Արեւմտյան նախարարները կոչ են անում ՆԱՏՕ-ին վերականգնել Ռուսաստանի հետ ռազմական կապը

Հոդվածի առանցքում

  • Արեւմտյան կառավարությունները կոչ են արել Հյուսիսատլանտյան դաշիքին վերականգնել ռազմական կապերը Մոսկվայի հետ:
  • Եվրոպայում մտավախություն կա, որ Ռուսաստանի զինված ուժերի զորավարժությունները կարող են բորբոքել մեծ առճակատում:
  • Եվրոպայում ընդունում են, որ պետք է կանխել Ռուսաստանի հետ լարվածության պարուրաձև զարգացումը:
  • ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ իր երկիրը բաց է նման շփումների նորացման համար:

Ուշադրությանն արժանի

Եվրոպայում մտավախություն կա, որ ռուսական զորավարժությունները կարող են ընդլայնել հակամարտությունը։

Այս շաբաթ Արեւմտյան կառավարությունները կոչ են արել Հյուսիսատլանտյան դաշիքին վերականգնել ռազմական կապերը Մոսկվայի հետ, քանի որ Եվրոպայում լուրջ մտավախություն կա, որ Ռուսաստանի զինված ուժերի զորավարժությունները կարող են բորբոքել մեծ  առճակատում:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ստեղծել մեխանիզմ, որը կկարգավորի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջև առաջացած ճգնաժամը: Այն կրում է սառը պատերազմի ժամանակի արձագանքները, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը զարգացրել էին հաղորդակցման արտակարգ կապ, որպեսզի թույլ չտային պատահարների կամ թյուրիմացությունների պատճառով մեծ հակամարտության ծագումը:

Եվրոպայում ընդունում են, որ պետք է կանխել Ռուսաստանի հետ լարվածության պարուրաձև զարգացումը, որն առաջացել է ուկրաինական հակամարտության ժամանակ և Արեւելք-Արեւմուտք հարաբերությունները հասցրել է վերջին տասնամյակներում վատագույն մակարդակի:

«Նախարարները ներկա լարվածության պայմաններում  կարևորում են ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ կանոնավոր ռազմական հաղորդակցությունը` ցանկացած միջադեպերից խուսափելու համար: ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունը պետք է հաղորդակցության ուղիներն ավելի թափանցիկ դարձնի եւ դրանք օգտագործի ցանկացած թյուրիմացության պատճառով սկսված ռազմական գործողությունից խուսափելու համար», – հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն:

Արեւմտյան պաշտոնյաները` ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները, երեքշաբթի երեկոյան Բրյուսելում կոչ են արել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին երկխոսություն սկսել Ռուսաստանի զինվորական պաշտոնյաների հետ:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ճգնաժամի պատճառով այս տարի դադարեցրել է ռուսական ռազմական գործընկերների հետ համագործակցությունը:

«Մենք որոշել ենք, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները պետք է խնդրեն դաշինքի  գլխավոր քարտուղարին ուղիներ որոնել ռազմական փորձագետների մակարդակով շփումը վերականգնելու համար: Մենք պետք է համոզվեք, որ այս ճգնաժամային պահին ունենք Ռուսաստանի հետ հարաբերությունների նվազագույն մակարդակը»,- չորեքշաբթի ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որը երկխոսության ընդլայնման կողմնակիցներից է:

Եվս մեկ Արեւմտյան պաշտոնյա ասել է, որ նորացված երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է իրականացնել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի սպայական կազմի նորացված շփումների միջոցով:

Նման քննարկումները ավարտվեցին փետրվարի վերջին, երբ ռուսական զորքերը սկսեցին շարժվել դեպի ուկրաինական Ղրիմի շրջան:

Այդ պահից սկսած երկու կողմերի բարձրաստիճան զինվորականների մակարդակով շփումները սակավաթիվ են եղել: Դրանցից մեկ կայացել է մայիսին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Կնուդ Բարտելսի և ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի միջև:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ իր երկիրը բաց է նման շփումների նորացման համար և նշել, որ կապի ուղիներն ու համապատասխան կառույցները դեռ գործում են:

«Ես կարծում եմ, որ եթե ՆԱՏՕ-ն հանդես է գալիս ռազմական շփումների որոշ ձեւեր վերականգնելու գաղափարով, մեր ռազմական ղեկավարությունը պետք է հաշվի առնի նման հնարավորությունը», – հայտարարության մեջ ասել է Գրուշկոն:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների այդ քայլը ցույց է տալիս, որ եվրոպական կառավարությունները լրջորեն մտահոգված են օդում և ցամաքում ռուսական զինված ուժերի զորավարժությունների անկանխատեսելի հետեւանքներով: Կիրակի Նորվեգիան թողարկել է մի տեսահոլովակ, որտեղ երևում է, որ ռուսական կործանիչը թռչում է Նորվեգիայի F-16-ից շատ մոտ հեռավորության վրա, որը ՆԱՏՕ-ն ուղարկել է  ռուսական ինքնաթիռի թռիչքը կանգնեցնելու համար: Նորվեգիան հայտարարել է, որ միջադեպը ընդգծել է բախումների պոտենցիալ վտանգը: Այն կարող է առաջանալ ռուսական զորավարժությունների հետևանքով, որոնք, ըստ արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների, դարձել են ավելի ագրեսիվ:

Պարոն Ստոլտենբերգը երկուշաբթի հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օդուժը այս տարի ավելի քան 400 անգամ փորձել է կանխել ռուսական ինքնաթիռների թռիչքները, որոնք Բալթյան տարածաշրջանում ավելի քան 50% -ով գերազանցում են 2013 թ.-ի տվյալները:

«Նրանք թռիչքներ են իրականացնում առանց ներկայացնելու թռիչքային ծրագրերը, առանց միացնելու ընդունող-պատասխանող համակարգը, եւ չեն շփվում օդային երթեւեկության քաղաքացիական հսկիչների հետ», – ասել է Ստոլտենբերգը,- «Մեծ նշանակություն է տրվում այն ամենին, ինչը կարող է նպաստել թափանցիկությանն ու կանխատեսելիությանը, որոնք պետք է նվազեցնեն անվերահսկելի պատահարների, միջադեպերի եւ վթարների հավանականությունը»:

Դաշինքն ուժեղացրել է գործունեությունն իր արեւելյան սահմաններում, անցյալ տարվա համեմատ 5 անգամ ավելացրել է օդային պարեկությունը Ռուսաստանի հարևանությամբ, ինչպես նաև ծովային պարեկությունը Բալթիկ և Սեւ ծովերում, անցկացնում է ցամաքային ուժերի զորավարժություններ արեւլյան դաշնակիցների հետ: Այն ստեղծում է նաեւ փոքր ստորաբաժանում, որը մի քանի օրում պետք է տեղակայվի  վտանգավոր գոտիներում:

Սակայն, եվրոպացի պաշտոնյաները, այդ թվում, ազդեցիկ Բեռլինը, բարձրաձայնում են իրենց մտահոգությունը, որ երկու կողմերում ռազմական ակտիվությունը կարող է հանգեցնել անսպասելի առճակատման: Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը նշել է, որ վտանգն ավելացել է կապի բացակայության պատճառով:

«Մենք պետք է մտածենք այն մասին, արդյո՞ք, այս դժվար ժամանակներում կկարողանանք պահպանել ամենացածր մակարդակը: Նույնիսկ Սառը պատերազմի ժամանակ մենք ռազմական մակարդակի շփումներ ունեինք, որոնց միջոցով ստուգում էինք  որոշ զեկույցներ ճիշտ են, թե՞ ոչ »,- ասաց Շտայնմայերը երեքշաբթի:,-«Մենք պետք է համոզվեք, որ զարգացումները վերահսկվում են եւ շարժման մեջ դնենք ռազմական դինամիկայի ավտոմատ մեխանիզմը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment