Ռուսաստանն ադրբեջանցի բլոգերին զրկել է քաղաքացիությունից և պատրաստվում է արտաքսել
Հոդվածի առանցքում
- Գրեթե երկու տասնամյակ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 39-ամյա Էլվին Իսաևը կնոջ հետ ապրում էր Սանկտ Պետերբուրգում և վարում էր վիդեոբլոգ Ադրբեջանի քաղաքական գործիչների մասին: Անցյալ շաբաթ 20 ոստիկաններ ձերբակալել են նրան իր տան մոտակայքում, հայտնում են նրա հարազատները:
Ուշադրությանն արժանի
Ադրբեջանի իշխանություններին քննադատող միգրանտ բլոգերին Ռուասաստանը զրկել է քաղաքացիությունից և պատրաստվում է արտաքսել, պատմում է նրա ընտանիքը:
Գրեթե երկու տասնամյակ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 39-ամյա Էլվին Իսաևը կնոջ հետ ապրում էր Սանկտ Պետերբուրգում և վարում էր վիդեոբլոգ Ադրբեջանի քաղաքական գործիչների մասին:
Անցյալ շաբաթ 20 ոստիկաններ ձերբակալել են նրան իր տան մոտակայքում, հայտնում են նրա հարազատները:
Կինը՝ Սվետլանա Իսաևան, ասել է, որ ոստիկանությունը որևէ բացատրություն չի տվել օգոստոսի 23-ին նրան կալանքի տակ առնելու պատճառների մասին և հայտնել են, որ ամուսնու ռուսական անձնագիրն անվավեր է ճանաչվել միգրացիոն ծառայության կողմից:
Ռոյթերսը գրում է, որ Սանկտ Պետերբուրգի Կիրովի շրջանի դատարանը որոշել է, որ Իսաևը պետք է արտաքսվի Ադրբեջան՝ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար:
Իսաևի կինը Ռոյթերսին ասել է՝ կարծում է, որ իր ամուսնու դեմ այդ քայլը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա վարած բլոգի համար պատժելու նպատակով:
«Նա փորձում էր մարդկանց պատմել, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Ադրբեջանի կառավարությունը, կարծես թե, չկարողացավ համակերպվել դրա հետ», – ասել է նա YouTube-ի տեսաուղերձում, որում կոչ էր անում նախագահ Վլադիմիր Պուտինին միջամտել գործին:
«Ամուսինս նաև մահվան սպառնալիքներ է ստացել: Սպառնացել են, որ եթե նա չփակի բերանը, ապա շատ վատ կլինի նրա համար, և, նույնիսկ կարող են սպանել», – ասել է նա:
Արևմուտքը քննադատել է Ադրբեջանին կառավարության քննադատների դեմ ճնշումների համար: Ադրբեջանցի պաշտոնյաները հերքում են նման մեղադրանքը: Ռուսաստանը լավ կապեր ունի նախկին խորհրդային հանրապետության հետ:
Կինը հայտնում է, որ Իսաևը գտնվում է միգրանտների համար նախատեսված հաստատությունում և սպասում է արտաքսմանը: Իսաևի փաստաբան Անտոն Պավլովն ասում է, որ իշխանությունները հրաժարվել են բացատրել, թե ինչու են նրա անձագիրն անվավեր ճանաչվել, չնայած բացատրության պաշտոնական խնդրանքին:
Իսաևը Ռուսաստան է տեղափոծվել 1998-ին և 2001-ին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Նրա հայրը, որը նույնպես ազգությամբ ադրբեջանցի էր, ուներ Ռուսաստանի քաղաքացիություն և 1995 թվականից բնակվում էր Հյուսիսային Օսեթիայում:
Իսաևը փորձում էր հրաժարվել իր ադրբեջանական քաղաքացիությունից 2001 թվականին, բայց այդպես էլ չկարողացավ դա անել, քանի որ իշխանությունները չեն ընդունում նման հայցերը երկրի ժողովրդագրական անկման պատճառով, ասել է Պավլովը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ