Սեմ Չիքեգյան՝ Բրենտֆորդի ամենաերիտասարդ զոհը Առաջին աշխարհամարտում

Հոդվածի առանցքում

  • Սեմ Չիքեգյանը ծնվել է Հայաստանում, բայց ապրում էր Բրենտֆորդում:
  • Սեմի մայրը փորձում էր ամեն կերպ հետ պահել որդուն, բայց նա փոխել է ծննդյան տվյալները և մեկնել պատերազմ:
  • 1918թ-ի փետրվարին Սեմը Անգլիայից նամակներ է ուղարկում մորը, որոնցում պատմում է բանակային կյանքից:
  • Չիքեգյանը զոհվել է Աշխարհամարտի վերջին 100 օրերին: Թաղված է Օնտարիոյի Սենս-Լե-Մարկվին գերեզմանատանը:

Ուշադրությանն արժանի

Սեմ Չիքեգյանը ցանկանում էր ինչ-որ բան անել: Ծնվել է Հայաստանում, բայց ապրում էր Բրենտֆորդում` Առաջին աշխարհամարտի օրերին: Առաջին համաշխարհային պատերազմին  նա որոշում է մեկնել Եվրոպա, որպեսզի մասնակցի պատերազմին:

«Որքան հիշում եմ,  նա դպրոցում մտերմացել էր շոտլանդացի երեխաների հետ և մեկնեց նրանց հետ Տորոնտո՝ միանալով շոտլանդական գնդին»,- ասում է Սեմիի  98 տարեկան զարմիկ Էնդի Չիչակյանը` երկուշաբթի օրվա հեռախոսային հարցազրույցում: «Բայց նրա մայրը գնացել էր Տորոնտո և հետ բերել իրեն: Նա ուզում էր գնալ նորից, բայց մայրը թույլ չէր տալիս»:

Դժվար է մեղադրել Սեմիի մորը՝ Լուսիկին, որը ցանկանում էր հետ պահել իր որդուն: Ի վերջո, մայրը Սեմիի և իր չորս մեծ եղբայրների ու քույրերի հետ միասին մեկնեց Կանադա՝ նոր կյանք սկսելու: Դա 1907 թվականն էր: Իր ամուսինը՝ Ջոնը, եկել էր այստեղ ավելի վաղ:

Չնայած Լուսիկն ամեն կերպ փորձում էր հետ պահել իր կրտսեր զավակին, Սեմիի միտքն ամբողջովին զբաղված էր պատերազմ մեկնելով: Ի վերջո նա ցուցակագրվեց ու մեկնեց արտասահման:

«Երևի նա մի պահ դուրս էր մնացել մոր զգոն հայացքի վերահսկողությունից, քանի որ կարողացավ մեկնել արտասահման», – ասաց Չիչակյանը: «Ես մի քանի բացիկներ ու նամակներ ունեմ, որ նա ուղարկել էր տուն»:

Չնայած Սեմի ազգանունը Չիքեգյան է, նրա ատեստավորման գրքույկում և այլ փաստաթղթերում գրված է Չիչակյան: Իր ատեստավորման թղթերում  Սեմիի նշած հասցեն է Ալֆրեդի փողոց, Տորոնտո: Իսկ իրականում Ալֆրեդի փողոցն էր, Բրենտֆորդ:

Նա նաեւ ասել է, որ ծնվել է 1899 թ.: «Հնարավոր է, որ նա ծնված լինի 1899 թ., սակայն ավելի հավանական է, որ նա ծնվել է 1903 կամ 1904 թթ.»,-ասում է Չիչակյանը:

Ինչևէ, 1918 թ. փետրվարին Սեմ Չիքեգյանն Անգլիայում էր, ուր վերապատրաստում անցավ ռազմաճակատ մեկնելուց առաջ: Նա նկարագրել է այդ ամենն 1918 թ. փետրվարի 10-ին Բրենտֆորդում գտնվող իր մորը գրած նամակում:«Ես սկսել եմ մարզվել շաբաթվա սկզբից, մեզ սովորեցրեցին, թե ինչպես վարվել հրացաններով, սվիններով, պայթուցիկներով, գազերով, կրակել գնդացիրից և անցկացնել լարեր, այնպես որ, դեռ բավականին ժամանակ կա մինչև մենք պատրաստ կլինենք մեկնելու Ֆրանսիա»,- գրել է Չիքեգյանը: «Մենք արթնանում ենք առավոտյան 6:30 և մարզվում մինչև կեսօր: Մենք սկսեցինք 1:15 , և ինձ դա շատ դուր եկավ: Նկարը, որ ես ուղարկեցի մի քանի օր առաջ, լավը չէ: Ես ձեզ մեկ ուրիշ նկար կուղարկեմ»:

Մեկ այլ նամակում Չիքեգյանը հղում է անում մի նամակի, որ իր մայրն ուղարկել է իր անմիջական հրամանատարին:

«Սպան զանգահարեց ինձ և հարցրեց քո գրած նամակի մասին: Նա հարցրեց ինձ` ուզո՞ւմ եմ վերադառնալ տուն, ասացի՝ ոչ: Ես գիտեմ, որ անհանգստացած ես, մայրի’կ, բայց ոչինչ չի կարող ինձ հետ պահել այժմ: Ես պատրաստվում եմ կատարել իմ պարտքը»,- գրել է Չիքեգյանը:

Ավելի քիչ, քան յոթ ամիս անց, Չիքեգյանը, որը ծառայում էր երրորդ գումարտակում՝ Կենտրոնական Օնտարիո գնդում, զոհվեց: Նա թաղված է Օնտարիոյի Սենս-Լե-Մարկվին գերեզմանատանը` Ֆրանսիայի Նորդ շրջանում:

Տեղացի պատմագետ Ջոֆրի Մոյերին, որը մեծ աշխատանք է կատարել հետազոտելով Բրենտֆորդի ժողովրդի, Բրենտ շրջանի և վեց ազգերի ներդրումը առաջին աշխարհամարտում, վաղուց հայտնի էր շարքային Սեմ Չիքեգյանի պատմությունը:

«Նա եղել է Բրենտֆորդի ամենաերիտասարդ մարդը: Նա կռվել և զոհվել է առաջին աշխարհամարտում», – ասում է Մոյերը: «Նա մահացել է աշխարհամարտի վերջին 100 օրերին` 1918 թ. սեպտեմբերի 2-ին, երբ ընթանում էին բաց մարտեր»:

Լուսիկը շատ ծանր տարավ իր որդու մահը: «Ես երբեք իսկապես չեմ ճանաչել Սեմին, ես շատ փոքր էի, բայց հիշում եմ, թե ինչպես ծանր տարավ նրա մայրը»,- ասաց Չիչակյանը: «Ամեն օր ցերեկը ժամը մեկ կամ երկուսին, նա նստում էր աթոռին ու լացում՝ասելով՝ Օ՜, ինչու՞ թողեցիր ինձ, ինչու՞ գնացիր: Եվ դա շարունակվում էր տարիներով»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment