Փնթփնթան լավատես. նախկին «Troika Dialog»-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Վարդանյան

Փնթփնթան լավատես. նախկին «Troika Dialog»-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Վարդանյան

Հոդվածի առանցքում

  • «Troika Dialog»-ի նախկին գործադիր տնօրենը միշտ եղել է երկրում տիրող տնտեսական ճգնաժամերի առաջնամասում: «Troika Dialog»-ը 2011-ին վաճառվել է Ռուսաստանի խոշորագույն վարկատու պետական «Sberbank»-ին, նա քայլ առ քայլ հեռացել է այդ կազմակերպությունում աշխատանքից՝ չնայած շարունակում է մնալ «Sberbank»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը:
  • «Դեռ կլինեն վերելքներ և վայրէջքներ, այո, կլինեն իրավիճակներ, որոնք կվրդովեցնեն և կնյարդայնացնեն մարդկանց, ինչպես դա շատ անգամ եղել է նախկինում, սակայն դա արդեն կանգնեցնել հնարավոր չէ, Ռուսաստանը 20 տարի հետո էլ շարունակելու է մնալ շուկայական տնտեսություն ունեցող երկիր»:
  • Ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարելով «Troika»-ն՝ նախքան այն վաճառելը, «Forbes»-ի գնահատմամբ նրա կուտակած կարողությունը հասնում է 850 միլիոն դոլարի, և պարոն Վարդանյանը մի կողմ է թողնում իր ջանքերն ու հրապուրվում բարեգործության աշխարհով:
  • Նա չի սիրում բարեգործություն բառը, նշում է, որ «բարեգործությունը սովորաբար նշանակում է, որ դուք գումարը տալիս եք և մոռանում դրա մասին: Ես ակտիվորեն մասնակցում եմ կառավարչական որոշումների կայացմանը: Դա կապիտալիզմի նման է:
  • Նա նշում է, որ իր չորս երեխաներին միայն սեփականություն կթողնի: Նա և իր կինը մնացած գումարը պետք է ծախսեն բարեգործական ծրագրերի համար ամբողջ կյանքի ընթացքում:
  • Նա մտադիր է 1915-ի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագիր իրականացնել և արժանին հատուցել այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք օգնել են փրկելու հայերի կյանքը: Նա պատմում է, որ իր պապը մանուկ հասակում Ցեղասպանությունից փրկվել է ամերիկյան միսիոներների որբանոցի շնորհիվ:

Ուշադրությանն արժանի

Այն մարդը, ում  մի ժամանակ անվանում էին ռուսական կապիտալիզմի  դեմքը, Ռուբեն Վարդանյանը զարմանալիորեն հանգիստ է իր շուրջը մոլեգնող  ճգնաժամի նկատմամբ: Նստած իրեն պատկանող՝ Մոսկվայի ամենաշքեղ գրասենյակային  համալիրներից մեկի իր գրասենյակում, շրջապատված իր կնքած  գործարքների և հաջողությունների այլ խորհրդանիշներով, ռուբլու անկման և սպառնացող տնտեսական ճգնաժամի վերաբերյալ նրա պատասխանը տիպիկ ռուսական է. «Ավելի վատ էլ է եղել»:

«Աշխարհում ամեն ինչ հարաբերական է»,- ասում է նա՝ թվարկելով Խորհրդային Միության փլուզումից  հետո վերջին քսանհինգ տարում Ռուսաստանում եղած տնտեսական ճգնաժամերը: «Վերջին  25 տարվա ընթացքում այս երկրում իմ կյանքին նայելով՝ միանշանակ կարող եմ ասել, որ միշտ էլ կան նոր մարտահրավերներ և խնդիրներ»: 46-ամյա պարոն Վարդանյանը շատերից լավ գիտի իրողությունը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանի լավագույն ներդրումային բանկերից մեկն հանդիսացող  «Troika Dialog»-ի նախկին գործադիր  տնօրենը  միշտ եղել է երկրում տիրող տնտեսական  ճգնաժամերի առաջնամասում:  «Troika Dialog»-ը 2011-ին վաճառվել է Ռուսաստանի խոշորագույն վարկատու պետական «Sberbank»-ին, նա քայլ առ քայլ հեռացել է այդ կազմակերպությունում աշխատանքից՝ չնայած շարունակում է մնալ «Sberbank»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը:

Նրա նախկին կոլեգաներից և մրցակիցներից շատերը կարող են նախանձել իր ճիշտ ժամանակային հաշվարկին. Ռուսաստանում  2014-ի վերաբերյալ  վերլուծաբանները ներդրումային բանկերի եկամուտների կտրուկ անկում են կանխագուշակում, քանի որ Արևմտյան պատժամիջոցների և դրա արդյունքում արժեթղթերի արժեզրկման պատճառով  բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկումը գրեթե դադարեցվել է: Արևմտյան շատ բանկեր Մոսկվայից տեղափոխում են իրենց աշխատակիցներին: Սակայն պարոն Վարդանյանը այն կարծիքին չէ, որ Ռուսաստանը այլևս ներդրումային բանկերի հաջող գործունեության վայր չէ:

«Ինչպես և 1991-ին, երբ Խորհրդային Միության անկման արդյունքում Ռուսաստանում հսկայական տնտեսական և քաղաքական հեղաշրջում տեղի ունեցավ, երկիրը այժմ ևս կանգնած է մեկ այլ կորագծի վրա»,- նշում է նա: Նա հիշում է 1991-ը,  երբ դեռ մոտ  20 տարեկան էր: «Մոսկվայում գտնվելով՝ ես ինքն ինձ ասացի, որ ունեմ երկու տարբերակ: Առաջինը, որ Խորհրդային Միությունը կգոյատևի, և ես կհեռանամ, և երկրորդը, որ Ռուսաստանում կապիտալիզմ կկառուցվի: Դա հսկայական հնարավորություն էր»:

«Այժմ,  25 տարի անց, ես նստած եմ ձեզ հետ, և դուք խոսում եք նույն բաների մասին»: Ինչպես և 1991-ին,  պարոն Վարդանյանը Ռուսաստանում է՝ շուկայի իր ընտրությունը կատարելու համար:

«Դեռ կլինեն վերելքներ և վայրէջքներ, այո, կլինեն իրավիճակներ, որոնք կվրդովեցնեն և կնյարդայնացնեն մարդկանց, ինչպես դա շատ անգամ եղել է նախկինում, սակայն դա արդեն կանգնեցնել հնարավոր չէ, Ռուսաստանը 20 տարի հետո էլ շարունակելու է մնալ շուկայական տնտեսություն ունեցող երկիր»:

Նրա տեսակետը Մոսկվայում այս պահի վերաբերյալ կարող է լավատեսական թվալ: 2012-ին Վլադիմիր Պուտինի վերադարձը, որպես նախագահության երրորդ շրջան, համընկավ ռուսական բիզնեսի վրա պետության ազդեցության կտրուկ մեծացմամբ:

Այս միտումը վերջին տնտեսական ճգնաժամի արդյունքում ավելի է խորանում, որի վկայությունն է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկոյի, անցյալ տարվա վերջին ձերբակալումը և նրա նավթային ընկերության առգրավումն ու ազգայնացումը: Չնայած այն հանգամանքին, որ պարոն Եվտուշենկոն վերջերս ազատ է արձակվել, այս դեպքը սառը ցնցուղի դեր է ունեցել Մոսկվայի գործարարական շրջանների համար:

Ռուբեն Վարդանյանի սերնդակից շատ ռուսաստանցիներ, որոնք չափահաս են դարձել 1990-ականներին, օգտվել են Արևմուտքի առաջ Ռուսաստանի բացվելու հնարավորությունից և տեղափոխվել են Եվրոպա կամ Հյուսիսային Ամերիկա: «Իմ ընկերների մի մասը ցանկանում է լքել այս երկիրը, իսկ նրանց մի մասը իր երեխաներին արտասահման է ուղարկել»,- խոստովանում է նա:

Մեր հարցազրույթի ընթացքում միակ և առաջին անգամ անցնելով ռուսերենի՝ նա իրեն նկարագրում է որպես «ворчащий оптимист»՝  «փնթփնթան լավատես»:

«Ճիշտ չէ ասել,  որ երկիրն ապագա չունի և հետո ճիշտ դուրս գալ,-ասում է նա, քանի որ զարգացումների այս սցենարը վերաբերվում է ամբողջ աշխարհին:  «Մեծ պատրանք» է այն միտքը, որ հնարավոր է տեղափոխվել Իտալիա կամ Իսպանիա և «լավ գինի խմել»՝ հեռու լինելով տանը տիրող սթրեսային իրավիճակից»:

Նրա ընտրած ուղին վկայում է, որ ռուսական կապիտալիզմի համար 1990-ական կամ 2000-ական թթ մեծ ցնցումները հազիվ թե կրկնվեն:

Ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարելով «Troika»-ն՝ նախքան այն  վաճառելը, «Forbes»-ի գնահատմամբ նրա կուտակած կարողությունը հասնում է 850 միլիոն դոլարի, և պարոն Վարդանյանը մի կողմ է թողնում իր ջանքերն ու հրապուրվում  բարեգործության աշխարհով:  Ինչպես 1990-ականներին նա հանդիսանում էր ռուսական ներդրումային բանկերի առաջամարտիկը, այնպես էլ այժմ նա ռուսական բարեգործության առաջամարտիկն է:

«Այսօր Ռուսաստանում ձևավորվել է  հարստություն ունեցող առաջին սերունդը, որը պետք է հաջորդ սերնդին որոշակի բան թողնի…Վերջին 100 տարվա ընթացքում դա առաջին անգամն է: Դա կանգ էր առել 1917-ին, երբ գրեթե ոչինչ չկար երեխաներին թողնելու համար»:

Նա նշում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն 230000 ռուսաստանցիներ  տարեկան մեկ միլիոն դոլարից ավելի են վաստակում: Նրանք ուլտրա-օլիգարխներ չեն, սակայն երբ դու ունես մեկ միլիոն դոլար, դա արդեն իսկ մեծ գումար է: Եվ դու ուզում ես ծախսել այդ գումարը, թե դրանով բարեգործություն անել, բավականին հրահրիչ հարց է»:

Ինչպես և ներդրումային բանկային գործում, պարոն Վարդանյանը ամբողջությամբ է նվիրվել բարեգործության աշխարհին: Նա ուսուցում է ապահովում և ծառայություններ մատուցում այն ռուսաստանցիներին, ովքեր մտածում են, թե ինչպես ծախսեն իրենց միլիոնները, ստեղծել է բարեգործական ծառայությունների մատուցման բիզնես, և ոգևորված ներգրավվում է բարեգործներին: Նա չի սիրում բարեգործություն բառը, նշում է, որ «բարեգործությունը սովորաբար նշանակում է, որ դուք գումարը տալիս եք և մոռանում դրա մասին: Ես ակտիվորեն մասնակցում եմ կառավարչական որոշումների կայացմանը: Դա կապիտալիզմի նման է: Տանելով ողջ այդ ճնշումը, լինելով համառ ներդրումային բանկիր, սակայն արդյունքները տրամադրելով բարեգործությանը»:

Նա շատ ժամանակ ունի բարեգործության համար, որը միլիարդատերերի շրջանում տարածվել է այն բանից հետո, երբ Բիլլ Գեյթսն ու Ուորեն Բաֆֆեթը բարեգործական նպատակների համար նվիրաբերել են իրենց կարողության մոտ կեսը: Վերջերս ռուսական շրջանակներում  նրա համախոհն ու գործակիցն է դարձել Վլադիմիր Պոտանինը՝ «Norilsk Nickel»-ի գլխավոր տնօրենն ու վերջինիս բաժնետոմսերի մի մասի սեփականատերը:

Պարոն Վարդանյանը գտնում է, որ այնպիսի երկրումն, ինչպիսին Ռուսաստանն է, հարկ չկա սպասել մեռնելուն, որ բարեգործություն անես:

«Մեր դեպքում ես գտնում եմ, որ մարդկանց մի մասը այդ հարստությունը պետք է ծախսի՝ դրամատիկ փոփոխություններ կատարելու համար: Քանի որ մեր երկրում մենք այդ փոփոխությունների կարիքն ավելի շատ ունենք,  քան այլ ավելի զարգացած երկրները»:

Նա նշում է, որ իր չորս երեխաներին  միայն սեփականություն կթողնի: Նա և իր կինը մնացած գումարը պետք է ծախսեն բարեգործական ծրագրերի համար ամբողջ կյանքի ընթացքում:

Նրա շատ ծրագրեր կենտրոնացած են Հայաստանում՝ իր մանկության և իր ծնողների երկրում, չնայած նա անմիջապես շեշտում է, որ հայկական անձնագիր և քաղաքական ոչ մի ամբիցիա չունի:

Նա ծախսում է մոտ 80 միլիոն դոլար, որպեսզի հարավային Հայաստանում՝ իններորդ դարի կառույց Տաթևի վանքում կառուցի իր խոսքերով ասած՝ աշխարհի ամենամեծ ճոպանուղին, ինչպես նաև վերանորոգի վանական համալիրը: Նա հյուսիսում՝ Դիլիջանում, դպրոց է կառուցել, և որպես «United World Colleges» ցանցի անդամ,  հույս ունի, որ այս դպրոցը հայ երիտասարդության համար աշխարհը նվաճելու նոր ճանապարհներ կբացի:

Նա մտադիր է 1915-ի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագիր  իրականացնել և արժանին հատուցել այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք օգնել են փրկելու հայերի կյանքը: Նա պատմում է, որ իր պապը մանուկ հասակում Ցեղասպանությունից փրկվել է ամերիկյան միսիոներների որբանոցի շնորհիվ:

«Ես հաջողության եմ հասել և այժմ կարող եմ խոսել ձեզ հետ իմ հարստության մասին, քանի որ 100 տարի առաջ չորս միսիոներներ քաջություն են ունեցել գնալու մի խելահեղ վայր, որտեղ պատերազմ էր, և փրկել 150 երեխայի կյանք»,-ասում  է նա: «Այժմ ես հարուստ եմ, և ուզում եմ վերադարձնել»:

Երկրորդ կարծիք

Ռոնալդ Ֆրիմանը  1990-ին Խորհրդային Միության անկումից հետո  «Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի» ղեկավարն էր, երբ առաջին անգամ սկսեց աշխատել Ռուբեն Վարդանյանի մոտ: 2000-ականներին նա դարձավ «Troika Dialog»-ի խորհրդականը: Նա գտնում է, որ Ռուբեն Վարդանյանի հաջողության հիմքում ընկած են նրա անձնական հատկանիշները՝ որպես կապող օղակ Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ նկարագրելով նրան որպես «համբերատար և հանդուրժող անձնավորություն այն մարդկանց թուլությունների նկատմամբ, որոնք կարող են ստեղծել իրենց բիզնեսը»:

Ինքնակենսագրություն

Ծնվել է 1968-ի մայիսի 25-ին Երևանում՝ Հայաստանում:

Կրթությունը՝

Ավարտել է Մոսկվայի՝ Լոմոնոսովի անվան պետական համալասարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ասպիրանտական և այլ ծրագրերի մասնակցել տարբեր ինստիտուտներում, այդ թվում՝ «Insead»-ի ուսումնական ծրագիրն ու Հարվարդի Բիզնես դպրոցը:

Աշխատանքային փորձ՝

2013-ից մինչև օրս՝ «Վարդանյան, Բրոյթման և ընկերներ» ներդրումային կենտրոնի համանախագահ հիմնադիր,

2006-2011 թթ՝ Մոսկվայի Սկոլկովոյի մենեջմենթի դպրոցի նախագահ,

2002-2004 թթ՝ Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն,

1992-2012թթ.՝ «Troika Dialog»-ի գործադիր տնօրեն, ապա նախագահ և գլխավոր տնօրեն:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment