Պարտվելով դիվանագիտությամբ` Պուտինը գազատարի ուղին փոխում է դեպի Թուրքիա

Հոդվածի առանցքում

  • Դիվանագիտական խնդիրների պատճառով Պուտինն անձամբ է որոշել դադարեցնել Հարավային հոսքի շինարարությունը։
  • Ուկրաինական հակամարտությունը օգնեց հեռացնել Պուտինին Արևմուտքից, նա սկսեց փնտրել այլ շուկաներ, ինչը ավելի ծախսատար դարձրեց Հարավային Հոսքը:
  • Պուտինն ասել է, որ Թուրքիա ձգվող գազատարը կարող է հասնել Հունաստան, եթե այն տնտեսապես համապատասխանի Եվրոպական շուկայի չափանիշներին:
  • Գազատարի շինարարության կասեցումը հաղթանակ է Թուրքիայի համար, որը շահարկելով Արևելք-Արևմուտք պառակտումը ձգտում է հասնել էներգետիկ երկարաժամկետ մատակարարումների:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հայտարարել է, որ կվերացնի ռուսական Հարավային Հոսք գազատարի նախագիծը` հսկայական ծրագիրը, որը խոստանում էր  հարավարևելյան Եվրոպայում հաստատել Ռուսաստանի գերիշխող դերը: Դրա փոխարեն, նախագիծը Արևմուտքի հետ Ռուսաստանի աննախադեպ թունավորված հարաբերությունների զոհը դարձավ:

Սա Պուտինի դիվանագիտական հազվադեպ պարտություններից է: Ռուսաստանի նախագահն ասել է, որ կփոխի գազատարի ուղղությունը դեպի Թուրքիա: Պուտինն այդ պարտությունը ներկայացրել է, որպես Եվրոպայի ձախողում և Բրյուսելին մեղադրել անհաշտության համար:

Նախագծի դադարեցումը հազվադեպ հաղթանակ է Եվրամիության և Օբամայի վարչակարգի համար, որոնք խիստ անգործունակ էին երևում այս տարի Պուտինի կողմից Ղրիմի գրավման և Ուկրաինայի արևելքում ապստամբություն հրահրելու ֆոնին:

Ռուսաստանը 22 միլիարդ դոլար արժողությամբ Հարավային Հոսք նախագիծը դեռ վաղուց էր ներկայացրել, որպես բիզնեսի առաջընթացի օրինակ: Վաշինգտոնն ու Բրյուսելը մերժել էին այդ մոտեցումը` նրբորեն թաքցրած քայլը, որը Կրեմլին թույլ կտար դառնալ գազի որոշիչ մատակարար Եվրոպայի համար: Նախագիծը շրջանցելու էր Ուկրաինան, որի հետ Մոսկվայի հակասությունները վերջին տարիներին երկու անգամ գազի մատակարարումների ընդհատման պատճառ են դարձել:

Ուկրաինական հակամարտությունը բարձրացրեց այս գազատարի դեմ Եվրոպայի ճնշումը, և այս տարվա հունիսին դրա կառուցմանը խոչընդոտեց Բուլղարիան:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Պուտինն անձամբ է որոշել դադարեցնել գազատարի շինարարությունը, քանի որ ի հայտ են եկել դիվանագիտական և տնտեսական ճնշումներ:

Եթե այս ամենում հաղթող կա, միայն Թուրքիան է, որը Չինաստանի և էներգետիկ քաղց զգացող զարգացող այլ երկրների հետ շահարկում է Արևելք-Արևմուտք պառակտումը, որպեսզի գործարքների միջոցով հասնի էներգետիկ երկարաժամկետ մատակարարումների: Երկուշաբթի Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը նշել է, որ Թուրքիան տարեկան կստանա  հավելյան երեք միլիարդ խորանարդ մետր բնական գազ և զեղչված գին: Պուտինն ասել է, որ Թուրքիա ձգվող գազատարը կարող է հասնել Հունաստան, եթե այն տնտեսապես համապատասխանի Եվրոպական շուկայի չափանիշներին:

Ուկրաինական հակամարտությունը և Կիևի ու Մոսկվայի դառը հարաբերությունները ստվերել են ամբողջ Եվրոպայի էներգետիկ դաշտը: Ռուսական գազի մեծ մասը Եվրոպա դեռ հասնում է Ուկրաինայի տարածքով, ինչը Կիևի քաղաքական միակ լծակն է իր հզոր հարևանի դեմ:

Քանի որ ուկրաինական ճգնաժամը խորացավ, վերածվելով Սառը պատերազմին բնորոշ ոչ-ոքիի, արևմտյան ուժերը սկսեցին վճռականորեն դիմակայել Պուտինի ագրեսիվ քաղաքականությանը նաև մյուս հարցերում: Այդ ուղղությամբ կատարած քայլերից մեկն էլ վերաբերում էր Հարավային Հոսք գազատարին:

Ուկրաինական հակամարտությունը նաև օգնեց հեռացնել Պուտինին Արևմուտքից: Նա ստորագրեց երկարաժամկետ պայմանագիր Չինաստանին գազ մատակարարելու վերաբերյալ, և սկսեց փնտրել այլ, ոչ եվրոպական շուկաներ իր նավթի ու գազի համար: Սա, նույնպես, կարծես, ավելի ծախսատար դարձրեց Հարավային Հոսքը:

Ռուսաստանի նախագահը անձամբ է ղեկավարում էներգետիկ և նավթագազատարային հարցերը, որոնք, հնարավոր է, միջազգային հարթակում իր իշխանության միակ աղբյուրն են:

Պուտինն ու Արևմուտքը տարիներով խաղում էին նավթագազային խողովակների երթուղիների շուրջ, դա նման էր մեծ խաղի, որտեղ պայքար է, թե ով պետք է վերահսկի էներգետիկ մատակարարումները Եվրոպայում:

Ռուսաստաը հասավ զգալի հաղթանակի` իրականություն դարձնելով դեպի Գերմանիա ձգվող Հյուսիսային Հոսք գազատարը, որը բացվեց 2011-ին: Բայց վերջին տարիներին էներգետիկ շուկաները փոխվել են, դրանց առջև բացվել են գազի նոր աղբյուրներ, որոնք  հիմնականում գտնվում են Հյուսիսային Ամերիկայում: Այդ աղբյուրները դարձել են  հասանելի Եվրոպայի համար:

Միաժամանակ, նավթի գների կտրուկ անկումը ճնշել է Կրեմլի ֆինանսական կարողությունը` հնարավոր է դուրս մղելով մուլտիմիլիարդավոր դոլարների ներդրումները գազատարի նախագծում, քանի որ այդ գումարները կարող է և երբեք հետ չբերվեն, որքան էլ որ նախագիծը խոստումնալից լինի քաղաքական առումով:

Ամեն դեպքում, վերլուծաբանները կարծում են, որ նույնիսկ $4.5 միլիարդը, որը պետական էներգետիկ հսկաԳազպրոմը արդեն ներդրել է Հարավային Հոսքում, ամբողջությամբ չի վատնվել:

Միայն այն, որ նախագծի մասին հայտնի էր բոլորին, արդեն իսկ կանխել է, որ Արևմուտքը լուրջ ջանքեր չգործադրի մրցակցող գազատար կառուցելու համար, ինչը Եվրոպային կապահովեր ոչ ռուսական գազով:

Անգամ միայնակ` Պուտինը անցել է հարձակման: «Եթե Եվրոպան չի ցանկանում, որ այս նախագիծը իրականացվի, այն չի իրականացվի»,- Պուտինը այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ, որը Ռուսաստանում ցուցադրվեց ամենադիտվող ժամերին, ուղիղ եթերում: Նա ասաց, որ «ծիծաղելի» կլինի ներդնել հարյուր միլիոնավոր դոլարներ մի գազատարի նախագծում, որը, հասնելով Բուլղարիայի սահմանին, կհանդիպի արգելքի այդ երկրի քաղաքական դիրքորոշման պատճառով: Պուտինը նշեց. «Մենք վստահ ենք, որ դա չի բխում Եվրոպայի տնտեսական շահերից, և վնասում է մեր գործակցությունը, բայց սա մեր եվրոպացի ընկերների որոշումն է, վերջին հաշվով նրանք են գնորդը, դա նրանց ընտրությունն է»:

Պուտինը նաև անդրադարձավ Բուլղարիային, որը հունիսին սառեցրել է գազատարի շինարարությունը Եվրահանձնաժողովի ճնշմամբ, ըստ որի գազատարը կարող է խախտել էներգետիկային և մրցակցությանը առնչվող օրենքները:

Հետևելով իր պարտավորություններին` Բուլղարիան կզիջի տարեկան $500 միլիոն դոլար և «զրկված կլինի ինքնիշխան երկրի պես գործելու հնարավորությունից»: Պուտինը Բուլղարիայի վերաբերյալ արտահայտվեց դանակը շրջելու հռետորաբանությամբ:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջազգային ամենակարևոր դաշնակիցն է, իսկ թուրք-սիրիական հարաբերությունները լարված են: Ամեն դեպքում,  վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան Արևմուտքի հետ Ռուսաստանի հակամարտությունից օգուտներ քաղելու հնարավորություն է տեսնում,  հատկապես,  եվրոպական մթերք ներմուծողների նկատմամբ ռուսական պատասխան պատժամիջոցների հարցում:

Բացի մթերքից, Ռուսաստանն ու Թուրքիան գտել են տնտեսական գործակցության այլ ուղիներ: Ռուսաստանը ավարտում է Թուրքիայում առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը:

Բրյուսելում տեղակայված արտաքին քաղաքականության հետազոտությամբ զբաղվող Carnegie Europe կազմակերպության գիտաշխատող, թուրք նախկին դիվանագետ Սինան Ուլգենի խոսքով` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները թույլ են տալիս այդ երկրին սահմանել իր արգելքները ԵՄ-ից մթերքների ներմուծման նկատմամբ, և Թուրքիան փորձում է օգուտ քաղել այդ խնդրից` դառնալով ավելի հզոր արտահանող: Բայց նաև այստեղ կա բնական սահման, Արևմուտքում սպասում են, որ Թուրքիան դրանով չի տարվի, քանի որ այդ կերպ կքանդվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, երեքշաբթի պատասխանելով լրագրողների հարցերին, կոչ արեց Թուրքիային միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. «Կցանկանայի տեսնել որքան հնարավոր է շատ երկրների, որոնք միանում և աջակցում են պատժամիջոցներին: Կարևոր է, որ դա ունենա ազդեցություն»:

Ամեն դեպքում, Էրդողանը անկեղծ արտահայտեց իր ատելությունը Ասադի նկատմամբ` նշելով, որ Ասադի ռեժիմն է մեղավոր ներկա իրավիճակի համար։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment