսկելու կուսակցական մեխանիզմները, որոշակի ապահովագրություն կտա քրեական հետապնդումներից, ինչպես նաև կօգնի խուսափել նախորդ տապալված նախագահական արշավի ընթացքում կատարած գերծախսերին վերաբերող հարցերից և հետագայում ի վիճակի կլինի ծածկել դրանք:

Կուսակցության նախագահության համար պայքարն իր հերթին վատ դրության մեջ է դնում Սարկոզիին, քանի որ այդ պաշտոնը զգոլիորեն զիջում է ֆրանսիայի նախագահի պաշտոնին` թե’ իշխանությամբ, թե’ հեղինակությամբ:

«Ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը բավական վարկաբեկված կազմակերպություն է, որը բոլորովին վերջերս հայտնվեց մի շարք սկանդալների կենտրոնում, բացի դրանից` Սարկոզին մի շարք լուրջ մրցակիցներ ունի հենց կուսակցության ներսում, այդ թվում` իր պաշտոնավարման ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ֆրանսուա Ֆիլոնը: Նա այս շաբաթ հայտատարեց, որ դատարանում հայց է ներկայացնելու Le Monde թերթին` լուրի համար, թե ինքն աջակցել է Սարկոզիի դեմ քրեական գործ հարուցելուն` խոչընդոտելով վերջինիս քաղաքական ասպարեզ վերադառնալուն:

Նախորդ նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո քաղաքական ասպարեզ այսքան վաղ վերադարձը նշանակու՞մ է արդյոք, որ պրն. Սարկոզին ստիպված կլինի մի շարք քաղաքական արշավների միջով անցնել, ինչը մի շարք հնարավորություններ կտա իր հակառակորդներին նրան անախորժություններ պատճառել:

Ձախակողմյան քաղաքական ուժերը նրան արդեն թիրախի տակ են վերցրել: Օլանդի վարչակազմի պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են վերադառնում 2012թ.ին Սարկոզիից ժառանգած խնդիրներին և ջանք չեն խնայում վերջինիս վարկաբեկելու համար: Վերջերս կառավարությունը տեղեկատվություն հրապարակեց. Սարկոզիի 2011թ. պետական այցերի ծախսերը 3 անգամ գերազանցել են 2013թ. Օլանդի կատարած այցերի ծախսերին: Այս վիճակագրությունը հստակ նպատակ ունի Սարկոզիին ներկայացնել որպես պետական բյուջեի վատնիչ:

Չնայած, որ ֆրանսիական հասարակությունը սիրում է քաղաքական վերադարձներ, պատմության մեջ չկա մի դեպք, երբ պարտված նախագահը վերադառնալով` հաղթի նախագահական մրցավազքում: Եվ վերլուծաբանների կարծիքով, երկուս ու կես տարի ստվերում գտնվելը բավական չէ հասարակական վերաբերմունքը դրական դարձնելու համար:

Փարիզի d’Études Politiques համալսարանի քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Պասկալ Պերինյոն գտնում է, որ «Բավական ժամանակ չի անցել, որպեսզի հասարակության մեջ կարծիք ձևավորվի, թե Սարկոզին վերանայել է իր քաղաքական մոտեցումները»: «Սարկոզին քաղաքական ասպարեզ վերադառնալու համար անապատ անցնելու փոխարեն մանկական ավազե խաղահրապարակ է անցել»,- կատակում է պրն. Պերինյոն:

Հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններին դեռ բավական շատ ժամանակ կա` պրն. Սարկոզին կարող է օգտագործել իր ռազմավարական հմտությունները հեղինակությունը բարձրացնելու համար: Նրա աջակիցներին ոգևորում են Սարկոզիի գործնական մոտեցումները: Նա իր լսարանին հաճախ ասում է, որ Ֆրանսիան կարիք ունի վերադառնալու իր ավանդական քաղաքական ընթացքին:

Սարկոզին կատակում է թե, «միակ բանը, ինչ նա տեսել է Օլանդի կառավարությունից, մեկը մյուսի հետևից կյանքի չկոչվող առաջարկություններն են»: Սակայն պրն. Սարկոզիի քաղաքական հայացքներն այսօր նույնպես գաղտնիք են:

Շրջելով երկրում` Սարկոզին նպատակ է հետապնդում երիտասարդացնել իր կուսակցությունը: Նա խուսափում է արդի տարբեր խնդիրների վերաբերյալ իր տեսակետները բարձրաձայնելուց, նա ասում է, որ ցանկանում է լսել բոլորի կարծիքները, այլ ոչ թե պարտադրել սեփականը: Նա գտնում է, որ դա միակ տարբերակն է վերակազմավորել իր կուսակցությունը: Սարկոզին հանդես է գալիս որպես կշռադատված և իմաստուն թեկնածու, որը պատրաստ է համագործակցել իր հակառակորդների, այդ թվում` պրն. Ժուպեյի հետ:

Շատ հաճախ Սարկոզին իր լսարանին թողնում է առանց պատասխանի: Cyr-sur-Loire-ում ունեցած հանդիպմանն ուսանող Ամին Բայմոյի հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել երիտասարդության համար նախագահ ընտրվելու պարագայում, պրն. Սարկոզին փաստեց, որ աշխատանքի փնտրտուքով շատ երիտասարդ ֆրանսիացիներ գնում են արտերկիր, սակայն խուսափեց խնդրին լուծում առաջարկել:

«Դա նման չէր պատասխանի: Սարկոզին համոզիչ չէր: » – ասաց պրն. Բայմոն: Շատերը կարծում են, որ Սարկոզիի ամենամեծ խնդիրն այն է, որ նա չի փոխվել, ինչը բարդացնում է նոր թեկնածու հանդես գալու նրա ծրագիրը:

Տոմաս Գուենոլը, որը գիրք է գրել Սարկոզիի քաղաքականություն վերադարձի մասինմ գտնում է. «Սարկոզին կարող էր ընտրվել 2-րդ անգամ: Սակայն նա չի փոխվել. նա մնացել է ամբողջովին նույնը»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment