Պուտինից հետո Ռուսաստանի խնդիրը չի լուծվի

Պուտինից հետո Ռուսաստանի խնդիրը չի լուծվի

Հոդվածի առանցքում

  • Բռնապետությունները փխրուն բաներ են, և երբ վախը, որի վրա հիմնված են, փշրվում է, դրանք էլ են փլուզվում: Ռուսաստանում անցկացվող բողոքի ցույցերը կարող են ընդունվել որպես Ռուսաստանի որոշ քաղաքացիների մոտ անվախության աճի ու Պուտինի և նրա խմբավորման թուլության նշաններ: Պատճառ կա հուսալու, որ Պուտինյան կլեպտոկրատիան  կավարտվի: Ո՞վ, կամ ո՞ր ռեժիմը կհետևի Պուտինի կառավարման երկու տասնամյակներին, այլ հարց է: Պետք է հուսալ, որ այն կլինի ավելի զիջող և պակաս ավտորիտար, բայց Ռուսաստանի ներքին համակարգի ապագան կարելի է միայն գուշակել:

Ուշադրությանն արժանի

 

Պուտինիզմի ավարտը չի լինի Ռուսաստանի աշխարհքաղաքական հավակնությունների ավարտ:

Բռնապետությունները փխրուն բաներ են, և երբ վախը, որի վրա հիմնված են, փշրվում է, դրանք էլ են փլուզվում: Ռուսաստանում անցկացվող բողոքի ցույցերը կարող են ընդունվել որպես Ռուսաստանի որոշ քաղաքացիների մոտ անվախության աճի ու Պուտինի և նրա խմբավորման թուլության նշաններ: Պատճառ կա հուսալու, որ Պուտինյան կլեպտոկրատիան  կավարտվի: Ո՞վ, կամ ո՞ր ռեժիմը կհետևի Պուտինի կառավարման երկու տասնամյակներին, այլ հարց է: Պետք է հուսալ, որ այն կլինի ավելի զիջող և պակաս ավտորիտար, բայց Ռուսաստանի ներքին համակարգի ապագան կարելի է միայն գուշակել:

Ամեն դեպքում, Պուտինի անխուսափելի ավարտը (ի վերջո, վաղ թե ուշ ընտրությունների, հեղափոխության կամ մահերի միջոցով բոլոր քաղաքական առաջնորդները կորցնում են իշխանությունը), չի լուծի անվտանգության խնդիրները, որոնք ստեղծում է Ռուսաստանը: Կրեմլը կարող է փոխել իր օկուպանտներին, բայց Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ ավելի շատ շարունակականությունն է, քան փոփոխությունը: Պուտինը կհեռանա, իսկ Ռուսաստանը կմնա:

Աշխարհագրությունը պարտադրում է հետևողական պարզություն Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում: Մի խոսքով, Ռուսաստանը ցանկանում է լինել Եվրոպայում: Չկարողանալով դառնալ ասիական մեծ տերություն, Ռուսաստանը նախկինում (ինչպես և հիմա) ձգտում էր լինել Եվրոպայի գերիշխողը:

Իր երկար ցամաքային սահմաններով Ռուսաստանը ֆիզիկապես ավելի շատ Ասիայում է, քան Եվրոպայում: Բայց Ասիայում երբևէ հնարավորություն չի ունեցել առանցքային դեր խաղալ: 19-րդ դարում Ռուսաստանը դժվարությամբ նվաճեց Կենտրոնական Ասիայի տափաստաններն ու Սիբիրյան հողերը, մասամբ իրենց հեռավորության պատճառով: Նվաճելուց հետո էլ հեշտ չէր դրանց ղեկավարել և ի վերջո դրանք երբեք չէին կարող Ռուսաստանին աշխարհքաղաքական նշանակություն հաղորդել, որն անհրաժեշտ էր համաշխարհային տերություն դառնալու համար: Տիրակալ լինելով Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ միայն Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում:

Ավելին, Չինաստանը արգելափակում է Ռուսաստանի ազդեցությունը Ասիայում: Վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանի աճը կրճատել է Ռուսաստանի հասանելիությունը Կենտրոնական Ասիայի մեծ մասին՝ պարզ հասկացնելով Մոսկվային, որ այնտեղ (և այլուր) քիչ օգուտ կարող է լինել Չինաստանի շահերին հակադրվելուց: Ռուսաստանը ստիպված է հաշտվել այդ տարածաշրջանի նոր իրավիճակի հետ տնտեսական թուլության պատճառով: Ահա թե ինչու, Ռուսաստանը երբեք ԱՄՆ-ի գործընկերը չի դառնա Չինաստանի իշխանությանը հավասարակշռելու նրա ջանքերում: Ասիայում ընդլայնվելը կամ նույնիսկ Չինաստանի կայսերական հավակնություններին հակազդելը, չափազանց ռիսկային է և Ռուսաստանին էլ դրա համար բավարար պարգևներ չեն սպասվում: Ասիայում Ռուսաստանը լավագույն դեպքում երկրորդ կարգի տերություն է: Այն չի կարող մրցել Չինաստանի հետ, և հավասար պայմանների համար գերադասում է ունենալ ասիական կայուն սահման:

Ռուսաստանի հարավային և արևելյան սահմանների հարաբերական կայունությունը թույլ է տալիս Ռուսաստանին ապակայունացնել իր արևմտյան սահմանը: Ինչպես ցանկացած այլ պետություն, որն ունի բազմաթիվ սահմաններ, Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ դրանց վերաբերվել որպես առանձին ռազմավարական մարտահրավերների: Սահմանները միմյանց կապված են, և մեկն ընդյալնելու համար անհրաժեշտ է կայունացնել մյուսները: Հետևաբար, արևմտյան սահմաններն ընդլայնելու Ռուսաստանի հնարավորությունը կախված էր մյուս սահմանների կայունությունից:

Միայն Եվրոպայում Ռուսաստանը կարող է ձգտել դառնալու մեծ տերություն: Ռուսաստանը դեպի արևմուտք հակված տերություն է, բայց ոչ այդ արտահայտության լիբերալ իմաստով. մասնավորապես, օրենքի գերակայության գաղափարը երբեք չի արմատավորվել Ռուսաստանում: Այն թեքվել է արևմուտք աշխարհքաղաքական իմաստով, իր սահմանները մղելով դեպի Եվրոպա: Այնտեղ նա կարող է խախտել, միջամտել և ձևավորել քաղաքական կյանք:

Եվրոպական մեծ տերություն դառնալու համար Ռուսաստանին պետք է երեք բան: Նախ ՝ աշխարհագրական հենակետ: Ռուսաստանն ակնհայտորեն արդեն եվրոպական թատերաբեմում է, բայց նախկինում, ինչպես հիմա, գտնվում է աշխարհքաղաքական լուսանցքում: Դա կանխելու համար նրան հարկավոր է վերահսկել ներքին ծովերը (Սև, Բալթյան և Միջերկրական) ու Կենտրոնական Եվրոպայի մայրցամաքային միջուկը: Այս հրամայականը մասամբ բացատրում է Պուտինի պատերազմը Ուկրաինայում և ռազմական միջամտությունը Սիրիայում: Սրանք Ռուսաստանը եվրոպական ուժային դինամիկայի մեջ մտցնելու փորձեր են, որը նրան ավելի ունակ է դարձնում եվրոպական մայրաքաղաքներում որոշումներ ձևավորելու հարցում:

Երկրորդ՝ Ռուսաստանին պետք է պառակտված Եվրոպա, որպեսզի գործի որպես միջնորդ: Եվրոպական միասնությունը միշտ եղել է չափազանց նուրբ, և վերազգային ոչ մի գերատեսչության չի հաջողվել հաղթահարել Եվրոպայի պետությունների միջև տնտեսական ու անվտանգության շահերի հիմնարար տարբերությունները: Մոսկվան շատ հմտորեն է օգտագործածել այդ տարբերությունները, մասնավորապես ՝ Գերմանիայի դեպքում, այն պառակտելով դաշնակիցներից տնտեսական միջոցներով (օրինակ ՝ Nord Stream գազատարներ) և կոռուպցիայով (օրինակ ՝ նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը աշխատում է Ռուսաստանի էներգետիկ արդյունաբերության համար):

Երրորդ ՝ Ռուսաստանին անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները դուրս լինի Եվրոպայից: Առանց ամերիկացիների, Եվրոպան աշխարհագրորեն փոքր թերակղզի է Եվրասիայում` ներքին լարվածությունից  ցնցված, որն ի վիճակի չէ դիմակայել Ռուսաստանի կայսերական մղումներին: Միասնությանը, որին Եվրոպան հասել է և կարող է պահպանել, լիովին կախված է ԱՄՆ-ի շարունակական ներկայությունից և առաջնորդությունից: Համենայն դեպս, եվրոպական որոշ մայրաքաղաքներում հակաամերիկյան տրամադրությունները ծագում են այն պատճառով, որ Միացյալ Նահանգները եվրոպական պետություններին ստիպում է անել այն, ինչը բխում է ամբողջ Եվրոպայի, և ոչ թե միայն իրենց նեղ շահերից: Դրա օրինակն է Վաշինգտոնի ընդդիմությունը «Ռուս-գերմանական Nord Stream 2» նախագծին: Ռուսաստանի գազից ավելի մեծ կախվածությունը Բեռլինին ավելի բարյացակամ կդարձնի Մոսկվայի նկատմամբ՝ ի վնաս Կենտրոնական Եվրոպայի պետությունների (ԵՄ-ի գործընկերներ և ՆԱՏՕ-ի անդամներ):

Ռուսաստանի արտաքին քաղաքականության պարզությունը համընկնում է դրա համառ իրականացման հետ: Այս նպատակները, և մասնավորապես երեք աշխարհքաղաքական պահանջները Ռուսաստանը եվրոպական մեծ տերություն դարձնելու հարցում, երկար ժամանակ հանդիսանում էին Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղենիշը և դրանք Պուտինի երևակայության արդյունքը չեն: Պուտինը չի հետապնդում արտաքին քաղաքականության նոր նպատակներ. նա պարզապես դրանք իրականացնում է ավելի մեծ եռանդով և օպորտունիզմի զգացողությամբ: Նրա արտաքին քաղաքականությունը պատմական անոմալիա չէ:

Պուտինի իրավահաջորդը կարող է փոխել ժամանակը, առաջնահերթությունները և ընդունել ուրիշ միջոցներ, բայց վստահ եղեք, որ Ռուսաստանը կշարունակի մրցակից լինել եվրոպական թատերաբեմում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment